• am
  • ru
  • en
Версия для печати
14.04.2016

ՆՈՐ ԱՆՑԱԿԵՏ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

   

Գևորգ Պետրոսյան
Թուրքագետ, ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ

2015թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիան և Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակետ, որը թուրքական կողմում կրում է Չըլդըր-Աքթաշ, իսկ վրացական կողմում` Կարծախ անվանումը:

Աքթաշ/Կարծախ անցակետը երրորդն է շուրջ 270 կմ երկարությամբ ձգվող Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին: Աքթաշի սահմանային անցակետը ներկայիս Թուրքիայի Արդահանի նահանգի Չըլդըր շրջանում է, իսկ Կարծախի սահմանային անցակետը՝ Վրաստանի Սամցխվե-Ջավախքի Ախալքալաք շրջանում:

Թուրքիայի և Վրաստանի միջև մյուս երկու սահմանային անցակետերից մեկը՝ Սարփի անցակետը, Սև ծովի ափով կապում է Բաթումն ու Արդվինը, մյուսը՝ Թյուրքգյոզու/Վալե անցակետը, Ախալցխան և Արդահանը, ինչպես և նոր սահմանային անցակետը: Վերոնշյալ անցակետերից առավել ծանրաբեռնվածը սևծովյան Սարփի անցակետն է: Աքթաշ/Կարծախ անցակետը վրաց-թուրքական սահմանի ծայր հարավային հատվածում է՝ Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքից շուրջ 35 կմ հարավ-արևմուտք, իսկ ներկայիս Թուրքիայում գտնվող Արդահան քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք: Վրաստանի տարածքում անցակետի ամենամոտ բնակավայրը Կարծախ (Կարզախ) գյուղն է1, որը բնակեցված է հայերով: Թուրքական կողմում անցակետին ամենամոտ բնակավայրը Քենարբել (Քանարբել) գյուղն է, որը նախկինում հայաբնակ է եղել2: Անցակետի անմիջական հարևանությամբ է Ջավախքի ազգային պարկի մաս կազմող Խոզափին լիճը, իսկ անցակետից Արդահան տանող ճանապարհն անցնում է ավելի խոշոր Ծովակն լճի մոտակայքով3: Թեև այս հատվածում սահմանային անցակետ կառուցելու և այն վերագործարկելու խոսակցությունները վերջին տասնամյակներին մշտապես օրակարգում էին, սակայն թուրք-վրացական անցակետի հիմնարկեքի արարողությունը կայացավ միայն 2013թ., ինչից հետո էլ սկսվեց լայնածավալ շինարարությունը:

Մինչև Երկրորդ աշխարհամարտի տարիները, այստեղ ևս գործել է սահմանային անցակետ Թուրքիայի Հանրապետության և ԽՍՀՄ-ի միջև, սակայն պատերազմի տարիներին որոշում է կայացվել փակել այն4, ինչից հետո ընդհուպ մինչև 2015թ. այն չի գործել: Թուրքական կողմը նոր անցակետի շինարարության համար ծախսել է շուրջ 60 մլն թուրքական լիրա (շուրջ $25 մլն): Անցակետին կից կառուցվել են նաև մաքսային նշանակության շինություններ: Շինության ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 76 հազ. մ2, որից 20 հազ. մ2 հատվածը փակ տարածքներն են: Անցակետն ունի երեք մուտքի և երեք ելքի ուղիներ5: Այսպիսով, իր չափերով այն դառնում է Թուրքիայի երրորդ ամենախոշոր սահմանային անցակետը6:

Հնարավորություն ունենալով անձամբ անցնել Թուրքիայի և Վրաստանի միջև երեք սահմանային անցակետերով էլ՝ ակնհայտ է, որ նոր անցակետը և՛ ավելի հարմար է, և՛ ավելի խոշոր ու ժամանակակից՝ մյուս երկուսի համեմատ: Միևնույն ժամանակ, անձնական փորձից ելնելով՝ հնարավոր է պնդել, որ անցակետի հանդիսավոր բացմանը հաջորդած օրերին Աքթաշ/Կարծախում առկա էին որոշ տեխնիկական խնդիրներ, և ակնհայտ էր աշխատակազմի անփորձությունը:

Հոկտեմբերի 18-ին թուրք-վրացական սահմանային նոր անցակետի հանդիսավոր բացմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ երկու պետություններից, ինչն ընդգծում էր դրա կարևորությունն ու նշանակությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախարար Ջենափ Աշչըն, մշակույթի և զբոսաշրջության նախարար Յալչըն Թոփչուն, Արդահանի նահանգապետ Ահմեթ Դենիզը, իսկ վրաստանյան կողմը ներկայացնում էին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, ինչպես և Թուրքիայի ու Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանները: Թուրքական մամուլում ոչ պաշտոնական տեղեկություններ կային, թե սահմանային անցակետի բացմանը ներկա էր լինելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը, սակայն, արարողությանն այդպես էլ չմասնակցեց: Հաշվի առնելով այն, որ 2 շաբաթից էլ քիչ ժամանակ էր մնացել Թուրքիայում նոր ընտրություններին, սպասելի էր, որ Էրդողանը դժվար թե մասնակցեր նոր անցակետի բացմանը. այս փուլում առավել կարևոր էին ներքաղաքական զարգացումներն ու Քրդական խնդրին առնչվող իրադարձությունները:

Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվողներից Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) ղեկավար Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն անցակետի բացման արարողության ժամանակ շեշտեց դրա կարևորությունը Թուրքիայի համար՝ դեպի Միջին Ասիա ցամաքային կապի տեսանկյունից: «Մի վայրում, որտեղ առևտուր կա, գումար կա, թե գումար էլ կա, հարստություն կա: Ասում էին, թե Չըլդըրից այն կողմ ճանապարհ չկա, սակայն արդեն կա: Դեպի Միջին Ասիա գնացող հարստության ճանապարհ կա: Երբ դուրս ես գալիս Աքթաշի անցակետից, ապա 3 ժամ տևողությամբ տարածքում 17 մլն բնակչությամբ $100 մլրդ արժեցող տնտեսություն կա (այստեղ Հիսարջըքլըօղլուն չմանրամասնեց, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը– Գ.Պ.)»,- բացման արարողությանը հայտարարեց Հիսարջըքլըօղլուն, որը նաև հավելեց, որ Թուրքիային պետք են նոր ավտոճանապարհներ և թունելներ դեպի սահմանային անցակետ, ինչի արդյունքում Ստամբուլի և Թբիլիսիի միջև հեռավորությունը կարող է կրճատվել 330 կմ-ով7:

Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախարար Ջենափ Աշչըն ևս խոսեց Աքթաշ-Կարծախի միջոցով դեպի երրորդ երկրներ կարճացող ճանապարհի մասին՝ նշելով, որ նոր անցակետը հնարավորություն է տալիս կրճատել դեպի Ռուսաստան ավտոճանապարհը շուրջ 130 կմ-ով, իսկ դեպի Ադրբեջան ցամաքային կապը՝ 200 կմ-ով:

Արդահանի նահանգապետն իր հերթին հայտարարեց, որ նոր անցակետի շնորհիվ կրճատվում է ցամաքային ճանապարհը դեպի Թբիլիսի և Ադրբեջան, ինչպես նաև հնարավորություն է տալիս, որպեսզի գերծանրաբեռնված Սարփի անցակետի համար (Սև ծովի ափամերձ հատվածում) այլընտրանք լինի: Վերջինս հավելեց, թե Աքթաշի անցակետի բացումը «60-ամյա երազանք էր», որն ի վերջո իրականացավ8: Թուրքական կողմը հույս հայտնեց նաև, որ նոր անցակետի գործարկմամբ հնարավոր կլինի զարգացնել տեղանքում զբոսաշրջությունը: «Սահմանային անցակետերի միջոցով հնարավոր է լինում ավելի մերձենալ: Նոր անցակետը շատ կարևոր դարպասի է վերածվելու»,- իր խոսքում նշեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, որը նաև հավելեց, թե ներկա է եղել նաև սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությանը:

Հատկանշական է, որ թուրք-վրացական նոր սահմանային անցակետի բացումը 2015թ. նոյեմբերի 1-ին նախանշված Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններից առաջ էր, և բացման հանդիսավոր արարողության ընթացքում ևս անդրադարձ եղավ ընտրական գործընթացներին՝ ստանալով նաև քաղաքական և նախընտրական քարոզչության երանգներ: Այս փաստը հաստատեցին ոչ միայն միջոցառմանը ներկա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները, այլ նաև քրդամետ, ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից (ԺԴԿ)9 Արդահանը ներկայացնող պատգամավոր Թաշքըն Աքթաշի հայտարարությունը, որում, ողջունելով նոր անցակետի բացումը և շեշտելով դրա կարևորությունը, միևնույն ժամանակ դժգոհություն էր հայտնում, որ իրենց կուսակցության անդամները հրավիրված չեն եղել միջոցառմանը, և նրանց մեկուսացնելու քաղաքականություն է իրականացվել10:

Ըստ ներկաների հայտարարությունների և թուրքական մամուլի անդրադարձների՝ սահմանային նոր անցակետի գործարկումը դիտվում է ոչ միայն պետական և միջազգային նշանակությամբ, այլև ընդգծվում է դրա կարևորությունը տեղի՝ Արդահանի և մոտակա շրջանների զարգացման համար, քանի որ այս հատվածը Թուրքիայի ամենաթույլ զարգացած տարածքներից է: Այսպիսով, նոր անցակետի բացումը նպատակ ունի նաև զարգացնել «Սերհաթ» (թուրք.՝ Serhat) գոտին, որն ընդգրկում է ՀՀ-ին անմիջապես սահմանակից Կարսի, Արդահանի ու Իգդիրի նահանգները և Թուրքիայի ամենահետամնաց հատվածներից է: Արդահանում չեն թաքցնում նաև այն, որ նոր անցակետը հնարավորություն կտա աշխուժացնել առևտուրը և զարգացնել զբոսաշրջությունը:

Անցակետի պաշտոնական բացումից մի քանի օր անց թույլատրվեց նաև բեռնափոխադրումները բեռնատարների համար: Անցակետը մինչ 2016թ. ապրիլ գործելու է 08:00-21:00-ին, իսկ արդեն ապրիլից սկսելու է գործել շուրջօրյա 24 ժամ գրաֆիկով11:

Նոր սահմանային անցակետի գործարկման հետ շարունակվում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու՝ Ախալքալաքի կայարանի կառուցումը, որը տեղակայված է հայաբնակ քաղաքից հարավ՝ Կարծախ-Ախալքալաք ավտոճանապարհի հարևանությամբ: Միևնույն ժամանակ, երկաթուղին անցնում է սահմանային անցակետի մոտակայքով, որտեղ ևս շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս ամենի արդյունքում Ախալքալաքը վերածվում է կարևոր տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի, ինչը կարող է ակտիվացնել տնտեսությունն այս հատվածում: Այնուամենայնիվ, նման զարգացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս թուրքական և ադրբեջանական ազդեցությունների աճի վտանգ, ինչը, կարծում ենք, առանձին հետազոտության թեմա է:

Թեև սահմանային անցակետի բացման արարողության ժամանակ Թուրքիան և Վրաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին չանդրադարձան նոր անցակետի՝ Հայաստան-Թուրքիա բեռնա- և ուղևորափոխադրումների համար նշանակությանը, սակայն ակնհայտ է, որ Աքթաշ/Կարծախը մեծագույն կարևորություն է ներկայացնում նաև Հայաստանի համար:

Հայաստանի հետ բեռնափոխադրումների համար նոր անցակետի կարևորության մասին, սակայն, հանդիսավոր բացմանը խոսեց ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամ, Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախկին նախարար Էնսար Օղյութը, որը նշեց, թե «նոր սահմանային անցակետը կարող են օգտագործել Հայաստանի հետ առևտրի ակտիվացման համար»: «Հայ հարուստ գործարարները, արևելյան անցակետի փակ լինելու (նկատի ունի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային փակ անցակետերը- Գ.Պ.) պատճառով, կարող են այս անցակետն օգտագործել առևտրի համար, ինչը կբերի նաև Չըլդըրի բարգավաճմանն ու Արդահանի զարգացմանը»,- հայտարարեց Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախկին նախարարը12:

Հայաստանյան կողմի համար նոր անցակետի գործարկումը կարևորվում է նրանով, որ ավտոճանապարհային հաղորդակցության տեսանկյունից Հայաստանի և Թուրքիայի միջև հեռավորությունն ու ժամանակը բավական կրճատվում են:

Հայ-վրացական սահմանի Բավրայի սահմանային անցակետից ներկայիս Թուրքիայի Կարս քաղաք հասնելու համար ճանապարհն անցակետի միջոցով կրճատվում է շուրջ 125 կմ-ով և մի քանի ժամով՝ հաշվի առնելով տեղանքի բարդությունները, որտեղով անցնում է Ախալցխան ու Կարսը կապող ճանապարհը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների պայմաններում երկու երկրների միջև ակտիվ առևտուր և բեռնափոխադրումներ են իրականացվում, իհարկե, սա ավելի շատ միակողմանի բնույթ է կրում՝ թուրքական արտադրության ապրանքներ՝ հայաստանյան շուկայի համար և/կամ հայաստանցի աշխատողներ՝ Թուրքիայի աշխատանքի շուկայում: Հայաստանն ու Թուրքիան ցամաքային ճանապարհով կապելու տարանցիկ երկրի դերն էլ կատարում է Վրաստանը:

Վրաստանի տարածքն էլ երկուստեք օգտագործվում է ոչ միայն ցամաքային բեռնափոխադրումների, այլ նաև ուղևորափոխադրումների համար: Ուղևորափոխադրումներից օգտվելու նպատակն աշխատանքն է կամ մանր առևտուրը, սակայն քիչ չէ նաև այն հայերի թիվը, ովքեր ցանկանում են այցելել Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանները: Վերջիններիս համար ոչ միայն զգալի կրճատվում է ճանապարհը, այլ նաև հնարավոր է լինում խուսափել Ախալքալաքից Ախալցխա ոչ դյուրին ճանապարհից, ինչպես նաև թուրքական հատվածի՝ Արդահանի բարձրլեռնային տարածքներով անցնող ճանապարհից:

Իհարկե, սա չի նշանակում, թե Թուրքիա-Վրաստան սահմանի մյուս երկու անցակետերը կորցնում են Հայաստանի համար իրենց նշանակությունը: Հաշվի առնելով սևծովյան մայրուղու հարմարավետությունը խոշոր բեռնատարների համար, ինչպես նաև Թուրքիայի արդյունաբերական քաղաքների տեղաբաշխումը, կարելի է սպասել, որ Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների զգալի մասը, այնուամենայնիվ, կշարունակվի հենց Սարփի անցակետով, որը Սև ծովի ափին է:

Վերադառնալով նոր անցակետի թեմային՝ պետք է նշել, որ Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքից ոչ հեռու բացված անցակետը ստանում է տարածաշրջանային նշանակություն, քանի որ այն նախևառաջ սպասարկում է Վրաստանին, և հատկապես մեր հյուսիսային հարևանի հարավարևմտյան շրջանների համար ավելի հարմար ուղի է առաջարկում:

Նոր անցակետից, ինչպես նշեցինք, որոշակիորեն օգտվելու են Հայաստանի քաղաքացիները, իսկ աշխարհագրական դիրքն ու առավել կարճ հեռավորությունն Ադրբեջանից թույլ կտա նաև այս երկրին օգտվել նոր անցակետից: Բացի այդ, Ախալցխա-Արդահան անցակետից կարող են օգտվել Իրանից բեռներ (հիմնականում վառելիք) տեղափոխող բեռնատարները, որոնց պարագայում Թուրքիան տարանցիկ երկիր է, իսկ Վրաստանը՝ կամ վերջնակետ, կամ կրկին տարանցիկ երկիր: Թուրքիայում սա համարում են ևս մեկ պատուհան՝ ցամաքային կապով Ռուսաստան հասնելու համար, իսկ ռուսաստանյան կողմը Թուրքիայի կարևորագույն առևտրային գործընկերներից է: Բացի աշխարհագրորեն ավելի մոտ պետություններից, Թուրքիան ցանկանում է նաև նոր անցակետն օգտագործել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններ հասնելու համար:

Այսպիսով, Թուրքիան ռազմավարական տեսանկյունից կարևոր դարպաս է բացում դեպի Կովկաս, ինչի արդյունքում նախատեսում է աշխուժացնել առևտուրն ու մեծացնել բեռնափոխադրումներն ինչպես ավելի մոտ տարածաշրջաններ (Հարավային Կովկաս, Ռուսաստան), այնպես էլ Միջին Ասիա, հատկապես, թյուրքալեզու հանրապետություններ:

Վերադառնալով Թուրքիայի տարածքով իրանական բեռնափոխադրումների թեմային՝ պետք է փաստել, որ այս տեսանկյունից Հայաստանում կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին իրանական մեքենաների համար թուրքական տարանցիկ ճանապարհներին այլընտրանք կարող է դառնալ: Հաշվի առնելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա վերջին բացասական միտումները՝ կապված Թուրքիայի օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 գրոհիչի խոցմանը հաջորդած դեպքերի հետ, Հյուսիս-Հարավ մայրուղին կարող է զգալի ավելացնել իր կարևորությունը ռուս-իրանական բեռնափոխադրումների տեսանկյունից: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Հյուսիս-Հարավ մայրուղին ժամանակային առումով որոշակիորեն հետ է մնում, սակայն այս նախագծի կենսագործումն ու դրա ճիշտ կիրառումը կարող են բարձրացնել Հայաստանի՝ տարանցիկ երկրի դերը և այս առումով մրցակցություն ստեղծել Հայաստանի հետ սահմանը փակած Թուրքիայի հետ:

1 Կարզախ գյուղում գործում է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին, իսկ բնակավայրը հայտնի է նրանով, որ այստեղ ծնվել է աշուղ Ջիվանին:

2 Աշոտ Մելքոնյան, «Ախալցխայի նահանգի վարչաժողովրդագրական պատկերը՝ ըստ թուրքական հարկացուցակների (16-րդ դ. վերջ - 18-րդ դ. սկիզբ)», Հայոց պատմության հարցեր. Գիտական հոդվածների ժողովածու-2, Երևան, 2011, էջ 32:

3 Ծովակն լիճը Թուրքիայում անվանում են Չըլդըր: Այս անունով կոչվում է նաև լիճն ընդգրկող շրջանը:

4 Karatay Medya, “Kars Ve Ardahan’ı Kafkaslara Bağlamak”, http://karataymedya.com/2015/11/18/kars-ve-ardahani-kafkaslara-baglamak/.

5 Gümrük ve Turizm İşletmeleri Ticaret A.Ş (GTİ), “Çıldır-Aktaş Sınır Kapısı”, http://www.gtias.com.tr/modul/index/menu/Arama_Sonuclari/101.

6 Çıldır Manşet, “50 yılın hayali gerçek oluyor”, http://www.cildirmanset.com/haber/50-yilin-hayali-gercek-oluyor-2833.html.

7 “60 yıllık hasret sona erdi, Aktaş sınır kapısı açıldı”, Milliyet, 18.10.2015.

8 Նույն տեղում։

9 Հատկանշական է, որ թեև 2015թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԺԴԿ-ն էր հաղթել Արդահանի նահանգում, սակայն արդեն նոյեմբերի 1-ի ընտրություններով այստեղ հաղթեց ԱԶԿ-ն:

10 Ardahan Ses Haber, “Aktaş Sınır Kapısı ile ilgili Milletvekili Taşkın Aktaş açıklama yaptı”,

http://www.ardahanseshaber.com/aktas-sinir-kapisi-ile-ilgili-milletvekili-taskin-aktas-aciklama-yapti/3075/.

11 UND, “Çıldır – Aktaş Sınır Kapısı TIR Trafiğine Açıldı!”, http://www.und.org.tr/tr/17753/cildir-%E2%80%93-aktas-sinir-kapisi-tir-trafigine-acildi.

12 Kocaeli Gazetesi, “Ensar Öğüt: Aktaş sınır kapısı açıldığı için çok mutluyum”, http://www.kocaeligazetesi.com.tr/ensar-ogut-aktas-sinir-kapisi-acildigi-icin-cok-mutluyum-649159h.htm.


դեպի ետ