• am
  • ru
  • en
Версия для печати
18.06.2025

ԱՅՍ ԿԵՂՏԱՋՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՄԱՔՐՎԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱՆՔ. Կարեն Կարապետյան

   

ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները երեկ գործողություն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի առանձնատանը, ձերբակալել բակում հավաքված մարդկանց: Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքերով՝ դեռ եղբորը չեն ձերբակալել, սակայն սպասում են, որ անպայման կձերբակալեն: Թե արդյոք սա քաղաքական պատվեր է, Կարապետյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում: Մենք մշեցի ենք, մենք չենք վախենում: Այսքան տարիների ընթացքում շատ են փորձել մեզ վախեցնել, բայց ինչպես տեսնում եք, ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա: Սա էլ կանցնի, ինչը չի սպանում, ուժեղացնում է: Այս կեղտաջրերը պետք է կամաց-կամաց մաքրվեն, որպեսզի երկիր դառնանք»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի «նոն ստոպ» գրառումներին, որին էլ հաջորդեց իրավապահ մարմինների գործողությունները Կարապետյանների տանը, Կարեն Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել. «Ես նրա մակարդակի մարդ չեմ, որ իր լեզվով խոսեմ հետը։ Ես դասատուի տղա եմ: Ի դեպ, մեր բնակարանի առջեւից ձերբակալել են մոտ 45 տղամարդ, որոնց մեջ կան մարդիկ, որոնց ձեռքերը կոտրվել է»:

Նշենք, որ Կարապետյանների տան բակում երեկ հավաքվել էին հարյուրավոր քաղաքացիներ: Ըստ Կարապետյանի` նրանք իրենց բարեկամներն էին, որոնց էլ կոչ էր անում մտնել բակ, որպեսզի հատուկ նշանակության ջոկատն իրենց էլ չձերբակալի, սակայն ինքը կանգնած սպասում էր, որ իրեն էլ կձերբակալեն, քանի, որ ինքն էլ է արտահայտվել ժամանակին ներկայիս իշխանության հասցեին: Հատկանշական էր, որ հավաքվածների մեջ էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը:

«Հարյուրավոր դիմակավորներ սպասում են շեֆի հրահանգին: Նիկոլ Փաշինյանը ստատուս գրեց եւ կանչեց իր նախարարին, հրահանգեց՝ սկսեք, ու բոլորը սկսեցին անհասկանալի վարք դրսեւորել: Մլիցեքը, ոչ թե ոտիկանները, ուսադիր հարգել չգիտեն», - ասաց ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ այս ամենը որակելով խեղկատակություն:

Նանա Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ