
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Գեորգի Պոչեպցով
Պատերազմը, հակամարտությունը միշտ ստիպում են ավելի ուշադիր լինել սեփական հաղորդակցությունների հանդեպ։ Առաջ է գալիս ոչ միայն գրաքննության՝ որպես պաշտպանության տեսակի, այլ նաև գրոհի պահանջ։ Սոցիալական մեդիաների վերահսկողությանն առաջիններից մեկը միացավ իսրայելական բանակը՝ ստեղծելով իր էջը Ֆեյսբուքում։
Ցանցային աշխարհի մուտքը պահպանեց առկա բոլոր սոցիալական կառույցները, անգամ ավտորիտարիզմը սովորեց օգտագործել նոր գործիքանին ինքնապահպանման համար։ Եվ դա բնական է, քանի որ կրեատիվությունը ձևավորվում է անգամ բյուրոկրատիայի մեջ, երբ ի հայտ է գալիս գոյատևման պայքարի տարբերակ։
Մակքինոնի կարծիքով՝ «ցանցային ավտորիտարիզմի» ժամանակ, ինչպիսին նա համարում է Չինաստանը, մարդն իրեն զգում է ավելի ազատ, քան դասական ավտորիտարիզմի օրոք, բայց այստեղ, միևնույն է, չկան անհատական իրավունքների և ազատությունների երաշխիքներ (MacKinnon R., China's "Networked Authoritarianism"// Journal of Democracy, 2011, Vol. 22, N 2)։ Մակքինոնը չինական 15 ռեսուրսներում Տյանանմին հրապարակում զոհված ուսանողների ծնողների կամ արևմտյան Չինաստանի հեռավոր քաղաքում տեղի ունեցած բախումների մասին գրառումներ տեղադրելու փորձեր է արել։ Կայքերն ի պատասխան օգտագործել են գրաքննության տարբեր տեսակներ։ Երբեմն հրապարակումն արգելակվել է անմիջապես, երբեմն այն պահպանվել է հետագա մոդերացիայի համար, մյուս գրառումները կայքերից անհետացել են տեղադրումից մի քանի ժամ հետո։
Վերահսկողության ևս մեկ մեթոդ է դառնում ինտերնետի տեղային անջատումը։ Դա, օրինակ, օգտագործել է Թուրքիան ընդդիմադիրներին ձերբակալելուց հետո։ Թեև այդ խռովության սկզբում, ընդհակառակը, սոցիալական մեդիաները դեմ էին խռովարարներին և դարձան այն գործոններից մեկը, որը հանգեցրեց նրանց պարտությանը։ Օրինակ, Թվիթերի թրաֆիկն ավելացավ 35 անգամ, երբ օգտատերերը կես միլիոն թվիթ տեղադրեցին ընդդեմ խռովարարների՝ կեսգիշերից սկսած մինչև առավոտյան ժամը չորսը (Esen B. a.o. Turkey: how the coup failed // Journal of Democracy, 2017, Vol. 28, N 1)։ Մզկիթները բարձրախոսների միջոցով աղոթքներ էին հնչեցնում, որոնք բողոքի և համախմբվելու կոչեր էին պարունակում, և դրա տեսագրությունը հայտնվեց Youtube-ում՝ տարօրինակ կերպով համադրելով անցյալն ու ներկան։
Պետությունն, ի պատասխան քաղաքացիների անհատական ակտիվության, դրսևորում է ակտիվության իր տեսակը, միայն թե՝ արդեն անհատական-զանգվածային ձևով, երբ պետության կողմից վճարվող քաղաքացիները սկսում են անհրաժեշտ տեսակետն առաջ մղել ցանցում։ Ռուսաստանում տարածում ստացան տրոլլերի այդպիսի պետական ֆաբրիկաներ, Չինաստանում դա «հիսունսենթանոցների» բանակն է, ովքեր գրառման դիմաց ստանում են 50 սենթի չինական համարժեքը։ Ընդ որում՝ հետազոտության հեղինակներն իրենք են ընդգծում, որ նրանք չեն հանդիպել տեղեկատվության ոչ այն մասին, որ իսկապես վճարվում է հիսուն սենթ, ոչ էլ այն մասին, թե առհասարակ վճարում կա։ Քեմբրիջի հետազոտությունների եզրահանգումներից մեկը դարձավ այն, որ կառավարության և կոմկուսի քննադատությունը թույլատրվում է, իսկ գրաքննությունն ուղղված է հավաքական գործողություննեի հավանականության նվազեցմանը։ Ընդհանուր առմամբ, գրաքննությունն աշխատում է երեք ուղղությամբ՝ կայքերի արգելափակում, արգելափակում արգելված բառերի օգտագործման համար, արգելափակում, որին չի կարելի հեշտությամբ մոլորեցնել այլ բառեր ասելու օգնությամբ։
Ընդհանուր առմամբ, հարկ է խոստովանել, որ այնպիսի ուժեղ խաղացող, ինչպիսին կոմկուսն է, որոշել է չվախենալ քննադատությունից՝ հասկանալով, որ այն, դրա հանդեպ խելամիտ արձագանքի պարագայում, թույլ է տալիս բարելավել իրավիճակը երկրում։ Իսկ հավաքական չարտոնված գործողությունը միշտ վտանգ է ներկայացնում ցանկացած պետության համար, ներառյալ ամենադեմոկրատականները։
Պատերազմը, հակամարտությունը միշտ ստիպում են ավելի ուշադիր լինել սեփական հաղորդակցությունների հանդեպ։ Առաջ է գալիս ոչ միայն գրաքննության՝ որպես պաշտպանության տեսակի, այլ նաև գրոհի պահանջ։ Գրոհը խափանում է հակառակորդի ապագա պոտենցիալ գործողությունները։
Ի դեպ, սոցիալական մեդիաների վերահսկողությանն առաջիններից մեկը միացավ իսրայելական բանակը՝ 2011թ. օգոստոսի 14-ին ստեղծելով Ֆեյսբուքի իր էջը։ Այդ էջն անմիջապես 90 հազար հետևորդ ունեցավ։ Պաղեստինյան կողմը նույնպես պակաս ակտիվ չէ ցանցում, այն, օրինակ, որսում է իսրայելցի զինվորների բջջայինների համարները՝ որպես կոնտակտ տեղադրելով աղջիկների լուսանկարներ։ Արդյունքում՝ զինվորները տեղադրում են հավելվածներ, որոնք կարող են վերահսկել նրանց հեռախոսախցիկներն ու միկրոֆոնները։
Իսրայելական բանակը դրսում տեղեկատվության մեծ ծավալ է թողարկում՝ ամսական 200-300 գրառում, իսրայելցիները նշել են իրենց տասը հազարանոց թվիթի մասին, չորս տարվա ընթացքում տեղադրվել է 500 տեսանյութ YouTube-ում։ Նրանք կարծում են, որ կարող են հասնել 95 միլիոն մարդու աշխարհում, Թվիթերում նրանք 230 հազար հետևորդ ունեն, իսկ Ֆեյսբուքի էջն անցել է 380 հազար «լայքի» միջով։ Սա անգլիական տարբերակն է։ Հակառակորդի «մերձավոր» Թվիթերն ունեցել է 40 հազար «լայք»։ Ի դեպ, նրանք համարում են, որ ֆեյքային նորությունները պետք է հայտնաբերել ամենակարճ ժամանակում, այլապես դրանք կարող են վիրուսներ տարածել ինտերնետով։
Զինվորների բջջայինների օգտագործման հետ կապված նման խնդիրներ կան նաև ԱՄՆ բանակում։ Զինվորներին սովորեցնում են անջատել իրենց սմարթֆոնների գեոլոկացիան, որպեսզի նման ինֆորմացիան չհայտնվի հակառակորդի մոտ։ Այսինքն՝ կապի անհատական միջոցները դարձել են տեղեկատվության ևս մեկ աղբյուր գրոհի համար։ Միաժամանակ, ռազմական ինստիտուտների մակարդակով կան սոցիալական ցանցերում աշխատանքի դասընթացներ և ձեռնարկներ, որոնցում, օրինակ, ասվում է այն, ինչը հաճախ ընդգծվում է նաև խաղաղ կյանքում. «Սոցիալական մեդիաները չեն կարող օգտագործվել և սեփական լսարան չի կարելի ստանալ ճգնաժամի կեսին։ Ավելի լավ է հենվել առկա մեդիա-հարաբերությունների վրա։ Եթե դուք կանոնավորապես թարմացրել եք հաղորդակցության միջոցը մինչև ճգնաժամի ի հայտ գալը, ապա ձեր լսարանը գիտե, թե որտեղ գտնի առցանց ինֆորմացիան։ Վստահություն ստանալու համար հարկ է ներկա լինել սոցիալական պլատֆորմներում անգամ մինչև այն պահը, երբ ճգնաժամն ի հայտ է գալիս։ Ձեզ կարդացողների մեծ թվաքանակ մի գիշերում չի հայտնվի, համառ եղեք և իրականացրեք ձեր ռազմավարությունը սոցիալական մեդիաներում»։
Ամերիկացիների գլխում հստակ մաքսիմա կա Վիետնամից հետո, որ պատերազմում հաղթանակը ձեռք է բերվում ոչ թե ճակատամարտի, այլ մեդիա դաշտում։ Եվ հիմա մեդիաների նոր տեսակների առաջացումը բարդացնում է բանակի ու տեղեկատվական տարածքի փոխհարաբերությունները։ Սեփական մեսիջն առցանց առաջ մղելու համար կա համապատասխան սարքավորում, որը թույլ է տալիս ստեղծել ֆիկտիվ անձնավորություններ։ Ընդ որում՝ օրենքով դա թույլատրվում է անել միայն ԱՄՆ սահմաններից դուրս, այսինքն՝ խոսքն արաբերեն, ֆարսի, ուրդու և փուշտու լեզուներով խոսակցությունների մասին է։ Զինվորականները նույնպես կարող են վերլուծել իրենց լսարանի էմոցիաները, որպեսզի ապահովեն քարոզչության հաջողությունը։
Սոցիալական մեդիաներն արագացնում են բոլոր պրոցեսները, ինչի արդյունքում ինֆորմացիան ստացողը կորցնում է նորմալ արձագանքելու կարողությունը։ Սոցիալական մեդիաներն այն տեղափոխում են արագընթաց, այսինքն՝ ավտոմատ կարգավորման վրա, որն ստեղծել նրան օգնում են հուշումները։
Ինտերնետի արագությունն ասես լիովին ոչնչացրել է օգտատերերի պաշտպանական ուժերը։ Ինչպես նշում է Զասուրսկին. «Ինտերնետն այնպես է փոխել հաղորդակցությունների կառուցվածքը, որ «անձը» դրա միջուկից դուրս է մղվել։ Տեղեկատվությունների և ինֆորմացիայի փոխանակման արագությունն այսօր այնքան բարձր է, որ մարդիկ չեն հասցնում անհատականացվել, մշակել իրենց անձնական տեսակետը։ Հաղորդակցությունը ձեռք է բերել ալիքային բնույթ, որում մարդիկ գործում են որպես դիմազրկված ուժ։ Գործում են, որպես կանոն, սխալ կամ տարերային, գիտության հետ կապ չունեցող ներմուծյալների հիման վրա»։ Ի դեպ, Ռուսաստանի նախագահի խորհրդական Կլիմենկոն առաջարկել է սահմանափակումներ մտցնել ինտերնետի ոլորտում, ինչպես չինական սահմանափակումներն են։
Եթե մարդն ապրում է քաոտիկ տեղեկատվական աշխարհում, ապա քաղաքական թոք-շոուները հանդես են գալիս հուշողի դերում՝ օգնելով տեղեկատվություն սպառողին ստանալ իրադարձության մեկնաբանությունը շատ ավելի առաջ, քան նա ինքը կհանդիպի դրան։ Պրոպագանդայի նման տարբերակի շնորհիվ իրադարձությունը միշտ հայտնվում է որոշակի ինտերպրետացիոն «կոկոնի» մեջ, ինչն արդյունքում սպառողի արձագանքը դարձնում է ավտոմատ։
Կաչկաևան ընդգծում է արդի հեռուստափորձագետների այսպիսի բնութագրեր. «Այսօր հասարակական-քաղաքական թոք-շուոներում հանդես եկող փորձագետներն իրականում մեդիայի մարդիկ են, այլ ոչ թե գիտնականներ և հետազոտողներ։ Նրանք ասում կամ նույնիսկ «արտանետում» են այն, ինչը պետական պաշտոններ ունեցող պաշտոնական անձինք երբեմն չեն կարող բացահայտ հնչեցնել։ Պրոֆեսիոնալ փորձագետները կամ հեռու են պահում իրենց շոուներին մասնակցելուց, կամ միանում են «սթոպ-լիստերին», կամ իրենց հարմար չեն զգում կանոններով և «մեկ դարպասի ուղղությամբ» ընթացող հռետորական մարտերին մասնակցելուց։ Նման թոք-շոուների գլխավոր խնդիրը տեղեկատվական աղմուկին «աջակցելն» է, որտեղ գլխավորը հուզական լարվածությունն է, բառային ագրեսիան, այլ ոչ թե կասկածները, տրամաբանությունը և առողջ բանականությունը։ Ոչ ոք չի խորանում որևէ երևույթի պատճառների, հիմնավորման մեջ»։
Այսօրվա աշխարհն իր ռեակցիաներով է ընդունել անցյալի աշխարհի շատ տարրեր։ Գուշակները կանխատեսում են ապագան, աստղագուշակները սովորեցնում են ինչպես ապրել հաջորդ շաբաթ։ Աշխարհը լի է կեղծ նորություններով, որոնք բոլորն ընդունում են իբրև իրական։ Միևնույն ժամանակ, ինֆորմացիոն արագացումը պահանջում է արագ և ճշգրիտ արձագանքներ, որոնք կարող են ինֆորմացիոն հաղթանակ բերել։ Դա էլ կստեղծի այն, ինչը կարելի է անվանել արդի աշխարհի ինֆորմացիոն լարվածություն, երբ ամբողջ տեղեկատվական հոսքը սկսում է ընկալվել որպես անստույգ։
http://osvita.mediasapiens.ua/trends/1411978127/kak_sotsialnye_media_kontroliruyutsya_gosudarstvami/
դեպի ետ