• am
  • ru
  • en
Версия для печати
01.09.2016

ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԸ

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ կապված՝ փոփոխությունների է ենթարկվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Աշխարհագրական նպաստավոր դիրքում գտնվելով և երկու ծովերի (Սև և Կասպից) ու օվկիանոսի ելք ունենալով, ապահովված լինելով հումքային բազայով՝ տարածաշրջանն ունի տնտեսական զարգացման ներուժ, ինչպես նաև չլուծված էթնոքաղաքական հակամարտություններ, որոնք արգելակում են տարածաշրջանային ինտեգրումը և Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետագա զարգացումը։

Հարավային Կովկասը միացնում է ինչպես Հյուսիսը Հարավին, այնպես էլ Արևմուտքն Արևելքին։ Տարածաշրջանի առանցքային երկիրն առկա իրողություններում հարևան Վրաստանն է։ Հետխորհրդային շրջանի ողբերգական իրադարձությունները և ԽՍՀՄ փլուզումը հանգեցրին այն բանին, որ արդի Վրաստանը, լինելով այնպիսի երկիր, որը պահպանել է բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների և տարածաշրջանային խոշոր դերակատարների հետ, չհաշված Ռուսաստանի Դաշնությունը, էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ ճանապարհների հատման կետ է դարձել, որոնք Միջին Ասիան կապում են Եվրոպայի, իսկ Պարսից ծոցի երկրները՝ Ռուսաստանի, այնուհետև էլ՝ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի հետ։

Հայաստանի Հանրապետության համար կենսականորեն կարևոր է, որպեսզի երկիրը մեկուսացված չլինի, ինտեգրվի տարածաշրջանային նախագծերին, ընդհուպ մինչև դրանց նախաձեռնումը։ Այս առնչությամբ բավական հետաքրքիր է «Մոսկվա-Թբիլիսի-Երևան-Թեհրան» քաղաքական առանցքի ստեղծման գաղափարը։ Սակայն նշենք, որ եթե այս պահի դրությամբ կան բարիդրացիական և գործընկերային փոխհարաբերություններ առանձին վերցրած երկրների միջև՝ Վրաստան-Հայաստան, Վրաստան-Իրան, Հայաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան, Ռուսաստան-Իրան, ապա սա դժվար է պատկերացնել Մոսկվայի և Թբիլիսիի (որոնք 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո խզել են դիվանագիտական հարաբերությունները) ներկայիս փոխհարաբերությունների պարագայում։

Այնուամենայնիվ, ներկա պահին երկու երկրների փոխհարաբերությունները որոշակի դրական դինամիկա ունեն, ինչը կապված է բանակցային ձևաչափի գործունեության հետ, որին մասնակցում են Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչը և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը (այսպես կոչված «Աբաշիձե-Կարասին» ձևաչափ)։ Բանակցությունների շրջանակում վերջին 3,5 տարիների ընթացքում կողմերը կարողացել են զգալիորեն բարելավել առևտրատնտեսական հարաբերությունները, իսկ ցուցանիշները քանիցս ավելացել են։

Վերը նշված գործոնը թույլ է տալիս ենթադրել, որ տեսականորեն հնարավոր է «Մոսկվա-Թբիլիսի-Երևան-Թեհրան» քաղաքական-տնտեսական առանցքի զարգացումը, որը կհենվի վերը նշված երկրների առևտրատնտեսական փոխհարաբերությունների պրագմատիկ բազայի վրա։ Սակայն այս ճանապարհին կան նաև այլ նախագծեր, որոնք ավելի մրցունակ են և կարող են իրագործվել առանց Հայաստանի Հանրապետության մասնակցության։ Այդ նախագծերի (էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ) առանցքային օղակը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որն ընթացիկ տարվա սկզբից դուրս է եկել միջազգային պատժամիջոցներից՝ իր միջուկային ծրագրի հետ կապված, որոնք մտցվել էին 2000-ական թթ. կեսերին։

Արդեն նոր իրողություններում, հունիսի 25-ին Ադրբեջանի գծով TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) տրանսպորտային համագործակցության ծրագրի ազգային քարտուղար Ակիֆ Մուսթաֆաևը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում1 ասել էր, որ թուրքական կարճ երթուղու փոխարեն Իրանը կարող է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Եվրոպա հասցնել տարեկան մինչև 3 մլն տոննա բեռներ։ Ըստ Մուսթաֆաևի՝ այս նախագիծը «միանգամայն իրական է»։ Տեղափոխության պատճառը «ահաբեկչության դեպքերի հաճախացումն է Թուրքիայի՝ Իրանին սահմանակից տարածքում»։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի հետ Ադրբեջանի «պատմական» համաձայնությունները (երկու երկրների երկաթուղիները միացնելու մասին, պետությունների ղեկավարների ստորագրած շրջանակային համաձայնագրերը, սահմանային Աստարաչայ գետի վրա երկաթուղային կամրջի շինարարության մասին, սահմանի երկու կողմում բեռնատերմինալների ստեղծման, ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ բեռները տեղափոխելու, բեռնափոխադրողներին հարկերից ազատելու մասին) իրանցի բեռնափոխադրողների համար ստեղծում են լավ պայմաններ Ադրբեջանով և Վրաստանով դեպի Եվրոպա բեռները փոխադրելու համար։

Ըստ Մուսթաֆաևի՝ բեռները կարող են տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, իսկ այնտեղից էլ՝ սևծովյան նավահանգիստներով դեպի Եվրոպա։ Բացի այդ, ըստ նրա՝ արդեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումից հետո ապրանքները կարող են անցնել նաև Թուրքիայի տարածքով։ «Իհարկե, Իրանի համար դա երկարացնում է երթուղին, բայց հանուն բեռների անվտանգության հարկ կա դիմել նման քայլերի։ Հաշվի առնելով, որ ներկայում երկաթուղիների արդիականացման աշխատանքներ են տարվում Ադրեջանում և Իրանում, ժամանակի կորուստը կարելի կլինի փոխհատուցել ի հաշիվ գնացքների շարժման արագության մեծացման»,- նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ՝ ապրիլին, տեղի էին ունեցել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որոնցում որոշվել է սկսել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման առարկայական մշակումը (սա Սանկտ Պետերբուրգից մինչև Հնդկաստան, Մումբայի (Բոմբեյ) նավահանգիստներ երթուղին է՝ 7,2 հազ. կմ երկարությամբ։ Երթուղու նպատակն է՝ բեռները Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի այլ երկրներից տեղափոխել ռուսական տարածք Կասպից ծովով և այնուհետև՝ դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա։ Այն պետք է Կասպիայի արևմտյան ափով Ռուսաստանից անցնի Իրան Ադրբեջանով)։ «Մենք կարծում ենք, որ այդ նախագծերի իրագործումը կարագացնի բեռների տարանցումը։ Մենք քննարկում ենք վերջին դրվագները... Կարծում ենք, որ այս համագործակցությունը ծառայում է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ժողովուրդների և, իհարկե, հենց տարածաշրջանի շահերին»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Երթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017թ., իսկ միջազգային տրանսպորտային այս միջանցքի մասին համաձայնագիրը Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանը ստորագրել են դեռևս 2000թ. և վավերացրել 2002թ.։ Կասպիայի արևմտյան ափով ճանապարհի կառուցման համար պահանջվել է կառուցել Կազվին-Աստարա (իրանական)-Աստարա (ադրբեջանական) նոր երկաթուղին: Այն պետք է միացնի ադրբեջանական Աստարան իրանական Աստարա, Ռեշտ և Կազվին քաղաքների հետ։ Կազվին-Ռեշտ երկաթուղային հատվածի շինարարությունը 2015թ. ավարտվել է, իսկ ահա Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը գտնվում է նախագծային փուլում։ Տարբեր տվյալներով՝ երկաթուղու նախատեսված թողունակությունը կազմելու է 4-10 մլն տոննա բեռ առաջին փուլում, իսկ հետագայում պետք է հասնի մինչև տարեկան 15-20 մլն տոննայի։

Այսպիսով, պետք է փաստել, որ ընթացիկ տարեսկզբից Իրանը դարձել է այն երկիրը, որի հետ հարևան պետությունները ձգտում են բարելավել փոխհարաբերությունները և իրենց կողմը ներգրավել իրանական ներդրումները, դեպի իրենց ուղղորդել զբոսաշրջային հոսքն ԻԻՀ-ից։ Հետևաբար, ուշադրության առնելով պաշտոնական Երևանի հետաքրքրվածությունը Մոսկվա-Թբիլիսի-Երևան-Թեհրան առանցքով, անհրաժեշտություն կա դիտարկել վրաց-իրանական երկկողմանի փոխհարաբերությունները ներկա փուլում։ Նպատակը պաշտոնական Թեհրանի և Թբիլիսիի շահերի ընդհանրության պարզումն է՝ էլ ավելի խորացնելու համար փոխհարաբերությունները, Հայաստանի տարանցման պոտենցիալի օգտագործմամբ և Եվրասիական միություն դուրս գալու հեռանկարով, որի հետ Թեհրանն անընդհատ բարելավում է փոխհարաբերությունները, ընդհուպ մինչև ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումը։ Միայն այն ժամանակ, երբ Թեհրանը հետաքրքրություն ցուցաբերի ԵԱՏՄ-ի հանդեպ, հնարավոր կդառնա նաև վերը նշված Մոսկվա-Թբիլիսի-Երևան-Թեհրան առանցքի ստեղծումը։

Վրաց-իրանական փոխհարաբերությունները. ստատիկ վիճակից դեպի դինամիկա

Չխորանալով վրաց-իրանական փոխհարաբերությունների բազմադարյա պատմության մեջ՝ նշենք, որ վրաց-իրանական առաջին շփումները նորագույն շրջանում վերաբերում են Խորհրդային Միության փլուզման և անկախ Վրաստանի կազմավորման տարիներին։ Սակայն մինչև ԽՍՀՄ փլուզումը, 1991թ. աշնանը, ոչ պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել իրանցի դիվանագետների մի խումբ, որոնք եկել էին ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին և հանդիպել էին նաև երկրի ԳԽ նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ։ Իրանում արտաքին քաղաքական գծի կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ երկրի նախագահի պաշտոնին Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի ընտրությունից հետո, որի կառավարությունն անվանեցին «պրագմատիկ»։ Այդ ժամանակ էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձավ աշխարհի առաջին երկրներից մեկը, որը ճանաչեց Վրաստանի անկախությունը։ Դա տեղի ունեցավ 1992թ. մայիսի 15-ին։ Արդեն 1993թ. Վրաստանի ԳԽ նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այցելեց Իրան։ Առաջին այցելության շրջանակում կողմերը ստորագրեցին 22 համաձայնագիր, որոնք վերաբերում էին գործունեության գրեթե բոլոր ոլորտներին։ Այդ ժամանակ էլ՝ 1993թ., Իրանը դեսպանություն բացեց Վրաստանում, իսկ պաշտոնական Թբիլիսին պատասխան քայլի դիմեց 1994թ. վերջին։

ԻԻՀ նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի պատասխան այցելությունը Վրաստան տեղի ունեցավ 1995թ. ապրիլին։ Ավելի ուշ՝ 2015թ., վրաց լրագրողներից մեկին տված հարցազրույցում նախկին նախագահ Ռաֆսանջանին, մեկնաբանելով Թբիլիսի կատարած իր այցը, ասել էր, որ այն ժամանակ ինքը և Շևարդնաձեն քննարկել են բազմաթիվ հետաքրքիր հարցեր, բայց «հարաբերությունների զարգացման մեջ ավելի մեծ դինամիզմ» էին ակնկալել, քան «իրականում ստացել էին»։

Առաջին իսկ տարիներից ի հայտ է գալիս այս երկու պետությունների որոշակի վարքագիծ։ Վրաստանը հակախորհրդային-հակառուսական քաղաքականության ալիքի վրա կանգ է առնում արտաքին քաղաքականության եվրոպական և եվրատլանտյան վեկտորի վրա, մինչդեռ Իրանի համար նման քաղաքականությունը և Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային դերակատարների առկայությունն ուղղակի սպառնալիք է նրա ազգային անվտանգությանը։ Ելնելով այս նկատառումներից՝ Թեհրանն այս ամբողջ տարիներին վարել է պրագմատիկ և ակտիվ քաղաքականություն տարածաշրջանի երկրների և Վրաստանի հանդեպ, այնինչ Թբիլիսին ժամանակի ընթացքում էլ ավելի է շրջվել դեպի արևմտյան գործընկերները, ինչը չէր կարող չանդրադառնալ երկու երկրների միջպետական կապերի վրա։

Սակայն արդեն 2000-ական թթ. կեսերին երկու երկրների հարաբերությունները սկսեցին սառչել, չնայած պաշտոնական Թեհրանի մշտական սիրալիրություններին։ Հարկ է նշել 2006 թվականը, երբ Վրաստանի համար ծայրահեղ ձմռանը Իրանն աջակցեց Վրաստանին էներգետիկ ճգնաժամի ժամանակ, որն առաջ էր եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմամբ։ Անգամ 2008թ. օգոստոսյան պատերազմի արդյունքներով Թեհրանն իրեն դրսևորեց որպես կայուն գործընկեր՝ շարունակելով ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու հրաժարվելով ճանաչել նոր պետական կազմավորումները՝ Աբխազիան և Հարավային Օսիան (ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին շարունակում էր Վրաստանի հետ համերաշխության արտաքին քաղաքականությունը)։ Նշենք, որ արդեն 2000-ական թթ., Արևմուտքի հետ փոխհարաբերությունների վատթարացման ֆոնին, Թեհրանի քաղաքականությունը հանգեցվում էր երկու հիմնական գործոնի. Կովկասի կողմից գալիք ռիսկերի չեզոքացում, պրոակտիվ արտաքին քաղաքականություն տարածաշրջանում (արտաքին ակտորներին թույլ չտալ ներթափանցել Հարավային Կովկաս) և Արևմուտքի հետ երկխոսության հաստատման փորձեր՝ Թբիլիսիի արևմտամետ ռեժիմի միջոցով։

2004-2016թթ. երկրների միջև պետությունների բարձրագույն պաշտոնատար անձանց այցելություններ չեն եղել (նախագահներ Մոհամեդ Խաթամիի, Մահմուդ Ահմադինեժադի և Հասան Ռոհանիի օրոք)։ Միջպետական հարաբերությունների որոշակի սառեցումը պայմանավորված էր նաև Վրաստանի տարածքում ԻԻՀ քաղաքացի Ամիր Հոսեյն Արդեբիլի գտնվելով և 2007թ. սեպտեմբերին նրան ԱՄՆ-ին արտահանձնելով։ Սակայն 2010թ., Միխայիլ Սաակաշվիլու օրոք, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն այցելում է ԻԻՀ, և այցի շրջանակներում երկրները, իրանական կողմի նախաձեռնությամբ, 2010թ. նոյեմբերի 3-ին ստորագրում են համաձայնագիր երկու երկրների քաղաքացիների համար վիզաները հանելու մասին, որն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարից։

Վիզային ռեժիմը հանելու գործնական նշանակությունը հասկանալու համար ներկայացնենք Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որտեղ ցույց է տրված, որ 1994-1999թթ. Վրաստան է եկել մոտ 6 հազ. իրանցի, մինչդեռ 2011-ից ամեն տարվա ամեն ամիս է երկիր եկել 6 հազ. Իրանի քաղաքացի։ Նույնը վերաբերում է նաև իրանական ներդրումներին։ Եթե 2010թ. Վրաստանում գրանցվել է 84 իրանական ընկերություն, ապա 2012թ. դրանց թիվն ավելացել է մինչև 1489-ի։ Այս ամենն ուղեկցվել է նաև երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմամբ։ Այսպես, ԻԻՀ-ից ներմուծումը մոտ $60 մլն-ից 2010թ. վերջին ավելացել է՝ հասնելով ավելի քան $118 մլն-ի 2013թ. կեսին։ Այդ նույն ժամանակամիջոցում արտահանումը ԻԻՀ $18 մլն-ից ավելացել է՝ հասնելով մոտ $50 մլն-ի։

Սակայն միջպետական հարաբերությունների համար դժվարին դարձավ 2013 թվականը, երբ ԻԻՀ միջուկային ծրագրի «անթափանցիկության» պատճառով Արևմուտքն ուժեղացրեց պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի, ինչին Թբիլիսին չկարողացավ հակադարձել որևէ բան (արդեն երկրի նոր ղեկավարության՝ «Վրացական երազանք» կոալիցիայի օրոք)։ Այսպիսով, պաշտոնական Թբիլիսին հուլիսի 1-ից միակողմանիորեն հրաժարվեց ԻԻՀ-ի հետ անվիզա ռեժիմից, ինչն անդրադարձավ ինչպես երկրների միջև առևտրի վրա, այնպես էլ հանգեցրեց իրանցի զբոսաշրջիկների թվի կրճատման։ Կարևոր է նշել, որ Թեհրանը չհանեց անվիզա ռեժիմը՝ դրանով իսկ ցույց տալով իր արտաքին քաղաքականության հետևողականությունը։ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն ժամանակ նշում էր, որ, չնայած պաշտոնական Թբիլիսիի այդ ժեստին, Թբիլիսիի և Թեհրանի հարաբերությունները շարունակում են մնալ բարիդրացիական, և որ Իրանի քաղաքացիների համար վիզաներ մտցնելը պայմանավորված էր ՄԱԿ հանձնարարականներով։ Անվիզա ռեժիմը հանելուց հետո Վրաստան այցելող իրանցիների թիվը կտրուկ նվազեց։ Եթե 2013թ. սահմանը հատում էր 85,598 հազ. իրանցի, ապա 2014թ. Իրանից այցելուների թիվը կրճատվեց 44%-ով՝ 47,929 հազ. մարդ, իսկ 2015թ.՝ 70%-ով, 25,264 հազ. այցելու։ Վիզային քաղաքականության պատճառով դադարեցին թռիչքները Թեհրանի և Թբիլիսիի միջև։ Բացի այդ, իրանական 100 ընկերություն ստիպված էր լքել վրացական շուկան բանկային սահմանափակումների և վիզային ռեժիմի պատճառով։ Հետաքրքիր է, որ Իրանից ուղղակի օտարերկրյա ներդրումները Վրաստան 2006-2015թթ. կազմել են մոտ $9,2 մլն կամ դրանց ընդհանուր թվի 0,1%-ը (կտրուկ անկում 2013-2015թթ.)։

Միջպետական հարաբերությունների համար բեկումնային դարձավ 2015թ. կեսը, երբ հուլիսի 14-ին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Եվրամիությունը և Իրանը պայմանավորվեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին (ԳՀՀԾ կամ «Իրանական համաձայնագիր»)՝ նպատակ ունենալով վերջ դնել դիմակայությանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը համաձայնեց նաև ինքնակամ կիրառել համաձայնագրի Լրացուցիչ արձանագրությունը ԱԷՄԳ երաշխիքների մասին, որը թույլ է տալիս կազմակերպությանը մոնիթորինգի լրացուցիչ հնարավորություններ մտցնել ԻԻՀ ատոմային օբյեկտներում։ Այս փաստաթուղթը վավերացվել է ԻԻՀ մեջլիսի կողմից 2015թ. հոկտեմբերին, ինչից հետո սկսվել է ԻԻՀ-ի դեմ միջազգային պատժամիջոցների հանման գործընթացը՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։ Հարցը վերջնականապես լուծվեց 2016թ. հունվարի 16-ին ԱԷՄԳ զեկույցի հրապարակումից հետո։

Վրաց-իրանական հարաբերությունների համար միջազգային հանրության այս քայլը «կանաչ լույս» վառեց հարաբերությունների վերականգնման և ավելի ակտիվ համագործակցության առջև։ Այսպես, փետրվարի 9-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում նրան հրավիրել է Վրաստան և տեղեկացրել, որ փետրվարի 15-ից Վրաստանը վերականգնում է «Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագրեր ունեցողների համար վիզաները երկկողմանի հանելու մասին» համաձայնագրի գործողությունը (ստորագրվել էր 2010թ.), ինչը հնարավորություն կտա ԻԻՀ քաղաքացիներին Վրաստանում գտնվել առանց վիզայի 45 օրվա ընթացքում՝ երկիր մտնելու պահից սկսած։

Այսպես կոչված Մոսկվա-Թբիլիսի-Երևան-Թեհրան առանցքի միջպետական ձևաչափի՝ ներկա պահին առկա ձեռքբերումների մեջ հարկավոր է նշել Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի շինարարության «ճանապարհային քարտեզը»՝ ստորագրված Երևանում ս.թ. ապրիլի 13-ին, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարների և Վրաստանի էներգետիկայի փոխնախարարի կողմից։ Մեկնաբանելով այս փաստաթղթի ստորագրումը՝ Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Քալաձեն ասել է, որ Իրանը բավական կարևոր շուկա է, մանավանդ նրա հանդեպ պատժամիջոցները հանելուց հետո, և Վրաստանը պետք է առավելագույնս օգտագործի այդ երկրի ռեսուրսներն ու հնարավորությունները։

Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով՝ «ճանապարհային քարտեզը» ձևակերպում է այն գործողությունները, քայլերը և ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն մինչև 2019թ., երբ ֆիզիկապես կգործարկվի Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը։ Բացի այդ, նշվել է, որ փաստաթուղթը նախատեսում է անհրաժեշտ իրավական համաձայնագրեր, աշխատանքների կատարման գրաֆիկներ և ժամկետներ, ինչը թույլ կտա կազմակերպել բոլոր ցանցերի համատեղ աշխատանքը և ապահովել դրանց բեռնվածությունը։ Ծրագրի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև արդեն իրականացվում է էլեկտրահաղորդագծերի շինարարություն՝ իրանական կողմի ֆինանսավորմամբ, ինչպես նաև բարձրավոլտ ԷՀԳ է անցկացվում Հայաստանի և Վրաստանի միջև KfW բանկի վարկային միջոցներով։ Նախատեսվում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի լիարժեք թողարկումից հետո դրա հզորությունը կհասնի 1000 մվտ-ի։ Վրաստանի էներգետիկայի նախարարի խոսքերով՝ Հայաստանի կողմից նոր էլեկտրահաղորդագծերի և ենթակայանի շինարարության նախագծի աշխատանքն ավարտելուց հետո, 2017թ., Վրաստանը կկարողանա ներդրողներին հնարավորություն տալ իրականացնելու էլեկտրաէներգիայի առևտուր ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի հետ՝ Հայաստանի միջոցով։

1 Тренд: Иран может провозить в Европу через Азербайджан до 3 млн. тонн грузов, http://www.trend.az/business/economy/2550240.html.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր