• am
  • ru
  • en
Версия для печати
25.05.2015

ԾՈՒՂԱԿ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Руский

   

Արմեն Հովհաննիսյան
«Международная жизнь» ամսագրի գլխավոր խմբագիր

Ինչպես նախկինում՝ շատերը հարց են տալիս՝ ի՞նչն ստիպեց Անգելա Մերկելին «Ատլանտիկայի վրայով շրջադարձ կատարել» Վաշինգտոնի ուղղությամբ։ Չէ՞ որ պետք է ինչ-որ ծանրակշիռ փաստարկ լիներ քաղաքականության արևելյան վեկտորից ուժի այն կենտրոնի օգտին հրաժարվելու համար, որը, մնալով այդպիսին, ակնհայտորեն կորցնում է գլոբալ կառավարման լծակները։

Եվ սա առավել քան տարօրինակ է, մանավանդ որ, ինչպես արդարացիորեն նշում է ամերիկա-եվրոպական հարաբերությունների պատմության փորձագետ Սայմոն Սերֆատին (Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոն, Վաշինգտոն), Ամերիկան երբեք այնքան խորթ չի զգացել իրեն Եվրոպայի համար, որքան այժմ։ «Բեռլինի շրջադարձը» կանցլերի հեռախոսազանգերի «գաղտնալսմամբ» բացատրելու փորձերը, այնուամենայնիվ, միամիտ են թվում։ Եվ միևնույն ժամանակ, չկա գաղտնի որևէ բան, որն ակնհայտ չի դառնում։

Վերջին 25 տարիների ընթացքում Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունները քաղաքական և տնտեսական բոնուս էին՝ բավական պատկառելի, ինչը բարձրացնում էր Գերմանիայի տեսակարար կշիռն աշխարհում, առավել ևս՝ Եվրոպայում։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու, Գերմանիայի համար «արևելյան ուղղությունը» ռազմավարական այն խորության երաշխիքն է, որը թույլ է տալիս նրան դիմակայել մրցակիցների և Ատլանտիկայի երկու կողմում գտնվող «բարեկամների» ճնշմանը, որոնք ավելի մեծ նախանձով են հետևում Գերմանիայի ծագող աստղին։

Բայց այդ դեպքում մենք պետք է պատասխանենք մի շարք հարցերի, որոնցից գլխավորն է՝ ի՞նչն ի վերջո կոմպենսացրեց այն, որ կտրուկ «սառեցին» Բեռլինի հարաբերությունները Մոսկվայի հետ։

Ոմանք ենթադրում են, թե Մերկելը չուզեց մեկուսացման մեջ մնալ աննախադեպ հակառուսական քարոզչության պայմաններում, ինչն առաջին հերթին սադրել էին անգլոսաքսերը։ Մասամբ կարելի է համաձայնել սրա հետ։ Բայց, հաշվի առնելով Գերմանիայի ազդեցությունը Եվրամիությունում և այն փաստը, որ Եվրոպայի ներսում այն կարող էր հեշտությամբ դաշնակիցներ գտնել, որոնք չէին աջակցի Մոսկվայի վրա կոշտ ճնշման քաղաքականությանը, նման մոտիվացիան կասկածելի է թվում։ Եվս երկու մոտիվ կա, որոնցում քաղաքականությունը և տնտեսությունը սերտորեն միահյուսվում են։

ԱՄՆ-ը ԵՄ սահմաններից դուրս գերմանական ապրանքների և ծառայությունների խոշորագույն սպառման շուկա է հանդիսանում։ Գերմանիայի առևտրային գործընկերների ցանկում այն զիջում է միայն Ֆրանսիային։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ առևտրի պրոֆիցիտը, որը որոշ տարիների հասել է գրեթե 20%-ի, դժվար է չհամաձայնել նրանց հետ, ովքեր պնդում են, որ այն մի բան էլ ավելիով կփակի Գերմանիայի կորուստները ռուսական շուկայում մերձավոր և միջնաժամկետ հեռանկարում։

Սրան պետք է ավելացնել նաև աննախադեպ արտոնությունները, որոնք տրամադրվեցին Գերմանիայի կողմից աշխարհի տարբեր մասերում (Բալկաններից մինչև Հարավարևելյան Ասիա) առևտրատնտեսական էքսպանսիայի համար։ Դրանք ապահովվել են ոչ միայն Գերմանիայի տնտեսական աճով, այլև արևմտյան գործընկերների ու, ոչ վերջին հերթին՝ ԱՄՆ տրամադրած անվտանգության երաշխիքներով։ ԱՄՆ ուղղակի ներդրումները Գերմանիայի տնտեսության մեջ, 2010թ. տվյալներով, կազմել են $106 մլրդ։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի ներդրումներն ԱՄՆ տնտեսությունում կազմել են $213 մլրդ։ Ռոսստատի տվյալներով՝ 2013թ. վերջի դրությամբ Ռուսաստանում Գերմանիայի բոլոր ներդրումների ծավալը կազմում է $21,3 մլրդ։ Ընդհանուր առմամբ, «համաշխարհային տնտեսության գծով ԱՄՆ գործընկերները նախկինի պես կարող են իրենց դրամական միջոցները ներդնել ամերիկյան տնտեսությունում՝ աճող մասշտաբներով։ Միացյալ Նահանգները՝ որպես ներդրման օբյեկտ, ցանկացած այլ երկրից տարբերվում է գերազանցող չափերով... ԱՄՆ տարբերությունն այն է, որ դաշնային կառավարության պարտատոմսերի հուսալիությունը դրանք անհրաժեշտ բաղադրիչ են դարձնում ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա ներդրողների պորտֆելների համար» (Սմիրնով Պ.Ե., ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ)։

Սակայն պատկերն ավելի աղոտ է դառնում, երբ խոսքը վերաբերում է երկարաժամկետ քաղաքական մոտիվացիային։ Բեռլինը չի կարող չգիտակցել, որ երկրի աճող հզորությունն առաջացնում է ԵՄ իր մերձավոր գործընկերների և ԱՄՆ խանդն ու զգուշավորությունը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին տպավորում է ոչ այնքան Գերմանիայի տնտեսական աճն ինքնին (չէ՞ որ գերմանական տնտեսությունը ծավալով էապես զիջում է ամերիկյանին), որքան այն փաստը, որ Գերմանիայի «հակադարձ միջոցները» ընդհանուր առմամբ ամրապնդում են ԵՄ-ին՝ որպես ուժի քաղաքական և տնտեսական բևեռի այլընտրանքային կենտրոն։

ԱՄՆ-ի համար Եվրոպան պետք է մնա որպես նեցուկ, հուսալի դաշնակից, բայց ոչ երբեք մրցակից։ Ի դեպ, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք՝ մրցակից, որի ազդեցության տեսակարար կշիռը տնտեսության վրա և գլոբալ կառավարման գործընթացները միշտ պետք է ենթակա լինեն Վաշինգտոնին, ինչն, իր հերթին, ենթադրում է ԱՄՆ երաշխավորված գերազանցություն ԵՄ-ի հանդեպ տնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում։

Եվ այսպես, մի կողմից՝ Գերմանիան իր հավակնությունների հարցում բախվում է ԱՄՆ բացահայտ զգուշավորությանը։ Մյուս կողմից՝ գերմանացի քաղաքական գործիչները զգուշանում են, որ ԱՄՆ-ը հեշտությամբ կարող է «ընդդիմանալ» Բեռլինին՝ հենվելով Լոնդոնի հետ հատուկ հարաբերությունների և այսպես կոչված «երիտասարդ Եվրոպայի» աջակցության վրա։ ԵՄ ներսում դժգոհության պատճառները բավական շատ են, օրինակ՝ գերմանական ապրանքների չափից ավելի ակնհայտ գերակշռությունը միության ներքին շուկայում։

Տասնամյակներ շարունակ Գերմանիան ընթացել է դեպի իր առաջնորդությունը Եվրոպայում, տառացիորեն՝ «փշերի միջով դեպի աստղերը». պատմական թշնամու՝ Ֆրանսիայի և մերձավոր հարևանների հետ հաշտեցման դժվարին ճանապարհ, «գերմանական տնտեսական հրաշք», ողբերգական բաժանում և բաղձալի վերամիավորում, վերջապես՝ անվիճելի առաջնորդություն Եվրոպայում։ Եթե խոսելու լինենք Realpolitik–ի եզրերով, ապա այսքան դժվարությամբ և զրկանքներով Եվրոպայում ձեռք բերված այս դերի ապահովման երաշխիքներն էլ հենց կարող էին դառնալ Բեռլինի «շրջադարձի» կոմպենսացիան։

Ինչպես նշում է Սերֆատին, այսօր ստեղծվել է երկու միտում, երբ ռազմական ներուժի հավասարակշռությունը մինչ այժմ չտեսնված տեմպերով զարգանում է Ռուսաստանի համար նպաստավոր ուղղությամբ, իսկ տնտեսական ազդեցության հավասարակշռությունը նույնքան աննախադեպ կերպով աշխատում է հօգուտ Գերմանիայի։

Գերմանիայի կողմից «ատլանտյան կարգապահության» պահպանման ամերիկյան գինը բավական բարձր է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն դրանով իսկ լուծում է միանգամից երկու խնդիր՝ «բաժանում» է Բեռլինին ու Մոսկվային՝ հետապնդելով Ռուսաստանը թուլացնելու նպատակ, միևնույն ժամանակ՝ առանձնապես չի վտանգում իրեն՝ ստանձնելով Եվրոպայում Գերմանիայի առաջնորդության մարտավարական սատարման պարտավորությունները։ Չէ՞ որ այդ առաջնորդությունը միշտ լինելու է «նայողների» հսկողության տակ՝ հանձինս Լոնդոնի և ԱՄՆ-ին գերլոյալ մի շարք պետությունների (գլխավորապես արևելաեվրոպական և Բալթիայի երկրները)։

Ի դեպ, այս հարցում Վաշինգտոնում նոր որևէ բան չեն հորինել. պատերազմից անմիջապես հետո ամերիկյան դիվանագետ Ջորջ Քենոնը կարծում էր, որ Գերմանիան, հաշվի առնելով նրա ազգային հավակնությունները, «չի կարող վերջնականապես կոտրված լինել, իսկ գերմանական նացիոնալիզմի խնդիրը չի կարող լուծված լինել Գերմանիան դեպի հետ՝ անցյալը նետելով»։ Քենոնը՝ որպես փորձառու դիվանագետ, լավ էր հասկացել գերմանական հոգեբանությունը. Գերմանիային հարկավոր է նպատակ, հավակնոտ և պատմական նպատակ։ (Այստեղ, ի դեպ, նմանություն կա ռուսների հետ և միաժամանակ պոտենցիալ կոնֆլիկտ է դրված - հեղ.)։

«Պատերազմի ժամանակ գտնվելով Բեռլինում՝ գլխումս մի անսովոր միտք ծագեց. չէ՞ որ Հիտլերը, ճիշտ է, ելնելով կեղծ նպատակներից, տեխնիկապես իրականացրեց Եվրոպայի միասնականացման խնդիրը... Ես հարցրի ինքս ինձ՝ իսկ ինչո՞ւ չօգտագործել այդ փորձը դաշնակիցների հաղթանակից հետո»։

Քենոնի կարծիքով՝ «մնում էր մի բան. ստեղծել մի ինքնատիպ դաշնային Եվրոպա, որի մեջ կմտնի միացյալ Գերմանիան, և նրա առջև կբացվեն լայն հորիզոններ իր ձգտումների և լոյալության համար։ Գերմանիան իրեն բավական լավ կզգա միայն որպես միավորված Եվրոպայի ինտեգրալ մաս»։ Մեր առջև մի ինչ-որ աշխարհաքաղաքական ծուղակ է Գերմանիայի համար։

Անկասկած, տիկին Մերկելի ներկայիս ընտրությունը բազմաթիվ խոցելի տեղեր ունի, և դրանցից գլխավորը Եվրոպայում իրադարձությունների առաջիկա ընթացքի անկանխատեսելիությունն է։ Որ ուղղությամբ էլ որ նայելու լինես. տնտեսական աճի անկում և ազգամիջյան լարվածություն, կուտակվող ճգնաժամային երևույթներ ԵՄ անդամ երկրներում, Ուկրաինայի իրադարձությունների անկանխատեսելի հետևանքներ և Ռուսաստանի հետ աճող առճակատման սպառնալիք, որը կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հետևանքների, որոնք այսօր չեն կարող կանխատեսել ոչ Բեռլինը, ոչ Մոսկվան։ Վերջապես, ԱՄՆ գլոբալ դերի թուլացում։ Գերմանիայի առջև՝ որպես ազգային պետության և Եվրոպայի առաջնորդի, ոչ թե լուսավոր, այլ մշուշոտ հորիզոններ են, անկանխատեսելիության գորշ գոտի։

Իսկ ի՞նչ պետք է անի Ռուսաստանն այսքան անորոշ պատմական հեռանկարի համատեքստում։ Արդյո՞ք մենք էլ չպետք է հաշվի առնենք ընդլայնման և աշխարհաքաղաքական նախաձեռնության գերմանական «բնազդը»։ Ռուսաստանն ունի ռեսուրս, որն առայժմ լիակատար զարգացում չի ստացել, և այնուամենայնիվ, կարող է այլընտրանքային հետաքրքրություն ներկայացնել Գերմանիայի, ինչպեսև ԵՄ այլ երկրների համար։

ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստի նախօրեին՝ հունվարի 19-ին, առաքվեց փաստաթուղթ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հնարավոր հանման վերաբերյալ։ Նախաձեռնությունը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիինն էր։ Եվ թեև այդ առաջարկություններն արգելակվեցին ԱՄՆ-ի կողմից, դրանցում առաջին անգամ հնչեց կոչ Եվրասիական տնտեսական միության հետ երկխոսություն սկսելու մասին՝ «մաքսատան և ապրանքների տարանցման հարցերի վերաբերյալ, ինչը կարող էր հանգեցնել ֆորմալ հարաբերությունների հաստատմանը»։

Թե որքանով գրավիչ կդառնա «Ռուսաստան-Գերմանիա», «Ռուսաստան-Եվրոպա» համագործակցության եվրասիական վեկտորը՝ հիմնականում կախված է այն բանից, թե որքան հաջող կլինի նախագիծն ինքը։ Որքան էլ այսօր ուտոպիական է թվում ԵՄ և ԵԱՏՄ սերտացման հնարավորությունը՝ համագործակցության հայտն արված է։ Իսկ պատմությունը մեր օրերում շտապեցնում է իրադարձություններն այնպիսի արագությամբ, որ որևէ բանի վրա զարմանալու տեղ չի թողնում...

«Международная жизнь» ամսագիր, №2-2015։
Նյութը տպագրվում է «РИА Новости»-ի «От автора» նախագծի շրջանակում, http://ria.ru/authors/oganesyan/


դեպի ետ