
ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ 300.000 ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ․ Նաիրա Զոհրաբյան
Մոտավորապես մեկ ամիս առաջ «Քարնեգի» վերլուծական կենտրոնը դիտավորյալ արտահոսք կազմակերպեց, թե ինչ է լինելու։ ԱՄԷ-ում տեղի ունեցած հանդիպման արդյունքը, մեկ նախադասությամբ ձևակերպելու դեպքում, հետևյալն է՝ Թուրքիան առանց պատերազմի մտավ Հայաստան։ «Քարնեգիի»՝ միտումնավոր կազմակերպված արտահոսքն այն մասին էր, որ «Զանգեզուրի միջանցքն» այլևս հայկական վերահսկողության տակ չի լինելու, նախնական փուլում այն դրվելու է ամերիկյան որևէ կազմակերպության վերահսկողության ներքո։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ամեն ինչ շատ պարզ է, քաղաքական վերլուծաբան կամ Նոստրադամուս պետք չէ լինել՝ դա հասկանալու համար։ Նիկոլը և տարբեր ուսապարկեր ասում էին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում անգամ մեկ միլիմետր մեր իրավազորությունից դուրս չի լինելու։ Աբու Դաբիում այդ բլեֆն էլ կոտրվեց։ Ինչ կդնեն անունը՝ էական չէ, «Խաղաղության խաչմերուկ», թե մի այլ բան՝ արդյունքը մեկն է՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ջարդվելու է Սյունիքի ողնաշարը, տրվելու է հսկայական տարածք, որը չի լինելու ՀՀ իրավասության և ինքնիշխանության ներքո։ Իսկ թե ինչ է լինելու մի քանի ամիս անց, դեռևս ամիսներ առաջ զգուշացրել էին ԱՄՆ հայամետ սենատորները։ Բայց այս փուլում կրքերը շատ չեն բորբոքի»,- ասաց քաղաքական գործիչը։
«Մեկ տարի առաջ մի հայտնի ուսապարկ ասում էր՝ օրինակ, «Դիսնեյլենդի» պահնորդական կազմակերպությունը շատ հզոր է։ Այդպես լավ չէ, «ՄաքԴոնալդսինն» էլ բերեք։ Տրվելու է այդ կարգի որևէ ամերիկյան կազմակերպության, որն այլևս չի լինելու մեր իրավազորության և ինքնիշխանության տակ, ինչից հետո՝ ամիսներ անց, մենք պարզելու ենք, որ նույն ԱՄՆ-ը այդ գործառույթի իրականացումն արտապատվիրակել է, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Եվ այսպես Թուրքիան՝ առանց պատերազմի, ներխուժելու է Հայաստան։ Մեծ Թուրանի ծրագիրը, որի վերաբերյալ Նիկոլն ասում էր՝ դե, ինչ է եղել որ, թող գան-գնան, իրականացվելու է։ Հիշենք, թե բռնազավթված Ստեփանակերտում օրեր առաջ Ալիև-Էրդողան հանդիպման ժամանակ ինչ ասաց Էրդողանը։ Ասաց՝ ի սկզբանե Հայաստանը և Փաշինյանը դեմ էին Զանգեզուրի միջանցքի գաղափարին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նրանց դիրքորոշումը դարձել է ճկուն»,- նշեց Զոհրաբյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ճկունն այն է, որ եթե ժամանակին Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանն ասում էին, թե մեր տարածքում անգամ մի միլիմետր չի լինելու մեր իրավասությունից դուրս, հիմա խելոք գնացին և ընդունեցին հերթական կապիտուլյացիան․
«Այդ կապիտուլյացիայի փաթեթավորման վրա գրված է լինելու՝ «Խաղաղության խաչմերուկ»։ Բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, ինչին համաձայնեց մի քանի օր առաջ, խաղաղության բերմուդյան եռանկյունին է։ Դրա վակուումի մեջ խորտակվելու է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է Էրդողան-Ալիև տանդեմի թույլտվությունը, և այդ մասին խոսեց նաև ԱԳ փոխնախարար Սաֆարյանը, որ հայկական իրավասության և ՀՀ ինքնիշխանության տակ չդրվող միջանցքը կոչեն ցանկացած անունով։ Ալիևի համար մեկ է՝ Նիկոլը դրա անունը կդնի «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Խաղաղության խաչմերուկ»։ Իրենց համար կարևորն այն է, որ թուրք-ադրբեջանական օրակարգն իրականացվի»:
«Նայենք ադրբեջանական և թուրքական մամուլը, խոսում են նաև մնացյալ պայմանավորվածությունների մասին։ ԵՄ աղբյուրները հավաստի տեղեկատվություն են փոխանցում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 300 հազար ադրբեջանցիների փուլային վերադարձի մասին։ Տևական ժամանակ է՝ Բաքվում հանձնաժողով է ստեղծվել, որը նախապատրաստում է ադրբեջանցիների վերադարձի փուլերը։ Հանցագործներին, թմրամոլներին, բանտարկյալներին լայն արտոնություններով ուղարկելու են Հայաստան»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
դեպի ետ