
«ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔ». ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (մաս13)
Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին
(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am)
Մեկ հանգամանքի վրա եւս կցանկանայինք ուշադրություն հրավիրել. ըստ էության, այդ ժամանակահատվածում վարվող ղարաբաղյան բանակցությունները «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների առումով յուրօրինակ ինդիգատորի դեր էին կատարում: Տրամաբանությունը հետեւյալն է. եթե «Հոկտեմբերի 27»-ը չունենար արտաքին պատվիրատուներ, այսինքն` լիներ բացառապես Նաիրի Հունանյանի մտահաղացումը, ապա ոճրագործությունից հետո ղարաբաղյան բանակցությունները նախկին ինտենսիվությամբ պարզապես չէին կարող շարունակվել: Այն պարզ պարճառով, որ Հունանյանի խմբի ԱԺ դահլիճ ներխուժելուց ընդհուպ մինչեւ մեկ վայրկյան առաջ Վազգեն Սարգսյանն էր Հայաստանի փաստացի ղեկավարը: Բնականաբար, առանց նրա համաձայնության, ղարաբաղյան բանակցություններում այդ պահին չէր կարող որեւէ բացահայտ պայմանավորվածություն լինել: Իսկ եթե Վ. Սարգսյանի համաձայնությամբ էր ահաբեկչության նախօրեին բանակցային գործընթացն այդչափ շիկացել, ապա Նաիրի Հունանյանի կրակոցները միանգամից նոր իրավիճակ էին առաջացնում նաեւ բանակցային գործընթացում, հաշվի առնելով, որ դրա առանցքային դերակատարներից մեկը սպանված էր:
Այդ իրավիճակում, տրամաբանորեն, բանակցային մյուս կողմերը պետք է սպասեին, թե ով է Հայաստանում վերցնում փաստացի իշխանությունը, որ նրա հետ էլ շարունակեին քննարկումները: Ընդ որում, այն, որ Հայաստանն այդ պահին ուներ նախագահ, իրավիճակը ոչ մի բանով չէր փոխում, քանի որ «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած առաջին ճգնաժամային օրերին, շաբաթներին, գործող նախագահը ռեալ իշխանական լծակներին չէր տիրապետում, եւ ընդհուպ մինչեւ չէր բացառվում նրա հրաժարականը: Ավելին, Քոչարյանն ինքն էր խոսում հրաժարականից: Իսկ այդ պարագայում չկար ոչ մի երաշխիք, որ այդ պահին խիստ թույլ վիճակում գտնվող նախագահի հետ Ղարաբաղի առումով ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն հնարավոր կլիներ կյանքի կոչել: Երկրորդ տարբերակը. եթե ոճրագործությունից անմիջապես հետո բանակցային գործընթացը մոտավորապես նույն ակտիվությամբ շարունակվեր, ապա դա կվկայեր երկու հանգամանքի մասին: Առաջինը. ռեալ իշխանությունը, այդ թվում` ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի վերջնական դիրքորոշումը իր ձեռքին պահած Վ. Սարգսյանի սպանությունը պարզապես միջոց էր` նրան մեկ այլ ռեալ «հարց լուծող» անձով փոխարինելու համար: Ընդ որում, անկախ այն բանից, թե սպանության պահին Վ. Սարգսյանն իրականում կո՞ղմ էր «Մեղրիի տարբերակին», թե՞ ծայրահեղ դեմ (այստեղ, պարզապես, արտաքին պատվիրատուների անուներն են փոխվում):
ԸՍՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը ԿԱՊ ՉՈՒՆԵ՞Ր ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Այստեղ, թերեւս, հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի եւ ղարաբաղյան բանակցությունների մեջ կապ լինել-չլինելու մասին առաջիններից մեկը խոսել է Ռոբերտ Քոչարյանը` ոճրագործությունից ընդամենը երկու օր անց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ. «Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչական գործողությունը ոչ մի կերպ կապված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ բանակցային գործընթացի հետ»:
Թե որտեղից էր Ռ. Քոչարյանի մոտ ահաբեկչությունից անմիջապես հետո նման համոզմունք ձեւավորվել, դժվար է ասել: Առավել եւս, որ նրա տված բացատրությունը, թե «մինչ օրս ահաբեկիչների եւ ինչ-որ քաղաքական ուժերի հետ ունեցած կապերի մասին ոչինչ հայտնի չէ», նույնիսկ այդ խոսքերն ասելու պահին խիստ խոցելի էր: Թեկուզ այն առումով, որ Հունանյանի խմբին նոր-նոր էին ձերբակալել եւ հազիվ թե հասցրած լինեին, քիչ թե շատ լուրջ, գոնե մեկ հարցաքննություն անցկացրած լինեն: Իսկ այդ դեպքում, առնվազն անլրջության էր նմանվում երկրի առաջին դեմքի կողմից, այն էլ` օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ղարաբաղյան բանակցությունների եւ ահաբեկիչների գոնե հնարավոր առնչություններն այդքան կտրուկ բացառելը: Իսկ Քոչարյանին, ով ինչ էլ ասի, սակայն, հազիվ թե, մեկը անլուրջ մարդ համարի...
Ամեն դեպքում, փաստն այն է, որ «Հոկտեմբերի 27»-ից գրեթե հաշված օրեր անց, ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն ամեն կերպ փորձում էին ՀՀ պաշտպանության նախարարին համոզել` համաձայնվել «Մեղրիի տարբերակին»: Դա էլ իր հերթին վկայում է, որ այդ գործընթացը, ինչ գերարագ տեմպերը, որ ուներ ոճրագործության նախօրեին, նույն սրությամբ շարունակվում էր նաեւ «Հոկտեմբերի 27»-ից հետո: Ստացվում է, որ համանախագահները (էլ չենք խոսում նրանց թիկունքին կանգնած շատ ավելի ազդեցիկ գործիչների մասին) այն համոզմունքին էին, որ Վ. Սարգսյանի նման առանցքային գործչի սպանությունից հետո` այդ կարճ ժամանակահատվածում, Հայաստանում ի հայտ են եկել անձիք, ովքեր կարող են կամ` հնարավորություն ունեն գնալ Ղարաբաղի հետ կապված վերջնական լուծումների...
«ՈՒԺԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Բայց եթե Ռ. Քոչարյանի ասածի պես` «Հոկտեմբերի 27»-ն իրականում ոչ մի կապ չուներ ղարաբաղյան բանակցությունների հետ, ապա պետք է, որ դրան հաջորդող առնվազն մի քանի ամիսներին մեխանիկորեն բանակցությունները մտնեին սառեցման փուլ: Ու, թերեւս, հենց նման ակնարկի էլ նմանվում էր 1999թ. նոյեմբերի 5-ին Մոսկվա ուղեւորվելուց առաջ Ռ. Քոչարյանի կողմից օդանավակայանում արված այս հայտարարությունը. «Անշուշտ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կանրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Եթե ոչ գլոբալ առումով, ապա, ամեն դեպքում, կդանդաղեցնեն ընթացքը...»: Ինչպե՞ս: Պաշտպանության նախարարից համաձայնություն կորզելու համանախագահների այդ համառ փորձե՞րը նշանակում են բանակցությունների «ընթացքի դանդաղեցո՞ւմ»:
Սակայն, այստեղ պակաս ուշագրավ չէ պարոն Քոչարյանի այդ հայտարարության շարունակությունը. «... քանի որ հակամարտության շուտափույտ կարգավորման համար պետք է ուժեղ իշխանություն ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում»: Ամենաուշագրավն այն է, որ բանակցությունների ընթացքի դանդաղեցման եւ ուժեղ իշխանության անհրաժեշտության հայտարարություններից հետո, պարոն Քոչարյանը նաեւ հավելում է, որ մոտ երկու շաբաթից Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կարեւոր է, որ ներկայացվեն լուրջ առաջարկություններ` «միգուցե նույնիսկ կարգավորման ինչ-որ վերջնական տարբերակով»: Բայց ի՞նչ «վերջնական տարբերակ», եթե առանց «ուժեղ իշխանության» նա մինչ այդ գրեթե բացառում էր «հակամարտության շուտափույթ կարգավորումը»: Այն, որ այս հայտարարություններից հետո Մոսկվայում Քոչարյանին հազիվ ընդունեցին փոխվարչապետ Վալենտինա Մատվիենկոյի մակարդակով, հասկանալ կարելի է:
Բայց նաեւ հասկանալ է պետք, թե ի՞նչ էր այդ պահին նշանակում «հակամարտության շուտափույթ կարգավորում» ասվածը, որի համար պետք են «ուժեղ իշխանություններ» ոչ միայն Հայաստանում, այլ` նաեւ Ադրբեջանում: Ինչ է, այս հայտարարությունից մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 26-ին, Հայաստանում չկա՞ր ուժեղ իշխանություն: Բնականաբար` կար: Այսինքն` պարոն Քոչարյանն ուզում էր ասել, որ հոկտեմբերի 26-ին ղարաբաղյան հակամարտությունը «շուտափույթ կարգավորման» շեմի՞ն էր եւ դրան խանգարեց «Հոկտեմբերի 27»-ով Հայաստանում ի հայտ եկած նոր իրողությունները, որի տարրերից մեկն էլ` «ուժեղ իշխանության» բացակայությունն էր: Դա էլ է տարբերակ, չնայած որ այն ընդունելու համար` պետք են որոշ կոնկրետացումներ:
Մասնավորապես, ի՞նչ է վերջապես ենթադրում այդ «շուտաթույթ կարգավորում» ասվածը: Արդյո՞ք դա «Մեղրիի տարբերակը» չէ՞ր, թե՞ ինչ-որ մինչ հիմա անհայտ սցենար եւս կար: Ամեն դեպքում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում է, որ «Մեղրիի միջանցքի» «թեմայով 1999թ.-ի հունիսին Վազգեն Սարգսյանի հետ խոսակցություն ունեցել եմ, որի ընթացքում նա ինձ պատմեց, թե ինչի մասին էր խոսք գնում»: Բայց նաեւ, որ. «Այն տարբերակը, որը ներկայացնում էր Վ. Սարգսյանը, նկատելիորեն տարբերվում էր փաստաթղթային այն տարբերակից, որը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինձ ներկայացրին համանախագահները: Վ. Սարգսյանի ներկայացրած տարբերակը ներառում էր Հայաստանին փոխանցվելիք այլ տարածքներ եւս, մասնավորապես` Արարատ լեռը»:
Սրա հետ մեկտեղ, չմոռանանք նաեւ, որ շատ չանցած, ԱՄՆ-ից վերադառնալով` նույն Վ. Սարգսյանը, Կառավարության նիստում հայտարարեց. «Հայաստանն այլեւս Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր չի վերցնի, որ մենք պետք է գնանք այլ ճանապարհով...»: Իսկ դա մեկ բան է նշանկում` Վ. Սարգսյանը հրաժարվել է նաեւ ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերից, քանի որ, հակառակ դեպքում, Արժույթի միջազգային հիմնադրամը, միանշանակ, կդառնար Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ այդ հայտարարությունից հետո, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 27-ը Վ. Սարգսյանն իր դիրքորոշումը արմատապես փոխեր եւ դառնար «Մեղրիի միջանցքի» կողմնակից: Սակայն, այդ դեպքում ինչպե՞ս վարվենք նրա մերձավորների այն բազում հայտարարությունների հետ, որ ընդհակառակը, մինչեւ վերջին պահը ե´ւ նա, ե´ւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ էին Մեղրիի հաշվին ղարաբաղյան հակամարտության լուծման գաղափարին: Ավելին, հոկտեմբերի կեսերին Վ. Սարգսյանը հրապարակավ խոսում էր Հայաստան ռուսական նոր զինտեխնիկա, մասնավորապես` ինքնաթիռների նոր խմբաքանակ բերելու մասին: Ամեն դեպքում, փաստ այն է, որ «Հոկտեմբերի 27»-ի նախաշեմին հայաստանն ուներ ուժեղ իշխանություններ, սակայն Ղարաբաղի հետ կապված եւ ոչ մի փաստաթուղթ էլ չստորագրվեց: Եվ այս պարագայում ինչպե՞ս հասկանանք, որ «Հոկտեմբերի 27»-ից հազիվ մեկ շաբաթ անց «հակամարտության շուտափույթ կարգավորման» հիմնական պայմաններից մեկն արդեն «ուժեղ իշխանություն» ունենալ էր: Չի՞ նմանվում այն բանին, որ նախկին ուժեղ փաստացի իշխանավորների ֆիզիկական ոչնչացումն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ արդեն հնարավոր էր դարձել «հակամարտության շուտափույթ կարգավորումը»: Այսինքն ի՞նչ, դրան այդ նախկին իշխանություննե՞րն էին խանգարում...
շարունակելի
դեպի ետ