• am
  • ru
  • en
Версия для печати
16.01.2006

Հոգեբանական զենքի ստեղծման քերականական սկզբունքները արտաքին քաղաքական դիսկուրսում

Руский

   

Լեվոն Ղազարյան

«Հոգեբանական» կամ «տեղեկատվական» պատերազմի (ավելի պարզ՝ հատուկ քարոզչության) խնդիրներին XX դարում առավել մեծ ուշադրություն նվիրվեց։ Հոգեբանական գործողություններն ընդգրկվեցին զինվորական կանոնադրություններում։ Սակայն սեմիոտիկ մանիպուլյացիաների նորաձև մեթոդիկաների ստվերում մնացին այն երևույթի լեզվաբանական նշանակության ու արտաքին քաղաքական իմաստի վերաբերյալ հարցերը, որն ինչ-որ չափով անձնապաստանորեն անվանում են «հոգեբանական զենք»։

Այնուամենայնիվ, այդ հարցերն ուղղակիորեն վերաբերում են արտաքին քաղաքական քարոզչության տեքստերի արգասավորմանը, համենայնդեպս՝ խաղաղ ժամանակների համար։ Մի կողմից՝ ակնհայտ է, որ հարկ է հաշվի առնել այն հանրույթի լեզվական ընկալման յուրահատկությունները, որին հղվում են այդ տեքստերը։ Մյուս կողմից՝ համապատասխան լեզվական կառույցների համակարգումը, եթե հաջողվի, թույլ կտա միասնականացնել և էապես ավտոմատացնել արտաքին քաղաքական մեկնաբանություններ կազմելը։ Իսկ դա կհանգեցներ վերլուծաբանների և փորձագետների աշխատանքի վարձատրման տեսակարար ծախսերի նկատելի նվազման։

Նախ պետք է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում ցանկացած զենք, թեկուզ այնպիսի տարաշխարհիկը, որպիսին «հոգեբանականն» է։ Զենքի էությունը ակնթարթի նախապատրաստումն է։ Չէ՞ որ զենքի կիրառումը նշանակում է այնպիսի մի իրավիճակի ստեղծում, երբ գրոհի ենթարկվող կողմը հարված է բաց թողնում։ Այս վերջին պահն էլ հենց ակնթարթն է՝ անմասնատելի իրականություն, որ մթագնում է ընկալումը։ Այստեղ այնքան էլ կարևոր չէ՝ կործանարա՞ր է զենքը, թե՞ ընդամենը կաթվածահար է անում, հակառակորդին ժամանակավորապես շարքից հանում, և կամ որ մակարդակում է գործում զենքը՝ հոգեշարժայի՞ն, թե՞ մտավոր։

Զենքի սահմանումը շեշտը դնում է ոչ միայն և ոչ այնքան նյութական հարմարանքների վրա, որքան մենթալ կառույցների ու վարվեցողական ունակությունների։ Դրանք, իրենց հերթին, ինչպես ցույց են տալիս հոգեֆիզիոլոգիական հետազոտությունները, կապված են արտաքին քաղաքական կողմնորոշման ձևավորման հետ, որի նախահիմքում ուշադրության տարածական կենտրոնացման ու հեռավորության զգացողության իմաստն է։ Այս առումով հոգեբանական է համարվում ոչ թե ինքը՝ զենքը, այլ նրա կիրառումը։ Լինում է հոգեբանական, «ազդու» զենք, քանզի ցանկացած զենք ներշնչանք է բերում։ Նրան հատուկ է դյութելու հատկությունը, ուր միախառնված են հետաքրքրասիրությունն ու վախը, որ ուղեկցում են ձևի արարման միջոցներ հանդիսացող ընտրողությանն ու հեռավորության պահպանմանը։ Աշխարհում վտանգի ձգողականությունը զենքի վտանգավոր ձգողականություն է դառնում։ Սխրանքը նախորդում է մարտում վախը հաղթահարողի զենքի փայլին։ Նվաճում է ոչ թե անվախությունը, այլ անվախին առաջ մղող վախը։ Այն քաջին հուշում է ինքնատիրապետում, որ մասն է բանաստեղծական ակնածանքի՝ ներքին ինքնազսպում ինքնաբավ լինելության դեմ-հանդիման։ Իսկ նվաճյալին ներշնչում է ակնածանք արտաքին տիրապետության հանդեպ, առանց որի խռովությունն անխուսափելի է։

Այն, ինչ առանձնացնում են որպես «հոգեբանական զենք», վախն ավելի հեռու վանելն է, քան է հակառակորդի տեսանելիությունը։ Դա հակառակորդին դեմառդեմ սեփական վախից զրկելն է՝ փոխարինելով այն իր ավելի մեծ, բայց և հակառակորդի թիկունք տեղափոխված վախով՝ առաջ բերելով հետադարձ հայացք՝ որպես տապալող պահ։ Այդ պատճառով հոգեբանական զենքի նյութական արտահայտություն է համարվում ցուցադրական ներթափանցումը հակառակորդի խոր թիկունք՝ հատուկ նշանակության ուժերի գործողություններ լինեն դրանք, հրետակոծություն, թե ռմբակոծություն։

Այսպիսով, հոգեբանական զենքի գործադրումը հանգում է ինքն իրեն հեղեղող ուրախությամբ հետաքրքրասիրություն շնորհելուն՝ հակառակորդին մատնելով անկամ, ուշացած ու նսեմ, կարճ՝ անարդյունավետ վախի։ Նպատակը՝ դիմակայողին (բառացիորեն՝ դիմացը կանգնածին) ընկղմելն է սարսափի թմբիրի մեջ, որը պայքարի ելքի համար իր անկարևորության զգացողությամբ է պարուրում նրան։ Այդ զգացողությունը վկայում է, որ դիմացինն ավելի ուժեղ հակառակորդի կարիք ունի, քան այժմ նրան հաջողվել է ձեռք բերել։ Ստիպելով մտածել դիմացինի համար ավելի ուժեղ հակառակորդի մասին՝ այդ զգացողությունը հանգեցնում է վերջինիս նույնացմանը նրա հետ, ում դեմ փորձել էր պատերազմի ելնել։

Վախն է կազմում իրական թիկունքը՝ կեցության անբաժանելիությունը որպես սուբյեկտի մեկուսացածություն։ Այդպիսով, վախի փոխարինումը խափանում է գործունակությունը՝ որպես մեկնակետի կարիք ունեցող տարբերակ։ Եթե սուրը խոցում է հակառակորդին, ապա վերջինիս կողմից սեփական վախի կորուստը խոչընդոտում է խոցելուն։ Ընդ որում՝ ոչ միայն հակառակորդին է խանգարում խոցել (կամ դատապարտում է օդը ճեղքելուն), այլև խոչընդոտում է խոցել իրեն։ Ինչպես երգում է ասվում՝ «Հաղթողը ճիշտ կլինի, իսկ պարտվողը՝ միայն ողջ»։

Սա նշանակում է, որ հոգեբանական զենքը երկսայրի է։ Որքան այն կուրացնում է թշնամուն, այնքան նա խամրում է՝ կորելով կիրառող կողմի տեսադաշտից։ Քամահրանքն ու գերազանցությունը կարող են վերածվել անթույլատրելի անտեսման ու զանցառության։ Հակառակորդի թիկունք ներթափանցելը հանգեցնում է նրան, որ ինքն էլ հայտնվում է հարձակվող ուժերի թիկունքում։ Հենց հոգեբանորեն, անտեսվող արդյունքի՝ չգոյության հանդեպ մեծագույն հետաքրքրասիրության ներքին անհաղթահարելիության պատճառով նա հնարավորություն է ստանում բնակություն հաստատել այնտեղ և գերիշխել։ Հետևաբար, հոգեբանական զենքը չի կարող ղեկավարվել ոչնչացման, հակառակորդի վերացման ինքնանպատակով, այլ պետք է նրա հետ հաղորդակցվելու միջոց ծառայի։ Զենքի հոգեբանական լինելը համոզելու մեջ է. հակառակորդի՝ իբրև դուշմանի նկատմամբ կատաղությունը ոչ թե պարզապես ժխտում է նրան, այլ ենթարկեցնում լինելության փայլին։ Թշնամու ուշադրության նախապատրաստումը բերում է նրան, որ ինքն էլ զենքի է վերածվում ուժեղագույնի ձեռքում։ Պահանջվում է սրել և թեթևացնել թշնամու ընկալումը, հիշելով նրան սիրելու մասին պատվիրանը, և ոչ թե գեբելսյան շաղակրատանքով խլացնել սեփական ընկալումը։

Սուբյեկտի ուշադրության ընտրողությունն ու (դինամիկ) հեռապահությունն արտահայտող լեզվաբանական կառուցվածքներն անմիջականորեն պայմանավորում են լեզվամտածողության ասպարեզում ընկալման արտաքին քաղաքական տեսանկյունը։ Այդ կառուցվածքները հոլովներն են։ «Հոլովով արտահայտված տարածական արժեքները համակարգվում են երկու հիմնական չափանիշներով՝ շարժական և կողմնորոշող». «գոյություն ունեն տարբեր տարածական արժեքների, դերերի..., գործիքի և այլն, հոլովական արտահայտման ստանդարտ ձևեր» [1, с. 356]։

Համապատասխանաբար, լեզուն կրողի համար տեքստի արտաքին քաղաքական արտահայտչականության բնական ընկալման երաշխիք է հանդիսանում այդ տեքստի բաշխումը լեզվում առկա բոլոր հոլովներով։ Կատարյալ-տիպական պարագայում մեկնաբանությունը պետք է կազմված լինի այնքան արտահայտություններից, որքան հոլով կա տվյալ լեզվում։ Բերեմ օրինակ հայերենից։

Առաջին արտահայտությունում գործածվում է Ուղղական հոլովը (ո՞վ, ի՞նչ)։ Այն պարունակում է մեկնաբանվող իրավիճակի համառոտ ամփոփագիրը, մեկնաբանության առարկան կամ տեղեկատվական առիթը, հրատապ իրադարձության «տեքստը»։

Հաջորդ արտահայտությունը Սեռական հոլովով է (ո՞ւմ, ինչի՞) և պատմական էքսկուրս (կապի ուժի թուլացման հետ՝ զուգորդում, ալյուզիա), նախապես ուշադրության ներկայացված իրադարձության «համատեքստ» է ներկայացնում։

Տրական հոլովը (ո՞ւմ, ինչի՞ն) ենթադրում է ավելի կոնկրետ սուբյեկտի կամ քաղաքական թեմատիկայի մատնանշում, որոնց հասցեագրված է դիտարկվող իրադարձությունից բխող «մարտահրավերը». ասենք, հենց Հայաստանի համար դրա նշանակությանը։ Ունկնդրին կամ ընթերցողին հրավիրում են մարտահրավերն ընդունող սուբյեկտի «տեղում զգալ իրեն», մտովի նույնանալ նրա հետ, մոբիլիզացվել։

Հայցական հոլովը (ո՞ւմ, ի՞նչը) փոխանցում է բայական ազդեցությունները ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա. «Այն նշում է գոյականի ցանկացած առնչություն բային իր բոլոր տարբերակներով ընդհանրապես, բացառությամբ ենթակայի առնչությունն իր ստորոգյալին» [2, с. 182]։ Այսպիսով, գոյականի վրա որոշակի դերային նշանակություն է ընկնում։ Մեղսագրման իմաստով, այս, այսպես ասած, «կասկածելի» հոլովը խիստ հարմար է դատելու համար, թե մեղքն ումն է, ով է թշնամին այս իրավիճակում, կարճ ասած՝ ինչպես է անձնավորվում սպառնալիքը։

Ռուսերենի քերականության մեջ գոյություն չունեցող Բացառական (отложительный) հոլովը (ումի՞ց, ինչի՞ց) ինչ-որ ուղերձ է կրում. հստակ մարգարեություն լինի դա (ռազմավարական կանխատեսում), թե ներզգայական-լղոզված միտում, անդրադարձ, իմաստի աղբյուրի և կամ էութենական նշանակության մասին հասկացություն։

Գործիական հոլովն (ումո՞վ, ինչո՞վ) ունի գործիքային նշանակություններ, ներկայացնում է ընձեռվող հնարավորությունը, մասնավորապես՝ կռահելով բարեկամին կամ վիճարկելով իրավիճակային կանխատեսումը։

Ներգոյական հոլովը (ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ) վերաբերում է դիսկուրսի հասարակայնացմանը՝ ընդգրկելով շրջանառման համար նախատեսված հարցումները, ակնարկներն ու հանձնարարականները։

Արդյունքում՝ արտաքին քաղաքական մեկնաբանության (2002թ. սկզբին վերաբերող) հոլովական վերծանումը կարող է ունենալ հետևյալ տեսքը.

Հոլով Արտահայտություն Հոլովական
նշանակությունը
Ուղղ. Վրաստանի խորհրդարանը գրեթե միաձայն քվեարկեց ԱՊՀ մանդատով և ՄԱԿ հավանությամբ Աբխազիայում գտնվող ռուսաստանյան խաղաղարար ուժերն այնտեղից դուրս բերելու և դրանք միջազգային ուժերով փոխարինելու օգտին։ Իրադարձություն
Սեռ. Սա վրացական իսթեբլիշմենթի առաջին փորձը չէ՝ հեռացնել ռուսաստանյան զինված ստորաբաժանումները հակամարտության հենց այն շրջաններից, ուր հույս ուներ վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը նրանց իսկ ձեռքերով։ Հապճեպության միտում
Տրակ. Այնուամենայնիվ, միջազգային այլ ուժերը միշտ խուսափել են այս հարցերում իրենց ինքնուրույն երաշխիքները տալ Վրաստանին։ Էական մարտահրավերի բացակայությունը
Հայց. Հնարավոր է, որ ԱՊՀ բաժանարար ուժերն ասպարեզից հեռացնելու մտադրությունը գալիս է Թբիլիսիի իշխող այն շրջանակներից, որոնք կցանկանային ռազմական գործողությունների ծավալմամբ հասնել իրենց ներքաղաքական դիրքերի ամրապնդմանը։ Մեղավոր են ներվրացական երկպառակություննե՞րը
Բացառ. Դրանից, սակայն, կարող է բխել և հակառակ հետևությունը. վերահաս անկայունության պայմաններում Ռուսաստանի հանդեպ Վրաստանի հավակնությունների թվի բազմապատկումը հակադարձ հարաբերակցության մեջ կգտնվի դրանց բավարարման հավանականության հետ։ Հետևանքները կարող են մտադրություններին հակառակ լինել
Գործ. Այս ֆոնի վրա Վրաստանը կարող է իրականացնել ԱՊՀ-ից դուրս գալու իր սպառնալիքը, ինչը, թերևս, կարող է նպաստել ԱՊՀ առավել համախմբմանը։ Ավելի լավ է՝ ԱՊՀ առանց Վրաստանի՞
Ներգոյ. Վրաստանի ուժային գործողություններին միջազգային կառույցների շահագրգիռ արձագանքի բացակայությունը ՀՀ ղեկավարությունում կարող է գնահատվել որպես ադրբեջանական վայ-մարտիկներին ու Բաքվի քաղաքական գործիչներին ուղղված՝ Ղարաբաղում ռևանշի հասնելու լռելյայն հրավեր։ Վերահասցեագրում ՀՀ ԱԳՆ-ին

Այս մոտեցումը հատուկ քարոզչին մի շարք առավելություններ է տալիս։

Նախ՝ այն բացահայտում է զենքի դրական հատկանիշը. առաջին հերթին լինել կյանքի՝ արտաքին քաղաքական հաղորդակցության միջոց և հետո միայն՝ մահվան վախ։ Այն և՛ խիստ է, և՛ ազատ, տարբերակված։ Գործածվելով նպատակային լսարանի լեզվամտածողության հետ կապված (և հենց նրա, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ գործողության հոգեշարժային հենքի տարածական դինամիկայի ընկալման ստերեոտիպերի հանդեպ)՝ այն առավելագունս վերացնում է իրադարձությունների վերաբերյալ իր հայացքի տարածման խոչընդոտները։ Սա ամենևին չի նշանակում, թե շարադրանքը հարմարվողական է և թույլ է տալիս, որ իր իսկ դրույթները թափանցեն այլոց մտածողություն՝ վերջինիս հարմար ձևերով։ Առավել կարևոր է, որ արտաքին քաղաքական ուղերձի նման «փոխանցումը» թույլ է տալիս նպատակային լսարանին ցուցաբերել ուշադրության առավելագույն ընտրականությունը։

Վկայակոչելով գործունակության հոգեդինամիկ կառույցները, սեփական թեզերն ու նշումները հանգուցելով նրա «ճառագայթների» հետ՝ մեկնաբանությունը կարելի է առավելագույնս թափանցիկ դարձնել, այսինքն՝ նվազագուն չափով ագրեսիվ, ինչը հնարավորություն կընձեռի նպատակային լսարանին բովանդակությունից վերցնել լոկ այն, ինչ նա պատրաստ է այդ պահին վերցնել։ Սրանում է հաղորդակցության ազատությունը, որ չի ձգտում լսարանի հետ մանիպուլյացիաների դիմել հենց այն պատճառով, որ չի վախենում նրա սպոնտան հակադարձման դրսևորումից։ Նման հաղորդակցությունը վերացնում է ընկալման արգելքները, բայց չի հարկադրում։ Հոլովական կառույցներում ներառված հարցերը հռչակում են բացություն լինելությանը։ Քանի որ, միևնույն է, մանիպուլյատիվ նկրտումները կռահվում և թերահավատություն են սերմանում, հաղորդվող տեսակետի հանդեպ ներքին դիմադրություն են առաջացնում, ուստի մանիպուլյացիայի գայթակղությունն այս մոտեցման մեջ ենթարկված է տեխնիկական սահմանափակման։

Երկրորդ՝ այն վերաբերմունք է թելադրում մեկնաբանության հանդեպ՝ որպես իրադարձության մասին ազդեցիկ, նպատակային լսարանի համար հասկանալի բացատրություններից մեկի։ Դրանով այն կազմողին լսարանի հետ առավելագույնս հաղորդակցվելու է տրամադրում, այլ ոչ թե անհամբեր պարտադրանքի։ Կողմնորոշիչ, որոնողական ակտիվության ճառագայթների կիզակետում մեկնաբանությունը դառնում է մտքի փայլատակում։ Ընդ որում՝ մեթոդը թույլ է տալիս զգալ անհամար կիզակետերի բազմություն, որոնք հնարավոր են լեզվական կառույցներով տրված գործողության քրոնոտոպում (հատկապես հաշվի առնելով նրա «բյուրեղային» ռեպլիկացիան)։ Մեկնաբանի ներքին ազատության համապատասխան աճը զորություն է տալիս նրա թողարկմանը, ինչն էլ ամենաաննկատ ու զինաթափող ազդեցությունն է ունենում լսարանի վրա։

Երրորդ՝ հոլովային «բլանկի» ոճով մեկնաբանությունների կազմման հմտության ձեռքբերումն այդ աշխատանքը դարձնում է հարահոսային, ականավորի լուսապսակից զրկում է մեկնաբանին, որը շաբաթը մեկ «արտահայտում» է իր կարծիքը։ Պարզ է դառնում, որ հենց առաջին իսկ հոլովական արտահայտությունում արված փոփոխությունը (իրադարձության փոքր-ինչ այլ ձևակերպումը) հանգեցնում է բոլորովին այլ մեկնաբանության։ Այս աշխատանքի մեջ ներգրավված քարոզիչը կամ անվանի փորձագետը սովորում են ընթացիկ մեկնաբանությունից տարբերակել իրենց թանկարժեք կարծիքը՝ որպես մենթալ ուղերձի, յուրատեսակ զինապահուստի միավոր։ Ընդ որում՝ պարզ տեխնիկական մակարդակում, մոտավորապես այնպես, ինչպես տարբերվում են խնդրի լուծման ալգորիթմն ու դրա գրառումը ծրագրավորման այս կամ այն լեզվով։ Արդյունքում՝ նրանից կարելի է չափավոր վարձի դիմաց ավելի շատ մեկնաբանություններ պահանջել և նպատակային լսարանի ունկին հաճո առավել մեծ բազմազանություն ստանալ եթերում։ Սա տնտեսական էֆեկտ է խոստանում։

Չորրորդ՝ միասնական մեթոդական սկզբունքին հետևելը թույլ է տալիս մեկնաբանական գործում, մեկանգամյա հիմքով, ավելի շատ փորձագետներ ներգրավել՝ ավելացնելով տպավորությունների ու իրադարձությունների ընկալման բազմաձևությունը։ Քանի որ մեկնաբանության լրացման ձևը լակոնիզմ է ենթադրում, ուստի փորձագետի մեկնաբանությունը կարող է գործարկվել ինչպես տվյալ տեսքով, այնպես էլ հեշտությամբ օգտագործվել քարոզիչների կողմից որպես կիսաֆաբրիկատ՝ ելնելով իրենց չափանիշներից։ Ինչ-որ հոլովական հատվածներ կարող են մոդիֆիկացվել՝ առանց փոխելու ողջ կառույցը։

Հինգերորդ՝ կարելի է հույս ունենալ, որ քերականական կարգերի վրա հենվող մեկնաբանությունն ավելի հեշտ կներթափանցի խոսակցության շրջանակ, նպատակային լսարանի դիսկուրսի առարկա կդառնա։

Վեցերորդ՝ մարտավարական առումով մեկ տեղեկատվական առիթի հետ կապված մեկնաբանությունների հրավառությունը սահուն հրետակոծություն է հիշեցնում և թույլ է տալիս, անհրաժեշտության դեպքում, կտրուկ ուժգնացնել հատուկ քարոզչական աշխատանքը՝ կառուցելով այն «հրապարակների հրետակոծման» ռեժիմում՝ համազարկային կրակի համակարգերի կամ ծավալային-դետոնացնող լիցքերի համանմանությամբ։ Սա կարող է նախադրյալ հանդիսանալ զինվորական հրամանատարության և հատուկ քարոզչական ապարատի փոխըմբռնման բարելավման համար։

Յոթերորդ՝ հատուկ քարոզիչը, որի խոսքն ավելի շատ հոլովներ է պարունակում, քան նպատակային լսարանի լեզուն, կարող է դրանք աստիճանաբար գործադրել մեկնաբանություններում՝ վարժեցնելով նրան պատկերացնել քրոնոտոպն իր կարգերով։

Անկասկած, առաջարկվող մոտեցումը հետագա հղկում է պահանջում՝ նկատի ունենալով ինչպես զուտ լեզվաբանական հարցերը (ասենք՝ տվյալ լեզվի «ներքին» և քերականական հոլովների քանակն ու համապատասխանությունը), այնպես էլ այլ սյուժետային միջոցների (օրինակ՝ տեսաշարի) հետ միակցումները։

Այս մեթոդը ես փորձարկել եմ Հայաստանում, «Պրոմեթևս» (այժմ՝ «Հ2») հեռուստաընկերության լրատվական ծառայությունում, ղեկավար՝ Արամ Սաֆարյան, որին հայտնում եմ իմ երախտագիտությունը։ 2002-2003թթ. եթեր է հեռարձակվել ընդամենը 14 մեկնաբանություն։

Գրականություն և աղբյուրներ

  1. Лингвистический энциклопедический словарь, М., 1990.
  2. Пауль Г., Принципы истории языка, М., 1960.

դեպի ետ