«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԿՄԵԾԱՆԱ». Գագիկ Մինասյան
«Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, կարելի է համարել տարածաշրջանի համար երկրաշարժ, որովհետև պետություն, որն իրենով ենթադրում էր որոշակի հարաբերություններ և՛ Իրանի, և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի համար, գործնականում կազմաքանդվել է: Իսկ մենք պետք է հասկանանք, որ այդ տարածաշրջանին շատ մոտ երկիր ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գործունեությունը Սիրիայում և Հարավային Կովկասում չեն կարող իրարից շատ տարբերվել:
Դիտարկմանը՝ Հայաստանի համար ավելի վատ, ինչպես Սիրիայի հաշվին պայմանավորվեցին, այնպես էլ Հայաստանի շահերի հաշվին կարող են պայմանավորվել, նա արձագանքեց. «Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարն ուղղակի ասել է, որ Սիրիայի դեպքերի երևացող մասից մի որոշ ժամանակ առաջ իրենց նախաձեռնությամբ իրենք հանդիպել են և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ներկայացուցիչների հետ, և ըստ էության, երեքով կանխորոշել են Սիրիայի ճակատագիրը, Սիրիայի նախագահին արել են առաջարկություն, որից նա չէր կարող հրաժարվել: Սա թույլ է տալիս հասկանալ բաներ, որոնք առանց դրա շատ դժվար էր հասկանալ»:
Նա անդրադարձավ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ Ալիևի հայտարարություններին և ընդգծեց. «Ուղղակի ահաբեկում են, որ եթե Հայաստանը չգնա այդ քայլերին, իրենք կարող է փորձեն անեքսիայի ենթարկել: Այս պարագայում, ռուս-իրանական սերտ համագործակցությունը հիմնական երաշխիքը կարող է լինել, որ այդ թուրք-ադրբեջանական ծրագրերը չիրականանան: Եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, և թուրք-ադրբեջանական ծրագրերի պատնեշը կլինի դա և Իրանի և Ռուսաստանի հետ մեր սերտ համագործակցությունը»:
Խոսելով իշխանության մեղադրանքների մասին, թե ընդդիմությունը փորձում է Հայաստանը գուբերնիայի վերածել, Գագիկ Մինասյանն ասաց.
«Իրենք ապուշ են, տգետ և ստախոս, որովհետև իրենք խոսում են մի Հայաստանի մասին, որը տարածաշրջանում գործոն էր, որը փայլուն հարաբերություններ ուներ ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ: Դա եղել է այն իշխանությունը, որի մասին սրանք վայրահաչում են: Փաշինյանի ճակատին գրված է երկու բառ՝ պատերազմ և զոհ»,- նշեց նա:
Անդրադառնալով ՔՊ ներսում տեղի ունեցողին, նա նշեց, որ դա նեխածության դրսևորում է, որը ցանկացած տոտալիտար համակարգում անխուսափելի է. «Դա չի կարող չբերել ընդվզման, և դա կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի հասարակությունը, ընդդիմությունը և ինչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում: Իշխանափոխության հնարավորությունն առաջիկայում կտրուկ կմեծանա: Դա կլինի մի քանի գործոնների համագումար՝ պրոբլեմների խորացում իշխանության ներսում, հասարակության կողմից դրա ընկալում, իշխանափոխության ձգտող ընդդիմության համախմբում, և միջազգային ճնշումների ներքո դա պետք է տեղի ունենա, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում իշխանության մեջ, շատ վտանգավոր կարող են լինել մեր բարեկամ երկրների համար»:
Մանարամասները՝ 168TV-ի տեսանյութում
դեպի ետ