• am
  • ru
  • en
Версия для печати
28.06.2018

ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ

EnglishРуский

   


Փոլ Գոբլ

https://jamestown.org/program/nakhchivan-again-site-of-broader-and-more-dangerous-geopolitical-competition/


   Դեպի Նախիջևանի սահման երկաթուղու կառուցման աշխատանքներն այս տարի սկսելու՝ Անկարայի ս/թ հունիսի 6-ի հայտարարությունը, ինչպես նաև Ադրբեջանի էքսկլավ հանդիսացող Նախիջևանի և Հայաստանի միջև սահմանի երկայնքով Բաքվի զինված ուժերի վերադասավորումների մասին լուրերը (տե՛ս EDM (https://jamestown.org/program/aggravated-situation-around-azerbaijans-nakhchivan-exclave/), հունիսի 4) մտահոգում են Երևանին և Մոսկվային։ Հայ և ռուս որոշ պաշտոնատար անձինք և փորձագետներ անհանգստացած են, որ այս զարգացումները կարող են հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսմանը` արդեն նոր ուղղությամբ։ Ոմանք մտահոգություն են հայտնում, որ Անկարան կարող է այս էքսկլավի տարածքն օգտագործել Իրանի երկաթուղային համակարգին միանալու համար, կամ նույնիսկ, որ տարածաշրջանի երկու թյուրքական պետությունները կարող են մարտահրավեր նետել Երևանի կողմից Զանգեզուրի վերահսկմանը։ Զանգեզուրը բաժանում է Նախիջևանը բուն Ադրբեջանից և Հայաստանի միակ «ցամաքային կամուրջն» է դեպի Իրան և այսպիսով` ելքը դեպի արտաքին աշխարհ։

Հարավային Կովկասում կա երկու կարևոր էքսկլավ, որոնք երկուսն էլ ստեղծել է խորհրդային առաջնորդ Ի.Ստալինը։ Ընդ որում, այսօր դրանք ունեն խիստ տարբեր կարգավիճակներ։ Երեք տասնամյակ ծխացող հայ–ադրբեջանական հակամարտության պատճառով Ղարաբաղը շատերին է հայտնի։ Ստալինն այն դարձրել էր ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, չնայած այն փաստին, որ հայերն այդտեղ մեծամասնություն էին կազմում։ Մինչդեռ քչերն են լսել Ադրբեջանի տարածք հանդիսացող Նախիջևանի մասին, որի բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ են, սակայն այն բաժանված է հանրապետության մնացած տարածքից Զանգեզուրով, որը Հայաստանի մաս է կազմում և այսօր բնակեցված է հայերով։

Ստալինը ստեղծել է այս անհամաչափ իրավիճակը երկու պատճառով։ Նախ, նա ցանկացել է լարվածություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը Մոսկվային թույլ կտար կիրառել իր ժամանակով փորձված «բաժանիր և տիրիր» սկզբունքը։ Երկրորդ՝ թերևս ավելի կարևոր պատճառն այն էր, որ խորհրդային դիկտատորը ցանկացել է Թուրքիային զրկել Ադրբեջանի և թյուրքական Միջին Ասիայի հետ անմիջական ցամաքային կապից՝ միևնույն ժամանակ Հայաստանին տալով խորհրդային արտաքին սահման Իրանի հետ։ Երբ Ստալինը գծում էր սահմանները, Թուրքիան 13 կիլոմետր լայնությամբ կապակցող սահման ստացավ Նախիջևանի հետ, սակայն բուն Ադրբեջան հասնելը հնարավոր էր միայն հայկական կամ իրանական տարածքի միջով։ Աշխարհագրական այս վիճակը ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունի 1921թ. կնքված Կարսի պայմանագրի ստորագրման պահից ի վեր (որը դեռևս ուժի մեջ է) և երկու տերություններին հատուկ իրավունքներ է տալիս Նախիջևանի սահմանների հանդեպ։

Այս իրավիճակը միշտ ցավոտ հարց է եղել Անկարայի, Բաքվի և Երևանի միջև։ Իսկ վերջին իրադարձությունները լրջորեն սրել են դրա շուրջ լարվածությունը։ Անցյալ շաբաթ թուրքական կառավարությունը հայտարարեց, որ սկսելու է 224 կմ երկարությամբ երկաթգծի կառուցումը դեպի Նախիջևանի սահման, որը թույլ կտա հասնել Իրան, իսկ Իրանի տարածքով՝ նաև Ադրբեջան։ Թուրք պաշտոնատար անձինք հատուկ նշեցին, որ ինչպես Իրանը, այնպես էլ Ադրբեջանը սատարում են այս նախագիծը, սակայն որևէ բան չնշվեց Հայաստանի կամ այդ առթիվ նրա մտավախությունների մասին (տե՛ս Haber Turk (http://www.haberturk.com/turk-demiryollari-nin-omurgasi-iki-kitaya-baglaniyor-2003503-ekonomi), հունիսի 6)։ Իսկ դրանք փոքր չեն։ Հայաստանը երկար ժամանակ մտահոգված է եղել, որ Թուրքիան կարող է տարածաշրջանի վրա իր ազդեցությունը տարածել երկաթուղու միջոցով։ Մտավախությունն այն է, որ եթե Թուրքիան այդչափ ծավալվի, ապա կարող է օգնել Ադրբեջանին գրավելու Զանգեզուրը, որն ուղղակի և անխաթար երթուղի կտա Թուրքիային դեպի Բաքու, Միջին Ասիա և անդին։ Աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, ինչպես նաև այն պատճառով, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է, վերջինս ռազմական զգալի ներկայություն ունի այստեղ, և Մոսկվայում շատերն են կիսում վերոնշյալ մտավախություններն ու աշխատելու են դրանք չեզոքացնելու ուղղությամբ (Vpoanalytics.com (http://vpoanalytics.com/2018/06/05/armeniya-nahichevan-novye-starye-ugrozy/), հունիսի 5; Fondsk.ru (https://www.fondsk.ru/news/2018/06/11/nahichevanskaya-avtonomia-kak-faktor-rastuschej-naprjazhennosti-na-kavkaze-46284.html), հունիսի 11)։

Հայաստանի և Ռուսաստանի մտավախություններն իրենց հերթին խորացել էին այս տարվա գարնանը Նախիջևանում իրականացված ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զինավարժությունների պատճառով (տե՛ս EDM (https://jamestown.org/program/aggravated-situation-around-azerbaijans-nakhchivan-exclave/), June 4), հունիսի 4)։ Բացի այդ, Բաքվի զինուժը Հայաստանի սահմանին ավելի մոտ դիրքեր զբաղեցրեց, որը Երևանի կողմից ընկալվեց որպես սպառնալիք։ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2014թ. հայտարարությունը Նախիջևանում տեղակայված զորքերի անձնակազմին, որ երեք տարի անց ուղղակի երկաթուղային կապ կհաստատվի Թուրքիայի և իրենց երկրի միջև, իսկ նրանց ներկայությունը դրա երաշխիքն է (Kavkazoved.info (http://www.kavkazoved.info/news/2014/06/15/nahichevanskiy-faktor-rosta-naprjazhennosti-na-uzhnom-kavkaze.html), 2014թ. հունիսի 15)։

Երևանում գործող լրագրող Դավիթ Պետրոսյանը ենթադրում է, որ ներկա զարգացումները լարվածություն են ստեղծում հետևյալ պատճառով. 2014թ. տեղի ունեցած փոքր ընդհարումներից զատ, հայ–նախիջևանյան սահմանը հայերի կողմից վերահսկվող տարածքների և Ադրբեջանի միջև դե ֆակտո սահմանի «ամենախաղաղ հատվածն է» եղել։ Նա ենթադրում է, որ օգտվելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վայրիվերումներից՝ ոմանք Բաքվում, իսկ գուցե և Անկարայում քաղաքականապես պատրաստ են վերացնելու ներկա ստատուս քվոն և փոքր ու մեծ սպառնալիքներ առաջացնելու Հայաստանի նկատմամբ (Vpoanalytics.com (http://vpoanalytics.com/2018/06/05/armeniya-nahichevan-novye-starye-ugrozy/), հունիսի 5)։

Սակայն հարկ է նկատի ունենալ նաև առկա ավելի մեծ խնդիրները։ Թուրքիան և Ռուսաստանը միմյանց հետ դիվանագիտական և ռազմաքաղաքական բարդ խաղ են խաղում Սիրիայում, և Մոսկվան չէր ցանկանա տեսնել Անկարայի ու Թեհրանի մերձեցում, քանի որ դա նշանակալիորեն կսահմանափակեր Սիրիայում Ռուսաստանի դիրքերի պահպանման և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում իր ազդեցության տարածման հնարավորությունները։ Թուրքական երկաթուղու և Նախիջևանում ադրբեջանական զինուժի տեղաշարժերի մասին լուրերը լսելիս Մոսկվայում առնվազն ոմանք ընհանուր անհանգստություն են զգում, քանի որ «մարտավարական դիրքերի» այս կարգի փոփոխությունները կարող են հեշտությամբ վերածվել «ռազմավարական» բնույթի մշտական հիմնախնդիրների (տե՛ս Regnum (https://regnum.ru/news/polit/2429606.html), հունիսի 9)։

Այս ամենը չի նշանակում, որ ռազմական ընդհարումն անխուսափելի է։ Սակայն Մոսկվան կօգտագործի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը, որպեսզի Հայաստանին ստիպի ընդունել ավելի մեծ ռուսական ռազմական ներկայություն։ Հավանաբար, դրան ի պատասխան` Անկարան և Բաքուն ավելի մեծ զգուշավորություն կցուցաբերեն իրենց հետագա քայլերում։ Եվ գրեթե հաստատապես Իրանը կստանա այնպիսի դիրք, որ Ռուսաստանը կաջակցի վերջինիս կողմից Թուրքիայի և Ադրբեջանի միջև արևելք– արևմուտք միջանցիկ ուղու դերի ստանձնումը, որպեսզի թյուրքական երկու պետություններին հետ պահի Զանգեզուրի հանդեպ ոտնձգություններից։



դեպի ետ