
Ե՛Վ ԱՄՆ-Ը, և՛ ՌԴ-Ն ՌԻՍԿԱՅԻՆ ԷԻՆ ՀԱՄԱՐԵԼ ՌԵԳԻՈՆԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ՉՆԱՅԱԾ ԽՈՍՎՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․ Տարասով
Մինչ Նիկոլ Փաշինյանն այս կամ այն հարթակում հայտարարում է, թե «պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն», Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով ՀՀ բնակավայրերը։
Գաղտնիք չէ, որ Երևան-Բաքու, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո ադրբեջանական կողմը սահմանին սադրանքների հերթական երկարատև փուլը սկսեց, խախտումները չեն դադարել նաև այս օրերին, երբ ըստ էության արձագանքելով ադրբեջանական երկու նախապայման պահանջներին՝ հայկական կողմը չի մերժում այդ պահանջները և հերթական անգամ ընդառաջ գնում Ադրբեջանի վերջնագրային քաղաքականությանը նույնիսկ վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո։
Վերջին մի քանի օրերի ընթացքում էլ Ադրբեջանը պարբերական կերպով թիրախավորում է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրը։ Հատկապես ուշագրավ է, որ Ադրբեջանը հրադադարի խախտումների է դիմում Փաշինյանի վստահեցումից հետո, թե խաղաղություն է լինելու։ Փաշինյանը իր վերջին երկու ելույթներում, որոնցից մեկը՝ Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում մայիսի 26-ին, իսկ մյուսը՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում, ընդգծեց՝ հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս ՀՀ-ի ուղեկիցները չեն, խաղաղությունն ու անվտանգությունն են դառնալու ՀՀ երկարաժամկետ ուղեկիցները, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ժամեր անց Ադրբեջանը խախտեց հրադադարը։
Այստեղ հարկ է նաև հիշեցնել, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, թե ԱՄՆ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։ «Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունն այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն»,- ասել էր Ռուբիոն։
Ի դեպ, այս հայտարարության ֆոնին Երևան ու Բաքու այցելեց ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Միրզոյան-Հաք հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերի շուրջ: Բաքվում ևս Հաքն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ քննարկել էր ռեգիոնում տիրող իրավիճակը, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, էներգետիկ փոխգործակցությունը, համագործակցությունը Կենտրոնական Ասիա ռեգիոնում։
Մայիսի 28-ին էլ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, թե Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նա նաև հայտարարել էր, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում՝ իրենց ազդեցությունն ընդլայնելու համար։
Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիայի ղեկավար Էրդողանը հայտարարում է, որ Խաղաղության հաստատումն արժեքավոր կլինի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հարցում համաձայնության ձեռքբերումը Թուրքիան դիտում է որպես կարևոր զարգացում կայունության ճանապարհին։ Նա նշել է, որ Թուրքիան ևս աստիճանաբար և զգուշորեն անցնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով:
«Այլևս չենք ցանկանում Հարավային Կովկասում հակամարտություն տեսնել, մենք խաղաղություն և հանգստություն ենք ուզում։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։
Մենք նույնպես անհրաժեշտ ներդրումն ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում»,- մանրամասնել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի անցման» հարցում ակնկալում են Իրանի աջակցությունը։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գուցեև որևէ ձևաչափով կարգավորման տեսլական ինչ-որ հեռանկարում կա, սակայն Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում գործում են՝ ինչպես ռեգիոնալ, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական ազդեցության սխեմաներն ու Ադրբեջանի քաղաքականությունը։
Ըստ նրա, գլխավորն այն է, որ Ադրբեջանը վարում է իր առանձին քաղաքականությունը և այն պարտադրում նաև իր դաշնակիցներին, գործընկերներին, քանի որ նրանց հետ ևս կարողանում է փոխշահավետ հարաբերություններ կառուցել և դրանք ճիշտ ժամանակին օգտագործել։
Տարասովը հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները ցանկանում էին հայ-թուրքական օրակարգն առանձնացնել հայ-ադրբեջանական օրակարգից, կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, մինչ կշարունակվեին Ադրբեջանի հետ բանակցությունները։
«Կարծում եմ՝ ծրագիրն այն էր, որ զարգացումների նման ընթացքի դեպքում Թուրքիան որոշակի ազդեցություն կունենա Ադրբեջանի նկատմամբ՝ ի օգուտ Հայաստանի, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերություններում փոխըմբռնման մակարդակը բավականին բարձր է ու պատերազմից հետո մինչ այսօր էլ Թուրքիան հայտարարում է, որ բոլոր հարցերում աջակցում է Ադրբեջանին, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է զգույշ ու դանդաղ, սա պատահական չի ասվում։ Սա ցույց է տալիս լոյալությունն Ադրբեջանին, ինչպես նաև այն, որ Հայաստանի հետ կարգավորումն անցնում է նախապայմանների ու դրանց իրագործման ճանապարհով։
Ուստի օգտվելով ստեղծված իրավիճակից, Ադրբեջանը փորձում է այս հարցում մանևրել ազդեցություններից՝ առաջ մղելով սեփական օրակարգը, գերակա դիրք հաստատելով նաև ռեգիոնում, ուստի ռեգիոնում առավելապես գերիշխում է Ադրբեջանի թելադրանքը»,- պարզաբանեց Տարասովը։
Շարունակելով՝ նա շեշտեց, որ այս հակամարտությունում մշտապես կա ուժի գործոնը։ «Սակայն կան նաև ԵՄ դիտորդները, որոնք ռեգիոնում ներկայություն են հաստատել սահմանային հատվածներում, սակայն որևէ հրապարակային տեղեկատվություն չեն տրամադրում այն ամենի վերաբերյալ, թե ինչ է կատարվում, կամ դա անում են շատ հազվադեպ։
Հայաստանում էլ խոսում են խաղաղությունից, սակայն և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն փաստորեն վտանգ էին տեսնում իրավիճակում, և ԱՄՆ-ը կոնկրետ ջանքեր է փորձում ծավալել կայունացման ուղղությամբ։ Կարծում եմ՝ կհաջողվի, նաև կարծում եմ՝ բոլոր ներուժ ունեցող խաղացողները ներկայումս կենտրոնացած են գլոբալ բանակցությունների վրա Ուկրաինայի շուրջ և չեն ցանկանում հավելյալ սրացում հարավկովկասյան ռեգիոնում։
Սակայն խաղաղության համաձայնագրից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի համար կարևոր են լինելու ճանապարհները, և նրանք կենտրոնանալու են Իրանի հետ այս հարցը համաձայնեցնելու ուղղությամբ, քանի որ Իրանն իր սուր դիրքորոշումներով մասամբ խառնել է այդ պլանները։ Սակայն խաղաղությունը, չեմ կարծում, թե մոտ է, քանի որ Բաքուն կոշտ է բարձրացնում սահմանադրական փոփոխությունների հարցը, որն արագ չի կարող կարգավորվել։ Գուցե Բաքուն դրանով փորձում է ժամանակ շահել և սպասել նոր դասավորությունների»,- նկատեց Տարասովը։
դեպի ետ