• am
  • ru
  • en
Версия для печати
12.10.2016

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

   

Տաթևիկ Հայրապետյան
Պատմական գիտությունների թեկնածու

Այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ձեռնարկումը մեծ ոգևորություն էր առաջ բերել ադրբեջանական հասարակության ներսում: Իլհամ Ալիևի և նրա վարչակարգի հռետորաբանության հիմքում ընկած այն դրույթը, թե Ադրբեջանը միանգամայն հավանական է համարում Ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ուղին, դրվում էր կիրառության մեջ: Ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերին ադրբեջանական հասարակության ներսում առկա պատերազմական էյֆորիան խախտվում էր հատուկենտ ադրբեջանցիների` խաղաղության վերաբերյալ կոչերով: Ովքե՞ր էին խաղաղության կոչ անողները, ինչպե՞ս էին նրանք ընկալվում Ադրբեջանում, և ինչո՞ւ է ադրբեջանական հասարակությունն այդքան անհանդուրժող խաղաղության հանդեպ: Սույն հոդվածի նպատակն է անդրադառնալ վերոնշյալ հարցերին` փորձելով ներկայացնել այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով Ադրբեջանում չի կարելի խոսել խաղաղության մասին:

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերին ադրբեջանցի գրող և հրապարակախոս Խասանի Հագն իր անձնական բլոգում գրառում էր կատարել` նշելով. «Խնդիրը խաղաղության և պատերազմի միջև ընտրություն անելու մեջ չէ, նման երկընտրանք չի կարող լինել: Այդ երկընտրանքը պետական քարոզչական մեքենան է ստեղծել: Հենց այդ նույն քարոզչամեքենայի գործունեության հետևանքով Ադրբեջանում այլևս ոչ մեկը չի համարձակվելու խաղաղություն պահանջել, քանի որ այդպիսիք կորակվեն որպես «հայրենիքի դավաճան», «թշնամի» և կմեղադրվեն «հայանպաստ» լինելու մեջ»… Արդյունքում՝ խաղաղություն ցանկացողները դիտվում են որպես «ոչ մերոնքական», «արտաքին ուժեր», նրանք համարվում են «մեզանից» ու իրականությունից կտրվածներ»1: Այդ նույն ժամանակահատվածում մեկ այլ ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանը ընդդիմադիր, արտերկրում գործող Meydan.tv լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում ևս արձանագրում է. «Տարօրինակ է` բանակում տարածված «առա՛ջ, Ադրբեջանի զինվոր» գոռացող անձի հայրենասիրության վրա չեն կասկածում, ավելին, փառաբանում են, սակայն խաղաղություն ցանկացողին կասկածում են: Երկերեսանիությամբ առաջնորդվող հասարակության համար դա նորմալ վերաբերմունք է: Որովհետև նրանք չեն հավատում մարդու մտքի անկողմնակալությանը: Ստրուկների համար ազատ մարդ չկա: Նրանք կարծում են, որ եթե մարդ պատերազմ չի ցանկանում, հաստատ շահ, նպատակ ունի, կամ սովորական լեզվով ասած` խեր ունի...»2: Ադրբեջանում խաղաղության կոչով հանդես եկողների թիվը մեծ չէր, հատուկենտ հրապարակախոսներ, որոնք ապրում և ստեղծագործում են Ադրբեջանի սահմաններից դուրս: Ավելին, հակաիշխանական ուժերը` հանձին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի, մեղադրում և քննադատում էին Իլհամ Ալիևին ռազմական գործողությունները դադարեցնելու և զինադադարը վերականգնելու համար: Ադրբեջանական հասարակությունը հիասթափված էր, քանի որ տարիներ շարունակ «խոստացված» ռազմական գործողությունները չշարունակվեցին:

Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ռազմական և հակահայկական հռետորաբանության և դրա հետևանքով անհանդուրժող հասարակության ձևավորման մասին բազմիցս է խոսվել և գրվել, այդուհանդերձ, ապրիլյան իրադարձությունները մեկ անգամ ևս եկան մատնանշելու այն լուրջ խնդիրները, որոնք մեծապես խոչընդոտում են խնդրի խաղաղ կարգավորմանը: Փաստացի, ադրբեջանական քարոզչամեքենան ոչ միայն պատերազմի է պատրաստում սեփական հասարակությանը, այլև արգելում է խաղաղության վերաբերյալ հատուկենտ կոչերի հնչեցումն ու նման դիսկուրսի առաջքաշումը: Ադրբեջանում պատերազմել չցանկանալն իսկ համարվում է դավաճանություն:

Ադրբեջանական հասարակության անհանդուրժողականության ակունքները կարելի է գտնել դեռևս 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարների շրջանում քարոզվող ազգայնական գաղափարախոսություններում, ինչպես նաև 1905-1906թթ. հայ-թաթարական բախումներում: 1980-կանների վերջին` վերակառուցման և հրապարակայնության գաղափարախոսության ներքո, ինչպես միութենական այլ հանրապետություններում, Ադրբեջանում ևս նկատվում էր ազգայնականության վերելք: Այդուհանդերձ, ինչպես 20-րդ դարասկզբին, 1980-ականներին ևս հենց հայերի հետ հակասությունները դարձան յուրատեսակ կատալիզատոր և ազդակ ադրբեջանական ազգայնական տրամադրությունների ակտիվացման գործընթացում: Ի հայտ եկող քաղաքական ուժերի միջև ընթացող պայքարում աստիճանաբար դուրս մղվեցին այն չափավոր գործիչները և մտավորականները, որոնք որոշակիորեն հավանական էին համարում հայերի հետ հաշտեցման և ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Փաստացի, Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանի քաղաքական դաշտում առկա ծայրահեղական տրամադրությունների հետևանքով ի սկզբանե բացառվեց խաղաղության հաստատումը: Ավելին, անկախացման գործընթացներում մտավորականության ոչ բավարար ներգրավվածությունը բացասական հետևանքներ ունեցավ Ադրբեջանի հասարակական կյանքի համար: Ազգայնականության վերելքի աճի պայմաններում մտավորականությունն այն ուժն էր, որը կարող էր արգելք հանդիսանալ բռնությունների կիրառման ճանապարհին: Զուգահեռներ անցկացնելով կարելի է պնդել, որ ներկայիս Ադրբեջանում դեմոկրատիայի և ազատ խոսքի բացակայությունը խոչընդոտում է բազմակարծության և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, ինչի հետևանքով բացառվում են ԼՂՀ հայ բնակչության հետ երկխոսության հաստատման փորձերը, լռեցվում է խնդրի խաղաղ կարգավորման համակիրների ձայնը և գերիշխում է ռազմատենչ հռետորաբանությունը: Հարկ է նշել նաև, որ հակահայկական հռետորաբանությունն ուժեղացել է Իլհամ Ալիևի նախագահության տարիներին: Դրա վառ ապացույցն է Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումը:

Ապրիլյան դեպքերի օրերին ադրբեջանական հասարակության ներսում առկա անհանդուրժողականության խնդիրներին անդրադառնալով` ադրբեջանցի պատմաբան Սաբիր Ախունդովն իր «Ադրբեջանականություն» վերտառությամբ հոդվածում նշում է, որ գլխավոր պատճառը հետխորհրդային պետական քարոզչությունն է, որի հիմքը դրվում է դպրոցական դասագրքերում ներկայացվող պատմության միջոցով: «Ներկայացվող պատմության միջոցով ձևավորվում է զոհի հոգեբանությունն ադրբեջանցի երեխայի մեջ, որը զուգահեռվում է թշնամու կերպարի ներկայացմամբ, և դա տարեցտարի ավելի վառ երանգներ է ստանում: Աշակերտները պետք է իմանան, որ հայերի թշնամական քաղաքականությունը դարավոր պատմություն ունի և մշտապես իրականացվելու է ադրբեջանցիների դեմ: Որևէ խաղաղ համակեցության մասին խոսք լինել չի կարող աշակերտների համար…»,- գրում է Ախունդովը3: Այսպիսով, ադրբեջանցի երեխայի մեջ սերմանվում է անհանդուրժողականությունը հայի և խաղաղության նկատմամբ: Հարց է առաջանում. իսկ արդյոք Ադրբեջանում կա՞ն դպրոցական դասագրքերում ներկայացվող պատմության այլընտրանքային տարբերակներ, որոնց միջոցով կարող է փոքր-ինչ հնարավոր դառնալ խաղաղության ընկալումն ադրբեջանական հասարակության մեջ: Ադրբեջանցի լրագրող Գյունահ Ռզաևան Meydan.tv կայքում հրապարակած իր հոդվածում, անդրադառնալով հետխորհրդային ադրբեջանական գրականության մեջ հակապատերազմական աշխատությունների ստեղծմանը, գրում է, որ վերջին տարիներին գրականության մեջ նկատվում է որոշակի լճացում. ղարաբաղյան թեմայի վերաբերյալ արժեքավոր աշխատությունների թիվը շատ քիչ է4: Այդ հարցի առնչությամբ Ադրբեջանի գրողների միության ղեկավարներից Ռաշադ Մյաջիդը 2010թ. հոկտեմբերի իր հարցազրույցներից մեկում նշել է. «Պատերազմի վերաբերյալ լուրջ աշխատությունների բացակայությունը հոգեբանական պատճառներ ունի: Նախ, պատերազմը դեռ չի ավարտվել, մենք դեռ չենք հաղթել: Ուստի գրողները որոշակի սթրես են տանում, նրանց շրջանում նկատվում է հոգեկան անկում: Իսկ այդ հոգեվիճակում հնարավոր չէ հաղթական ոգով աշխատություններ հրապարակել»5: Սա պետական քարոզչամեքենայի գործունեության հերթական դրսևորումն է. պատերազմն ավարտված չէ, և ադրբեջանցիներն սպասում են իրենց հաղթանակին:

Նշենք, որ այլընտրանքային աղբյուրների շարքից հատկապես արժեքավոր է Աքրամ Այլիսլիի` 2012թ. հրապարակած «Քարե երազներ» վիպակը, որտեղ խոսվում է 1919 թվականին Բաքվում և Ագուլիսում հայերի դեմ իրականացված կոտորածի մասին: Սակայն հեղինակը քարկոծվեց Ադրբեջանում, նրա աշխատությունները հրապարակավ այրվեցին, նա զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից: Հեղինակի դեմ հետապնդումները շարունակվում են մինչ օրս6:

Ապրիլյան դեպքերից հետո առանձնակի ակտիվացում է նկատվում բանակցային գործընթացում, լրատվամիջոցները և վերլուծաբանները ներկայացնում են կարգավորման այն հնարավոր տարբերակները, որոնք առաջ են քաշվում ներկայում: Սակայն, խնդրի խաղաղ կարգավորման քաղաքական փնտրտուքներին զուգահեռ, կարևոր է հասարակություններին նախապատրաստել խաղաղության: Թեև ապրիլյան դեպքերից հետո Իլհամ Ալիևը խուսափում է ակնհայտ պատերազմական կոչեր անելուց, սակայն ադրբեջանական քարոզչության հիմնական դրույթները շարունակում են հնչեցվել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ պաշտոնյաների կողմից:

Փաստացի, ադրբեջանական հասարակության ներսում չկա խաղաղության դիսկուրս, հայի հետ համակեցությունն անհնար է համարվում, ոչ պատերազմելու կոչ անողները դիտվում են որպես դավաճաններ, ուստի խաղաղ կարգավորման փորձերը լուրջ հաջողությունների չեն հանգեցնում:

Ամփոփելով՝ նշենք, որ Ադրբեջանում շարունակվող ռազմատենչ քարոզչությունը և զինումն ամբողջությամբ հակասում են խաղաղ բանակցությունների տրամաբանությանը` հիշեցնելով գերմանացի հեղինակ Էրիխ Ռեմարկի հայտնի խոսքերը. «Նրանք կառուցում են ռազմական գործարաններ և վստահեցնում, որ խաղաղություն են ցանկանում… Ստահոդ հռետորաբանություն»: Իսկ իրական զարգացումները գալիս են փաստելու, որ Ադրբեջանում խաղաղության մասին խոսելն իսկ դիտվում է որպես դավաճանություն:

1 Hass X., “Başın sağ olsun, vǝtǝn”, “Vǝtǝn sağ olsun, şǝhid”, 4.04.2016, http://xaqanihass.tumblr.com/post/142193500821, 3.08.2016.

2 Baycan S., Ən bağışlanmaz günah, 11.04.2016, https://www.meydan.tv/az/site/authors/13524/, 2.08.2016.

3 Akhundov S., “Azerbaijanism”, 3.08.2016, https://www.opendemocracy.net/od-russia/sabir-akhundov/azerbaijanism, 5.08.2016.

4 Рзаева Г., Антивоенные нарративы в постсоветской азербайджанской литературе, 20.06.2016, https://www.meydan.tv/ru/site/culture/15160/, 03.08.2016.

5 Telmanqizi S., Yaziçilar “Qarabağin qara bəxti”ndən yazmağa həvəsli deyil, 23.10.2010, http://musavat.com/news/qarabag-xeberleri/yazicilar-qarabagin-qara-bextinden-yazmaga-hevesli-deyil_87726.html, 02.08.2016.

6 Author Akram Aylisli responds to 'hooliganism' charge after airport detention, 4.04.2016, https://www.theguardian.com/books/2016/apr/04/author-akram-aylisli-responds-to-hooliganism-charge-after-airport-detention, 3.08.2016.


դեպի ետ