• am
  • ru
  • en
Версия для печати
13.04.2015

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՄԵՐԻԿԱՆ ՎԵՐԱԾՎԵՑ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ

EnglishРуский

   

Էլեն Բրաուն
Քաղաքական գործիչները դրված են այն բանի համար,
որ ձեզ համոզեն, թե ազատ ընտրության իրավունք ունեք։ Չունե՛ք։ Դուք ունեք տերեր։
Ջորջ Քարլին, «Ամերիկյան երազանք»

Փրինսթոնի համալսարանի նոր հետազոտության համաձայն, ամերիկյան ժողովրդավարությունն այլևս գոյություն չունի։ Վերլուծելով 1981-2002թթ. ժամանա-կահատվածի ավելի քան 1800 քաղաքական նախաձեռնությունների մասին տվյալները, հետազոտողներ Մարտին Գիլենսը և Բենջամին Փեյջը հանգել են այն եզրակացության, որ մեծահարուստ և լայն կապեր ունեցող անհատներն են այժմ որոշում, թե որ ուղղությամբ շարժվի երկիրը։ Ընդ որում, դա տեղի է ունենում ընտրողների մեծամասնության կամքից անկախ կամ նույնիսկ դրան հակառակ։ Ամերիկայի քաղաքական համակարգը ժողովրդավարությունից վերափոխվել է օլիգարխիայի, որտեղ իշխանությունը պատկանում է մեծահարուստ վերնախավերին։

Առաջին համաշխարհային պատերազմի առիթով նախագահ Վուդրո Վիլսոնի տված հիմնավորումն էր` «աշխարհն անվտանգ դարձնել ժողովրդավարության համար», և այդ ժամանակներից ի վեր Ամերիկան այդ նույն ձևակերպումն է օգտագործում իր ռազմական միջամտություններն արդարացնելու նպատակով։ Իսկ կարելի՞ է արդյոք արդարացնել այլ երկրներ զորք ուղարկելը` քաղաքական մի համակարգ տարածելու նպատակով, որը չենք կարողանում պահպանել նույնիսկ մեր սեփական երկրում։

Արևմտյան աշխարհում իրավունքների առաջին հռչակագիրը համարվում է «Ազատությունների մեծ խարտիան» (Magna Carta), որով սահմանվեցին անգլիական ազնվականների իրավունքները` ի հակադրություն թագավորի։ Իսկ «բոլոր մարդիկ ծնվում են հավասար» սկզբունքը, ըստ որի՝ բոլոր մարդիկ օժտված են «որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց շարքին է դասվում կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքը», արդեն ամերիկյան ծագում ունի։ «Իրավունքների հռչակագրով» իբրև թե երաշխավորվող այս իրավունքների հիմքում ընկած է ընտրության իրավունքը։ Մենք ընտրելու իրավունք ունենք, բայց ընտրողների կոլեկտիվ կամքն այլևս չի գերակայում։

Հունաստանում հանկարծակի ասպարեզ եկած ձախակողմյան պոպուլիստական «Սիրիզա» կուսակցությունը գրոհով հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում, իսկ Իսպանիայում պոպուլիստական «Պոդեմոս» կուսակցու¬թյունը պատրաստ է կրկնել այդ հաջողությունը։ Սակայն ԱՄՆ-ում արդեն ավելի քան մեկ դար ոչ մի երրորդ քաղաքական ուժ նախագահական ընտրություններում հաղթելու որևիցե հնարավորություն չունի։ Երկկուսակցական այս համակարգում, որտեղ հաղթողը ստանում է ամբողջ իշխանությունը, ընտրությունը կայացվում է երկու թեկնածուների միջև, որոնք երկուսն էլ, անշուշտ, ծառայում են խոշոր կապիտալի շահերին։ Չէ՞ որ ընտրական տարիք ունեցող 240 մլն մարդկանց ձայները գրավելու համար հարկավոր են հենց վիթխարի ֆինանսական միջոցներ պահանջող զանգվածային լրատվական քարոզարշավներ։

Նահանգային և տեղական ընտրություններում երբեմն հաղթող են ճանաչվում երրորդ քաղաքական ուժերը։ Փոքր բնակչությամբ քաղաքում թեկնածուներն իրապես կարող են ընտրության վրա ազդել դռնեդուռ շրջելով, թռուցիկներ ու ավտոմեքենային փակցնելու թերթիկներ բաժանելով, տեղերում ելույթներ ունենալով և տեղական ռադիոյով ու հեռուստատեսությամբ հանդես գալով։ Սակայն ազգային մասշտաբի ընտրություններում այդ ամենի հանդեպ կարելի է հեշտությամբ առավելություն ստանալ ԶԼՄ-ի միջոցով։ Եվ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես խոշոր կապիտալի նկատմամբ պարտավորվածության տակ են գտնվում։

Երբ ցանկացած մակարդակի կառավարման մարմին դրամական միջոցներ փոխառելու կարիք է ունենում, դրանք տրամադրելու հնարավորություն ունեցող հսկա բանկերը կարող են թելադրել իրենց պայմանները։ Նույնիսկ Հունաստանում, որտեղ պոպուլիստական «Սիրիզա» կուսակցությունը հունվարին հաղթող ճանաչվեց, խստիվ տնտեսման ռեժիմի դեմ ուղղված նոր կառավարության քաղաքական գիծը խափանվում է վարկատուների կողմից, որոնք աքցանների մեջ են պահում պետության կոկորդը։

Ինչպե՞ս ստացվեց, որ կորցրեցինք մեր ժողովրդավարությունը։ Միգուցե հիմնադիր հայրերն ինչ-որ բան բա՞ց էին թողել սահմանադրությունը կազմելիս։ Թե՞ մեր երկիրը պարզապես չափազանց խոշոր է` մեծամասնական ընտրության միջոցով կառավարելու համար։

Ժողովրդավարության վերելքն ու անկումը

Խոշոր կապիտալի կողմից ժողովրդավարության գերեվարման փուլերի հետքերով է գնում աստվածաբան և բնապահպան Ջոն Քոբն իր «Ժողովրդավարական ազգային պետությունների անկումը» հոդվածում։ Նա նշում է, որ մի քանի դար առաջ գլուխ բարձրացրած մասնավոր բանկային համակարգը կառավարություններից բռնազավթեց փող ստեղծելու իրավունքը.

Մասնավոր բանկային համակարգի առաջացմամբ մեծապես բարձրացավ փողի դերը։ Բանկերն ի վիճակի են փող ստեղծել և այդպիսով իրենց իրական նյութական կարողությունները բազմակի չափերով գերազանցող գումարների վարկեր տրամադրել։ Փողի ստեղծման այս կարողությունը... բանկերին տվել է մարդկանց գործերի վրա չափազանց մեծ վերահսկողություն սահմանելու հնարավորություն։ Միացյալ Նահանգներում իսկապես կարևոր որոշումները մեծ մասամբ կայացվում են Ուոլ սթրիթում, որքան էլ որ դա ուղղակիորեն վերագրեն Վաշինգտոնին։

Արևմուտքի երկրներում փողի առաջարկի գերակշիռ մասն այսօր ստեղծվում է մասնավոր բանկերի կողմից։ Այս ավանդույթն արմատներով գնում է 17-րդ դար, երբ մասնավոր հաստատություն հանդիսացող Անգլիայի բանկը բանակցությունների միջոցով ձեռք բերեց դրամահատման իրավունքն այն բանից հետո, երբ պառլամենտը դրանից զրկեց թագավորին։ Երբ Վիլյամ թագավորը պատերազմ վարելու համար փողի կարիք էր զգում, նա ստիպված էր վարկ վերցնել։ Նույն կերպ էլ վարկառու դարձած պետությունը վերածվեց վարկատուի ծառայի։

Սակայն Ամերիկայում գաղութաբնակները չենթարկվեցին Անգլիայի բանկին, սկսեցին թողարկել իրենց սեփական թղթադրամները և բարգավաճել։ Երբ Վիլյամ թագավորն արգելեց դա, գաղութաբնակներն ապստամբեցին։ Նրանք հաղթեցին հեղափոխությունում, բայց կորցրին փողի սեփական առաջարկը ստեղծելու իշխանությունը, երբ որ գերադասեցին թղթադրամների փոխարեն որպես փոխանակման պաշտոնական միջոց օգտագործել ոսկին։ Ոսկու պաշարները սուղ էին և վերահսկվում էին բանկերի կողմից։ Վերջիններս գաղտնի ուռճացրին փողի առաջարկը` ոսկու սահմանափակ քանակների դիմաց մեծաքանակ թղթադրամներ թողարկելու միջոցով։

Այս համակարգը կոչվում էր «մասնակի պահուստի» դրամագործություն, քանի որ բանկերը կարող էին իրենց թողարկած թղթադրամների դիմաց ունենալ դրանց արժեքին համապատասխան ոսկու միայն մի փոքր մասը։ Այս փողը տրամադրվում էին շահատոկոսով վարկի ձևով՝ քաղաքացիներին և կառավարությանը դարձնելով բանկերի պարտառու, մինչդեռ վերջիններս այդ թղթադրամները ստեղծել էին տպագրական հաստոցի միջոցով։ Այնինչ պետությունն ինքը կարող էր դա անել` առանց պարտքի մեջ մտնելու, ինչպես որ մեծ հաջողությամբ գործում էին Ամերիկայի գաղութաբնակները, մինչև որ Անգլիան դա թույլ չտալու համար պատերազմի ելավ նրանց դեմ։

Նախագահ Աբրահամ Լինքոլնը վերականգնեց գաղութաբնակների թղթադրա-մային համակարգը, երբ թողարկեց «Greenback» («կանաչ դարձերես») կոչվող գանձապետական արժեթղթերը, որոնք օգնեցին նրան հաղթանակ տանել քաղաքացիական պատերազմում։ Սակայն Լինքոլնին սպանեցին, և «Greenback»-ների թողարկումը դադարեցվեց։

1872-1896թթ. տեղի ունեցած յուրաքանչյուր նախագահական ընտրությանը մասնակցել է ազգային մասշտաբի մի որևէ երրորդ կուսակցություն՝ որպես ընտրական ծրագրի հիմնական դրույթ հռչակելով ֆինանսական բարեփոխումը։ Սովորաբար այդ կուսակցությունները կազմակերպվել են բանվորական կամ ֆերմերային կազմակերպությունների հովանու ներքո և հանդիսացել ժողովրդի, ոչ թե բանկերի կուսակցություններ։ Դրանցից էին Ժողովրդական կուսակցությունը, «Greenback» և Բանվորական «Greenback» կուսակցությունները, Բարեփոխումների աշխատավորական կուսակցությունը, Հակամենաշնորհատիրական կուսակցությունը և Միացյալ աշխատավորական կուսակցությունը։ Նրանք առաջ էին մղում առևտրային կարիքների բավարարման նպատակով ազգային արժույթի ընդլայնման, բանկային համակարգի բարեփոխման և ֆինանսական համակարգի ժողովրդավարական վերահսկման գաղափարները։

1890-ական թվականների ժողովրդական շարժումն այն վերջին լուրջ մարտահրավերն էր, որ նետվեց ազգային դրամը ստեղծելու իրավունքի հանդեպ բանկերի ունեցած մենաշնորհին։ Դրամի պատմության գիտակ Մյուրեյ Ռոթբարդի պնդմամբ, դարասկզբից հետո քաղաքականությունը դարձավ երկու մրցակից բանկային հսկաների` Մորգանների և Ռոքֆելերների պայքարի ասպարեզ։ Կուսակցությունները երբեմն փոխում էին սեփականատերերին, սակայն խամաճիկների թելերը խաղացնողի դերում մշտապես հանդես էր գալիս խոշոր կապիտալի այս երկու ներկայացուցիչներից որևէ մեկը։

«Նախագահի բոլոր բանկիրները» գործում Նոմի Փրինսը մատնացույց է անում քաղաքականության մեջ ավելի քան մեկ հարյուրամյակ գերիշխող բանկային հսկաներին և նրանց հետ կապակցված բանկիրային ընտանիքներին։ Որևիցե երրորդ քաղաքական ուժի ժողովրդականություն վայելող թեկնածու հաղթելու իրական շանս չունի, որովհետև պետք է մրցակցի երկու լավ դիրքավորված կուսակցությունների հետ, որոնք ֆինանսավորում են ահռելի կարողությունների տեր Ուոլսթրիթյան բանկերը։

Ժողովրդավարությունը պարտություն է կրում գլոբալացումից

Ջ.Քոբը նշում է, որ ավելի վաղ շրջանում հարուստ կալվածատերերը կարողանում էին վերահսկել ժողովրդավարությունը` սահմանափակելով պետու¬թյան միջամտությունն ունևոր խավի գործերին։ Երբ այդ սահմանափակումները վերացվեցին, խոշոր կապիտալն ընտրությունները վերահսկելու այլ ձևեր գտավ.

Նախ, ընտրարշավ վարելը դարձավ թանկ հաճույք, և ընտրվելու ցանկություն ունեցողները պետք է հարուստ հովանավորներ ունենային՝ այդպիսով կախման մեջ ընկնելով նրանցից։ Երկրորդ, ընտրողների գերակշիռ մասը թեկնածուների կամ նրանց բարձրացրած հարցերի մասին շատ քիչ բան կարող է իմանալ անկախ աղբյուրներից։ Հետևապես, նրանց դատողությունները կախված են ԶԼՄ-ից ստացվող տեղեկություններից։ Իսկ զանգվածային լրատվամիջոցներն, իրենց հերթին, վերահսկվում են մեծահարուստների կողմից։

ԶԼՄ վերահսկողությունը և ընտրված պաշտոնյաների հանդեպ ֆինանսական լծակները թույլ են տալիս սանձահարել ժողովրդավարությունն այնպիսի եղանակներով, ինչպիսիք մեզ այսօր հայտնի են, այդ թվում` քվեաթերթերում երրորդ քաղաքական ուժերի հայտնվելու առջև դրված խոչընդոտներն ու նախագահական նախընտրական բանավեճերին նրանց մասնակցությունը բացառելը, ընտրություններին ընտրողների մասնակցությունը դժվարացնելու զանազան ձևերը, գրանցման սահմանափակումները, նույնականացման փաստաթղթերի մասին օրենքները, ընտրողների ցուցակից անուններ հանելը, ընտրատարածքների սահմանները «ցանկալի» ձևով գծելը, համակարգիչների միջոցով քվեարկությունը և կառավարության անթափանցիկությունը։

Ջ.Քոբի խոսքերով, ժողովրդավարությանը հասցված վերջին հարվածը «գլոբալացումն» էր, այսինքն` ընդլայնվող գլոբալ շուկայի գերակայությունը` ազգային շահերի համեմատ.

Մերօրյա գլոբալ տնտեսությունն ամբողջապես վերազգային է։ Փողի իշխանությանն առանձնապես չեն հետաքրքրում պետական սահմանները, և ջանք է գործադրվում նվազեցնել դրանց ազդեցությունը շուկաների և ներդրումների վրա։ Այսպիսով, վերազգային կորպորացիաներն ինքնաբերաբար աշխատում են ազգային պետությունների վերացման ուղղությամբ, անկախ այն բանից` ժողովրդավարակա՞ն են դրանք, թե՞ ոչ։

Այսօր դրա ամենավառ օրինակը «Միջխաղաղօվկիանոսային գործընկերու¬թյուն» կոչվող գաղտնի առևտրային համաձայնագիրն է 12 երկրների միջև։ Եթե համաձայնագիրը ստորագրվի, ապա այն շեշտակիորեն կընդլայնի վերազգային կորպորացիաների իրավասությունները՝ նրանց հնարավորություն ընձեռելով փակ դռների հետևում անցկացվող դատավարությունների միջոցով բողոքարկել և շրջանցել ազգային օրենքները, այդ թվում` բնապահպանության, աշխատանքի, առողջա¬պահության և օրենսդրական այլ պաշտպանիչ մեխանիզմները։

Հայացք այլընտրանքներին

Որոշ քննադատներ հարց են բարձրացնում, թե արդյոք գնված ԶԼՄ-ի կողմից հեշտությամբ ձեռնածության ենթարկվող զանգվածային քվեարկությունը մարդկանց անունից կառավարելու ամենաճիշտ ձևն է։ TED Talk կոչվող կոնֆերանսում իր հետաքրքիր ելույթի ժամանակ քաղաքագետ Էրիկ Լին համոզիչ փաստարկներ բերեց «մերիտոկրատական» համակարգի օգտին, որը մեծ հաջողությամբ կիրառվում է Չինաստանում։

«Ամերիկան կապիտալիզմից անդին» գրքում պրոֆ. Գար Ալպերովիցը փաստարկում է, որ ԱՄՆ-ը պարզապես չափազանց խոշոր երկիր է` համազգային մակարդակով որպես ժողովրդավարություն գործելու համար։ Եթե չհաշվենք Կանադան և Ավստրալիան, որոնց հողատարածքների զգալի մասը բնակեցված չէ, Միացյալ Նահանգներն աշխարհագրորեն ավելի մեծ է, քան ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) անդամ հանդիսացող զարգացած արդյունաբերական բոլոր երկրները միասին վերցրած։ Նա առաջարկում է այսպես կոչված «Բազմակարծիք համագործակցության» համակարգ, որը հիմնված կլինի համայնքների վերականգնման և բարեկեցության ժողովրդայնացման վրա։ Դրանում հնարավոր կլինեն կոոպերատիվ և ընդհանուր սեփականության բազմապիսի ձևեր՝ սկսելով ապակենտրոնացումից և շարժվելով դեպի տարածաշրջանային և ազգային համագործակցության ավելի բարձր մակարդակներ, երբ որ դա անհրաժեշտ է։ Ջեյմս Գուստավ Սպեթի հետ միասին նա հանդիսանում է «Հաջորդ համակարգի նախագծի» համանախագահը, որի նպատակն է լայն քննարկումներ բացել այն մասին, թե ինչպես առաջ ընթանալով անցնել տապալվող ձախակողմյան և աջակողմյան քաղաքատնտեսական համակարգերից անդին։ Գ Ալպերովիցը մեջբերում է պրոֆ. Դոնալդ Լիվինգստոնին, որը 2002թ.ն հարց է տվել.

Ո՞րն է այս աժդահա միությունը պահպանելու արժեքը։ Ամերիկյան դաշնային ավանդույթում կան մեծաքանակ դրույթներ, որոնցով ինքնիշխանության սկզբունքից ելնելով հիմնավորվում է նահանգների և տեղական համայնքների կողմից այն լիազորությունների հետկանչումը, որոնք նրանք ժամանակին կենտրոնական կառավարությանը թույլ են տվել բռնագրավել։

Իրավասությունները վերադարձնելը

Եթե տեղական ինքնակառավարման մարմինները սկսեն պահանջել վերադարձնել իրենց ինքնիշխան իրավասությունները, ապա կարելի է սկսել փողի ստեղծման իրավունքից, որը նրանցից բռնագրավել են մասնավոր շահ հետապնդող կողմերն այն ժամանակ, երբ մարդիկ դա չէին գիտակցում։ Նահանգային և տեղական կառավարությունները դրամահատության իրավունք չունեն, սակայն նրանք կարող են դառնալ բանկերի սեփականատեր, իսկ ավանդ ընդունող բանկերը կարող են փող ստեղծել վարկեր տրամադրելիս։ Ի դեպ, այս հնարավորության գոյությունը վերջերս հաստատվել է Անգլիայի բանկի կողմից։

Դաշնային կառավարությունը կարող է հարկ եղած դեպքում վերադարձնել փողի ազգային առաջարկ ստեղծելու իրավունքը` թողարկելով գանձապետական արժեթղթեր, ինչպես որ դա ժամանակին արեց Աբրահամ Լինքոլնը։ Այլ տարբերակների թվում են` անվանական հսկա արժեք ունեցող մետաղադրամների թողարկումը, ինչպես որ նախատեսվում է սահմանադրությամբ, կամ կենտրոնական բանկի ազգայնացումը և քանակական մեղմացման օգնությամբ ենթակառուցվածքների, կրթության ֆինանսավորումը, աշխատատեղերի ստեղծումը և սոցիալական ծառայությունների բարելավումը՝ արձագանքելով մարդկանց, այլ ոչ թե բանկերի կարիքներին։

Ընտրական իրավունքն առանձնապես արժեք չունի առանց տնտեսական ազատության` աշխատելու և սննդամթերք, կրթություն, բուժսպասարկում ու արժանապատիվ թոշակ ունենալու իրավունքի։ Նախագահ Ֆրենքլին Ռուզվելտը պնդում էր, որ մեզ անհրաժեշտ է «Տնտեսական իրավունքների հռչակագիր»։ Եթե մեր ընտրված պաշտոնյաները պարտավորվածություններ չունենան պարտատուների հանդեպ, նրանք, թերևս, կկարողանան ընդունել նման հռչակագիր և դրա կիրարկման համար գտնել ֆինանսական միջոցներ։

http://www.wpfdc.org/blog/economics/19362-how-america-became-an-oligarchy


դեպի ետ