• am
  • ru
  • en
Версия для печати
22.04.2015

ԴՈՒՐՍ ԿՄՂՎԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՑ

EnglishРуский

   



Կարո՞ղ է արդյոք գոյատևել Մերձավոր Արևելքի՝ օրեցօր ավելի ու ավելի կոշտ հալածանքների և հակամարտությունների ենթարկվող քրիստոնեությունը քրիստոնեական քաղաքակրթության օրրան հանդիսացող այս տարածաշրջանում։

Բի Բի Սի-ի թղթակից Ջեյն Քորբինն անցել է ողջ Մերձավոր Արևելքով, ներառյալ Իրաքն ու Սիրիան։ Նա ուսումնասիրել է այնտեղ ապրող քրիստոնյաների ճակատագիրը, որոնք հարյուր հազարներով ստիպված են փախչել այս տարածաշրջանում թափ հավաքող ռազմատենչ իսլամի սպառնալիքից։

Որքան ավելի վեր եմ մագլցում իրաքյան Նինվեի դաշտավայրի թեք ու զառիթափ լեռնային արահետով, այնքան ավելի հստակ եմ լսում IVդ. կառուցված Սուրբ Մատթևոսի վանքից եկող վանական երգեցողությունն ու վայելում անուշաբույր խնկահոտը։ Հին ժամանակներում, երբ քրիստոնեությունը Հռոմեական կայսրության պաշտոնական կրոնն էր, վանքում բնակվում էր մոտ 7000 վանական։

Այն ժամանակ գրեթե բոլոր բնակիչները քրիստոնյա էին։ Այդ ժամանակվանից Քրիստոսի հետևորդների թիվը նկատելիորեն կրճատվել է, և այսօր մենաստանում բնակվում է ընդամենը վեց վանական, և ոչ մի ուխտագնաց չի համարձակվի այցելել այնտեղ։ «Մենք ԻԼԻՊ-ի հետ հենց ճակատային գծում ենք գտնվում, և մարդիկ վախենում են գալ այստեղ,- պատմում է հայր Յուսուֆը։- Մենք մտահոգվում ենք ամեն ինչի մասին. մեր մարդկանց, մեր ընտանիքների, քրիստոնեության մասին»։

Վանքը պաշտպանում են քուրդ աշխարհազորի մարտիկները։ Դաշտավայրում ես լսում էի գնդակոծության ձայներ, երկնքում երևում էին ծխի քուլաներ օդային հարվածներից հետո, որոնք դաշնակիցների ավիացիան հասցնում էր ԻՊ (կամ ԻԼԻՊ)՝ այսպես կոչված «Իսլամական պետության» դիրքերին։ Նրանք զավթել են Նինվեի դաշտավայրն անցած տարի՝ տասնյակ հազարավոր քրիստոնյաների ստիպելով փախչել Մոսուլից՝ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքից, ինչպես նաև մերձակա քաղաքներից ու գյուղերից։

Մի քանի ընտանիք ապաստան էին ստացել վանքում. սա կատարվում է հարյուրամյակներ շարունակ, այն պահից սկսած, երբ VII դարում՝ արաբական նվաճումների դարաշրջանում, մուսուլմանական բանակներն առաջին անգամ անցան դաշտավայրով։

«ԻՊ-ը» չի խնայում ոչ մեկին

Տասներեքամյա Նարդինն արդեն շատ լավ գիտե, թե ինչ են անում ԻՊ զինյալներն աղջիկների հետ, որոնց անհավատ են համարում։ «Նրանք շատ դաժան են,- վախից աղջնակն անցնում է շշնջոցի,- բոլորը գիտեն՝ նրանք առևանգում են եզիդ աղջիկներին և վաճառում շուկայում»։

«ԻՊ-ը չի խնայում ոչ մեկին։ Նրանք բռնում են կանանց ու բռնաբարում,- պատմում է Նարդինի մայրը։- Մենք վախեցանք մեր աղջիկների համար և որոշեցինք փախչել»։

Երբ ԻՊ-ը հռչակեց իր զավթած հողերում խալիֆայություն (իսլամական պետություն) ստեղծելու մասին և սկսեց զանգվածաբար գլխատել «անհավատներին» ու նույնիսկ խաչել նրանց, հազարավոր քրիստոնյաներ ստիպված եղան սարսափահար փախչել։

ԻՊ-ը փորձում է կրակի ու սրի օգնությամբ ամենուրեք սերմանել այն, ինչն անվանում է «մաքուր իսլամ»։ Դրա անդամները երդում են տվել անհավատներից լրիվ մաքրել տարածաշրջանը՝ գրոհելով առաջին հերթին քրիստոնյաների, ինչպես նաև կրոնական այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա։

Փեշմերգայի (ռազմականացված կազմավորում իրաքյան Քրդստանում՝ կազմված մուսուլման քրդերից) մարտիկներն ինձ տարան իրենց առաջնագիծ՝ վանքից մի քանի կիլոմետր հեռու, որտեղ նրանք փորձում են զսպել իսլամ զինյալների առաջխաղացումը, որոնք չեն խնայում ոչ միայն քրիստոնյաներին, այլ նաև իրենց հավատարմության երդում տալուց հրաժարվող մուսուլմաններին։

Քրդերը չեն ընդունում ԻՊ դավանած ծայրահեղական իսլամը։ Փեշմերգայի զորքերի հրամանատարն ինձ հավաստիացրեց, որ իրենք պաշտպանելու են քրիստոնյաներին։ «Մենք այստեղ ապրել ենք շատ տարիներ եղբայրների պես։ Ոչ մի տարբերություն չկա քրդերի, մուսուլմանների և քրիստոնյաների միջև, Քրդստանում տարբեր կրոնների միջև»,- ասել է գեներալ Համիդ էֆենդին։

Ուղեբեռը միշտ պատրաստ վիճակում է

Քրդական Էրբիլ քաղաքում իրենց բնակավայրերից քշված քրիստոնյաները մի կերպ տեղավորվել են կիսով չափ սարքված առևտրային կենտրոնի շենքում։ Ես Իմադի և Լեյլա Ազիզի հետ ծանոթացա այն ժամանակ, երբ իրենց երկու աղջիկների հետ նրանք կերակուր էին պատրաստում քրիստոնեական տոնի առիթով։ Նրանք փախել էին Մոսուլից անցած տարի, երբ ԻՊ խմբավորումը զավթել էր քաղաքը՝ քրիստոնյաներին կանգնեցնելով ընտրության առջև՝ ընդունել իսլամ, թողնել քաղաքը կամ մնալ՝ պարտավորվելով վճարել ջիզյա՝ դաժան մի հարկ, որն անցած դարերում դրվում էր քրիստոնյաների վրա մուսուլման կառավարիչների կողմից։ «Մենք չենք կարող վերադառնալ Մոսուլ, որովհետև վախենում ենք, որ մեզ կարող են սպանել, թալանել կամ առևանգել,- ասում է Իմադը։- Ես կարծում եմ, որ մի քանի տարի հետո քրիստոնյաներ համարյա թե չեն մնա։ Նրանց մատով ցույց կտան և կասեն՝ տեսեք, քրիստոնյա է»։

Լեյլան խաչակնքում է՝ հիշելով, թե ինչպես են իրենց ստիպել անցնել «Իսլամական պետության» անցակետերով, որտեղ նրանցից վերցնում էին ամեն ինչ՝ փող, զարդեր, անգամ հագուստը։ «Մենք երբեք չեն կարողանա վերադառնալ Մոսուլ, որովհետև մենք այնտեղ այլևս ոչինչ չունենք»,- ասում է նա։ Մի ժամանակ ընտանիքը սեփական հաջող բիզնես ուներ և գեղեցիկ տուն։ Հիմա նրանց միայն մի քանի ճմրթված լուսանկար է մնացել՝ որպես հուշ անցյալ կյանքի մասին։

Էրբիլի Սուրբ Եղիայի տաճարում ես ծանոթանում եմ կաթոլիկ քահանա հայր Դուգլաս Բազիի հետ, որի խնամքի տակ 135 ընտանիք է՝ տեղավորված եկեղեցու այգում խփված վրաններում։ «Մենք քրիստոնյաներ ենք, և դա նշանակում է, որ մենք սովոր ենք մեր ուղեբեռը միշտ պատրաստ վիճակում պահել,- ասում է հայր Դուգլասը։- Մենք ստիպված ենք մշտապես թաքնվել՝ տեղից տեղ փախչելով»։

Այն բանից հետո, երբ Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնին տապալած արևմտյան կոալիցիայի ուժերը չկարողացան զսպել ծայր առած միջդավանական պառակտումը շիաների և սուննիների միջև, երկիրը մխրճվեց քաոսի մեջ։ Բաղդադի այն եկեղեցին, որտեղ ծառայում էր հայր Դուգլասը, պայթեցվեց, իսկ իրեն զինյալները բռնեցին և ինն օր պահեցին որպես պատանդ՝ ենթարկելով ծեծի ու կտտանքների, մինչև որ եկեղեցին նրա համար փրկագին վճարեց։ «Նրանք Արևմուտքն ընկալում են որպես անհավատների թագավորություն, և մեզ՝ քրիստոնյաներիս, նույն կերպ են դիտարկում»,- ասում է հայր Դուգլասը՝ ինձ ցույց տալով չորացած արյան բծերով իր վերնաշապիկը։ Նա պատմում է, թե ինչպես զինյալները սկզբում մուրճով կոտրել են իր ողնաշարը, իսկ հետո հանել նրա ատամները մեկը մյուսի հետևից։

«Եթե նայենք պատմությանը, ապա կպարզվի, որ մենք համայնք ենք, որն ամեն անգամ տանուլ տվածի վիճակում է հայտնվում,- շարունակում է քահանան։- Մեզ ճնշում են՝ ստիպելով կորցնել մեր հավատը, մեր մարդկանց, մեր դերը, դիրքը հասարակությունում, մեր աշխատանքը։ Հիմա էլ մենք զրկվել ենք մեր տներից։ Ի՞նչ է լինելու հետո»։

Միլիոն փախստական

Սադամի ռեժիմի տապալումից հետո անցած տասը տարվա ընթացքում միլիոն մարդ՝ Իրաքի քրիստոնյա բնակչության երկու երրորդը, ստիպված է եղել փախչել իր տներից։

Այսպիսի պատմություններ ինձ պատմում են ամբողջ Մերձավոր Արևելքով մեկ, որտեղ շնորհիվ «արաբական գարնան» ազատ են արձակվել ուժեր, որոնք դեմ են քրիստոնյաներին և իրենց հովանավորող ավտորիտար կառավարիչներին։

Սիրիական հինավուրց Մաալուլա քաղաքը դեռ փլատակների մեջ է, որոնք մնացել են 2013թ., «Ալ Քաիդայի» հետ կապված իսլամական զինյալների և նախագահ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական զորքերի միջև այստեղ ծավալված բազմամսյա մարտերից հետո։ Երեք հազար քրիստոնյա ստիպված էր փախչել այն բանից հետո, երբ զինյալները զավթեցին քաղաքը, որը դեռ հնուց դեպի իրեն էր կանչում բազմաթիվ ուխտագնացների։ Սա Երկրի վրա պահպանված այն երեք վայրերից մեկն է, որտեղ խոսում են արամեերեն՝ Հիսուս Քրիստոսի լեզվով։

Այն բանից հետո, երբ կառավարական զորքերը վերջապես հետ վերցրին Մաալուլան և քշեցին իսլամականներին, որոշ քրիստոնյաներ սկսեցին քիչ-քիչ վերադառնալ հարազատ քաղաք։

Անտուանետա Նասրուլան այն երեք հազար քրիստոնյաներից է, որ փախել էր Մոսուլից, երբ զինյալները գրոհել էին քաղաքը։ Նա ինձ ցույց է տալիս այն, ինչ մնացել է նրա տնից ու բիզնեսից՝ զբոսաշրջիկների սիրած սրճարանից։ Հիմա այստեղ կիսափուլ պատեր են՝ առանց տանիքի։

«Սա իմ երազանքն էր,- ասում է Անտուանետան՝ չկարողանալով զսպել արցունքները։- Մենք երբեք մտածել անգամ չէինք կարող, որ մուսուլմանները կարող են մեզ հետ այսպես վարվել։ Բայց մենք պետք է ուժեղ մնանք և երախտագետ լինենք Աստծուն, որ ողջ ենք»։

Մաալուլայում ապրող մուսուլմանական ընտանիքները նույնպես հարկադրված են եղել փախչել մարտական գործողություններից։ Բայց նրանց դեռևս չեն թույլատրում վերադառնալ։ Քրիստոնյաները մեղադրում են նրանց այն բանում, որ սրանք օգնություն են ցուցաբերել ջարդարարներին։

VI դարից գործող Սուրբ Սարգսի վանքը զավթվել էր խռովարարների կողմից։ Անտուանետան ցույց է տալիս ինձ ոչնչացված սրբատեղիներն ու գնդակներով ծակծկված սրբապատկերները։ «Նրանք թալանեցին վանքը՝ գողանալով շատ հին և հարուստ պատմություն ունեցող սրբապատկերները,- ասում է Անտուանետան։- Մենք շատ ենք ցավում սրբապատկերների համար, կատարվածը մեծ ցնցում է մեզ համար»։

Շրջադարձային կետ

Սիրիայում շատ քրիստոնյաների համար Մաալուլան շրջադարձային կետ է դարձել։ Նրանք կանգնած էին բարդ ընտրության առջև՝ ո՞ւմ կողմը բռնել երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմում։ Հիմա շատ քրիստոնյաներ շրջվել են իշխող ռեժիմի կողմը, քանի որ այն տարածաշրջանում իրենց կրոնի գոյատևման միակ հույսն է։

«Ներկայիս իշխանությունը միակն է, որ կարող է օգնել քրիստոնյաներին մնալ Սիրիայում,- ասում է Անտուանետան,- Մաալուլան սրտիս մեջ է մտել։ Ես չեմ կարող թողնել այն, որովհետև, եթե քրիստոնյաներ չմնան Մաալուլայում, ես կարծում եմ, որ քրիստոնյա չի մնա նաև ողջ Սիրիայում»։

Արևմուտքի երկրների եկեղեցական առաջնորդները կոչ են անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանության համար։

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել այդ միջոցները՝ այժմ արդեն ընթացող ավիահարվածներից, մարտական պատրաստվածությունից և հատուկ ռազմական գործողություններից բացի։ Քաղաքական գործիչներից և ոչ մեկն առանձնապես ցանկություն չունի ցամաքային զորքեր մտցնել։ Հայր Դուգլասն Էրբիլում կարծում է, որ, հնարավոր է, արդեն չափից ավելի ուշ է, և քրիստոնեությունն այստեղ այլևս գոյատևել չի կարող։

Արևմուտքը, քրիստոնյաներին Իրաքում մնալու կոչեր անելու փոխարեն, գուցե հարկ է, որ օգներ նրանց հեռանալ այդտեղից։ «Բացեք դարպասները, իմ մարդկանց վիզաներ տվեք,- ասում է քահանան։- Մենք պետք է մարդկային արժանապատվության և կյանքի իրավունք տանք, այլ ոչ թե նրանց մատաղացու գառան ճակատագրի դատապարտենք»։

http://www.bbc.co.uk/russian/international/2015/04/150415_middle_east_christians


դեպի ետ