• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2017

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

   


Էրիկ Դավթյան

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտ

1990-ական թթ. Կասպից ծովի էներգակիրների արտահանման ուղիների ընտրության հարցում մի շարք պետությունների և նավթագազային ընկերությունների միջև քննարկումների և նշմարվող որոշակի պայմանավորվածությունների արդյունքում Հարավային Կովկասում ծագեց կառուցվելիք խողովակաշարերի անվտանգության ապահովման խնդիրը: Հաշվի առնելով նախագծերի միջազգային նշանակությունը՝ անվտանգության բարձր մակարդակի երաշխավորումը կարևոր խնդիր էր ոչ միայն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի, այլև ադրբեջանական նավթի և գազի արդյունահանման և փոխադրման գործընթացում ներգրավված միջազգային ընկերությունների, ինչպես նաև այդ էներգակիրները ներկրող պետությունների համար:

Այս հարցի քննարկումն ավելի առարկայական դարձավ 1990-ական թթ. վերջերին և 2000-ական թթ. սկզբներին, ադրբեջանական նավթի ու գազի արտահանման հարցում տեղի ունեցած մի շարք կարևոր զարգացումներից հետո: 1999թ. ամբողջությամբ գործարկվեց Բաքու-Սուփսա նավթամուղը, որը թեև չէր դիտարկվում որպես նավթի արտահանման հիմնական ուղի, այնուամենայնիվ, հանդիսանում էր նոր և այլընտրանքային ուղի, որի անվտանգության երաշխավորումը կարևոր էր թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Նույն թվականի նոյեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի փոխադրման միջկառավարական համաձայնագիրը: 1999թ. Շահ Դենիզում հայտնաբերվեցին գազի մեծ պաշարներ, ինչը, իր հերթին, հեռանկարներ ստեղծեց հետագայում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կառուցման համար: 2001թ. մարտի 12-ին Անկարայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Հեյդար Ալիևն ու Ահմեթ Նեջդեթ Սեզերը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի՝ Թուրքիան պետք է տարեկան 6.6 մլրդ մ3 գազ գներ Ադրբեջանից1:

Բացի այդ՝ նշված ժամանակահատվածում նավթի ու գազի արտահանման գործընթացում ներգրավված մի շարք ընկերությունների հետ Թուրքիան (2000թ. հոկտեմբերի 19-ին), Վրաստանը (2000թ. ապրիլի 28-ին) և Ադրբեջանը (2000թ. հոկտեմբերի 17-ին) ստորագրեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ կապված հարաբերությունները կարգավորող համաձայնագրեր, որոնցով մի շարք պարտավորություններ ստանձնեցին էներգակիրների՝ իրենց տարածքով փոխադրման հարցում: Մասնավորապես, երեք պետություններն էլ պարտավորվեցին ապահովել վերոնշյալ նավթամուղի անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ ուժի կիրառմամբ, մինչդեռ վերջինիս ձախողման դեպքում՝ փոխհատուցել պայմանագրի կողմ հանդիսացող ընկերություններին հասցված վնասը [1, pp. 32-33, 35-36; 2, pp. 27, 30-31; 3, pp. 34-35, 38]: Վրաստանը (2002թ. մարտի 14-ին) և Ադրբեջանը (2002թ. փետրվարի 21-ին) նմանատիպ համաձայնագրեր ստորագրեցին նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շուրջ, որոնք նույնպիսի պարտավորություններ էին նախատեսում վերոնշյալ գաղամուղի անվտանգության ապահովման հարցում [4, pp. 43, 47-48; 5, pp. 35, 38-39]:

Առհասարակ, Հարավային Կովկասով կասպյան էներգակիրների արտահանման շուրջ ծավալված բանակցությունները, մի շարք փաստաթղթերի ստորագրումը և խողովակաշարերի շինարարության մեկնարկը Վրաստանում և Ադրբեջանում աստիճանաբար առաջացրին կառուցվելիք էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության նպատակով պետական հատուկ մարմինների ստեղծման անհրաժեշտությունը: 1998թ. մայիսի 13-ին Վրաստանի Պետական պահպանության հատուկ ծառայության կազմում ստեղծվեց Վրաստանի խողովակաշարի և այլ օբյեկտների պահպանության վարչություն, որը 2006թ. հունվարի 1-ին դուրս բերվեց նշյալ ծառայության կազմից և ընդգրկվեց ներքին գործերի նախարարության կազմի մեջ՝ որպես ռազմավարական խողովակաշարերի պահպանության բաժին, որի նպատակների մեջ ամրագրվեց նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի պահպանության ու անվտանգության երաշխավորումը [6]: 2002թ. ապրիլի 15-ին Հեյդար Ալիևի հրամանագրով ստեղծվեց Արտահանվող նավթի ու գազի խողովակաշարերի անվտանգության հանձնաժողով2, իսկ 2003թ. մայիսի 31-ին մեկ այլ հրամանագրով Հատուկ պետական պահպանության ծառայության կազմում ձևավորվեց Արտահանվող նավթի և գազի խողովակաշարերի անվտանգության վարչությունը3: Ընդ որում՝ Ադրբեջանի պարագայում հավասարապես կարևոր է և՛ խողովակաշարերի, և՛ Սանգաչալի տերմինալի, և՛ էներգակիրների արտահանման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների պաշտպանությունը4:

Հարկ է նկատել, որ այս ժամանակաշրջանում խողովակաշարերի անվտանգության ոլորտում համագործակցության հաստատման փորձեր ձեռնարկեցվին ՎՈւԱՄ-ի շրջանակներում: 1999թ. հունվարի 21-22-ին Բաքվում Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվեց ՎՈւԱՄ-ի խաղաղապահ գումարտակի ստեղծման նախագիծը, որի հնարավոր խնդիրների թվում դիտարկվում էր նաև խողովակաշարերի անվտանգության ապահովումը [7, pp. 12-13]: Այս քննարկումների համատեքստում պետք է դիտարկել 1999թ. ապրիլին Վրաստանում Բաքու-Սուփսա նավթամուղի գործարկման հանդիսավոր արարողության շրջանակներում Էդուարդ Շևարդնաձեի, Հեյդար Ալիևի և Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի ներկայությամբ տեղի ունեցած վրաց-ադրբեջանա-ուկրաինական զորավարժությունը, որի նպատակը ահաբեկչական հարձակման ժամանակ նավթամուղի պաշտպանության ապահովումն էր5: Ուշագրավ է, որ 1998թ. Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը առաջարկում էր այդ գործընթացում ներգրավել Թուրքիային՝ անցկացնելով Թուրքիա-ՎՈւԱՄ համատեղ զորավարժություններ [8]:

Թեպետ վերոնշյալ պայմանագրերը խողովակաշարերի անվտանգության ապահովման նպատակով Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև որոշակի համագործակցության դրույթներ չէին նախատեսում, խողովակաշարերի պաշտպանության պարտավորությունը բարենպաստ նախադրյալներ ստեղծեց հետագայում համագործակցության շուրջ եռակողմ քննարկումներ ծավալելու և առաջին քայլերը ձեռնարկելու ուղղությամբ: 2003թ. հուլիսի 23-ին Բաքվում Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, Վրաստանի Միջազգային նավթային կորպորացիայի նախագահ Գիորգի Ճանտուրիան և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեթ Ունալ Չևիքյոզը ստորագրեցին արձանագրություն Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի անվտանգության ապահովման մասին, որը նախատեսում էր Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի՝ խողովակաշարերի անվտանգությունն ապահովող ստորաբաժանումների միջև համատեղ վարժանքների անցկացում6: Արձանագրությամբ կողմերը նաև համաձայնեցին խողովակաշարերի անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման և լուծման նպատակով ստեղծել համատեղ հանձնաժողով: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության համատեքստում այս արձանագրության նշանակությունը կարելի է ընդգծել այն երկու կարևոր ձեռքբերմամբ, որ սահմանվեց երեք երկրների համապատասխան կառույցների միջև փոխգործակցության հաստատման մասին դրույթ և ստեղծվեց հարթակ խողովակաշարերի անվտանգության հարցում եռակողմ համագործակցության օրակարգային խնդիրների ինստիտուցիոնալ քննարկման համար:

Սույն հարցի շուրջ անվտանգության միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունն էլ ավելի աճեց 2006-2007թթ., երբ ամբողջությամբ գործարկվեցին պաշտպանության ենթակա երկու կարևոր օբյեկտները՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Այս խողովակաշարերը ռազմավարական կարևորություն ունեին ոչ միայն նավթի և գազի պաշարների արտահանման ուղիների դիվերսիֆիկացման, այլև հետագայում դրանց միջոցով ղազախական և թուրքմենական էներգակիրների արտահանման տեսանկյունից: Վերոնշյալ գազամուղը նախատեսված էր Շահ Դենիզի հանքավայրից գազի արտահանման համար, իսկ նավթամուղը, կապելով Սանգաչալի և Ջեյհանի տերմինալները և դիտարկվելով որպես նավթի արտահանման հիմնական խողովակաշար, փոխադրում է Ազերի-Չիրագ-Գյունեշլիի նավթի պաշարները: Ազերի-Չիրագ-Գյունեշլիում 1997թ. շահագործման հանձնվեց Չիրագի պլատֆորմը՝ ապահովելով «վաղ նավթի» արտահանումը Բաքու-Սուփսա նավթամուղով, ինչին հետևեց նավթադաշտի համալիր ծրագրի մեկնարկը, որը նախատեսում էր «Կենտրոնական Ազերի» (I փուլ), «Արևմտյան Ազերի» և «Արևելյան Ազերի» (II փուլ), «Խորջրյա Գյունեշլի» (III փուլ) պլատֆորմների և Չիրագի նավթային ծրագրի (Chirag Oil Project) ներգրավում [9, էջ 49-56]:

Ելնելով 2003թ. արձանագրությունում սահմանված ուղենիշներից՝ խողովակաշարերի անվտանգության ապահովումը թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցությունում գործնական հիմքի վրա դրվեց հետագա տարիներին: 2005թ. հոկտեմբերի 14-ին Անկարայում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի համատեղ խողովակաշարերի անվտանգության հանձնաժողովի առաջին հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին պետություններից յուրաքանչյուրի տարածքում խողովակաշարերի պաշտպանվածության մակարդակի, հնարավոր սպառնալիքների, ճգնաժամային իրավիճակներում միջսահմանային համագործակցության և մի շարք այլ հարցեր7: 2006թ. սեպտեմբերին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեցին «Eternity» («Հավերժություն») զորավարժությունները, որոնք ամենամյա բնույթ են կրում8: Այս նախաձեռնությունը նախատեսում էր նավթի ու գազի խողովակաշարերի անվտանգության համար պատասխանատու ուժերի անձնակազմի համար վարժանքների անցկացում՝ պատրաստվածության մակարդակի բարձրացման և այս համատեքստում երեք պետությունների փոխգործակցության ամրապնդման նպատակով: Վրաստանի ՆԳՆ տվյալների համաձայն՝ ՆԳՆ ռազմավարական խողովակաշարերի պահպանության բաժինը վերոնշյալ հարցերում սերտ կապեր հաստատեց Թուրքիայի պաշտպանության նախարարության, ժանդարմերիայի և Ադրբեջանի պաշտպանության, պետական անվտանգության նախարարությունների և հատուկ պետական պահպանության ծառայության հետ9:

Անվտանգության միջոցառումների ձեռնարկման և համատեղ վարժանքների անցկացման անհրաժեշտությունն ավելի աճեց խողովակաշարերի տարբեր հատվածներում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո: 2003թ. հունվարի 18-ին Բաքու-Սուփսա նավթամուղի վրացական հատվածում՝ Գորիի շրջանի Սվենեթի գյուղի մոտակայքում, հարձակում տեղի ունեցավ նավթամուղի վրա՝ պատճառելով որոշակի քանակությամբ նավթի կորուստ10: Մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ 2004թ. նոյեմբերի 17-ին, երբ Խաշուրիի շրջանի Չորչանա գյուղի մոտակայքում պայթեցվեց Բաքու-Սուփսա նավթամուղին ծառայող ռադիոհեռարձակիչը [10, p. 17]: Ուժգնությամբ և հասցված վնասով առավել աչքի ընկավ 2008թ. օգոստոսի 5-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում՝ Ռեֆահիե քաղաքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը, որը պատճառեց շուրջ 30 հազ. բարել նավթի վնաս: Որոշ հաշվարկների համաձայն՝ նավթամուղի ժամանակավոր փակման արդյունքում Ադրբեջանին հասցվեց $1 մլրդ11, Թուրքիային՝ օրական $300 հազ. վնաս [11, p. 13]: Թեպետ Թուրքիայի իշխանությունների համաձայն՝ պատահարը տեխնիկական խափանման արդյունք էր, արդեն 2008թ. օգոստոսի 7-ին Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնեց պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը12:

Խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցում ծագած վերոնշյալ մարտահրավերների հետ մեկտեղ իրադրությունը բարդացավ նաև այն պատճառով, որ պայթյունից մի քանի օր անց Հարավային Օսիայում սկսվեց 2008թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմը, որի արդյունքում նավթի ու գազի խողովակաշարերը հայտնվեցին ռազմական գործողությունների գոտում կամ դրա մերձակայքում: Թեպետ ռազմական գործողությունների ժամանակ խողովակաշարերին որևէ վնաս չհասցվեց, վրացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Նիկա Գիլաուրին, հայտարարեցին, որ 2008թ. օգոստոսի 9-ին և 12-ին ռուսական ավիացիան Ռուսթավի քաղաքի մոտ անհաջողությամբ փորձել է ավիահարվածներ հասցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթամուղերին13:

Տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի՝ որպես իրենց տարածքում խողովակաշարերի անվտանգության համար պատասխանատու պետությունների համար պարզ դարձավ, որ խողովակաշարերի անվտանգության մակարդակը պատշաճ կերպով ապահովված չէ և անհրաժեշտ է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին: 2009թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Անկարայում անցկացվեցին «Eternity» զորավարժությունները, որոնց մասնակցեց 10 ներկայացուցիչ Վրաստանից, 19՝ Թուրքիայից14, իսկ ադրբեջանական կողմից ներկա էր 13 մասնակից, ովքեր ներկայացնում էին պաշտպանության նախարարությունը և հատուկ պետական պահպանության ծառայությունը [12, p. 10]:

Այն, որ խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցում աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն դարձվեց թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությանը, նկատելի դարձավ «Eternity» ամենամյա զորավարժություններում ներկայացված շրջանակների ընդլայնումից: Այսպես, օրինակ, 2010թ. սեպտեմբերի 19-24-ը Բաքվում կայացած զորավարժություններին, բացի երեք պետությունների համապատասխան կառույցների ներկայացուցիչներից, ներկա էին Ադրբեջանում Թուրքիայի, ԱՄՆ, Վրաստանի ռազմական կցորդները և «ԲՈԹԱՇ» ընկերության՝ անվտանգության գծով տնօրեն Իրֆան Օդաբաշը15, իսկ 2013թ. սեպտեմբերի 23-27-ը կրկին Բաքվում կայացած զորավարժությունների ընթացքին հետևում էր նաև ՆԱՏՕ՝ Հարավային Կովկասի կապավորների գծով սպան16:

Թեպետ «Eternity» զորավարժությունները շարունակվեցին նաև հետագայում (2014թ. սեպտեմբերի 22-26-ը Վրաստանում՝ «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում17, 2015թ. հոկտեմբերի 5-9-ը՝ Անկարայում18), ենթադրվում էր, որ համագործակցության այս ձևաչափի շնորհիվ կողմերը խողովակաշարերի անվտանգության հարցում պետք է հասնեին որոշ արդյունքների, սակայն 2008թ. օգոստոսի ուժգին պայթյունից հետո արձանագրվեցին խողովակաշարերի վրա հարձակումների և պայթյունների բազմաթիվ նոր դեպքեր: 2012թ. մայիսի 29-ին և հոկտեմբերի 4-ին, 2015թ. օգոստոսի 4-ին և օգոստոսի 24-ին Սարիղամիշի շրջանում հարձակման ենթարկվեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը19:

Վերոթվարկյալից արդեն պարզ է, որ նավթի ու գազի խողովակաշարերի վրա հարձակման դեպքերը տեղի են ունեցել հիմնականում Թուրքիայի տարածքում: Ընդ որում՝ նույն խնդիրն առկա է Թուրքիայի տարածքով անցնող այլ խողովակաշարերի պարագայում ևս, ինչի մասին վկայում է այն փաստը, որ միայն 2004-2010թթ. Թուրքիայի տարբեր շրջաններում գրանցվել է խողովակաշարերի վրա հարձակման 15-ից ավելի դեպք [13, p. 30]: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի վրա բազմաթիվ հարձակումների փաստը վկայում է այն մասին, որ այդ խողովակաշարերը շարունակում են խոցելի մնալ նոր հարձակումների համար, մինչդեռ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը դեռևս չի նպաստել խողովակաշարերի անվտանգության մակարդակի բարձրացմանը (առնվազն Թուրքիայի տարածքում): Այսպիսով, ակնհայտ է, որ էներգետիկ ենթակառուցվածքների՝ որպես հարձակման նոր թիրախների օգտագործումը պետությունների համար ի հայտ է բերում յուրատեսակ մարտահրավերներ, որոնք հետագայում ևս կարող են սպառնալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի անվտանգությանը՝ հանգեցնելով էներգակիրների մատակարարումների հաճախակի խափանման և նյութական վնասների:

Ինչպես նշվեց, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի անվտանգության ապահովումը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանային այլ դերակատարների համար: 2003թ. դեկտեմբերի 3-ին Բաքու ժամանեց ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը, որն Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ այլ հարցերի թվում քննարկեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության խնդիրը20: 2004թ. հունիսի 10-ին Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը հայտարարեց, որ նավթամուղերի անվտանգության ապահովումը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգի ամենաարդիական խնդիրներից է21: Այս հարցի քննարկումը նմանատիպ բարձրաստիճան այցելությունների ընթացքում վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը հավասարապես հետաքրքրված էր և՛ Կասպից ծովից էներգետիկ պաշարների արտահանման ուղիների դիվերսիֆիկացմամբ, և՛ այդ խողովակաշարերի անվտանգության ու էներգակիրների անխափան փոխադրման խնդիրներով:

Հաշվի առնելով եվրոպական պետությունների համար էներգակիրների ներկրման ուղիների դիվերսիֆիկացման առաջնահերթությունը՝ ԵՄ-ը նույնպես կարևորում է էներգետիկ միջանցքների անվտանգության խնդիրը: 2006թ. նոյեմբերի 7-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Մատի Վանհանենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և Իլհամ Ալիևը ստորագրեցին էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր, որն ընդգծեց Ադրբեջանից և առհասարակ կասպյան ավազանից դեպի ԵՄ գազի և նավթի տարանցման ապահով, անվտանգ և հուսալի համակարգի ստեղծման կարևորությունը [14]:

Հետագա տարիներին միջազգային ասպարեզում խողովակաշարերի անվտանգության հարցը ոչ միայն շարունակեց մնալ ուշադրության կենտրոնում, այլև հետաքրքրություն առաջացրեց այդ ուղղությամբ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ընթացող համագործակցության նկատմամբ, ինչի մասին վկայում է «Eternity» զորավարժություններին 2010թ. ԱՄՆ ռազմական կցորդի, իսկ 2013թ.՝ ԱՄՆ ռազմածովային կցորդի և ՆԱՏՕ՝ Հարավային Կովկասի կապավորների գծով սպայի ներկայությունը: Հարավային Կովկասում ՆԱՏՕ կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի խոսքերով՝ այդ զորավարժությունների անցկացումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ դրանց ընթացքում Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը փոխգործակցում են ՆԱՏՕ ստանդարտների հիման վրա [15]:

Բացի բուն էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունից և վերջինիս միջազգային նշանակությունից՝ խողովակաշարերի անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները կարևոր տեղ են զբաղեցնում նաև առհասարակ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական եռակողմ համագործակցության օրակարգում, ինչը հաճախ շեշտվում է երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումների ժամանակ: Այսպես, օրինակ, 2014թ. օգոստոսի 18-19-ը Նախիջևանում եռակողմ հանդիպման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ քննարկման առարկա խնդիրների թվում էր «կրիտիկական ենթակառուցվածքների» պահպանության հարցը22, մինչդեռ Վրաստանի պաշտպանության մեկ այլ նախարար՝ Թինաթին Խիդաշելին, 2015թ. դեկտեմբերի 17-ին ստամբուլյան հանդիպման շրջանակներում ընդգծեց թուրք-վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության կարևորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համատեքստում23: Խողովակաշարերի անվտանգության ապահովման նպատակով սերտ փոխգործակցության անհրաժեշտությունն ընդգծվեց նաև 2016թ. մայիսի 15-ին Գաբալայում կայացած հերթական հանդիպման ժամանակ24:

Այսպիսով, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով Կասպից ծովի էներգակիրների փոխադրման համար խողովակաշարերի կառուցումը և գործարկումը, միջազգային մի շարք պայմանագրերով ստանձնած պարտավորությունները վերոնշյալ պետությունների համար սահմանեցին նոր խնդիր՝ ապահովել նավթի ու գազի խողովակաշարերի անվտանգությունը, որի առավել արդյունավետ լուծման համար կողմերը ձեռնամուխ եղան եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծմանը, ինչի հանդեպ ընդգծված հետաքրքրություն և աջակցություն դրսևորվեց նաև միջազգային ասպարեզում: Թեպետ սկզբնական շրջանում խողովակաշարերի պայթեցումներն առավել ևս ընդգծեցին անվտանգության ապահովման կոլեկտիվ ջանքերի անհրաժեշտությունը, հետագայում հարձակումների հաճախակիության պահպանման փաստի հիման վրա կարելի է եզրակացնել, որ երեք պետությունների համատեղ զորավարժությունների միջոցով դեռևս չի հաջողվել էականորեն բարձրացնել խողովակաշարերի անվտանգության մակարդակը (առնվազն Թուրքիայի տարածքում), ուստի նոր հարձակումների վտանգը Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության համար շարունակում է մնալ մարտահրավեր, որին կողմերը հարկադրված կլինեն ավելի շատ ուշադրություն դարձնել Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) կառուցումից և «Հարավային գազային միջանցքի» գործարկումից հետո:

1 Պայմանագրի տեքստը տե՛ս Agreement between the Republic of Turkey and the Azerbaijan Republic Concerning the Delivery of Azerbaijan Natural Gas to the Republic of Turkey, done on March 12, 2001 in Ankara, http://www.bp.com/content/dam/bp-country/en_az/pdf/legalagreements/SHA_eng_intergov_Azerbaijan_Turkey_Intergovernmental_Agreement.pdf (հասանելի է առ 25.11.2016թ.):

2“İxrac neft və qaz boru kəmərlərinin təhlükəsizliyinin təmin edilməsi haqqında” Azərbaycan Respublikasi Prezidentinin Fərmani, Bakı şəhəri, 15 aprel 2002-ci il, № 685, http://www.e-qanun.az/alpidata/framework/data/1/f_1498.htm (հասանելի է առ 26.11.2016թ.):

3 İxrac Neft və Qaz Boru Kəmərlərinin Təhlükəsizliyi İdarəsi, https://www.dmx.gov.az/page/8.html (հասանելի է առ 11.12.2016թ.):

4 «Վիկիլիքսի» կողմից հրապարակված 2008թ. փաստաթղթերից մեկի համաձայն՝ Ադրբեջանի հատուկ պետական պահպանության ծառայությունը խողովակաշարերի պաշտպանությունն իրականացնում է Ադրբեջանի տարբեր շրջաններում տեղակայված 9 կայանների միջոցով: Բացի վերոնշյալ ծառայությունից՝ Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության գործընթացում ներգրավված են նաև պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, Azerbaijan Faces Challenge of Protecting Critical Energy Infrastructure, https://wikileaks.org/plusd/cables/08BAKU625_a.html (հասանելի է առ 25.12.2016թ.):

5 GUUAM’s Core Trio GAU Plans Joint Battalion, Fortnight in Review, Volume 6, Issue 7, https://jamestown.org/program/guuams-core-trio-gau-plans-joint-battalion/ (հասանելի է առ 3.12.2016թ.):

6 Արձանագրության տեքստը տե՛ս Okmi sakartvelos, azerbaijanis resp'ublik'isa da turketis resp'ublik'as shoris aghmosavlet-dasavletis energet'ik'uli derepnis usaprtkhoebis uzrunvelq'opis shesakheb, shedgenilia bakoshi 2003 ts'lis 23 ivliss (Արձանագրություն Վրաստանի, Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Արևելք-Արևմուտքի էներգետիկ միջանցքի անվտանգության ապահովման մասին, կազմված է Բաքվում 2003թ. հուլիսի 23-ին, վրաց.), http://www.parliament.ge/files/international-acts/agreements/2005/1456-Is-17-05-2005.doc (հասանելի է առ 26.11.2016թ.):

7 Joint Press Release, "The First Meeting of the East-West Energy Corridor Joint Pipeline Security Commission", Ankara, 14 October 2005, http://www.mfa.gov.tr/joint-press-release_-_the-first-meeting-of-the-east-west-energy-corridor-joint-pipeline-security-commission__-ankara_-14-october-2005.en.mfa (հասանելի է առ 28.11.2016թ.):

8 Pipelines on Georgian Territory as a Part of the Euro-Atlantic Energy Infrastructure and the Issue of their Security, Protecting Critical Energy Infrastructure from Terrorist Attacks, CTN Newsletter Special Bulletin, January 2010, http://www.osce.org/atu/41367?download=true (հասանելի է առ 28.11.2016թ.):

9 Նույն տեղում:

10 Azerbaijan, Georgia address security threats to BTC pipeline, http://www.ogj.com/articles/2003/01/azerbaijan-georgia-address-security-threats-to-btc-pipeline.html (հասանելի է առ 28.11.2016թ.):

11 Mysterious ’08 Turkey Pipeline Blast Opened New Cyberwar, https://www.bloomberg.com/news/articles/2014-12-10/mysterious-08-turkey-pipeline-blast-opened-new-cyberwar (հասանելի է առ 29.11.2016թ.):

12 Jenkins, G., Explosion Raises Questions about the Security of the BTC Pipeline, Eurasia Daily Monitor, Volume 5, Issue 152, https://jamestown.org/program/explosion-raises-questions-about-the-security-of-the-btc-pipeline/ (հասանելի է առ 29.11.2016թ.):

13 Raids Suggest Russia Targeted Energy Pipelines, http://www.wsj.com/articles/SB121866234961938253 (հասանելի է առ 29.11.2016թ.):

14 Թուրքիայի ներկայացուցիչներից 13-ը ներկայացնում էին ցամաքային ուժերը, 3-ը՝ ժանդարմերիան, 3-ը՝ «ԲՈԹԱՇ» պետական խողովակաշարային ընկերությունը, Türkiye, Azerbaycan ve Gürcistan arasında ortak tatbikat, http://www.milliyet.com.tr/turkiye--azerbaycan-ve-gurcistan-arasinda--font-color--red--ortak-tatbikat--font-/dunya/dunyadetay/21.09.2009/1141636/default.htm (հասանելի է առ 30.11.2016թ.):

15 BTC Security Exercise ETERNITY 2010 Takes Place in Baku, http://www.botasint.com/Haber.aspx?haberid=180&dil=eng (հասանելի է առ 30.11.2016թ.):

16 Ադրբեջանում շարունակվում են նավթամուղի անվտանգությանն ուղղված զորավարժությունները, http://razm.info/21580 (հասանելի է առ 30.11.2016թ.):

17 Saertashoriso sts'avleba “ETERNITY 2014” dasrulda («ETERNITY 2014» միջազգային վարժանքն ավարտվեց, վրաց.), http://main.mod.gov.ge/c/news/international-training-%E2%80%9Ceternity-2014%E2%80%9D-completed?lang=geo (հասանելի է առ 30.11.2016թ.):

18 Shss-s sp'etsialuri da sagangebo ghonisdziebebis tsent'ris ts'armomadgenlebma monats'ileoba miighes k'omp'iut'erul sametauro-sasht'abo sts'avlebashi „ETERNITY 2015“ (ՆԳՆ հատուկ և արտակարգ միջոցների կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին «ETERNITY 2015» համակարգչային հրամանատարա-շտաբային վարժանքին, վրաց.), http://police.ge/ge/shss-s-spetsialuri-da-sagangebo-ghonisdziebebis-tsentris-tsarmomadgenlebma-monatsileoba-miighes-kompiuterul-sametauro-sashtabo-stsavlebashi-/9717 (հասանելի է առ 30.11.2016թ.):

19 Explosion occurs in Baku-Tbilisi-Erzurum gas pipeline, http://en.apa.az/azerbaijani-news/developments/explosion-occurs-in-baku-tbilisi-erzurum-gas-pipeline.html (հասանելի է առ 1.12.2016թ.); Turkish ministry: Explosion on Baku-Tbilisi-Erzurum gas pipeline a terror act, http://en.trend.az/business/energy/2072926.html (հասանելի է առ 1.12.2016թ.); PKK attacks Turkey's halted Shah Deniz gas pipeline, http://www.reuters.com/article/us-mideast-crisis-turkey-pipeline-idUSKCN0Q90Y120150804 (հասանելի է առ 1.12.2016թ.); PKK terrorists attack pipeline in Turkey’s northeastern Kars province, http://www.dailysabah.com/nation/2015/08/24/pkk-terrorists-attack-pipeline-in-turkeys-northeastern-kars-province (հասանելի է առ 1.12.2016թ.):

20 Rumsfeld Discusses Tighter Military Ties with Azerbaijan, https://www.washingtonpost.com/archive/politics/2003/12/04/rumsfeld-discusses-tighter-military-ties-with-azerbaijan/050af8a6-6108-4ba5-a2ed-4913f5869566/?utm_term=.d2d177fdd92c (հասանելի է առ 2.12.2016թ.):

21 Генерал Чарльз Уолд: “Господин Президент, я поздравляю Вас в связи с Вашим очень успешно продолжающимся лидерством в регионе”, президент Азербайджана Ильгам Алиев принял заместителя начальника штаба Европейского командования США, http://azertag.az/ru/ (հասանելի է առ 2.12.2016թ.):

22 Sammkhrivi shekhvedra nakhichevanshi (Եռակողմ հանդիպում Նախիջևանում, վրաց.), http://www.mod.gov.ge/c/news/trilateral-meeting-in-nakhchivan-?lang=geo (հասանելի է առ 4.12.2016թ.):

23 Sakartvelos, turketisa da azerbaijanis tavdatsvis minist’rebis shekhvedra (Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում), http://www.mod.gov.ge/c/news/saqarTvelo-TurqeTi-azerbaijanis%20Tavdacvis%20ministrebis%20sammxrivi%20Sexvedra?lang=geo (հասանելի է առ 4.12.2016թ.):

24 Turketma, sakartvelom da azerbaijanma shesadzloa, ertoblivi ts'vrtnebi chaat'aron (Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը, հնարավոր է, համատեղ զորավարժություն անցկացնեն), http://www.tabula.ge/ge/story/107738-turqetma-saqartvelom-da-azerbaijanma-shesadzloa-ertoblivi-tsvrtnebi-chaataron (հասանելի է առ 16.12.2016թ.):

Փետրվար, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. Host Government Agreement between and among the Government of the Azerbaijan Republic and the State Oil Company of the Azerbaijan Republic, BP Exploration (Caspian Sea) Ltd., Statoil BTC Caspian AS, Ramco Hazar Energy Limited, Turkiye Petrolleri A.O., Unocal BTC Pipeline, Ltd., Itochu Oil Exploration (Azerbaijan) Inc., Delta Hess (BTC) Limited, done on October 17, 2000 in Baku.
  2. Host Government Agreement between and among the Government of Georgia and the State Oil Company of the Azerbaijan Republic, BP Exploration (Caspian Sea) Ltd., Statoil BTC Caspian AS, Ramco Hazar Energy Limited, Turkiye Petrolleri A.O., Unocal BTC Pipeline, Ltd., Itochu Oil Exploration (Azerbaijan) Inc., Delta Hess (BTC) Limited, done on April 28, 2000 in Tbilisi.
  3. Host Government Agreement between and among the Government of the Republic of Turkey and the State Oil Company of the Azerbaijan Republic, BP Exploration (Caspian Sea) Ltd., Statoil BTC Caspian AS, Ramco Hazar Energy Limited, Turkiye Petrolleri A.O., Unocal BTC Pipeline, Ltd., Itochu Oil Exploration (Azerbaijan) Inc., Delta Hess (BTC) Limited, done on October 19, 2000 in Ankara.
  4. Host Government Agreement between and among the Government of Georgia and State Oil Company of the Azerbaijan Republic, BP Exploration (Azerbaijan) Limited, Total Fina Elf E&P Caucasian Gas SA, LUKAgip N.V., Statoil Azerbaijan a.s., Naftran Intertrade Co. (Nico) Limited, Turkish Petroleum Overseas Company Limited, done in London on March 14, 2002.
  5. Host Government Agreement between and among the Government of the Azerbaijan Republic and State Oil Company of the Azerbaijan Republic, BP Exploration (Azerbaijan) Limited, Total Fina Elf E&P Caucasian Gas SA, LUKAgip N.V., Statoil Azerbaijan a.s., Naftran Intertrade Co. (Nico) Limited, Turkish Petroleum Overseas Company Limited, done in Baku on February 21, 2002.
  6. “Sakartvelos shinagan sakmeta saminist'ros st'rat'egiuli milsadenebis datsvis dep'art'ament'is debulebis damt'k'itsebis shesakheb” sakartvelos shinagan sakmeta minist'ris brdzaneba №129, 2016 ts'lis 30 mart'i, k. tbilisi («Վրաստանի ներքին գործերի նախարարության ռազմավարական խողովակաշարերի պահպանության բաժնի կանոնադրության հաստատման մասին» Վրաստանի ներքին գործերի նախարարի №129 հրաման, 2016թ. մարտի 30, ք.Թբիլիսի, վրաց.), https://matsne.gov.ge/ka/document/download/3238502/0/ge/pdf (հասանելի է առ 26.11.2016թ.).
  7. Pavliuk, O., GUUAM: the Spillover of Politics into Economics?, The Turkish Yearbook of International Relations, Vol. XXVIII, pp. 1-27, 1998.
  8. Sakartvelos uakhlesi ist'oriis tsent'raluri arkivi, pondi 1206, aghts'era 2, sakme № 2395 – sakartvelos saelcho bakoshi, sakartvelos sagareo sakmeta minist'rs, bat'on irak'li menagharishvils, № 213, 30.05.1998 (Վրաստանի ժամանակակից պատմության կենտրոնական արխիվ, ֆոնդ 1206, ցուցակ 2, գործ № 2395 - Բաքվում Վրաստանի դեսպանություն, Վրաստանի արտաքին գործերի նախարար պարոն Իրակլի Մենաղարիշվիլիին, № 213, 30.05.1998, վրաց.):
  9. Մարջանյան Ա., Ադրբեջանական Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը, Հավելվածներ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2013:
  10. Sakartveloshi momkhdar k’onplikt’tan dak’avshirebuli pakt’ebis damdgeni damouk’idebeli saertashoriso misia, angarishi, t’omi III (Վրաստանում հակամարտության հետ կապված միջազգային անկախ փաստահավաք առաքելություն, զեկույց, հատոր III, վրաց.), 2009.
  11. Tsereteli, M., The Impact of the Russia-Georgia War on the South Caucasus Transportation Corridor, Jamestown Foundation, 2009.
  12. Kogan, E., Trilateral Military and Energy Security Co-Operation: Reactions From Moscow And Washington, Georgian Foundation for Strategic and International Studies, 2014.
  13. Weiss, A. S., Larrabee, F. S., Bartis, J. T., Sawak, C. A., Promoting International Energy Security, Volume 2, Turkey and the Caspian, 2012, RAND Corporation.
  14. Memorandum of Understanding on a Strategic Partnership between the European Union and the Republic of Azerbaijan in the Field of Energy, done in Brussels, on 7 November, 2006.
  15. Հարցազրույց Ուիլյամ Լահյուի հետ, Թբիլիսի, 16.11.2016թ.:

դեպի ետ