• am
  • ru
  • en
Версия для печати
20.09.2017

ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ

   

Հոդվածը գրվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համատեքստում, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի «Գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի և տնտեսական աճի փոխազդեցությունները ՀՀ-ում» գիտական թեմայի շրջանակներում։

Աշոտ Թավադյան
Տ.գ.դ., պրոֆեսոր

Գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի կարգավորման գործընթացն ունի էական ազդեցություն ՀՆԱ-ի, արտահանման աճի և ՀՀ պետական բյուջեի կատարման վրա: ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործմանը նվիրված 12.02.2016թ. ծրագրային ելույթում ընդգծվեց, որ «խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը»1: Վեցերորդ գումարման Ազգային ժողովին ՀՀ նախագահի 18.05.2017թ. ուղերձում ևս նշվեց, որ համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի2: Հոդվածում ներկայացված են եզրակացություններ և առաջարկություններ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման վերաբերյալ:

Տնտեսական աճի և բյուջեի կատարման համար չափազանց կարևոր են համակարգային մոտեցումը, տնտեսական ցուցանիշների փոխկապվածությունների հստակ գնահատումը: Սակայն առկա են օրինակներ, երբ այդ փոխկապվածությունները հաշվի չեն առնվում: Գների կայունության կարևորագույն նպատակի կատարման ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում հակադարձ կապի վրա, թե ինչպես է գների կայունությունը կոնկրետ անդրադառնում տնտեսական աճի, արտահանման մեծացման և բյուջեի կատարման վրա:

1967թ. Գերմանիայում ընդունվեց օրենք տնտեսության կայունության և աճին նպաստելու մասին, որտեղ սուբյեկտիվ մոտեցումից խուսափելու համար ձևակերպված են տնտեսական քաղաքականության սկզբունքային նպատակները, այսպես կոչված «մոգական քառակուսին» [1]: Դրանք այն առանցքային նպատակներն են, որոնք պահանջվում է առաջին հերթին հաշվի առնել բյուջեի, պետական ծրագրերի նախապատրաստման ժամանակ: Այդ չորս նպատակները հետևյալն են՝ կայուն տնտեսական աճ, հավասարակշռված արտաքին առևտուր, զբաղվածության բարձր մակարդակ, գների կայունություն: Այդ նպատակները դիտվում են որպես միասնական համակարգ: Մի նպատակի առանձնացման փորձը, առանց հաշվի առնելու նրա փոխկապվածությունն այլ առանցքային նպատակների հետ, չի տալիս դրական արդյունք, հատկապես երկարաժամկետ կտրվածքով:

Անվիճելի է, որ գների կայունությունը չափազանց կարևոր նպատակ է: Սակայն ինչպես դա ապահովել` հաշվի չառնելով տնտեսական համակարգի փոխկախվածություննե՞րը, թե՞ գնաճն օպտիմալ ձևով համաձայնեցնելով առանցքային տնտեսական ցուցանիշների հետ: Չափազանց կարևոր է գնահատել գնաճի փոխազդեցությունը տնտեսության այլ առանցքային ցուցանիշների հետ:

Չպետք է ամեն գնով ձգտել պահել գնաճը նվազագույն սահմաններում՝ հաշվի չառնելով նրա փոխկապվածությունը փոխարժեքի, իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքի, փողայնացման մակարդակի, ՀՆԱ-ի, առևտրային և վճարային հաշվեկշռի հետ: Արդյունքում՝ փաստացի զոհաբերվում են այդ փոխկապվածությունները, և գների սեզոնային ու կառուցվածքային աճի հավանականությունը բարձրանում է: Հենց այստեղ էլ ստեղծվում է ակնհայտ ոչ բարենպաստ պատճառահետևանքային շղթան: Ներմուծվող ապրանքների գների աճին հակազդելու համար առաջին հայացքից կարծես թե աննպատակահարմար է ազգային արժույթի փոխարժեքի նույնիսկ սահուն նվազումը: Սակայն դա իրականում չի նպաստում արտադրության աճին ուղղված ներքին պահանջարկի բավարարմանը, արտահանմանը և առևտրային հաշվեկշռի իրավիճակի լավարկմանը: Ի վերջո, գնաճի կախվածությունը ներմուծվող ապրանքների գների ազդակից մնում է առանցքային գործոն, և գնաճի անկանխատեսելիության աստիճանը չի նվազում:

Ակնհայտ է ընտրությունը երկու տարբերակների միջև՝ կամ առաջին հայացքից նվազագույն գների աճ՝ ուղղակի կախված ներմուծումից, որն ունի սեզոնային և կառուցվածքային տատանումների մեծ հավանականություն, ու չփոխկապակցված այլ առանցքային ցուցանիշների հետ, կամ նվազագույն տատանումներով որոշակի ընդունելի սահմանը չգերազանցող գնաճ՝ փոխկապակցված այլ առանցքային ցուցանիշների հետ:

Դրամավարկային քաղաքականությունն ուղղակի անհրաժեշտ է իրականացնել համակարգված: Ցածր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնպաստի դրամավարկային քաղաքականության ճշգրտմանը, այդ թվում փողայնացման մակարդակի փուլային մեծացմանը՝ մոտ տրանսֆորմացվող երկրների օպտիմալ մակարդակին: Հիմնախնդիրն այն չէ, որ բոլոր միջոցներով ապահովվի հնարավորինս նվազագույն գնաճ, այլ այն, որ ունենանք իրականությանը համապատասխանող գնաճ, որն առավելագույնս նպաստավոր է տնտեսության, արտահանման աճին և, դրա հետ մեկտեղ, դրական է անդրադառնում փողայնացման մակարդակի վրա՝ մոտեցնելով այն իր զգայունության շեմին [2]: Դա թույլ կտա որոշակի փուլերով անցում կատարել ավելի ցածր և, ընդգծեմ, կայուն գնաճի: Միայն այն ռազմավարությունն է նպաստավոր տնտեսության դրական փոփոխությունների համար, որը հաշվի է առնում իրական փոխկապվածությունները:

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերությունը (իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը) էապես բարձր է, քան ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում3 և տարածաշրջանի այլ երկրներում: Վարվում է թանկ փողերի քաղաքականություն, և արդյունքում՝ ներդրումների, բիզնեսի համար Հայաստանում իրական տոկոսադրույքները նպաստավոր չեն: Փաստացի, այդ առումով Հայաստանը զիջում է իր բոլոր հիմնական գործընկերներին:

Այս պայմաններում ունենք փողայնացման ցածր մակարդակ (մոտ 35%)4, իսկ ցածր փողայնացման և բարձր իրական տոկոսադրույքների պարագայում առաջանում է փողի սով, դոլարիզացիայի մակարդակի կրճատման հնարավորություններն էապես նվազում են: Նշենք, որ Ռուսաստանում փողայնացման մակարդակը 50%-ի, իսկ Եվրամիության առաջատար երկրներում՝ 100%-ի շրջանակներում է, Չինաստանում և Ասիայի արագ զարգացող երկրներում այն էապես գերազանցում է 100%-ը: Սակայն նշենք, որ փողայնացման մակարդակի աճն ինքնանպատակ չէ, և այս դեպքում նույնպես պետք է հաշվի առնել նրա փոխկապվածությունները. դա կարող է լինել տնտեսական աճի հետևանք, ինչպես նաև արտահանման համար նպաստավոր կայուն գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի և իրական բանկային տոկոսադրույքների դեպքում:

Հիմնախնդիրը հետևյալն է` ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստում է հնարավորինս նվազագույն գնա՞ճը, թե՞ որոշակի ցուցանիշը չգերազանցող ոչ բարձր գնաճը: Պատասխանն ակնհայտ է` ոչ ավելի, քան 5.5%, ինչը և պահանջում է «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի չորրորդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին 2017 թվականի ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով» [3]: Ի դեպ, օրենքում փաստացի նվազագույն թույլատրելի ցուցանիշ է նշված 2.5% գնաճը: Նույն տեսքով 4-րդ հոդվածը ներկայացված է 2016թ. [4], սակայն 12-ամսյա կտրվածքով գնաճը կազմել է -1.1%: Նշենք, որ Հայաստանում արդեն մեկ տարուց ավելի արձանագրվել է գնանկում5:

Հնարավորինս նվազագույն գնաճի քաղաքականությունն անվերապահորեն ընդունելի է միայն այն դեպքում, երբ առևտրային հաշվեկշիռը հիմնականում հավասարակշռված է, իսկ փողայնացման մակարդակն ակնհայտ ցածր չէ: Դա է ցույց տալիս նաև զարգացած երկրների փորձը: Հետաքրքիր է, որ Գերմանիայում, որտեղ գնաճն այժմ 1%-ի շրջանակներում է, 1970-1974թթ. տնտեսական աճի ժամանակ եղել է մոտ 6%, իսկ 1973թ.՝ նույնիսկ 7.9%6: Այդ տարի տնտեսական աճը կազմել է մոտ 5%:

Ճիշտ չէ, որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը միշտ զսպում է գնաճը, իսկ ցածրը` հակառակը: Բարձր տոկոսադրույքի ժամանակ հաճախ աշխատում է հետևյալ շղթան` բարձր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույք – ավելի բարձր բանկային տոկոսադրույքներ – սուղ սեփական միջոցների պարագայում ինքնարժեքի աճ – ծախքերի գնաճ: Հետևաբար, այդ գործիքը կարելի է կիրառել միայն ճգնաժամային իրավիճակում, կարճաժամկետ հատվածում:

Հատկապես տնտեսական աճի տեմպի մեծացման ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է նպատակահարմար իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև պահուստավորման նորմը: Հաշվի առնելով գնաճը՝ պետք է գնահատել, թե ինչպես է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անդրադառնում ՀՆԱ-ի, նրա կառուցվածքի, առևտրային հաշվեկշռի վրա: Գրեթե անհնար է արդիականացնել արտադրությունը, երբ տնտեսվարող սուբյեկտների եկամուտներն էապես իջնում են, գնաճի և փոխարժեքի տատանումները բարձր են, դրա հետ մեկտեղ՝ բանկային տոկոսադրույքները փաստացի վարկերը դարձնում են անհասանելի: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ունի իր միջակայքը, որի վերին սահմանի համար առանցքային նշանակություն ունի շահութաբերությունը՝ հանած բանկային մարժան այն ոլորտներում, որոնք ապահովում են գիտատեխնիկական առաջընթացը: Այդ սահմանի գերազանցումը, հատկապես ցածր փողայնացման մակարդակի պայմաններում, արդարացի է միայն կրիտիկական վիճակներում, ընդ որում՝ նվազագույն կարճաժամկետում, քանզի հակառակ դեպքում կարելի է մեծ վնաս հասցնել երկրի գիտատեխնիկական ներուժին:

Ընդհանուր առմամբ, տրանսֆորմացվող տնտեսություն ունեցող երկրի համար օպտիմալ դրամավարկային քաղաքականությունը, որը փոխկապակցված է հարկաբյուջետային քաղաքականության հետ, կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. անցում վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերության ոչ ավելի, քան 2-3 տոկոսային կետի, որն առաջին հերթին հնարավորինս համապատասխանում է ՀՆԱ-ի և արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման աճին և համապատասխանում է ազգային արժույթի փոխարժեքի դինամիկայի փոփոխությանը, գնաճին ու, որպես հետևանք, նպաստավոր է փողայնացման մակարդակի մեծացմանը: Այս պայմաններում անհրաժեշտ է ապահովել գնաճի մակարդակը ոչ ավելի, քան 5,5%-ը: Ինչն, ի դեպ, պետական բյուջեի մասին օրենքի պահանջն է: Եթե վերը նշված պահանջների դեպքում չի ապահովվում գնաճը ոչ ավելի, քան 5,5%, ապա առանցքային տնտեսական նպատակների օպտիմալ արժեքներին հասնելու տեմպը նպատակահարմար է ճշգրտել: Ընդգծենք՝ այս կարևորագույն առանցքային հիմնախնդիրը պահանջում է համալիր լուծում:

Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերության էական կրճատում, տարբերությունը՝ ոչ ավելի, քան 2-3 տոկոսային կետ: Զարգացած կամ զարգացման էական աճի տեմպ ունեցող ոչ մի երկիր չունի նշված ցուցանիշների ավելի մեծ տարբերություն: Իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքն այդ երկրներում չի գերազանցում 2-3%-ը7: Բարձր իրական տոկոսադրույքը շահույթ հետապնդող կազմակերպության վարքագիծ է, իսկ երկիրը չի ունենում զարգացման բարձր տեմպ, եթե վճարում է ավելի մեծ գին նվազագույն գնաճի համար: Ինչպես ցույց է տալիս փորձը, այլապես ստիպված են լինում ունենալ ներդրումների, արտահանման, միջազգային պահուստների տեսանկյունից զարգացման համար ոչ նպաստավոր իրավիճակ:

Փոխարժեքի սահուն նվազումը նպաստավոր է ՀՀ տնտեսության համար8: ՀՀ նախագահն ընդգծել է. «Դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում... շատ նորմալ եմ համարում և բարենպաստ մեր տնտեսվարողների և, առաջին հերթին, արտահանողների համար»9: Եթե առաջին հայացքից կայուն փոխարժեքը չի համապատասխանում տնտեսության աճին, ապա չափազանց բարձր է փոխարժեքի կտրուկ փոփոխության հավանականությունը:

Նպատակահարմար չէ առանձնացված վարել գների կայունության քաղաքականություն: Տվյալ քաղաքականությունը պետք է լինի տնտեսական աճը խթանող և ֆինանսական կայունություն ապահովող քաղաքականություն, ինչը փաստացի պահանջում է ՀՀ Սահմանադրությունը [5]: Կենտրոնական բանկն իր գործառույթներն իրականացնելիս անկախ է, սակայն իր կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը, սերտորեն փոխկապված լինելով հարկաբյուջետային քաղաքականության հետ, ակնհայտ է, որ գտնվում է ընդհանուր տնտեսական քաղաքականության համակարգում:

ՀՀ տնտեսության վերափոխման տարիների ընթացքում և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում առաջացել է ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքի [6] ճշգրտման անհրաժեշտություն, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցման կարիք: Գնաճի ու փոխարժեքի կարգավորման սկզբունքների ճշգրտումը պետք է միտված լինի իր հիմնական նպատակների, ընդգծեմ՝ համակարգված (ոչ իրավիճակային) իրականացմանը և դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացմանը:

Հայաստանը, դառնալով ԵԱՏՄ անդամ, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի՝ պարտավոր է կատարել նաև որոշակի պայմաններ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, որոնք սահմանված են ԵԱՏՄ պայմանագրի 63 և 64 հոդվածներում [7]: Եվրասիական տնտեսական միության պայմանագրում որոշ բաժիններ ունեն առանցքային նշանակություն, դա են ցույց տալիս նաև Եվրամիության Մաասթրիխտյան պայմանագրով սահմանված առանցքային ցուցանիշների վերաբերյալ պայմանները:

Մասնավորապես, ԵԱՏՄ պայմանագրի «Մակրոտնտեսական քաղաքականություն» XIII և «Արժութային քաղաքականություն» XIV բաժինները, ինչպես նաև «Համաձայնեցված արժութային քաղաքականության վարման վերաբերյալ ուղղված միջոցների մասին» հավելված 15-ը ունեն առանցքային նշանակություն: Տվյալ բաժինների կոնկրետացումը չափազանց կարևոր և առաջնային խնդիր է: Նշենք, որ XIII բաժնի 63 հոդվածում («Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք որոշում են տնտեսական զարգացումը») նշված է, որ գնաճի մակարդակը չի կարող գերազանցել ավելի քան 5 տոկոսային կետով գնաճի մակարդակը ԵԱՏՄ այն երկրում, որտեղ գնաճի ցուցանիշը նվազագույնն է: Սակայն տվյալ պայմանը չի կատարվում (Աղյուսակ 1):


ԵԱՏՄ պայմանագրի առանցքային հոդվածների հստակ կատարման դեպքում նպատակահարմար է ԵԱՏՄ երկրներում հաշվարկները, հատկապես ռազմավարական ապրանքների մասով, կատարել ազգային արժույթով և հրաժարվել այդ հաշվարկներում դոլարից, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել փոխհաշվարկները և կրճատել դոլարիզացիայի մակարդակը: Տվյալ առաջարկն ուղղակի հետևում է ԵԱՏՄ պայմանագրից: Այդ տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն է ստանում 64-րդ հոդվածը, որտեղ ներկայացված են ԵԱՏՄ երկրների համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակները և խնդիրները: Ինտեգրացիայի էֆեկտները մեծացնելու տեսանկյունից ԵԱՏՄ երկրների շահերից է բխում համագործակցության զարգացումը արժութաֆինանսական ասպարեզում, ազգային արժույթի դերի բարձրացումն առևտրային ու ներդրումային գործընթացներում և, իհարկե, ազգային արժույթների փոխարկելիության գործում: Դրա համար, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի՝ անդամ երկրները պետք է իրականացնեն համաձայնեցված արժութային քաղաքականություն: Տվյալ հոդվածի հավելվածում ուղղակի նշված է ազգային արժույթների փոխարժեքի կոորդինացման անհրաժեշտության մասին, ինչը կապահովի ԵԱՏՄ–ում փոխհաշվարկների իրականացումն ազգային արժույթով:

Անհրաժեշտ է նշել հետևյալ գործոնը. եթե գործնականում չեն իրականացվում գործարքներ ազգային արժույթով, գոնե ռազմավարական ապրանքների գծով, ապա ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերը չեն ունենա հստակ ազդակ ԵԱՏՄ պայմանագրի պահանջները կատարելու համար, նաև համապատասխան նորմատիվների և փաստաթղթերի համաձայնեցման ու ընդունման համար: Նշենք, որ փոխհաշվարկներն ազգային արժույթով ուղղակի նպաստում են լողացող փոխարժեքի քաղաքականության համաձայնեցված և ավելի ռացիոնալ իրականացմանը: ԵԱՏՄ բոլոր երկրների համար նպատակահարմար է իջեցնել դոլարիզացիայի մակարդակը: Նվազում է ոչ միայն պահանջարկը դոլարի նկատմամբ, այլ նաև ծախսերը փաստացի կրկնակի կոնվերտացիայի վրա: Գազի համար Հայաստանը վճարում է «Գազպրոմ» կազմակերպությանը տարեկան մոտ $270 մլն, իսկ գազը վաճառվում է Հայաստանում դրամով: 2016թ. ընթացքում Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները կազմել են մոտ $960 մլն, որն ընդհանուր տրանսֆերտների` 1.5 մլրդի 60%-ն է10: Տրանսֆերտները փոխանցվում են հիմնականում ռուսական ռուբլով: Տվյալ փոխհաշվարկների մեխանիզմի դեպքում գումարի հիմնական մասը բանկերի միջոցով ուղարկվում է Ռուսաստան և Ռուսաստանի բորսաներում կոնվերտացվում է ԱՄՆ դոլարի: Այս դեպքում գազի վճարման համար փաստացի անհրաժեշտ է լինում երկու անգամ կոնվերտացնել արժույթը՝ կատարելով համապատասխան ծախսեր: Ռուսաստանի համար անցումը փոխհաշվարկներում ռուսական ռուբլու ռազմավարական ապրանքների գծով, մասնավորապես՝ էներգակիրների մասով, համապատասխան ձևով կնվազեցնի ռուսական բորսաներում պահանջարկը դոլարի նկատմամբ: Փոխհաշվարկներն ազգային արժույթով ոչ միայն նպաստավոր են ազգային արժույթների կայունության համար, այլ նաև համապատասխանում են ԵԱՏՄ պայմանագրի պահանջների կատարմանը: Հետագայում դա հիմք է ստեղծում անցում կատարել ազգային արժույթով փոխհաշվարկներին՝ ռազմավարական ապրանքներից ապրանքաշրջանառության ամբողջ դաշտին:

Դա անհրաժեշտ է առաջին հերթին տնտեսությունը դոլարի նկատմամբ ազգային արժույթի տատանումից ապահովագրելու համար, նվազացնել դոլարիզացիայի մակարդակը ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաև ծախսերը կոնվերտացիայի վրա: Որպեսզի որևէ ԵԱՏՄ անդամ երկիր չստանա առավելություն ազգային արժույթների տարբեր մակարդակի տատանումներից, ուղղակի անհրաժեշտ է կատարել ԵԱՏՄ պայմանագրի պայմաններն արժութային քաղաքականության վերաբերյալ և առաջին հերթին հստակեցնել ու կոնկրետացնել դրանք: ԵԱՏՄ երկրներն այդ քայլով կնպաստեն նաև պայմանագրի 4-րդ՝ «Միության նպատակները» հոդվածում սահմանված ԵԱՏՄ նպատակների կատարմանը՝ ազգային տնտեսությունների արդիականացմանը, կոոպերացմանը և մրցունակության բարձրացմանը: Ակնհայտ է, որ առանց համաձայնեցված դրամավարկային և հատկապես արժութային քաղաքականության կոորդինացման՝ սահմանված նպատակներին հասնել հնարավոր չէ:

Անհրաժեշտ է նշել, որ տվյալ քայլը նպաստում է նաև ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության ամրացմանը: ԵԱՏՄ երկրներում ավելի բարձր գնաճի պարագայում, քան զարգացած երկրներում ազգային արժույթների համաձայնեցման համար նրանց փոխարժեքը փոխարկելի արժույթների նկատմամբ, նպատակահարմար է, որ այն սահուն, քայլ առ քայլ նվազի, և դա պետք է կատարվի համաձայնեցված: Հակառակ դեպքում, եթե փոխարժեքը մնում է փաստացի անփոփոխ, հատկապես էապես ավելի բարձր գնաճի դեպքում, դա նշանակում է, որ երկրում խթանվում է ներմուծումը, փաստացի նրան ցուցաբերվում է աջակցություն: Միևնույն ժամանակ, տրամաբանական է նպաստել հակառակ գործընթացին, քանզի ազգային արժույթի գերագնահատված փոխարժեքը փաստացի կարող է արհեստականորեն նվազեցնել երկրի մրցունակությունը՝ բացասաբար ազդելով վճարային ու առևտրային հաշվեկշռի և բյուջեի կատարման վրա:

Գնաճին համապատասխանող փոխարժեքի սահուն նվազումը նպաստավոր է տնտեսության հատկապես արտահանման համար: Իհարկե, ԵԱՏՄ երկրներում դա պետք է տեղի ունենա սահուն և համաձայնեցված, քանզի կամայական տատանումները վնասում են տնտեսությանը: Եթե տրանսֆորմացվող երկրում նպաստավոր գնաճը 4-5% է, իսկ ԱՄՆ-ում և Եվրամիությունում գնաճը կազմում է մոտ 1%, ապա աննպատակահարմար է ազգային արժույթի կարծր կայունությունը: Անհրաժեշտ է նպաստել փոխարժեքի ձևավորմանը 3-4 տոկոսային կետով ավելի ցածր՝ հաշվի առնելով այն ապրանքների գների փոփոխությունը, որոնք ներկայացված են առևտրային հաշվեկշռում: Գերագնահատված ազգային արժույթը տրանսֆորմացվող երկրում հիմք է ստեղծում փոխարժեքի կտրուկ փոփոխման համար, հատկապես ճգնաժամային պայմաններում: Տվյալ դեպքում ազգային արժույթի փոխարժեքի «սեղմված զսպանակը» կարող է կտրուկ բացվել: Բացի դրանից, եթե տվյալ փոխարժեքի դեպքում էապես նվազում են երկրի միջազգային պահուստները, ապա դա առանցքային ազդակ է այն մասին, որ ազգային արժույթը գերագնահատված է: Փոխարժեքի և միջազգային պահուստների կտրուկ նվազումը վտանգ է ներկայացնում երկրի տնտեսական անվտանգության համար:

Ցածր փողայնացման մակարդակի դեպքում պարբերաբար առաջանում են դժվարություններ տնտեսության կայուն աճի և նրա դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև կարող են առաջանալ հիմնախնդիրներ ազգային արժույթով փոխհաշվարկների դեպքում: Նշենք, որ փողայնացման մակարդակի աճի համար նպաստավոր են ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների փոխարկելիությունը և փոխհաշվարկներում անցումն ազգային արժույթներին:

ԵԱՏՄ երկրներում դրամավարկային քաղաքականության համաձայնեցման համար անհրաժեշտ է, հաշվի առնելով գնաճի փոխկապվածությունները դրամավարկային քաղաքականության այլ առանցքային ցուցանիշների հետ, հասնել նրան, որ ԵԱՏՄ երկրներում գնաճը չգերազանցի 5.5%-ը: Այդ պարագայում ազգային արժույթի փոխարժեքի նվազումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ պետք է համապատասխանի գնաճին, դրա հետ մեկտեղ՝ պետք է ունենալ համաձայնեցված վերաֆինանսավորման տոկոսադրույք և, որպես հետևանք, փողայնացման մակարդակի համապատասխանեցում երկրի զարգացման տեմպին: ՀՀ տնտեսական աճի տեսանկյունից չափազանց կարևոր է նաև ԵԱՏՄ պայմանագրի դրույթների հստակ կատարումը, հատկապես գնաճի և արժութային քաղաքականության մասով: Եթե հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներից ելնելով այս կամ այն հոդվածը կատարել, ապա դա անհրաժեշտ է ճշգրտել:

ՀՀ տնտեսական քաղաքականության առանցքային կետերի իրականացման համար, որոնք վճռական նշանակություն ունեն ՀՀ տնտեսության կայուն աճի համար, պետք է իրականացնել համակարգված և համաձայնեցված քայլեր: Հատկապես անհրաժեշտ է համաձայնեցված հարկաբյուջետային և դրամավարկային, մասնավորապես արժութային քաղաքականության իրականացում: Միայն համաձայնեցված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունն է նպաստում ՀՀ տնտեսութան զարգացման սցենարի լավարկմանը: Այստեղ մեծ դեր ունի նաև տվյալ քաղաքականությունների կոորդինացումը սոցիալական քաղաքականության և ՀՀ տնտեսական քաղաքականության կոորդինացումը ԵԱՏՄ այլ երկրների հետ՝ համաձայն ԵԱՏՄ պայմանագրի:

Եզրակացություններ և առաջարկություններ

- Տրանսֆորմացվող երկրում տնտեսական աճի նպաստավոր պայմաններ ձևավորելու համար ուղեցույցը հետևյալն է` դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ համաձայնեցման համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և պահուստավորման նորմը նվազեցնել այնպես, որ դրամավարկային քաղաքականությունը, նպաստելով տնտեսության զարգացմանը, դրա հետ մեկտեղ թույլ չտա, որ գնաճը գերազանցի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված 5.5%-ը: Սա է դրամավարկային քաղաքականության իրականացման առանցքային արվեստը:

- Եթե տրանսֆորմացվող երկրում նպաստավոր գնաճը 4-5% է, իսկ ԱՄՆ-ում և Եվրամիությունում գնաճը կազմում է մոտ 1%, ապա առևտրային հաշվեկշռում ներկայացվող ապրանքների գների փոփոխությանը համապատասխանող ազգային արժույթի փոխարժեքի դանդաղ և կայուն արժեզրկումը բարենպաստ է տնտեսության համար:

- Ճշգրտման կարիք ունի ոչ միայն դրամավարկային, հատկապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի քաղաքականությունը, այլ նաև ՀՀ ԿԲ օրենքը, մասնավորապես 4-րդ, 14-րդ, 16-րդ, 26-րդ հոդվածները` հաշվի առնելով փոփոխված Սահմանադրության 200-րդ հոդվածը:

- «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշված է, որ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Այդ դրույթը նպատակահարմար է հնարավորինս արագ համապատասխանեցնել փոփոխված Սահմանադրության 200-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակն է գների և ֆինանսական կայունության ապահովումը:

- Կենտրոնական բանկի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը՝ «եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ», պետք է հանել: Եթե լուծված չեն Կենտրոնական բանկի այլ խնդիրներ, ապա նպատակահարմար է, որ Ազգային ժողովը գնահատի, թե որքանով է դա արդարացված:

- ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը»: Անարդյունավետ է, որ խորհրդի անդամների աշխատավարձը սահմանեն հենց իրենք` խորհրդի անդամները:

- 16-րդ հոդվածում նշվում է, որ արտաքին աուդիտորական կազմակերպությունը կամ կազմակերպությունները մինչև երեք տարի ժամկետով ընտրվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Փաստացի փոքր տնտեսություն ունեցող երկրի Կենտրոնական բանկն ինքն է ընտրում իր վերահսկողին: Այդ կարգի երկրներում արդյունավետ է, երբ անկախ արտաքին աուդիտորի ընտրությանը մասնակցում է կամ կառավարությունը, կամ Ազգային ժողովը: Հայաստանում Կենտրոնական բանկի անկախ արտաքին աուդիտորի՝ կառավարության ընտրությունը նպատակահարմար է, քանզի այն ԿԲ առանցքային գործընկերն է:

- ԵԱՏՄ պայմանագրի 63-րդ և 64-րդ հոդվածից հստակ հետևում է Հայաստանի համար ԵԱՏՄ երկրներում հաշվարկները, հատկապես ռազմավարական ապրանքների մասով, ազգային արժույթով կատարելու նպատակահարմարությունը: Անհրաժեշտ է հաշվարկները հատկապես գազի վճարման համար իրականացնել ռուսական ռուբլով: Դա ոչ միայն նպաստավոր է ՀՀ տնտեսության համար, այլ նաև համապատասխանում է ԵԱՏՄ պայմանագրի պահանջների կատարմանը:

- ԵԱՏՄ երկրներում դրամավարկային քաղաքականության համաձայնեցման համար անհրաժեշտ է, հաշվի առնելով գնաճի փոխկապվածությունները դրամավարկային քաղաքականության այլ առանցքային ցուցանիշների հետ, հասնել նրան, որ ԵԱՏՄ երկրներում գնաճը չգերազանցի 5.5%-ը: Դրան փուլային տարբերակով հասնելու պայմանով դրույթը պետք է ընդգրկվի ԵԱՏՄ պայմանագրում:

- ՀՀ տնտեսական աճի տեսանկյունից չափազանց կարևոր է ԵԱՏՄ պայմանագրի դրույթների հստակ կատարումը, հատկապես գնաճի և արժութային քաղաքականության մասով: Անհրաժեշտ է ոչ միայն հետևել միջազգային կարգավիճակ ունեցող ԵԱՏՄ պայմանագրի դրույթներին, մասնավորապես 64-րդ հոդվածին՝ «Համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակները և սկզբունքները», այլ նաև կոնկրետացնել այդ դրույթները՝ ելնելով տնտեսության զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ապահովելուց: Հայաստանը պետք է նախաձեռնող լինի ԵԱՏՄ պայմանագրի 63-րդ հոդվածի գնաճի վերաբերյալ կետի ճշգրտման ու կատարման և 64-րդ հոդվածի փոխարժեքի վերաբերյալ կետի կոնկրետացման հարցերում:

Հունիս, 2017թ.

1 Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ, 12.02.2016, http://www.president.am/hy/press-release/item/2016/02/12/President-Serzh-Sargsyan-meeting-Constitution/

2 Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը վեցերորդ գումարման Ազգային ժողովին, 18.05.2017,

http://www.president.am/hy/statements-and-messages/item/2017/05/18/President-Serzh-Sargsyan-statement-on-the-occasion-of-the-sixth-convocation-of-the-RA-National-Assembly/

3 Հայաստանում և Բելառուսում իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե հավասար է։

4 http://data.worldbank.org/indicator/FM.LBL.MQMY.GD.ZS

5 http://www.tradingeconomics.com/armenia/inflation-cpi

6 Historic inflation Germany CPI inflation, http://www.inflation.eu/inflation-rates/germany/historic-inflation/cpi-inflation-germany.aspx

7 Եվրոգոտում առանցքային վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0% է, իսկ գնաճը 0.2% է, տարբերությունը` -0.2: Ռուսաստանում այդ ցուցանիշները հետևյալն են` 10%, 5.4%, տարբերությունը` 4.6: ԱՄՆ-ում` 0.5%, 0.8%, տարբերությունը` -0.3: Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2016թ. վերջին կազմել է 6.25% է (լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 7.75%), 12-ամսյա գնաճը կազմել է -1.1%, տարբերությունը` 7.35։

http://www.cbrates.com/; http://www.tradingeconomics.com/country-list/inflation-rate

8 Նշենք, որ 2015թ. դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ 1.5%-ով, իսկ եվրոն` 11.3%, http://bankir.ru/kurs

9 http://www.president.am/hy/statements-and-messages/item/2011/03/11/news-88/

10 http://www.armbanks.am/en/2017/02/09/105652/

Աղբյուրներ և գրականություն

1. Facts about Germany, Chief editor: Dr. Arno Kappler, German Federal Press and Information Bureau, 2000, ISBN 3-7973-0752-7.

2. Ашот Тавадян, Пороги чувствительности постсоветской экономики // Мир перемен, 2013, № 2.

3. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք:

4. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ:

6. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենք:

7. Договор о Евразийском экономическом союзе.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր