• am
  • ru
  • en
Версия для печати
24.02.2017

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

   

Համլետ Զաքարյան
Հումանիտար գիտությունների Ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, Լրագրողների միջազգային միության անդամ

Զբաղվածությունը կարևոր սոցիալ-տնտեսական հասկացություն է: Ինչքան բարձր է բնակչության զբաղվածության աստիճանը հանրային տնտեսության մեջ, այնքան մեծ է ազգային եկամտի ծավալը և բարձր՝ ժողովրդական սպառման մակարդակը: Պետությունը մշտապես ձգտում է ավելացնել զբաղվածների թվաքանակը հանրային տնտեսության մեջ ի հաշիվ տնային և անձնական օժանդակ տնտեսությունում զբաղվածների ներգրավման՝ բարձրացնելով աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Զբաղվածությունը չպետք է պատկերացնել որպես հանրորեն օգտակար աշխատանքով զբաղվածների պարզ թվաբանական գումար: Որակական տեսանկյունից այն արդեն ռացիոնալ զբաղվածություն է և պիտի համապատասխանի հասարակության ու անհատի շահերին և չհանգեցնի հասարակական աշխատանքի արտադրողականության աճի անկմանը:

Այսպիսով, զբաղվածությունն ունի իրացման երկու ոլորտ` հանրային աշխատանքի և տնային ու անձնական օժանդակ տնտեսության: Իսկ ռացիոնալ զբաղվածություն ասելով մենք նկատի ունենք և՛ լրիվ զբաղվածությունը, և՛ զբաղվածների աշխատանքի արդյունավետ կիրառումը:

Այսպիսով, ռացիոնալ զբաղվածությունը լրիվ զբաղվածության համեմատությամբ ավելի լայն հասկացություն է: Իսկ բնակչության զբաղվածության հետագա ռացիոնալացման խնդիրները պահանջում են հետագայում ևս վարել բնակչության զբաղվածության գիտականորեն հիմնավորված քաղաքականություն, խորությամբ ուսումնասիրել աշխատանքային ռեսուրսների օգտագործման, բաշխման ու վերաբաշխման օրինաչափությունները:

Զբաղվածության պրոբլեմի ակունքներում կանգնած են եղել մեծ մտածողներ Վիլյամ Պետին ու Ադամ Սմիթը:

Հետագա տարիներին այդ խնդիրը նաև Դավիթ Ռիկարդոյի և ապա նաև Մալթուսի ուշադրության կենտրոնում էր: Սակայն Կարլ Մարքսը առաջինն էր, որ գիտական հիմքերի վրա դրեց բնակչության պրոբլեմների մեկնաբանումը, ցույց տվեց գործազրկության առաջացման բուն պատճառները՝ ընգծելով, որ սոցիալական այդ սուր երևույթը հենց կապիտալիստական արտադրության հետևանքն է:

Հետագա տարիներին տնտեսագիտական գրականության մեջ «զբաղվածություն» տերմինը հաստատուն քաղաքացիություն ստացավ:

Զբաղվածությունը մարդկանց միջև արտադրական հարաբերությունների ձև է` հավաքական աշխատողին արտադրության միջոցների հետ միավորելու և աշխատանքի պրոցեսին մասնակից դարձնելու եղանակ:

Ներկայումս զբաղվածության տնտեսական հարաբերությունների զարգացումն իր իրավաբանական հաստատումն է ստացել «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքում, որն ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից և որը նախատեսում է զբաղվածության լիակատար բարելավում մեր երկրում, արտադրության մեջ իրային և անձնական գործոնների օգտագործման բարոյական և նյութական խթանների ուժեղացում: Տվյալ օրենքը կարգավորում է նաև բնակչության զբաղվածության խթանման, տնտեսական և կազմակերպչական դրույթներն ու իրավական հիմքերը, սահմանում զբաղվածության բնագավառում քաղաքացիների իրավունքների իրացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, գործազրկության դեպքում սոցիալական աջակցության ձևերը, ինչպես նաև պետական-մասնավոր համագործակցության իրավական հիմքերը:

Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է կայուն զբաղվածության ապահովմանը, անհրաժեշտ քանակի ու որակի աշխատուժի առկայությանը և առկա աշխատուժի արդյունավետ իրացման ապահովմանը: Առանձնակի կարևորություն ունեն նաև աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումը, ինչպես նաև արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետևողական ապահովումը: ՀՀ իրավասու օղակները, դրանից զատ, մշակում և իրականացնում են աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի միասնական կարգավորումը կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և կամ էլ ՀՀ միջազգային պայմանագրերով:

Խորհրդային համակարգում տնտեսության կառավարումը հիմնված էր վարչահրամայական մեթոդների վրա, իսկ պետությունն ամեն գնով իրականացնում էր երաշխավորված զբաղվածության քաղաքականություն: Աշխատանքը պարտադիր էր աշխատանքային տարիքի աշխատունակ բոլոր մարդկանց համար: Բուհերի և տեխնիկումների, ինչպես նաև պրոֆտեխուսումնարանների համարյա բոլոր շրջանավարտներն աշխատանքի էին տեղավորվում պետական ձեռնարկություններում ու կազմակերպություններում: 1980-ականներին Հայաստանի ԱՊԿ համակարգում ևս ստեղծվեցին աշխատանքի տեղավորման բյուրոներ, որոնք զբաղված էին դպրոցների շրջանավարտների հաշվառմամբ, մասնագիտական կոմնորոշման տրամադրմամբ, պրոֆտեխուսումնարանների համար սովորող անձնակազմի ապահովմամբ, մյուս միութենական հանրապետությունների համար աշխատուժի հավաքագրմամբ և այլն:

ՀՀ-ում աշխատաշուկայի ձևավորման կամ զբաղվածության պետական կարգավորման գործընթացների սկիզբը պիտի համարել 1992-1996 թվականները, երբ ընդունվեց «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որի նպատակը միութենական արտադրատնտեսական համալիրից անջատ գործելու հրամայականի առջև կանգնած ՀՀ զբաղվածության ոլորտի իրավահարաբերությունների կանոնակարգումն էր: Այլ կերպ ասած՝ ՀՀ-ում սկիզբ դրվեց աշխատուժի առաջարկի և պահանջարկի պետական կարգավորման գործընթացներին: Այդ շրջանում աշխատաշուկայում իրականացված ծրագրերը հիմնականում ունեցել են գործազուրկների սոցիալական հիմնախնդիրների լուծման կողմնորոշում, և իրականացվել է զբաղվածության պասիվ քաղաքականություն, քանի որ զբաղվածության պետական ծրագրերին հատկացված միջոցները համարյա ամբողջությամբ ծախսվեցին գործազրկության նպաստ և դրամական օգնություն վճարելու համար: Դա, բնականաբար, չէր կարող համահունչ լինել տնտեսական զարգացումների տրամաբանությանը, քանի որ այս ոլորտում պահանջվում էին ակտիվ ծրագրերի իրականացում և սոցիալական պասիվ քաղաքականությունից անցում ակտիվ քաղաքականության: Հետագա տարիները, ներառյալ 2005թ., բնութագրվում են որպես զբաղվածության պետական կարգավորման համակարգի հստակեցման շրջան, որի մեկնարկը, ինչպես վերևում նշվեց, տվեց «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը: Այդ տարիներին զբաղվածության քաղաքականությունն առավելապես ուղղված էր գործազրկության իրական մակարդակի բացահայտմանը, զբաղվածության համակարգի վերջնական ձևավորմանը, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործմանը, իսկ այնուհետև նաև զբաղվածության ակտիվ քաղաքականության իրականացմանը, մասնավորապես թափուր աշխատատեղերի համալրմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն աջակցելուն և գործող աշխատատեղերի պաշտպանությանը: Աշխատաշուկայի զարգացման հաջորդ փուլը սկզբնավորվեց «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» 2006թ. հունվարի 1-ին ընդունված օրենքում, որի նպատակը աշխատանքի խրախուսման, զբաղվածության ապահովման և գործազրկության դեպքում սոցիալական գործընկերության սկզբունքներով արդարացի սոցիալական քաղաքականության իրականացումն է:

2010թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց վերը նշված ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի ընդունումը պայմանավորված է աշխատաշուկայում ակտիվ որոշ նոր ծրագրերի ներդրման և գործող ծրագրերի կատարելագործման անհրաժեշտությամբ:

Անցումային տարիներին ոչ միայն զգալիորեն կրճատվեց աշխատույժի պահանջարկը և փոխվեց տնտեսության ճյուղային կառուցվածքը, այլև էական փոփոխությունների ենթարկվեցին աշխատուժին ներկայացվող մասնագիտական պահանջները:

Պիտի նկատել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը բախվեց սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական և ժողովրդագրական բնույթի տարբեր հիմնախնդիրների: Սոցիալ–քաղաքական ու տնտեսական համակարգերի վերափոխումների արդյունքում երևան եկան մինչ այդ անհայտ սոցիալ-տնտեսական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը: Գործազրկության բարձր մակարդակը` որպես Հայաստանի համար նախկինում համարյա թե անհայտ սոցիալ-տնտեսական խնդիր, որը միաժամանակ աղքատության առաջացման ու խորացման կարևոր գործոն է, իրողություն դարձավ Հայաստանի բնակչության մի զգալի մասի համար: Երկրում լայն տարածում ստացավ աղքատությունը, քանի որ բնակչության առավել ակտիվ ու բարձրորակ մարդկանց զանգվածային արտագաղթը դանդաղեցրեց երկրի զարգացման ընթացքը: Բնակչության դանդաղ վերարտադրությունը չէր ապահովում անգամ բանակին անհրաժեշտ անձնակազմի, կրթական ոլորտին անհրաժեշտ սովորողների թվաքանակ՝ հանգեցնելով կրթական համակարգում թե՛ հաստատությունների և թե՛ աշխատողների թվի կրճատման, նպաստելով գործազրկության աճին:

Ներկայումս հանրապետությունում զբաղվածների թիվը կազմում է 1 մլն 72 հազ. 600 մարդ: Բնակչության թվաքանակի քաղաքային և գյուղական բաշխվածությունը կազմում է համապատասխանաբար՝ 64 և 36%, իսկ սեռային բաշխվածության առումով՝ արականը 48.5 և իգականը՝ 51.5%: Կրթական համակարգի միտումներն ապագայում կհանգեցնեն, մի կողմից, ներքին աշխատաշուկայից միջին մասնագիտական կրթություն ունեցող ու առավել տարեց աշխատուժի աստիճանական դուրսմղմանն ու նոր երիտասարդ աշխատուժով ոչ համարժեք համալրմանը, իսկ մյուս կողմից էլ՝ բուհ ավարտող մասնագետների ավելցուկին: Այդ տարիներին, բնականաբար, զբաղվածության կրճատում արձանագրվեց տնտեսության համարյա բոլոր, առանձնապես շինարարության, գիտության ու արդյունաբերության ոլորտներում, իսկ աճ արձանագրվեց գյուղատնտեսության և առևտրի ու հասարակական սննդի ոլորտներում:

Հաջորդ տարիներին Հայաստանում արդեն նկատվում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը սոցիալ-տնտեսական համալիր զարգացումների տեսանկյունից: Պաշտոնական վիճակագրական ցուցանիշների վերլուծությունից երևում է, որ Հայաստանում գրանցվող կայուն տնտեսական աճն ապահովվել է ոչ այնքան զբաղվածության մակարդակի աճով, որքան աշխատանքի արտադրողականության աճի հաշվին: Բայց, մյուս կողմից, տնտեսական աճի արդյունքներն արտացոլվել են ոչ այնքան զբաղվածության մակարդակի, որքան աշխատավարձի բարձրացման ցուցանիշներում: Նշված ժամանակահատվածում նկատվել է նաև զբաղվածության տեղաշարժ պետականից դեպի մասնավոր ոլորտ:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ԱՎԾ տվյալներով գործազրկության պաշտոնական մակարդակը կազմել է 18%, ըստ իս՝ դրա իրական մակարդակը ավելի բարձր է: Ավելի բարձր է նաև բնակչության աղքատության ցուցանիշը: Այսօր գործազուրկների մոտ 20%-ը երիտասարդներ են, որոնցից շուրջ 16500-ը աշխատանք փնտրողներ են: Իսկ ներքին աշխատաշուկայի քրոնիկական անհավասարակշրության խնդիրների համակողմանի լուծումը պահանջում է, մի կողմից, կենտրոնացնել պետական և մասնավոր հատվածների ջանքերն ու ռեսուրսները` տնտեսության հնարավոր բոլոր ոլորտներում աշխատատեղեր ստեղծելու, առկա աշխատատեղերը պահպանելու, ինչպես նաև ՀՀ-ում առկա միգրացիոն հոսքերում ներգրավված անձանց ռեսուրսների ուղղորդում դեպի ՀՀ տնտեսության ու մարդկային զարգացման ոլորտներ, քանի որ նրանց խնայողությունների մեծ մասը պահվում է արտերկրում և գլխավորապես ներդրվում անշարժ գույքի շուկայում: Այսպիսով, զբաղվածության պետական կարգավորման քաղաքականությունն ընթացիկ և երկարաժամկետ առումով միտված պիտի լինի տարածքային զարգացման, ժողովրդագրական և միգրացիոն պետական կարգավորման շրջանակներում իրականացվող բարեփոխումների արդյունավետ ու ամբողջական ապահովմանը` սահմանված ռազմավարական և հայեցակարգային հիմնական ուղղություններին ու միջոցառումներին:

Ինչ վերաբերում է կրթական համակարգին, ապա նշենք, որ այն դեռևս գտնվում է կառուցվածքային, բովանդակային և կառավարչական բարեփոխումների փուլում`միտված տնտեսության և աշխատանքային շուկայի կարիքներին համահունչ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ապահովմանը:

ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն՝ բարեփոխումներն ուղղված էին կրթությունը տնտեսության, գիտության և հասարակության արդի պահանջներին համապատասխանեցնելուն: Ստեղծվեցին մասնագիտական կրթական հաստատությունների ու տնտեսության համագործակցության և երկխոսության արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս կրթական ծրագրերը, մասնագետների պատրաստումն առավել ներդաշնակ դարձնել տնտեսության առաջնային ճյուղերի պահանջարկին:

Եվ չնայած գրանցված առաջընթացին կրթության բոլոր մակարդակներում որակը շարունակում է մնալ գլխավոր հիմնախնդիրը: Այսուամենայնիվ, մեր ապագայի կրողներ երիտասարները մեծ մասամբ լքում են հայրենիքը` իրենց ուժն ու գիտելիքն օգտագործելով ուրիշ երկրներում, քանի որ տասնյակ հազարավոր ուսանողներ բուհն ավարտելուց հետո կանգնում են գործազրկության խնդրի առաջ: Յուրաքանչյուր տարվա կտրվածքով մեր բուհերի 7000 շրջանավարտների միայն 20%-ն է աշխատանք գտնում, մինչդեռ հազարավոր երիտասարդներ անգամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեն, իսկ այդ դեպքում աշխատանքի տեղավորվելն առավել մեծ ջանքեր է պահանջում:

Հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, արտագնա աշխատանքը կարևոր դեր է կատարում բազմաթիվ ընտանիքների կենսապահովման գործում, պետությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում առանձին մասնագիտություններ ունեցող անձանց արտագնա աշխատանքների ներգրավման նպատակով: ՀՀ կառավարությունն արդեն միջպետական համաձայնագրեր է կնքել ԱՊՀ մասնակից պետությունների հետ` այնտեղ մեկնած ՀՀ քաղաքացիների սոցիալական երաշխիքների և նորմալ աշխատանքային պայմանագրերի կնքման համար:

Արտագնա աշխատանքի պետական կարգավորման շրջանակներում ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը կնքում է նաև միջազգային պայմանագրեր արտագնա աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության վերաբերյալ, որի նպատակը, գերակա ուղղությունները, ինչպես նաև իրականացման միջոցառումները ներկայացված են Հայաստանի Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության, Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգերում:

Այսպիսով, աշխատաշուկայի պետական կարգավորման առանցքային խնդիրների ինստիտուցիոնալ և իրավական լուծումները կարևոր նշանակություն կունենան զբաղվածության քաղաքականության համակարգային բարեփոխումների ապահովման համար:

Սեպտեմբեր, 2016թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր