• am
  • ru
  • en
Версия для печати
15.07.2025

ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 100 ՏԱՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ

   

Middle East Eye-ը գրում է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել կովկասյան երկու երկրների միջև վաղուց փակուղային դիվանագիտական բանակցությունները: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը:

Պարբերականը գրում է, որ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայման՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը:

Բանակցությունների ընթացքին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին հայտնել է, որ հենց Թուրքիան ի սկզբանե առաջարկել է միջանցքը կառավարող մասնավոր ընկերության ստեղծման գաղափարը, որը հավանության է արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից:

«Սակայն հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի է եղել Բաքվի համար»,- ասել է աղբյուրը:

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարի հետ։

Թուրք պաշտոնյաները Հայաստանը դիտարկում են որպես կենսական օղակ, այսպես կոչված, միջին միջանցքում, որն ուղղակիորեն կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ: Թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են Հայաստանի տարածքում պոտենցիալ ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հարցում։

Պարբերականը ճանապարհի երկարությունը նշում է, որ 32 կիլոմետր է և լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։

«Թուրքիան աշխարհի կենտրոնում է: (…) Թուրքիան այդ ամենի կենտրոնում է՝ ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը: Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար, բայց սա կատակ բան չէ: Սա շարունակվում է մի ամբողջ տասնամյակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհի համար: Եվ ինչ է տեղի ունենում. Ամերիկան գալիս և ասում է՝ «Լավ, մենք դա կվերցնենք մեզ վրա: Տվեք մեզ 32 կիլոմետրանոց ճանապարհը հարյուր տարվա վարձակալությամբ, և բոլորդ կարող եք օգտվել դրանից»: Բայց այս ցեղային մտածողությունը չի վերանում: Մենք հասել ենք «e pluribus unum» կոչվող իրավիճակի: Ի՞նչ է սա նշանակում:

Սա նշանակում է հրաժարվել զանգվածներից մեկի համար: Դա կա Ամերիկայում: Դա չկա այնտեղ: Այնտեղ առաջնայինը, նախ անհատն է, ընտանիքը, ցեղը և հետո նոր ազգը: Բայց ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս «e pluribus unum»-ը կտարածվի, և մենք լատիներենից կանցնենք արաբերենի, արաբերենից՝ ռուսերենի, ռուսերենից՝ չինարենի. գուցե հնարավորություն կա»:

Ըստ Middle East Eye-ի՝ Բարաքի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն էին այն բանի, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել ԱՄՆ մասնավոր առևտրային օպերատորի միջոցով, որը հանդես կգա որպես չեզոք երաշխավոր:

Carnegie Foundation-ի վերջին զեկույցում ասվում է, որ ծրագիրը հիմնված է Եվրամիության ավելի վաղ առաջարկի վրա, ըստ որի ամերիկյան լոգիստիկ ընկերությունը պատասխանատու կլինի երթուղու երկայնքով բեռների տարանցման կառավարման և մոնիտորինգի համար՝ թափանցիկ կերպով հաղորդակցվելով բոլոր կողմերի հետ:

Զեկույցում նշվում է, որ այս առաջարկը հիմնված է Վրաստանի անջատված շրջաններում Միջազգային վերահսկողության նախադեպերի վրա՝ նպատակ ունենալով բավարարել Բաքվի պահանջը՝ ապահովելով ամուր, երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ՝ միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ։

168.am


դեպի ետ