• am
  • ru
  • en
Версия для печати
17.11.2014

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ (1920-1930ԹԹ.)

   

Հակոբ Հատիկյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ

«Հատուկ կազմակերպությունից»1 սկսած մինչև 1965թ. հուլիսի 6-ին առաջին անգամ հետախուզության մասին առանձին օրենքի ընդունումն ու Ազգային հետախուզական ծառայության ստեղծումը՝ թուրքական հետախուզական կառույցների գործունեությունն առավելապես ռազմական բնույթ ուներ, այդ կառույցները գտնվում էին Գլխավոր շտաբի կազմում: Իրավիճակը չփոխվեց նաև 1927թ. հետախուզական կառույցի ստեղծմամբ [1, էջ 134]:

Ազգային շարժման տարիներին Անկարայի կառավարությանը կից ստեղծվեցին մի շարք հետախուզական և անվտանգության կառույցներ, որոնց բնորոշ էր գոյության կարճատևությունը: «Հատուկ կազմակերպությունից» և դրա հիմքի վրա ստեղծված «Քարաքոլից» (Ոստիկանական գիլդիա) հետո 1920թ. սեպտեմբերի 23-ին ստեղծվեց «Համզա» գաղտնի խումբը, որը գործեց մինչև 1921թ. օգոստոսի 31-ը, իսկ 1921-1923թթ. դրան փոխարինեց «Ազգային պաշտպանության» խումբը:

1920թ. փետրվարի 18-ին ստեղծվեց Ռազմական ոստիկանությունը, իսկ 1921թ. ապրիլի 1-ին՝ Հետախուզության վարչությունը: Այս երկու կազմակերպությունների ստեղծմամբ դրվեցին արտաքին և ներքին հետախուզական ծառայությունների հիմքերը:

1922-1926թթ. ակտիվ հետախուզական գործունեություն էր ծավալել նաև Գլխավոր շտաբի հետախուզական վարչությունը, որն օգտագործում էր նաև «Հատուկ կազմակերպության» ստեղծած գործակալական ցանցը [1, էջ 136]:

Թուրքիայում հետախուզությունը որպես առանձին ծառայություն ստեղծվեց 1927թ.: Դրա հիմնադիրը լեգենդար գնդապետ Վալտեր Նիկոլային էր, որը նաև Գերմանիայի ռազմական հետախուզության՝ Աբվերի կազմակերպիչներից էր: Վալտեր Նիկոլային Աթաթյուրքի հրավերով 1926թ. հոկտեմբերին ժամանեց Թուրքիա և ձեռնամուխ եղավ հետախուզական կառույցի ու մասնագետների պատրաստմանը: 1927թ. հունվարի 5-ին ստեղծվեց Ազգային անվտանգության ծառայությունը (Milli Amele Hizmeti - MAH), որը, օրենքի սահմանմամբ լինելով ներքին գործերի նախարարությանը կից կառույց, գաղտնի կերպով ֆինանսավորվում էր անմիջապես կառավարության կողմից [1, էջ 162-163]: Կառույցը, որը բաղկացած էր չորս վարչությունից՝ հետախուզության, հակահետախուզության, քարոզչության, տեխնիկական, արտասահմանում բացեց երեք ռեզիդենտային գրասենյակ՝ Վիեննայում, Թեհրանում և Կահիրեում: Նշենք, որ գնդապետ Ազիզ Հուդան բեյը, որը քեմալական Թուրքիայի հատուկ ծառայությունների գլխավոր դերակատարներից էր, նախկինում զբաղեցրել է Ստամբուլի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, որից հետո Գլխավոր շտաբի գծով աշխատել է Գերմանիայում, իսկ 1927 թվականից գլխավորել է Ազգային անվտանգության ծառայության Ստամբուլի հակահետախուզական կենտրոնը՝ որոշ ժամանակ կատարելով նշված կենտրոնի պետի պարտականությունները։ 1930թ. նրան MAH կենտրոնական ապարատում նշանակեցին ղեկավար պաշտոնի2:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո քրդական շարժման ծանրության կենտրոնը գտնվում էր ոչ թե Իրաքյան կամ Իրանական Քրդստանում, այլ հենց Արևմտյան Հայաստանում, և բնավ պատահական չէ, որ հենց այդ երկրամասն էլ դարձավ արթնացող քրդական ազգայնականության օրրանը: Թե որքան լուրջ էր ընկալվում Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքական զանգվածի կողմից քրդական պետության ստեղծման հեռանկարը, երևում է հետևյալ փաստից. 1919թ. սեպտեմբերին բրիտանական կառավարությունը Արևմտյան Հայաստան գործուղեց հայտնի հետախույզ, քրդական հարցի ճանաչված գիտակ մայոր Նոյելին՝ պարզելու համար այդ երկրամասում քաղաքական ուժերի դասավորությունը, վարելու գործակալական-քաղաքական աշխատանք և, առհասարակ, հավաքելու համակողմանի տեղեկություններ: Մայոր Նոյելին ուղեկցում էին իրենց անգլիամետ հայացքներով հայտնի քուրդ ազգայնականներ Քամուրան և Ջելադեթ Բադրխանները, որոնք հայտնի էին որպես քրդական պետության ստեղծման ջատագովներ: Ոտքի տակ տալով համարյա ամբողջ Արևմտյան Հայաստանը` անգլիացի հետախույզը պարզեց մի կարևոր հանգամանք, որն առաջին պահին զարմանք էր պատճառել նրան: Պարզվեց, որ տեղական թուրք բնակչությունը, որը մեծ երկյուղներ ուներ այդ երկրամասում քրդական իշխանության հաստատման լուրերի կապակցությամբ, գերադասում էր ավելի շուտ այնտեղ տեսնել հայկական, քան քրդական իշխանություն [2]:

Քեմալական շարժման սկսվելուց հետո ակնհայտորեն զգացվում էր քրդերի հակահայկական տրամադրությունների շեշտակի վերելք, քանի որ նրանք ցանկանում էին պետություն ստեղծել կամ գոնե ինքնավարություն ձեռք բերել հիմնականում այն տարածքներում, որոնք հանդիսանում էին հայ ժողովրդի պատմական բնօրրանը:

Արևմտյան Հայաստանում հայկական պետության ստեղծման հեռանկարը քրդերի շրջանում ամրապնդել էր այն վախը, որ այստեղ հայկական իշխանության պայմաններում քրդերի շահերը կտուժեն և իրենք կվերածվեն երկրորդական ուժի:

MAH քարոզչության վարչության կողմից իրականացված համապատասխան աշխատանքների շնորհիվ քրդերին ներշնչվում էր այն գաղափարը, որ թուրք-քրդական դաշինքի հիմք պետք է հանդիսանա հայերի անկախության ձգտումների չեզոքացումը: Այդ դաշինքի գլխավոր նպատակն էին հռչակվում երկրի տարածքային ամբողջականության պահպանումը և «թուրքական ու քրդական մեծամասնության» շահերի ապահովումը [3, с. 99-100]:

Հատկանշական է քեմալական գաղտնի ծառայությունների կողմից քրդերի հավաքագրման գործելաոճը: Թուրք հետախույզներն ու գործակալներն անհրաժեշտ տեղեկություն էին ձեռք բերում ոչ միայն անձնական շփումների շնորհիվ, այլ նաև տեղեկատվության աղբյուր հանդիսացող այլազգի անձանց կաշառման միջոցով, որոնք կամա թե ակամա կանգնում էին հայրենիքի դավաճանության ճանապարհին [4, с. 7 75-80]:

Հաշվի առնելով թուրքական գաղտնի ծառայությունների ավանդաբար շարունակվող և զարգացում ապրող գործելակերպը և դրանց գերակայող տեղն ու դիրքը պետական համակարգում՝ հարկ ենք համարում նշել սուլթանական գաղտնի ոստիկանության պետի խոստովանումներն անձանց հավաքագրման վերաբերյալ. «…սովորական ժամանակ և սովորական գործերում մարդը կարողանում է թաքցնել իր թերություններն ու արատները, բայց քաղաքական բնույթի գործերում, երբ դրանք վերաբերում են անարգ մետաղին, անգամ ամենախելացի դիվանագետների կամային հատկանիշները հօդս են ցնդում: Դրա գլխավոր պատճառը ոսկին էր: Այդ մետաղը գրեթե անում է ամեն ինչ» [5, с. 210:]: Նշված ծառայությունների գործակալները, իրենց ներկայացնելով որպես քրդերի «բարեկամներ», զանազան խոստումներով ու կաշառքով աշխատում էին քրդերի ազդեցիկ առաջնորդներին գրավել իրենց կողմը: Այսպես՝ նրանց հաջողվեց իրենց կողմը գրավել Դերսիմի ցեղապետերից Մեչո աղային, Դիապ աղային, Մուստաֆա Զեքի բեյին, Ռեմիզ բեյին, Աբդուլհաք Թեֆթիկ բեյին, Հասան Հայրի բեյին և այլոց: Նրանք նշանակվեցին Թուրքական Ազգային մեծ ժողովի պատգամավորներ, որից հետո այդ նախկին ընդդիմադիրները սկսեցին սերտորեն համագործակցել քեմալական կառավարության հետ, և նրանցից մի քանիսը նույնիսկ օգնեցին ազգայնականներին Դերսիմում ճնշելու հակաքեմալական ապստամբությունը [6, с. 93]:

Սակայն 1925թ. փետրվարի 8-ին արևելյան վիլայեթներում բռնկվեց հուժկու քրդական ապստամբություն` շեյխ Սայիդի գլխավորությամբ: Ապստամբների գլխավոր քաղաքական խնդիրն էր. ռազմական ճանապարհով հասնել միացյալ անկախ Քրդստանի ստեղծմանը: Ապստամբության հիմնական օջախը գտնվում էր Վանա լճից արևմուտք ընկած շրջանում, և կարճ ժամանակահատվածում ապստամբությունը տարածվեց 50-60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

1925թ. ապրիլի կեսերին թուրքական զորքերն ապստամբների գլխավոր ուժերին շրջապատեցին ու ջախջախեցին Գենջոյի գոգահովտում: Շեյխ Սայիդը և ապստամբության մյուս ղեկավարները բռնվեցին Մուրադչայ գետի կամրջի վրա: Հունիսի վերջին նրանք բոլորն էլ կախաղան հանվեցին Դիարբեքիրում:

Ապստամբության ակտիվ մասնակիցներից էին նաև արևմտահայերը: Այս առումով աչքի էր ընկնում Չմշկածագի բնակիչ դարբին Պողոսը, որը բացահայտվել և ձերբակալվել էր քեմալական հակահետախուզության կողմից: Քրդական ապստամբությանը եռանդուն մասնակցություն ունենալու և Խարբերդում ապստամբների օգտին լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով Դիարբեքիրի, այսպես կոչված, անկախության դատարանը 1925թ. սեպտեմբերի 26-ին Պողոսին դատապարտեց մահվան: «Հաքիմիեթի միլլի» թերթը գրում էր, որ հայ և ասորի կամավորականները միանում էին ապստամբներին՝ Քրդստանի հետ միավորված անկախ Հայաստան ստեղծելու համար [7, էջ 103]:

1925թ. շեյխ Սայիդի ապստամբության շրջանում սփյուռքի հայկական մամուլը հայ-քրդական համագործակցությունը գնահատեց որպես երկու դրացի ժողովուրդների քաղաքական ապագայի կարևորագույն խնդիր: Նույն թվականին ՀՅԴ բյուրոյի նախաձեռնությամբ Սոցինտերնի Մարսելի համագումարում կուսակցության պատվիրակները ներկայացրին հուշագիր, որտեղ գնահատական էր տրվում քրդական ազատագրական շարժմանը: Դրանից հետո ևս դաշնակցության ներկայացուցիչը Լոնդոնում և Ցյուրիխում տեղի ունեցած համագումարներում մանրամասն ներկայացրել էր քրդական շարժումը` պահանջելով Քրդստանի ճանաչումը [6, էջ 263]:

Պատմական դեպքերի ընթացքը հայ և քուրդ քաղաքական գործիչներին դաս էր տվել, որ եթե պետք է շարունակել պայքարն իրենց ժողովուրդների իրավունքները ոտնահարող Թուրքիայի դեմ, ապա մեծ տերությունների տված խոստումների անիրական լինելու պայմաններում ավելի իրական արժեք կարող է ունենալ երկու դրացի ժողովուրդների համագործակցությունը:

1927թ. օգոստոսին Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցած քրդական կազմակերպությունների համագումարում ստեղծվեց «Հոյբուն» («Անկախություն») ռազմաքաղաքական կոմիտեն, որը, ըստ էության, վերածվեց ազգային կուսակցության: Այն նպատակ էր հռչակում Թուրքական Քրդստանի անկախությունը [7, էջ 347]:

«Հոյբունի» առաջին կոնգրեսին իր մասնակցությունն էր բերել ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Փափազյանը, իսկ «Հոյբունի» և դաշնակցության ռազմական կառույցի միջև կապն իրականացնում էր Ռուբեն Տեր-Մինասյանը:

Քուրդ հետազոտող Ղասեմլուի կարծիքով՝ «Հոյբունը» գտնվում էր ՀՅԴ անմիջական ազդեցության ներքո, որը նրան ցուցաբերում էր քաղաքական, կազմակերպչական և նյութական աջակցություն [7, էջ 348]:

Ռազմական մարտավարության առումով հայ ռազմական արվեստի ազդեցությունը զգացվեց 1927թ. Արարատի ապստամբության ժամանակ, երբ ապստամբության հիմնական ուժը հայկական ֆիդայական ջոկատների օրինակով ստեղծված ֆիդայական խմբերն էին [8, с. 94-95]: Արարատի ապստամբության ժամանակ ապստամբներին զենքի մատակարարումը նույնպես կազմակերպել էր ՀՅԴ-ն, որը Թավրիզում զենքի փոքր գործարան էր բացել [8, с. 108-109]:

Այսպիսով, ՀՅԴ կուսակցությունը կրկին վերցրեց հայ-քրդական համերաշխության ուղին և թե՛ Թուրքիայում, թե՛ դրա սահմաններից դուրս կարողացավ գտնել քուրդ ղեկավարներ, որոնք ըմբռնեցին միասնության խորհուրդն ընդդեմ «մեծ թշնամու»: Դեռևս 1924թ. դաշնակցության և «Քրդստանի անկախության կոմիտեի» միջև կնքվել էր նախնական համաձայնություն` նկատի առնելով Սևրի պայմանագրի սահմաններն ու հիմունքները:

«Հոյբունի» կանոնադրության մեջ մտցվեց հայերի հետ համագործակցության վերաբերյալ հատուկ կետ, որտեղ ասվում էր. «բարեկամություն և համագործակցություն հայ ժողովրդի հետ, որպես բախտակից ազգի հանդեպ հասարակաց թշնամին, Հայաստանի և Քուրդիստանի անկախության և հողային ամբողջության փոխադարձ ճանաչումն ընդունելով որպես անվիճելի նախադրյալ» [6, էջ 262]:

Հատկանշական է, որ «Հոյբունը» հանդես եկավ հայտարարությամբ, որի 4-րդ կետում ասվում էր. «Համագումարը կը հայտարարե հրապարակավ, որ Հայաստանը ու Քուրդիստանը, ուր դարերով բնակված են այս երկու ժողովուրդները, կը մերժեն ենթարկվիլ որևէ օտար իշխանության, ձգտելով իրենց անկախության: Եվ որ այդ երկու երկրները կը պատկանին միայն հայ և քուրդ ժողովուրդներուն» [6, էջ 263-264]:

Քրդական շարժման նկատմամբ իր դիրքորոշումն ու աջակցությունը ՀՅԴ-ն հիմնավորում էր հետևյալ փաստարկներով.

• քրդական շարժումը զարգանում էր Թուրքահայաստանի տարածքում, ուստի ամեն մի հայ, որ հետաքրքրված է իր հայրենիքի ճակատագրով, պետք է համակրանքով վերաբերվի քրդական հարցին,

• քրդերի հակաթուրքական պայքարը Թուրքահայաստանում թուրք-մուհաջիրների տեղավորման խոչընդոտ է հանդիսանում, որոնք մեծ վտանգ են ներկայացնում հայ ժողովրդի համար,

• անկախ Քրդստանի ստեղծումը խափանում է Թուրքիայի պանթուրքիստական ձգտումների իրագործումը,

• քրդական շարժումը թուլացնում է Թուրքիան և դրանով իսկ նախադրյալներ ստեղծում միացյալ անկախ Հայաստանի համար պայքարի ծավալմանը [8, с. 37]:

«Հոյբունից» զատ, հայ-քրդական հարցերով ակտիվ գործունեություն էին ծավալել նաև այլ քրդական քաղաքական կազմակերպություններ: Մասնավորապես, Էրզրումում շեյխ Սայիդի որդու՝ Սալահեդդինի կողմից հիմնադրված «Հյուսիսային Քրդստանի ընկերությունը», որն իր բաժանմունքներն ուներ նաև Դամասկոսում և Հալեպում, տարածում էր կոչեր և թռուցիկներ հայ-քրդական պետության ստեղծման անհրաժեշտության մասին [7, էջ 351]: Իր հերթին, ՀՅԴ-ն ևս քարոզչական լայն գործունեություն էր ծավալել հօգուտ քրդերի հետ միավորման` «համատեղ պայքար մղելու համար հանուն անկախ Քրդստանի և Հայաստանի ստեղծման» [9, с. 73-74]: Առհասարակ, այդ օրերին հայ-քրդական համագործակցությունը և փոխադարձ օգնությունը հասել էին աննախադեպ չափերի [10, p. 324]:

Ինչ վերաբերում է թուրքական կառավարության դիրքորոշմանը հայ-քրդական համագործակցության նկատմամբ, ապա վերջինս, ինչպես և սպասելի էր, որդեգրեց խիստ թշնամական վերաբերմունք՝ դրա մեջ տեսնելով լուրջ սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգության համար: Քեմալականները «Հոյբուն» կուսակցությանը և նրա անդամներին հռչակեցին «իմպերիալիզմի գործակալներ»:

Անկարայում լույս տեսավ պաշտոնական «Կանաչ գիրք» («Հոյբուն-Դաշնակ»), որտեղ զարգացվում էր այն միտքը, որ 1925թ., շեյխ Սայիդի ապստամբությունը ճնշելուց հետո քրդական շարժումը «վերակենդանացավ» շնորհիվ «Հոյբունի», որը որպես արտակարգ ռազմական ներկայացուցիչ 1926թ. Արարատի շրջան ուղարկեց հայտնի քուրդ գործիչ, թուրքական բանակի նախկին սպա Իհսան Նուրիին` գլխավորելու համար Արարատյան շարժումը՝ որպես «հեղափոխական բանակի հրամանատար»: Նրանից բացի, կային նաև երկու գլխավոր ղեկավարներ, որոնցից մեկը ջելալի ցեղի առաջնորդ Իբրահիմ Հըսգե Թելլին էր, իսկ մյուսը՝ Զիլան բեյը, որի անվան տակ հանդես էր գալիս խնուսցի Արտաշես Մուրադյանը: Վերջինս ապստամբական ղեկավարության մեջ ներկայացնում էր «հայկական թևը»: Սակայն մինչև ապստամբության սկսվելը, Զիլան բեյը «բոլշևիկյան թակարդի մը զոհ գնաց, բանտարկվեցավ, և անհայտ մնաց, թե ինչ եղավ իր վախճանը» [6, էջ 284]:

1927թ. գարնան վերջերին մոտ 10.000-ոց թուրքական բանակն Իգդիրի և Բայազետի կողմից միաժամանակ հարձակում ձեռնարկեց Արարատի դեմ: Այսպիսով, Արարատի շրջանում սկսվեց առաջին ապստամբությունը: Ընդհուպ մինչև 1930թ. հունիսը թուրքական կառավարական զորքերի և քրդական ջոկատների միջև ընթանում էին կատաղի մարտեր, որոնց ընթացքում թուրքերը տվեցին մարդկային և նյութական խոշոր կորուստներ: Այդ պայմաններում թուրքական հատուկ ծառայությունները կիրառեցին բազմիցս փորձված մարտավարությունը. մի կողմից՝ քրդերի դեմ ուժեղացվում էր ռազմական ճնշումը, մյուս կողմից՝ նրանց ներում էր հայտարարվում՝ քրդական աշիրեթները մոլորեցնելու և պառակտելու նպատակով: Այսպես, որպես ընդհանուր քննիչ Իբրահիմ Թալին արևելյան նահանգներ ուղարկվեց իբր դրանք բարեկարգելու համար, սակայն իրականում նրա խնդիրն էր ողջ քրդաբնակ շրջաններում հայտարարել ռազմական դրություն՝ ջարդերն ավելի արագ ու անաղմուկ կազմակերպելու համար: Քեմալական այս գործիչն իսկապես դրսևորեց «փայլուն ընդունակություններ» քրդական շարժման ղեկավարներին կաշառելու և ծուղակը գցելու արվեստում: Նա նույնիսկ հատուկ պատվիրակություն ուղարկեց Իհսան Նուրիի մոտ` առաջարկելով քրդերի համար ընդհանուր ներում, իսկ անձամբ նրա համար` մի բարձր պաշտոն կամ Թուրքիայում, կամ արտասահմանում: Այդ բոլորի դիմաց ապստամբական բանակի հրամանատարից պահանջվում էր միայն մեկ բան՝ քրդերին մղել հնազանդության: Մերժելով այդ առաջարկը` Իհսան Նուրին հայտարարում է, որ քրդերը վերջ կտան պայքարին միայն այն դեպքում, երբ թուրքական զորքերը դուրս կգան Քրդստանից, և Թուրքիան կճանաչի նրա անկախությունը [6, էջ 280-281]:

Թուրքական հատուկ ծառայություններին հաջողվում էր պառակտել քրդերին և նույնիսկ համոզել առանձին ցեղերի՝ իրենց զինված ջոկատներով հանդես գալ ցեղակիցների դեմ: Այդ ծառայությունները կիրառում էին քրդական որոշ առաջնորդների հետ ուղղակի, գաղտնի կապեր հաստատելու մեթոդը, որի շնորհիվ կարողացան համոզել մի շարք առաջնորդների հրաժարվել ապստամբներին աջակցելուց [11, s. 42]: Թուրքական կառավարությունն ապստամբությունը ճնշելու համար բանակցություններ վարեց Իրանի և ԽՍՀՄ իշխանությունների հետ և կարողացավ համոզել նրանց փակել սահմանը, իսկ խորհրդային սահմանապահները նույնիսկ աջակցում էին թուրքական զորքերին ապստամբներին հետապնդելու գործում և նրանց հանձնում իրենց կողմն անցած ապստամբներին [11, s. 76-77]:

Ապստամբությունն ի չիք դարձրեց Արևմտյան Հայաստանը «յուրացնելու» ուղղությամբ քեմալական կառավարության մի շարք մտահղացումներ [7, էջ 355]: Այսպես. «թուրք պետությունը դեռ 1927-ին որոշած էր 100.000 թուրք տեղավորել Արևելյան նահանգներուն մեջ, ու այդ առթիվ մեկ միլիոն ոսկիի պյուտճե քվեարկված էր: Կառավարությունը մտադրված էր 50.000 թուրք բերել Կովկասեն, 15.000՝ Սուրիայեն, 5000 Կիպրոսեն և 30.000՝ զանազան այլ վայրերե: Արդ, Արարատի գործունեության շնորհիվ, թրքական այս ծրագիրը խորտակվեցավ» [12]:

Հատկանշական է, որ Արարատի ապստամբության առաջին շրջանում թուրքական մամուլը բազմաթիվ նյութեր էր տպագրում հայերի մասնակցության մասին, բայց կռահելով, որ այդ նյութերի լայն լուսաբանումն իրենց օգտին չէ, «վերեն եկած հրամանի մը հետևանքով այլևս բառ մ’իսկ չարտասանեցին, երևի հայ-քրդական միացյալ դատի ծանրութենեն զգուշանալով» [6, էջ 295]:

1925-1927թթ. քրդական ապստամբությունները գրավեցին սովետական հետախուզության ուշադրությունը, որը 1920-ական թվականների վերջին գործնականում դադարեցրեց Թուրքիայի դեմ աշխատանքը, քանի որ Միացյալ պետքաղվարչության (ՄՊՔՎ) ղեկավարները ծրագրել էին Ստամբուլը դարձնել Մերձավոր Արևելքի գործակալական կենտրոն և համարում էին, որ եթե ՄՊՔՎ-ն չդիպչի թուրքերի շահերին, ապա նրանք պիտի մատների արանքով նայեն սովետական հետախուզության աշխատանքին այլ երկրների դեմ։ Այդ պատճառով դադարեցվեցին Մոսկվայի գործակալների կապերը քրդերի հետ [13, с. 331-335, 343-347]։ Սովետական իշխանությունները ՀՅԴ և քրդերի կապերի մասին ՄՊՔՎ ուղիներով ստացված տեղեկություններն օգտագործեցին Մերձավոր Արևելքում ակտիվ գործող հայկական սփյուռքի չեզոքացման համար: Թեհրանում սովետական լիազոր ներկայացուցիչ Յակով Դավթյանը (Դավիդով) թուրքական և իրանական կառավարություններին հանձնեց փաստաթղթեր քուրդ ապստամբների զինմանը և վարժեցմանը դաշնակների մասնակցության մասին։ Թուրքիայում և Իրանում կատարվեցին դաշնակցական գործիչների խուզարկություններ և ձերբակալություններ, ինչը փաստորեն կաթվածահար արեց ՀՅԴ գործունեությունը ԽՍՀՄ հարավային սահմաններին։

Միևնույն ժամանակ, ՀՅԴ ջանքերով եվրոպական և ամերիկյան մամուլում տպագրվեցին տեղեկություններ թուրքական դաժանությունների վերաբերյալ: Հայկական սփյուռքում կազմավորվեցին հանգանակություններ հօգուտ ապստամբների ընտանիքների [7, էջ 357]: Դրա հետ մեկտեղ, ՀՅԴ-ն դիմումներ էր հղում Սոցինտերնին` նրան հորդորելով հանդես գալ ի պաշտպանություն քրդերի:

Այսպիսով, ընդգծելով քեմալական Թուրքիայի հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը հայերի և քրդերի միասնաբար հանդես գալու փորձերի կանխման գործում, կարող ենք արձանագրել.

MAH քարոզչության վարչության համապատասխան գաղափարախոսական գործունեությունը՝ ուղղված հայ-քրդական հարաբերությունների սրմանը,

• նույն ծառայության հակահետախուզության վարչության կողմից քրդական ապստամբություններին ակտիվ մասնակցություն ունեցած հայազգի մարտիկների բացահայտումները և վերացումը, հօգուտ քրդերի՝ լրտեսության մեջ մեղադրանքով մահվան դատապարտումը,

• քեմալական գաղտնի ծառայությունների կողմից քրդերի՝ որպես գործակալների, հավաքագրման ձևերը, մեթոդները և մարտավարությունը:

1 Օսմանյան կայսրության գաղտնի ծառայությունը (Թեշքիլաթի մահսուսա) ստեղծվել է երիտթուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, որի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ իրագործվել է Հայոց ցեղասպանությունը:

2 htts://lib.tr200.net.v.php.id.4848sp.15, Лев Соцков, Неизвестный сепаратизм. На службе СД и Абвера.

Աղբյուրներ և գրականություն

1. Ա.Ավագյան, Հյուսիսկովկասյան քաղաքական վտարանդիությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում, Երևան, 2011:

2. АВП РФ, ф.НАИ, серия А, д. 154, л.34-35.

3. М.Кемаль, Путь новой Турции, 1919-1927, М., 1966, т. 1.

4. Гасратян М.А., Курдское движение в новое и новейшее время, М., 1987.

5. М.Хаджетлаше, Убийца на троне. Записки начальника тайной полиции в Турции, Петроград, 1918.

6. Կ.Սասունի, Քյուրտ ազգային շարժումները և հայ-քրդական հարաբերությունները (ԺԵ դարեն մինչև մեր օրերը), Պեյրութ, 1969:

7. Վ.Բայբուրդյան, Քրդերը, հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Ե., 2008:

8. Акопов Г.Б., Критический обзор версий туранийско-турецкого происхождения курдов, «Вестник общественных наук АН АрмССР», 1966, ном. 4.

9. Ю.К., В Кюрдистане неспокойно, Бюллетень прессы Среднего Востока, Ташкент, 1928, N 4-5.

10. Armstrong H. C., Grey Wolf, Mustafa Kemal.

11. İhsan Nuri Paşa, AğrıDağı İsyanı, İstanbul, 1992.

12. Կ.Սասունի, 20-30-ականներու քրտական շարժումը և Հ.Յ.Դ. դերակատարութիւնը:

13. Агабеков Г.С., Секретный террор. Записки разведчика, М., 1996.

14. В. З. Джинчарадзе, История контрразведки в России, «Пограничник», 1946, 10.

15. RohatAlakom, HoybunÖrgütü ve Ağrı Ayaklanması, İstanbul, Avesta, 1998.

16. Гасратян М.А., Курды Турции в новейшее время, Краткие сообщения Института народов Азии, т. 30, 1964.


դեպի ետ