• am
  • ru
  • en
Версия для печати
09.12.2015

ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԲԱՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆՎԵԼ ԴՐԱՆԻՑ

Руский

   

Ալեքսանդր Մեխանիկ

Իր տեսության հիմքում դնելով Մարքսի և Վեբերի ուսմունքները՝ ամերիկացի նշանավոր սոցիոլոգը բացատրել է պետությունների վերելքի և անկման պատմությունը

Մակրոպատմությունն այն պատմությունն է, որին մասնակցում են ոչ թե առանձին մարդիկ և անգամ ոչ թե հերոսները, այլ դասակարգերը, ազգերը, պետությունները, այսինքն՝ սոցիալական օբյեկտները, որոնց վարքագիծը պատմության մեջ պարզել կարելի է միայն հարյուրամյակներ դիտարկելով։ Ուստի, պատահական չէ, որ այս գիտության հիմքում, հեղինակի՝ ամերիկացի նշանավոր սոցիոլոգի, կարելի է ասել՝ կենդանի դասականի խոստովանությամբ, ընկած է Մարքսի և Վեբերի գաղափարների խառնուրդը։ Ե՛վ մարքսիզմը, և՛ վեբերականությունը, ինչպեսև մակրոպատմությունը, հավակնում են բացահայտել ողջ մարդկության համար ընդհանուր պատմական օրենքներ՝ ժխտելով պատմության առանձին երևույթների եզակիությունն ու անհամեմատելիությունը։ Մարքսից այս տեսական խառնուրդում վերցված է ուշադրությունը սոցիալական խմբերի հանդեպ, Վեբերից՝ ուշադրությունը պետական զարգացման դինամիկայի և աշխարհաքաղաքականության նկատմամբ։

Այս տեսական հիմքը թույլ է տալիս Ռենդալ Քոլինզին մեկ գրքի շրջանակներում փորձել բացատրել պատմության մի քանի առանցքային խնդիրներ. հեղափոխությունների խնդիրները, դրանց պատճառները և հետևանքները; էթնիկական փոփոխությունների խնդիրները և էթնիկական հակասությունների պատճառները; դեմոկրատիայի խնդիրները և նացիզմի առաջացումը; շուկայական դինամիկան և դրա ազդեցությունը սոցիոլոգիական խնդիրների վրա։ Եվ այս բոլոր խնդիրների լուծման համատեքստում փորձել բացատրել Խորհրդային Միության փլուզումը, ինչը Քոլինզի համար հատկապես կարևոր է, չէ՞ որ նա դեռ 1980թ. կանխատեսել էր դա։ Սա հատկապես հետաքրքիր է, և մենք կանգ կառնենք դրա վրա։

Միության փլուզման բացատրությունը, ինչպեսև այդ իրադարձության կանխատեսումը, Քոլինզի մոտ հենված է պետական հզորության աշխարհաքաղաքական տեսության վրա, որին նա հանգում է Վեբերի պետության սահմանումից՝ որպես «օրինական կամ լեգիտիմ ուժի մոնոպոլացում» այդ պետության տարածքում։ (Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ինքը՝ Վեբերը, իր դիրքորոշման հիմնավորման համար հղում է կատարում Տրոցկուն, որն իր հերթին ներկայացնում էր ընդհանուր մարքսիստական մոտեցումը պետության հանդեպ՝ որպես ուժի հատուկ կազմակերպություն որևէ դասի ճնշելու համար։ Սրանից պարզ երևում է, թե ինչպես են մարքսիզմը և վեբերականությունը մոտեցել պետության տեսության հարցում)։

Տարածքային հզորությունն արդի պայմաններում Քոլինզն ընկալում է ոչ այնքան որպես տարածքների զավթում, որքան որպես պետության ազդեցության աստիճան իրեն ենթակա բոլոր տարածքների և այլ պետությունների վրա։ Իսկ փլուզումն ընկալվում է ոչ միայն որպես պարզապես փլուզում, այլ նաև որպես ազդեցության թուլացում դեռ մինչև վերջերս դաշնակից համարվողների վրա։

Հիմնական եզրահանգումը, որն անում է Քոլինզն իր տեսությունից, այն է, որ «կառավարողների լեգիտիմությունը փոխվում է նրանց պետությունների արտաքին հեղինակության հետ։ Իր ծայրահեղ դրսևորումներում սա հանգեցնում է հեղափոխության բացատրությանն իբրև լեգիտիմության և հարկադրանքի միջոցների վերահսկողության կորուստ»։ Ինչպես բացատրում է Քոլինզը, հեղափոխությունների արդի տեսությունը հեռացել է նրա մարքսիստական սահմանումից՝ դասակարգային հակամարտությունից. «Հեղափոխությունները տեղի են ունենում վերևների փլուզման, այլ ոչ թե ներքևների ապստամբության պատճառով։ Բնակչության լայն խմբերի զրկանքների մակարդակը նշանակություն չունի. նրանք ի վիճակի չեն քանդել պետությունն այնքան ժամանակ, քանի դեռ միաձույլ են էլիտաներն ու նրանց ռազմական ռեպրեսիվ ապարատը»։ Վերափոխելով Լենինի հայտնի միտքը՝ կարելի է ասել, որ, ըստ Քոլինզի, քանի դեռ վերևները «կարող» են, ներքևների «ուզելը» պատմության մեջ դեր չի խաղում։

Իր տեսության հիմքում Քոլինզը դրել է հինգ սկզբունք, որոնց վրա է հիմնված պետությունների տարածքային հզորության ընդլայնումը և կրճատումը.

1. չափի և ռեսուրսների գերազանցությունը նպաստում է տարածքային էքսպանսիային,

2. գեոպոզիցիոն կամ ծայրամասային դրությունը նպաստում է տարածքային էքսպանսիային,

3. չափից ավելի ընդլայնված միջին դրության պետությունները հակված են մասնատման, քանի որ դրանք հայտնվում են թշնամիների օղակի մեջ,

4. ծայրամասային պետությունների տարածքային էքսպանսիան վաղ թե ուշ հանգեցնում է միմյանց դիմակայող հզոր պետությունների կամ դաշինքների առաջացմանը, ինչն ուղեկցվում է սպառազինությունների մասշտաբային մրցավազքով և վճռորոշ պատերազմներով ոչ մեծաթիվ հակառակորդների միջև,

5. չափից ավելի ընդլայնումը հանգեցնում է ռեսուրսային լարվածության և պետական փլուզման։

Հենց այս սկզբունքների հիման վրա է Քոլինզը կանխատեսել, իսկ հետո բացատրել ԽՍՀՄ փլուզումը։ Հարևանների համեմատ չափի և ռեսուրսների գերազանցությունը Ռուսաստանին տարածքային էքսպանսիայի հնարավորություն տվեց, բայց արդեն ХХդ. սկզբին Ճապոնիայից կրած պարտությունը, իսկ դարակեսին՝ հարկադրված հեռանալն Աֆղանստանից ցույց տվեցին այդ էքսպանսիայի սահմանները. առաջին դեպքում՝ տարածքային, երկրորդ դեպքում՝ ռեսուրսային։ Ռուսաստանի դիրքն արևմտյան աշխարհի ծայրամասում նրան հնարավորություն էր տալիս հարյուրամյակներ շարունակ ընդլայնվել դեպի արևելք, որտեղ չկային լուրջ դիմակայություն ցուցաբերող պետություններ։ Այնինչ Գերմանիան, որը նույնպես ձգտում էր ընդլայնվել, բայց գտնվում էր Եվրոպայի կենտրոնում, ամեն անգամ հակահարված էր ստանում հարևաններից, որոնց ընդհանուր հզորությունը գերազանցում էր Գերմանիայի հզորությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ը հասավ հզորության առավելագույն համբավին։ Բայց պատերազմն Աֆղանստանում, աճող ընդդիմությունն Արևելյան Եվրոպայում և տնտեսական խնդիրները սոցիալիստական ճամբարի և հենց ԽՍՀՄ բնակչության մտածողության մեջ սասանեցին այն, ինչը Քոլինզն անվանում է «պետության հզորության համբավ», որի վրա է հենվում կառավարողների և գերիշխող ազգի հեղինակությունը, և որի վրա հենված է պետության ու նրա արտաքին քաղաքական միությունների միասնությունը։ ԽՍՀՄ-ին, այդ հեղինակությունը պահելու համար, աղետալի չափերով չէին բավականացնում ռեսուրսները։ Պարզվեց, որ վերևները «չեն կարող», և ասպարեզ դուրս եկան ներքևները, որոնց ոչինչ չէր զսպում։ Սոցիալիստական ճամբարի և ԽՍՀՄ փլուզումն անխուսափելի դարձավ։

Արդի Ռուսաստանն ուղիղ հակառակ ճանապարհն անցավ։ Հզորության համբավից զրկված պետությունից, որի կառավարողներին գրոշի արժեք չէին տալիս, որից երես էին թեքել ոչ միայն դաշնակիցները, այլև սեփական շատ քաղաքացիներ, այն անցավ դեպի պետություն տանող ճանապարհը, որի հետ նորից հաշվի է նստում ողջ աշխարհը, նրան աջակցում են սեփական քաղաքացիները, ընդ որում՝ տարբեր ազգությունների, ինչի շնորհիվ լեգիտիմություն ձեռք բերեցին նաև նրա կառավարողները։ Պետություն, որն իրավահավասար կոալիցիաների մեջ է մտնում Արևելքի հզոր պետությունների հետ, որի դեմ կրկին կազմավորվում են մրցակիցների դաշինքներ։ Բայց եթե ելնենք Քոլինզի տեսությունից, ապա խնդիրն, ըստ էության, մեկն է. կբավականացնե՞ն արդյոք Ռուսաստանի ռեսուրսներն այս անգամ հզորության համբավը պահելու համար։

http://expert.ru/expert/2015/28/kak-zarabotat-prestizh-moguschestva-i-kak-s-nim-rasstatsya/?n=87778


դեպի ետ