• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2015

ԸՆԴԴԵՄ ԽԱՉԻ ԵՎ ԲՈՒՐԳԵՐԻ ԱԶԳԻ

Руский

   

Գևորգ Միրզայան
«էքսպերտ» (ՌԴ) ամսագրի հատուկ թղթակից

Ուկրաինական իրադարձությունները շեղեցին միջազգային հանրության ուշադրությունն արդի աշխարհի մյուս թեժ կետերից։ Բայց երկու տասնյակ եգիպտացի քրիստոնյաների դաժան սպանությունը Լիբիայում եվրոպացիներին ստիպեց կտրվել Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության համատարած քննադատությունից և ուշադրությունը կենտրոնացնել իր հարավային ծայրամասի վրա։ Եվ նրանցից շատերի համար անսպասելի էր, որ «արնախում դիկտատոր Քադաֆիի» իշխանությունից ազատագրված երկիրը ոչ միայն չդարձավ բարգավաճ դեմոկրատիա, այլև վերածվեց արմատական իսլամականների ապաստարանի, մասնավորապես՝ տխրահռչակ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումից։

Արդյունքում՝ այժմ օրակարգում է «ի՞նչ անել» հարցը։ Արաբական մի շարք պետություններ դեմ չեն արմատապես լուծել իսլամականների հարցը՝ ռազմական ներխուժման միջոցով։ Նրանք երկյուղում են, որ «իսլամիզմի վիրուսը» Լիբիայից կտեղափոխվի հարևան արաբական երկրներ՝ Եգիպտոս և Ալժիր։ Խնդիրն այն է, որ նման պատերազմ վարելու համար նրանք բավարար չափով ռեսուրս չունեն, ուստի փորձում են գործողության անցկացման մեջ ներքաշել եվրոպական երկրներին և համապատասխան բանաձև ընդունել տալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով։ Բայց Եվրոպան առայժմ տատանվում է։ Հին աշխարհի որոշ երկրներ (նախևառաջ Ֆրանսիան և Ռուսաստանը), տարբեր պատճառներով, շահագրգռված են, որպեսզի օգնեն արաբներին վերացնել ԻՊ-ը Լիբիայում, բայց նրանք զգուշանում են, որ դա էլ հենց այն է, ինչ ուզում են իսլամականները։ «Իսլամական պետությանը» ձեռնտու է դրսից ռազմական ներխուժումը Լիբիա, քանի որ կարծում է, թե ազատագրական պայքարի ֆոնին կկարողանա իր շուրջը միավորել լիբիական բազմաթիվ զինված խմբավորումները և երկիրը վերջնականապես վերածել Խալիֆայության մի մասի։

Եգիպտոսը պետք է պատասխանի

Այսօրվա Լիբիան դժվար է երկիր անվանել՝ այն չունի ոչ տնտեսություն, ոչ զինված ուժեր, ոչ պետական կառավարման համակարգ, ոչ նույնիսկ միասնական կառավարություն։ Բայց եթե մինչև հիմա այս ամենը խնդիր էր հենց լիբիացիների համար (Եվրոպային այդ խնդիրներն առնչվում էին միայն այն ժամանակ, երբ բեդվինների հերթական խումբը զավթում էր նավթի տերմինալները), ապա հիմա սրընթացորեն «կանաչող» Լիբիան սպառնում է ողջ տարածաշրջանին և անգամ Միջերկրականի այն ափին գտնվող ԵՄ երկրներին։

Ըստ էության, երկիրն այդպես էլ չապաքինվեց Մուամար Քադաֆիի տապալումից հետո։ Այսօր Լիբիայում գոյություն ունի երկու կառավարություն՝ միջազգայնորեն ճանաչված պաշտոնականը, որի նստավայրը Թոբրուք քաղաքում է (Եգիպտոսի սահմանից ոչ հեռու), և իսլամիստական՝ «Լիբիայի լուսաբաց» խմբավորումը, որը վերահսկում է երկրի մայրաքաղաք Տրիպոլին։ Սակայն դրանցից բացի, Լիբիայի տարածքում գործում են ավելի քան հարյուր աշխարհազորներ և ավազակախմբեր, որոնց կազմում՝ ավելի քան 125 հազար մարդ։ Նրանք թալանում են, շորթում, սպանում։ Զարմանալի չէ, որ կարգուկանոնի և արդարության լիակատար բացակայությունը երկրում հանգեցրեց (ինչպես ժամանակին Աֆղանստանում) իսլամական կարգուկանոնի և իսլամիստական բոլոր խմբավորումների (իսկ դրանցից շատերը չեն ենթարկվում «Լիբիայի լուսաբացին») միավորման պահանջարկին։ Մանավանդ, երբ նրանք իրենց աչքերի առջև ունեն «Իսլամական պետության» օրինակը. դա առաջին միջազգային ահաբեկչական խմբավորումն է մեր օրերում, որին հաջողվել է զավթել և երկար ժամանակ պահել հսկայական տարածք։ «Իսլամական պետության» նման «հաջողված նախագիծն» այսօր մեծ ժողովրդականություն է վայելում տարածաշրջանի համանման կառույցների շարքում։ Ինչի պատճառով էլ ավելի մեծ թվով զինյալներ, որոնք գործում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքում, փորձում են անցնել ԻՊ դրոշի ներքո»,- «Էքսպերտին» ասել է արևելագետ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի քաղաքական գիտության դեպարտամենտի ավագ դասախոս Լեոնիդ Իսաևը։

Արդյունքում՝ դեռ 2014թ. նոյեմբերին մի քանի հազար աշխարհազորայիններ (ենթադրաբար տեղի իսլամիստական կազմակերպությունից), որոնք վերահսկում էին Դերնա քաղաքն իր շրջակայքով, հավատարմության երդում տվեցին ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Ինքը՝ խալիֆն ընդունեց երդումը և Դերնա ուղարկեց իր զինակիցներից մեկին՝ որպես «Իսլամական պետության էմիր»։ Նոր մասնաճյուղի միջազգային «շնորհանդեսը» տեղի ունեցավ փետրվարի 15-ին։ Այդ օրը ցանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ իսլամականները գլխատում են 21 քրիստոնյայի (նրանց բացարձակ մեծամասնությունը եգիպտոսցի ղպտի գասթարբայթերներ էին, որոնց բռնել էին անցած տարեվերջին Լիբիայի տարածքում)։

Պաշտոնական Կահիրեն պարզապես չէր կարող անտեսել նման ոճրագործությունը։ Նախ՝ սպանվել էին ոչ թե լոկ քաղաքացիներ, այլ քրիստոնյաներ։ Անհրաժեշտ էր, որպեսզի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ողջ աշխարհին, հատկապես Արևմուտքին ցույց տար, որ ներկայիս իշխանությունները (ի տարբերություն «Մուսուլման եղբայրների» և նրանց նախագահ Մուհամեդ Մուրսիի, որոնց աս-Սիսին պաշտոնազրկեց) թույլ չեն տա նեղացնել իրենց քրիստոնյաներին։ Եվ յոթնօրյա սուգ հայտարարելը երկրում ակնհայտորեն բավարար չէր։ Բացի այդ, եթե երկրում կոշտ արձագանք չլիներ, կարող էին սկսվել միջդավանական հուզումներ, որոնցից կօգտվեին աս-Սիսիի ռեժիմի հակառակորդները Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։

Երկրորդ՝ և սա շատ ավելի կարևոր է. Եգիպտոսը, չնայած երկրում վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձություններին, մինչև հիմա հավակնում է առաջնորդի դերին արաբական աշխարհում։ Իսկ նմանատիպ հավակնությունները պարտավորեցնում են համապատասխան գործողությունների, այսինքն՝ չսահմանափակվել ՄԱԿ-ին կամ Արաբական պետությունների լիգային բողոքելով կամ «հարմար ժամի համարժեք պատասխան տալու» խոստմամբ։

Հենց դրա համար էլ «հարմար ժամը» վրա հասավ արդեն մահապատժի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից մի քանի ժամ հետո, իսկ «համարժեք պատասխանը» դարձան եգիպտական ՌՕՈւ ավիահարվածների երկու շարաններն իսլամականների դիրքերին լիբիական Դերնա քաղաքի շրջանում։ Նախնական տվյալներով՝ ոչնչացվեցին զինապահեստներ, մարզաճամբարներ և ԻՊ մի քանի տասնյակ զինյալներ։ Այնուհետև եգիպտական հատուկ ծառայությունները ցամաքային գործողություն իրականացրին՝ ոչնչացնելով մոտ 150 զինյալների և ոմանց էլ գերի վերցնելով։ Ի պատասխան՝ լիբիական իսլամականները սպառնացին խնդիրներ ստեղծել Եգիպտոսի՝ Լիբիայի տարածքում գտնվող քաղաքացիների համար։ «Մենք համառորեն կոչ ենք անում Լիբիայում աշխատող և այստեղ գտնվող բոլոր եգիպտացիներին հեռանալ երկրից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, վրեժից խուսափելու և հնարավոր կանխամտածված այլ գործողությունների չենթարկվելու համար, ինչն էլ ավելի կսրի ստեղծված իրավիճակը եղբայրական երկու ժողովուրդների միջև»,- ասվում է «Լիբիայի լուսաբաց» խմբավորման հայտարարությունում։

Իսլամականները ներխուժման հրավեր են անում

«Իսլամական պետության» արմատական իսլամականների դեմ Եգիպտոսի տեղային հաջող գործողությունն օրակարգ բարձրացրեց հաջողությունը զարգացնելու և Լիբիան իսլամականներից մաքրելու հարցը։ Բայց հենց դրան էլ իսլամականները սպասում են։

Գործողությունն ինքնին Եգիպտոսին հարկավոր է և հետաքրքիր։ Լիբիայի հետագա իսլամականացումը (մանավանդ, եթե «Իսլամական պետությունն» իր շուրջը համախմբի նախկին Ջամահիրիայի իսլամական խմբավորումների մեծ մասը) կարող է էքզիստենցիալ սպառնալիք դառնալ աս-Սիսիի ավտորիտար աշխարհիկ ռեժիմի համար։ Եգիպտոսի նախագահը դեռ չի ավարտել իր երկրի մաքրումը «Մուսուլման եղբայրներից», և արևելքում կենտրոնացված իսլամիստական պետության ի հայտ գալը կարող է սրել քաղաքացիական հակամարտությունը եգիպտական հասարակությունում կառավարման աշխարհիկ և իսլամական ձևերի կողմնակիցների միջև։ Ուստի, Կահիրեում չեն բացառում եգիպտական բանակի խոշորածավալ ներխուժման հնարավորությունը Լիբիա։ «Թե ինչ կանի կամ չի անի Եգիպտոսը՝ դա լիբիական կառավարության հետ կոորդինացման և խորհրդակցությունների հարց է։ Դա կախված է նաև առկա սպառնալիքի բնույթից ինչպես Լիբիայի, այնպես էլ Եգիպտոսի ազգային ինքնիշխանության համար»,- ասում է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին։ «Այլ ընտրություն չկա՝ Լիբիայի ժողովրդի ու նրա կառավարության կարծիքը լսելուց զատ։ Նրանք մեզ հորդորում են գործել։ Մենք թույլ չենք տա կտրել մեր երեխաների գլուխները»,- միտքը շարունակում է ինքը՝ Աբդել-Ֆաթահ աս-Սիսին։

Սակայն խնդիրն այն է, որ Լիբիայի ժողովրդի կարծիքի հետ կապված՝ ամեն բան չէ, որ միանշանակ է։ Այսպես, ընտրանիներն արդեն բաժանվել են Կահիրեի գործողությունների գնահատականի հարցում։ Երկրի պաշտոնական վարչապետ Աբդալա Աբդուռահման աթ-Թանին կողմնակից է ներխուժման գաղափարին, իսկ նրա ենթակաները հավելել են, որ օրինական կառավարությունը հավանություն է տվել նախագահ աս-Սիսիի՝ լիբիական տարածքը ռմբակոծելու առաջարկին։ Նրանց խանդավառությունը հասկանալի է, քանի որ անվանական կառավարության՝ իրականի կարգավիճակը վերադարձնելու շանսերը նվազագույն են, նրանք համաձայն են ցանկացած արտաքին օգնության՝ իսլամիստական իշխանությունների ոչնչացման գործում, անգամ համաձայն են իսրայելական բանակի ներխուժմանը։ Ինչ վերաբերում է իսլամական կառավարության (որն էլ վերահսկում է Տրիպոլին) ղեկավար Օմար աս-Հասիին, ապա նա հայտարարում է, որ եգիպտական ՌՕՈւ ավիահարվածը լիբիական ինքնիշխանության խախտում է, իսկ պատանդների մահապատիժը պատկերող տեսանյութը կարող է և կեղծ լինել։ Չի բացառվում, որ խոշորածավալ ներխուժման դեպքում «ոչ պաշտոնական» Տրիպոլիի դիրքորոշումն էլ ավելի կոշտ լինի։

Տեղական իշխանությունների, առավել ևս՝ բնակչության մասին խոսելու հարկ չկա՝ նրանք հաստատ դեմ են արտահայտվելու եգիպտական ներխուժմանը։ Քադաֆիի մահվանից հետո կամայականության վարժված լիբիացի շեյխերը չեն սատարի ոչ միահեծան իշխանության վերականգնմանը երկրում, ոչ էլ, առավել ևս՝ որևէ եգիպտացի «գեներալ-նահանգապետի» ղեկավարությանը։ Իրենք՝ լիբիացիները, սկզբունքորեն դեմ են իրենց տարածքում եգիպտացի զինվորների ներկայության փաստին. երկրների միջև մշտապես բարդ հարաբերություններ են տիրում (Քադաֆիի կառավարման շրջանում նրանք նույնիսկ պատերազմում էին միմյանց դեմ)։

Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ որոշ հետազոտողներ ղպտիների մահապատժի հետ կապված այս ամբողջ պատմությունը դիտարկում են որպես ԻՊ սադրանք, որը փորձում է Եգիպտոսին դրդել ինտերվենցիա կատարել Լիբիայի հանդեպ։ «ԻՊ-ը ընտրել է սադրիչ մարտավարություն իր արաբ հարևանների հանդեպ։ Դա լավ երևում է մահապատժի ենթարկված հորդանանցի օդաչուի, իսկ հիմա էլ՝ եգիպտական ղպտիների օրինակով։ Անշուշտ, մարտական գործողությունների մեջ ավելի մեծ թվով երկրների ներքաշելը ձեռնտու է «Իսլամական պետությանը»։ Եգիպտոսի ներխուժումը Լիբիա կհանգեցնի եգիպտացիների պայքարի ոչ այնքան ԻՊ զինյալների, որքան հենց լիբիացիների դեմ։ Իրենց հակառակորդներին ստիպելով մխրճվել միմյանց դեմ պատերազմում՝ «Իսլամական պետությունն» իր համար նպաստավոր պայմաններ կստեղծի և՛ Լիբիայի, և՛ պատերազմից հյուծված Եգիպտոսի տարածքում»,- կարծում է Լեոնիդ Իսաևը։ Եվ չխոսելով արդեն այն մասին, որ եգիպտացիների դեմ «ազատագրական պատերազմը» կօգնի ԻՊ իսլամականներին իրենց շուրջը համախմբել Լիբիայի իսլամիստական այլ խմբավորումների և անգամ, հնարավոր է, վիճարկել Տրիպոլիի «Լիբիայի լուսաբացի» իշխանությունը։

Բոլորով միասին

Եգիպտական իշխանությունները հասկանում են, թե ինչ խոչընդոտի առջև են իրենց կանգնեցրել իսլամականները։ Նրանք ոչ ռեսուրսներ ունեն, ոչ հնարավորություններ, ոչ էլ այնքան բախտախնդիր կլինեն, որ միայնակ ինտերվենցիա կազմակերպեն Լիբիայի դեմ։ Հենց դրա համար էլ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ուզում է ռիսկը «կիսել» այլ երկրների հետ և հակալիբիական կոալիցիա ստեղծել։

Լիբիան իսլամականներից մաքրելու հանդեպ առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերում, իհարկե, աշխարհիկ-ավտորիտար Ալժիրը, որը նախկին Ջամահիրիայի հետ սահմանակից է արևմուտքից և, ինչպես Եգիպտոսը, զգուշանում է իսլամիզմի բացիլի տարածումից իր տարածքում։ Որոշ քաղաքական գործիչներ Արևմուտքում եգիպտացիներին և ալժիրցիներին նույնիսկ առաջարկում էին միասին ինտերվենցիա իրականացնել և միմյանց միջև վերահսկողության գոտիների բաժանել Լիբիան։ Բայց Ալժիրի իշխանությունները խոհեմաբար հրաժարվեցին։ Նրանք հասկանում են լիբիական խնդրի բարդությունը և գիտակցում, որ ի վիճակի չեն Լիբիան մաքրել իսլամականներից անգամ Եգիպտոսի հետ միասին։ Ուստի, Կահիրեն որդեգրել է լայն կոալիցիա ստեղծելու քաղաքական գիծ. նախագահ աս-Սիսին ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել բանաձև ընդունել Լիբիայի իրավիճակին միջազգային միջամտության մասին։ Նրա կարծիքով՝ գործողությանը պետք է մասնակցեն ինչպես արաբական, այնպես էլ եվրոպական երկրները։

Տարածաշրջանում Եգիպտոսի հարևանների հետ խնդիրներ պետք է որ չլինեն. ազդեցիկ արաբական երկրների մեծ մասը լիովին աջակցում է եգիպտական իշխանությունների գործողություններին և հավանություն է տալիս նրանց արմատական գործողություններին լիբիական իսլամականների դեմ։ Միայն Կատարն է դեմ, որը սերտորեն կապված է Թոբրուկի իսլամիստական կառավարության հետ։ Արաբական պետությունների լիգայի նիստին կատարցիները եգիպտացիներին ներկայացրին այն ամենը, ինչ մտածում են լիբիական տարածքներին եգիպտական ՌՕՈւ անլեգալ ավիահարվածների առիթով։ Ի պատասխան, ըստ լուրերի, եգիպտացիները կատարցիներին մեղադրել են ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ։ Իհարկե, Ամերիկա չեն հայտնագործել. նման մեղադրանքներ կատարցիները լսում են մշտապես։ Այսպես, Կատարի քաղաքացի Աբդուլռահման ալ-Նուայմին, որին ԱՄՆ-ը կասկածում է Մերձավոր Արևելքում ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ, եղել է, ըստ Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա ալ-Թանիի, իր հին բարեկամը և օգնել է իրեն շփվել «քաղաքականության հանդեպ իսլամական հայացքներ ունեցողների հետ»։ Բայց Եգիպտոսի պարագայում Կատարը որոշել է հակադարձել և հետ է կանչել դեսպանին։ Ի դեպ, ապագա գործողությանը մասնակցելուց նրա հրաժարվելը հազիվ թե ազդի դրա արդյունավետության վրա։

Իսկ եվրոպացիների հետ կապված՝ իրավիճակը փոքր-ինչ բարդ է։ Եգիպտացիները շեշտը դնում են այն բանի վրա, որ ԻՊ-ն սպառնում է ոչ միայն Կահիրեին, այլև Հին աշխարհին (ղպտիներին գլխատած իսլամականները սպառնում էին լիովին ոչնչացնել «խաչի ազգին» և գնալ հնազանդեցնելու Եվրոպան)։ «Անկասկած, կայունությունը և անվտանգությունը Եգիպտոսում անհրաժեշտ պայման են Միջերկրածովի, ինչպես նաև Եվրամիության բոլոր երկրներում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ասում է Եգիպտոսի պաշտպանության նախարար Սեդկի Սոբհին։ Սակայն ներխուժման գաղափարն այսքանից ավելի ըմբռնման չարժանացավ։

Եվրոպացիները, իհարկե, ընդունում են սպառնալիքի փաստը։ «Ռիսկն ավելի քան ակնհայտ է, և մենք չենք կարող ավելին սպասել։ Խիստ անհրաժեշտ է պաշտպանություն կազմակերպել ծովի միջոցով այդ խալիֆայության տարածումը մեր տարածքում կանխելու համար»,- ասել է Իտալիայի արտգործնախարար Ռոբերտա Պինոտին, իսկ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին Եվրոպային կոչ է անում արթնանալ։ «Մեծ Բրիտանիան նախկինի պես ամուր է «Իսլամական պետությանը» հաղթելու ձգտման մեջ,- ասում է նրա բրիտանացի պաշտոնակից Դևիդ Քեմերոնը։- Մենք պարզ հասկանալ ենք տալիս, որ Լիբիան չպետք է դառնա հանգիստ հանգրվան ահաբեկիչների համար»։

Բայց Հռոմում, ինչպես և Լոնդոնում, կարծում են, որ լիբիական խնդիրը հարկավոր է լուծել առաջին հերթին քաղաքական ճանապարհով՝ այնտեղ գործող ՄԱԿ Լիբիայի գծով հատուկ ներկայացուցիչ Բեռնարդինո Լեոնի առաքելության միջոցով, որը փորձում է երկրում ստեղծել ազգային միասնության կառավարություն։ Բրիտանացի և իտալացի քաղաքական գործիչները հույս ունեն, որ ԻՊ ջիհադականների ակտիվացման ֆոնին «Լիբիայի լուսաբացի» և Թոբրուկի պաշտոնական կառավարության առողջ ուժերն ավելի մեծ պրագմատիզմ կցուցաբերեն և կգտնեն փոխզիջման տարբերակ։ «Մենք չենք հավատում, որ մարտական գործողությունները կարող են լուծել խնդիրը Լիբիայում,- ասել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։- Մենք հավատում ենք համապարփակ քաղաքական լուծմանը»։

«Բազեները» Փարիզում և Մոսկվայում

Ի դեպ, Եվրոպայում կան ուժեր, որոնք շահագրգռված են ԻՊ-ի դեմ պայքարի առավել արմատական մեթոդներով։ Դրանք առաջին հերթին Ֆրանսիան և Ռուսաստանն են։

Փարիզում լրջորեն անհանգստացած են արմատական իսլամի Եվրոպա, նախևառաջ՝ Ֆրանսիա ներթափանցմամբ։ «Սպառնալիքների թիվն օրեցօր ավելանում է։ Եվ այդ սպառնալիքներին դիմակայելու համար մեզ դաշնակիցներ են հարկավոր»,- ասում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը։ Բայց Ֆրանսիան լիբիական կամպանիային մասնակցելու այլ պատճառներ էլ ունի։

Նախ՝ Ելիսեյան պալատի տերերը դեռ հույս են փայփայում դառնալ լիբիական նավթագազային հանքերի գոնե մի մասի սեփականատերերը։ Այս հույսերը «քաջալերում» է այն փաստը, որ այդ հանքավայրերը ֆրանսիացիներին արդեն խոստացվել են որպես Քադաֆիին «գցելու» վճար, բայց հիմնականում Կատարի դավերի պատճառով այդ խոստումն այդպես էլ չի կատարվել։ Եվ հիմա Ֆրանսիայի երկրորդ փորձը՝ մտնել Լիբիա, կընկալվի որպես յուրատեսակ ռևանշ։ Ֆրանսիացի նավթագործների աշխատանքի համար պոտենցիալն այս երկրում վիթխարի է. եթե Քադաֆիի օրոք Լիբիան արդյունահանում էր օրական 1,6 մլն բարել նավթ, ապա հիմա այդ ցուցանիշը հազիվ հասնում է 350 հազարի։

Երկրորդ՝ Ֆրանսիայի մասնակցությունը լիբիական պատերազմին կարող է օգնել ֆրանսիացի զինագործներին։ Նրանք արդեն Եգիպտոսին 24 բազմաթիրախանոց Rafale ինքնաթիռների մատակարարման պայմանագիր են կնքել։ Ժան-Իվ լը Դրիանը գործարքն անվանել է համագործակցության խորացման սկիզբ՝ ի բարօրություն տարածաշրջանային անվտանգության։ Եվ չի բացառվում, որ համագործակցության այդ խորացման շրջանակներում Ֆրանսիան փորձի Եգիպտոսին վաճառել այլ զինատեսակներ՝ դրանով իսկ մասամբ հետ բերելով իմիջի առումով լրջագույն կորուստները զենքի շուկայում, կորուստներ, որոնք Փարիզը կրել է «Միստրալի» գործարքի խափանման պատճառով։

Լիբիայում իսլամականների դեմ պայքարի հանդեպ շահագրգռություն նկատվում է նաև Մոսկվայում։ «Ռուսաստանի նախագահը մեկ անգամ ևս հաստատեց, որ ռուսական կողմը պատրաստ է ամենասերտ համագործակցության Եգիպտոսի հետ ահաբեկչական սպառնալիքի բոլոր դրսևորումների դեմ պայքարում»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությունում։

Պատճառը միայն այն չէ, որ Կրեմլը փորձում է Կահիրեի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցել և այն վերածել հենակետի Մերձավոր Արևելք հետագա ներթափանցման համար։ Եվ ոչ էլ այն, որ պատերազմը Հյուսիսային Աֆրիկայում, առավել ևս՝ եվրոպական երկրների մասնակցությամբ, կարող է, ի վերջո, շեղել համաշխարհային հանրության ուշադրությունն ուկրաինական ճգնաժամից։ Պարզապես Ռուսաստանը ԻՊ-ը դիտարկում է որպես բացարձակ չարիք, և ՌԴ-ն պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր մտադիր են անվերապահորեն (այլ ոչ թե ընտրողաբար, ինչպես ԱՄՆ-ը) պայքարել այդ չարիքի դեմ։ «Դա ասես քաղցկեղի ուռուցք լինի, մետաստազներ, տարածումներ դեպի տարբեր կողմեր,- պարզաբանում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։- Այդ ամենը շատ տագնապեցնող է և անմիջականորեն առնչվում է նաև մեզ, առնչվում է մեր, ինչպես նաև տարածաշրջանում մեր բարեկամների ազգային անվտանգության շահերին»։ Եվ այդ ուռուցքի դեմ պայքարում ավելի լավ դաշնակից, քան աշխարհիկ ավտորիտար Եգիպտոսն է, Մոսկվան դժվար թե գտնի։ Իրենց հերթին՝ եգիպտացիներին խիստ անհրաժեշտ է ռուսական աջակցությունը՝ նախևառաջ զենքի մատակարարումները, որոնք Ռուսաստանը պատրաստ է իրականացնել՝ առանց քաղաքական պահերի հետ դրանց շաղկապման։ «Մենք, օրինակ, զենք էինք մատակարարում Իրաքի կառավարությանը, մինչ ԱՄՆ-ը թղթի վրա որոշում էր, թե ինչ անի»,- ասում է ՄԱԿ-ում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Ընդ որում՝ եգիպտացիները կարող են վստահ լինել Ռուսաստանի հուսալիության հարցում. ի տարբերություն այդ նույն Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի, Մոսկվան ցանկություն չունի ԻՊ-ն օգտագործել Մերձավոր Արևելքում իրեն անհարմար ռեժիմների դեմ պայքարելու համար։

Ի դեպ, ամենայն հավանականությամբ, անգամ չնայած ռուսական և ֆրանսիական աջակցությանը, Եգիպտոսը հիմա մարտական գործողություններ չի սկսի Լիբիայում։ Խանդավառության անբավարար մակարդակի հանդիպելով Եվրոպայում՝ Կահիրեն որդեգրել է Արևմուտքին լիբիական գործերի մեջ աստիճանաբար ներքաշելու գիծ։ «Ոչ ոք չէր խոսում ռազմական ներխուժման մասին։ Եգիպտոսը միջազգային հանրությանը կոչ էր անում պատասխանատվություն վերցնել Լիբիայի հանդեպ, դա արտահայտվում է տարբեր և բազմաթիվ ձևերով»,- ասում է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին։ Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերել ծովային շրջափակմանը։ «Հարկավոր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել բոլոր ոչպետական կազմավորումների և կազմակերպությունների կողմից զենքի ձեռքբերումը կանխելու համար՝ Լիբիայի՝ լեգիտիմ իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող շրջաններ ուղարկվող զենքի հանդեպ ռազմածովային արգելանք մտցնելու միջոցով»,- ասել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին։

Միաժամանակ առաջարկվում է հանել լիբիական կառավարությանը զենքի մատակարարման էմբարգոն։ Փետրվարի 18-ին Հորդանանը համապատասխան բանաձև է մտցրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման համար։ Մոսկվան արդեն համաձայնել է սատարել դրան, բայց միայն այն պայմանով, որ դրանում նախատեսվեն այնպիսի մեխանիզմներ և երաշխիքներ, որ այդ զենքը «չտարածվի ողջ Լիբիայով մեկ»։ Բայց Լոնդոնը դեմ է անգամ զենքի մատակարարմանը, դրա համար էլ բանաձևի ճակատագիրն առայժմ հարցականի տակ է։


դեպի ետ