• am
  • ru
  • en
Версия для печати
28.04.2009

ՀԱՅԵՐՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԻՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

   

1.The pigeon project (original)«Աղավնի» օպերացիա» վեպում (1979), որը գրվել է Սառը պատերազմի ամենաթեժ պահին, պատմվում է բրիտանա-ամերիկյան մի գիտնականի՝ Դևիս ՄակԴոնալդի մասին, ով գտել է մարդու երկարակեցությունը պայմանավորող հիմնական կենսաբանական գործոնը։ Վեպի սկզբում ՄակԴոնալդը տոնում է իր հայտնագործությունը Սուխումում (Խորհրդային Աբխազիա) գտնվող լաբորատորիայում, որտեղ նա զբաղվում էր տեղի բնակչության արտասովոր երկարակեցության պատճառները պարզելով։

(Հետաքրքիր ձևով և գուցե մարգարեաբար գրքի հեղինակը ոչ մի անգամ չի հիշատակում Վրաստանը)։

Սառը պատերազմի ժամանակաշրջանի լավագույն ավանդույթներով՝ ՊԱԿ տեղի գործակալն իմանում է նրա հայտնագործության մասին և զեկուցում վերադասին, որն անմիջապես հայտնվում է ասպարեզում և փորձում պահպանել այդ հայտնագործությունը Խորհրդային Միության համար։ Բայց ՄակԴոնալդին հաջողվում է փախչել։ Վենետիկ տանող ինքնաթիռ նստելով՝ նա ծրագրում է իր կենսատու ըմպելիքը ներկայացնել մամլո ասուլիսում։ Սակայն շուտով պարզվում է, որ կոմունիստները հաղթանակ են տարել Վենետիկի տեղակական ընտրություններում և սերտ համագործակցելով ՊԱԿ-ի հետ՝ փորձում են խանգարել պրոֆեսոր ՄակԴոնալդին ներկայացնել իր գյուտը հանրությանը։ Վենետիկում ՄակԴոնալդին առևանգում են և տեղափոխում հայ Մխիթարյան միաբանությանը պատկանող Սուրբ Ղազար կղզի։ Մխիթարյանները, որոնք հանգամանքների բերումով ստիպված են ՄակԴոնալդին կալանքի տակ պահել իրենց միաբանության խցերից մեկում, նրան լավ են վերաբերվում։ Ուոլասը մի քանի էջ է նվիրում Մխիթարյան միաբանության պատմությանը և նույնիսկ քննարկում միբանության հանդեպ ավստրիական գերիշխանության հետևանքները։

Դրվագներից մեկում հայ վանականը ՄակԴոնալդին ցույց է տալիս լորդ Բայրոնի կազմած անգլերեն-հայերեն բառարանը, տանում է նրան մի հին ծառի մոտ, որը նույնպես տնկել էր անգլիացի մեծ բանաստեղծը։ Ավելի ուշ ասպարեզում հայտնվում է Վենետիկում բնակվող մի հայ, որը զբաղվում է ապակու առևտրով։ Փաշալ անունով նրա զարմիկը՝ Մխիթարյան միության վանական, տեղյակ է առևանգված գիտնականի շուրջ ընթացող զարգացումների մասին։ Նրա օգնությամբ հայ առևտրականը կազմակերպում է պրոֆեսորի վտանգավոր փախուստը կղզուց։ Վեպը գրված է քաղաքական թրիլերի ժանրով՝ Ռայմոնդ Չադլերի, Գրեմ Գրինի և Ֆրեդերիկ Ֆորսայթի ոգով։

Միևնույն ժամանակ, դա պարզապես գիրք չէ պարապ ժամանակ կարդալու համար։ Այնտեղ կան բազմաթիվ պատմական հղումներ, վենետիկցիների առօրյայի և քաղաքի ճարտարապետական հուշարձանների գունեղ նկարագրություններ։ Օրինակ՝ վեպի հերոսներից մեկը ճարտարագետ է, որն զբաղվում է քաղաքը հետագա խորտակումից փրկելու նախագծով։ Գիրքն առաջինն է ժամանակակից բելետրիստիկայի մեջ, ուր խոսվում է Մխիթարյանների մասին։


Իրվինգ Ուոլասը (1916-1990) ծնվել է Չիկագոյում։ Ծնողները Ռուսաստանից են և Միացյալ Նահանգներ են տեղափոխվել մանուկ հասակում։ Ուոլասը բազմաթիվ վեպերի և սցենարների հեղինակ է։ Գրքում ներառված են նաև «Յոթ րոպե» (The Seven Minutes, 1971), «Մրցանակը» (The Prize, 1963), «Ուեսթփոյնթյան պատմություն» (The West Point Story, 1950) վեպերը։

Աշոտ Կոզակ-Հարությունյան
դեպի ետ