
ՈՒԿՐԱԻՆԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՅԴԱՆԻ ԵՎ ՄԱՅԴԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ԵՊՀ ասպիրանտ
Վերջին շաբաթներին միջազգային քաղաքական օրակարգի առաջատարն ուկրաինական իրադարձություններն են, որոնք դեռ իրենց դիրքը միջազգային լրատվական հոսքերում պահպանելու ներուժ ունեն։ Ծավալվող իրողություններն ունակ են խորքային տեղաշարժեր առաջացնելու, որոնք զգալիորեն կփոխեն տարածաշրջանում և մայրցամաքում առկա status quo-ն և դրա բաղադրատարրերի կշիռը։ Առկա միտումների ազդեցությունն իր դրսևորումը կստանա տեղական (լոկալ), տարածաշրջանային (ռեգիոնալ) և համաշխարհային (գլոբալ) մակարդակներում։
Ուկրաինա. մարտահրավերներ և հեռանկարներ
Ուկրաինայի պետական կառույցի ներսում և հասարակական հատվածում տեղի ունեցող զարգացումներն ու դրսևորումները հստակ մատնանշում են առկա մարտահրավերներն ու որոշ հեռանկարներ։ Ըստ այդմ՝ կարելի է կազմել Ուկրաինայում հնարավոր զարգացումների ընդհանրական երկու սցենար։
Սցենար 1. Ղրիմի հանրաքվեից և ՌԴ-ին վերամիավորվելուց հետո ուկրաինական վերնախավի մեծամասնության հեղաշրջումային տրամադրությունները կնվազեն ու իրենց տեղը կզիջեն առավել պրագմատիկ քայլերին, որոնք նպատակ կունենան պահպանել մնացած Ուկրաինայի ամբողջական տեսքը։ Այս իրավիճակում ներկայիս ծայրահեղական որոշ քայլերն ու հայտարարությունները կիջնեն ավելի ցածր քաղաքական մակարդակի, իսկ քարոզչամեքենան կաշխատի ուկրաինական հասարակության համախմբման ուղղությամբ՝ թիրախավորելով «օկուպանտ» հակառակորդին ու նրա հետագա հնարավոր քայլերը։ Այս ընթացքում հնարավոր են նույնիսկ երկրի վարչատարածքային փոփոխություն և դաշնային կառավարման համակարգի ներդրում՝ «ազգային վիրավորանքն» ու քաղաքական նկրտումները հանդարտեցնելու համար։ Սակայն այս ժամանակահատվածը կօգտագործվի ուկրաինական տնտեսությունն ու դրա հիմնական ճյուղերը դեպի Արևմուտք ուղղելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու և իրավաքաղաքական որոշումներ կայացնելու համար։ Սա կհանդիսանա միջանկյալ ժամանակահատված՝ հասարակական լարվածությունը հանդարտեցնելու և երկրի անցումը դեպի Արևմուտք ավելի սահուն իրականացնելու համար։ Սակայն այս ամբողջ ընթացքը հագեցած կլինի հասարակական ու քաղաքական պոռթկումներով, որոնք նաև կհանդիսանան աշխարհաքաղաքական պայքարի ներքաղաքական դրսևորումները։
Սցենար 2. Ուկրաինայի ներկայիս քաղաքական վերնախավը, մի կողմից՝ ոգևորված արձանագրված «հաջողություններով», մյուս կողմից՝ չցանկանալով առկա ընթացքը հանդարտեցնել և ունենալ որոշակի «կորուստներ», կփորձի կտրուկ քայլերով երկիրը տանել դեպի Եվրոպա և արևմտյան ռազմաքաղաքական ու առևտրատնտեսական կառույցներ։ Այս ձգտումներից իրականություն կարող են դառնալ քչերը, քանի որ Ուկրաինայի անդամագրումը ԵՄ-ին այս պահին քիչ հավանական է՝ հաշվի առնելով ինչպես ԵՄ շրջանակներում, այնպես էլ Ուկրաինայում առկա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոչ հարթ իրողությունները։ Այս պահի դրությամբ Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի ստորագրումից՝ այն համարելով Ուկրաինայի շահերին ոչ համահունչ։ Արդյունքում՝ առաջ է քաշվում դեռևս Կիևի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրումը, ինչն էլ հենց հանդիսանում է Մոսկվայի դեմ «մենամարտի» դուրս եկած ուկրաինացի գործընկերներին եվրոպական աջակցության դրսևորում։ Որոշակի պայմաններում հնարավոր է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև առավել սերտ հարաբերությունների հաստատումը, քանի որ անդամագրումը դեռևս դժվար է պատկերացնել։ Այդ համատեքստում հնարավոր է ՆԱՏՕ-ական զորամիավորումների տեղակայում Ուկրաինայի տարածքում՝ «հասարակական հանգստությունն ու երկրի անվտանգությունը պաշտպանելու» հիմնավորմամբ և ի պատասխան Ղրիմում արդեն այլ պայմաններով ռուսական ռազմական ներկայության հաստատմանը։ Սա, իր հերթին, կհանդիսանա ռազմաքաղաքական աջակցություն եվրոպական քաղաքական աջակցության համատեքստում։ Սակայն այս հեռանկարը հղի է Ուկրաինայում հասարակական ու քաղաքական լուրջ սրացումներով և պայթյունավտանգ իրավիճակներով, որոնք կարող են վերաճել հաճախակի բացահայտ դրսևորումներ ստացող տևական լատենտ քաղաքացիական պատերազմի։ Վերջինս, իր հերթին, անխուսափելի կդարձնի աշխարհաքաղաքական միջամտություններն Ուկրաինայի ներքին խմորումներին։ Այն անդառնալիորեն կխորացնի ուկրաինական հասարակության մեջ առկա տրամադրություններն ու անդառնալի կդարձնի երկրի ամբողջականությանն սպառնացող մարտահրավերը։
Տարածաշրջան. զարգացումներ և խնդիրներ
Ուկրաինական իրադարձությունների համատեքստում տեղի է ունենում մեկ այլ, գուցե ավելի խորքային փորձարկում, որի արձանագրած արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն։ Խոսքը վերաբերում է Եվրոպական միության և եվրոպական տերությունների աշխարհաքաղաքական տեղի ու դերի վերագնահատմանը։ Բանն այն է, որ Սառը պատերազմի ավարտից հետո, եթե Եվրոպական միությունն ու եվրոպական տերությունները միջազգային հարաբերություններում ինքնուրույն գործոն դառնալու հնարավորություն էին ստացել, ապա այդ հնարավորությունն արդեն երկու տասնամյակ չի օգտագործվում անհրաժեշտ արդյունավետությամբ։ Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը սասանեց ԵՄ տնտեսական հիմքերը և ցույց տվեց առկա բացերն ու անմիաբանությունը։ Մինչ այժմ տեղ գտած միջազգային խոշոր իրադարձությունները ցույց տվեցին ԵՄ և եվրոպական տերությունների հիմնականում դիտորդ կամ հետնորդ, բայց ոչ ինքնուրույն դերակատար լինելու կարգավիճակը։ Ուստի ԵՄ-ը մինչ այժմ չի դրսևորվել որպես ֆինանսական, քաղաքական, առավել ևս՝ ռազմաքաղաքական գործոն։ Այն կամ քննադատել է ու բավարարվել դրանով, կամ հանդիսացել է գործընկեր՝ չդրսևորելով սկզբունքային դիրքորոշում։ Այս իրողությունը բխում է նաև ներքին անմիաբանությունից։
Համենայնդեպս, ուկրաինական իրադարձությունները լակմուսի դեր կատարեցին նաև Եվրոպական միության համար, որը հավուր պատշաճի չօգտվեց «եվրամայդանով» սկսված իրադարձություններն իր օգտին ծառայեցնելու հնարավորությունից։ Մասնավորապես, Եվրամիությունը պետք է և կարող էր լիակատար աջակցություն տրամադրել իրական ընդդիմադիր ուժերին՝ բացառելով ծայրահեղական դրսևորումները, տեր կանգներ իշխանափոխությունից հետո տեղ գտած իրավիճակին ու վերահսկողություն սահմաներ՝ երկիրն աստիճանաբար իրական եվրոպականացման ու եվրաինտեգրման ուղեծիր ներքաշելով, մինչդեռ, զիջեց քաղաքական ու աշխարհաքաղաքական որոշումներ կայացնողի տեղը՝ ստանձնելով կայացված որոշումներն իրականացնողի ծանր պարտականությունը։ Արդյունքում՝ ԱՄՆ-ի կողմից պրոպագանդվող հակառուսական սահմանափակումներն ու, հնարավոր է, բեռնարգելքներն ուղղակիորեն հարվածելու են Եվրամիությանն ու եվրոպական երկրներին։ Հետևաբար, ինչպես երկու աշխարհամարտերի ժամանակ, այնպես էլ հիմա, տուժելու է Եվրոպան և կրկին ու ավելի խոր կախվածության մեջ է ընկնելու Միացյալ Նահանգներից։
Բացի այդ, եվրոպականացման և եվրաինտեգրման ուղին բռնած հասարակություններն ակնհայտորեն վերագնահատեցին կամ վերագնահատում են եվրոպական արժեքները, որոնք հանդիսանալու էին այդ հասարակություններին և երկրներին գրավող միջուկը, ինչն իր հերթին ապահովելու էր ԵՄ սահմանների երկայնքով եվրոպական արժեքներ դավանող վստահելի գործընկեր երկրների առկայությունը։ Իհարկե, այս հեռանկարն իսպառ չի վերացել, բայց այժմ ավելի անիրական է, քան կար։
Աշխարհաքաղաքական տեղատվություններ
Գաղտնիք չէ, որ Ուկրաինան դիտարկվում էր որպես տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կարևոր միավոր։ Իսկ համաշխարհային աշխարհաքաղաքական խնդիրներում Ուկրաինան զգալի դեր և ընկալում ուներ։ Սակայն այսօր այդ դերն ու ընկալումն արդեն խաթարվում են, քանի որ ներկայիս Ուկրաինան այլևս չի տալիս այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական ու աշխարհատնտեսական ազդակները, որոնք ուներ։ Այս համատեքստում չեն կարող փոփոխության չենթարկվել տարածաշրջանային modus vivendi-ն և status quo-ն՝ հաշվի առնելով Ուկրաինայի դերի ու տեղի ընկալման և տարածաշրջանում բաժանարար գծերի փոփոխությունները։
Հետևաբար, անհնար է առկա մի շարք խնդիրների անտեսումը, որոնցից նշենք հետևյալները։
Գլոբալ առճակատման նոր ճակատի բացում. 2000-ականների առաջին կեսից հետխորհրդային երկրներում և հասարակություններում տեղի ունեցող զարգացումներն ու իրադարձություններն արդեն հուշում էին, որ աշխարհաքաղաքական առճակատումն ունի նոր մարտադաշտ և մտել է ակտիվ փուլ։ Սակայն 2008թ. վրաց-հարավօսական և 2014թ. ուկրաինական իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ պայքարում լարվածությունը հասել է հրավտանգ աստիճանի։ Ավելին, այդ իրադարձությունների և դրանց հետևանքների վերաբերյալ առկա դիրքորոշումները, լրատվական հոսքերը և, ընդհանրապես, դրանց ընկալումներն ու մեկնաբանությունները ոչ միայն ստացել են արմատապես հակառակ տրամաբանություններ և ուղղություններ, այլև բխում են գլոբալ առճակատման սառըպատերազմյան տրամաբանությունից։ Աշխարհաքաղաքական բացարձակ բավարարվածության հասնելու հույսով հավասարակշռված անբավարարվածության խախտումը կարող է հանգեցնել փոխադարձաբար անդառնալի և անվերականգնելի վնասներով հարուստ կորուստների, որոնց ազդեցության ներուժը համաշխարհային ընդգրկում ունի։ Բնականաբար, հարցը չի հասնի կողմերի միջուկային ներուժի կիրառմանը, սակայն տնտեսական սահմանափակումները և դրանց ուղեկցող որոշ քաղաքական քայլերը զգալիորեն կազդեն միջազգային երերուն տնտեսական իրավիճակի վրա։ Ուստի, ուկրաինական ռուբիկոնը կարող է հանդիսանալ նոր աշխարհաքաղաքական ճակատ, որտեղ թեժ գործողություններից մինչև լատենտ առճակատում ընկած սահմանը բավական երերուն է։
Այս համատեքստում ևս լիովին կենսունակ են դիտվում վերը քննարկված սցենարները։ Ըստ այդմ՝ Ուկրաինային սպասում են աշխարհաքաղաքական հետևյալ հեռանկարները (ներկայացվում են վերևում քննարկված սցենարների աշխարհաքաղաքական արտապատկերումները)։
Սցենար 1. Քանի որ Ուկրաինայի քաղաքական վերնախավն ընտրում է (ոչ առանց արտասահմանյան ավելի ռացիոնալ ու հավասարակշիռ խորհրդատուների միջամտության) երկիրը քայլ առ քայլ դեպի Արևմուտք տանելու ուղին, առաջանում է որոշակի միջանկյալ ժամանակահատված՝ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական որոշակի վակուումով։ Այս ընթացքում ներքին պայքարն ու արտաքին միջամտությունները բավական կթուլացնեն երկիրը, որը կկորցնի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական դերն ու գրավչությունը։ Այս ընթացքում Ուկրաինան կհանդիսանա լոկ բուֆերային գոտի՝ հետագա նվաճման թիրախավորմամբ։ Երկարաժամկետ կտրվածքով դժվար է վերարտադրել իրերի հավանական դասավորությունը, սակայն միջնաժամկետ հատվածում Ուկրաինան կհանդիսանա կիսափակ բուֆերային գոտի։ Այս լուծումն առավել հավանական է թվում հատկապես Ռուսաստան–ԵՄ, Ռուսաստան–ԱՄՆ մակարդակներում առկա տնտեսական ու քաղաքական փոխկապվածության համատեքստում:
Սցենար 2. Եթե Ուկրաինայի քաղաքական վերնախավն ընտրում է (ոչ առանց արտասահմանյան ծայրահեղ տրամադրված խորհրդատուների միջամտության) երկիրն արագ տեմպերով Արևմուտքի հետ ինտեգրելու քաղաքականությունը, աշխարհաքաղաքական պայքարի ներքաղաքական արտապատկերումը կլինի բավական սուր ու ճգնաժամային։ Չի բացառվում ռազմական գործողությունների բռնկումը, որոնց արդյունքում նոր վարչաքաղաքական միավորներ կարող են ձևավորվել/առանձնանալ Ուկրաինայի ներկայիս տարածքից։ Տարածաշրջանում առկա սահմանների վերաձևման հրամայական կառաջանա։ Այս իրավիճակը կարող է լիցքաթափել գլոբալ հակամարտ տրամադրությունները՝ նոր թեժ տարածաշրջան և առաջնային լուծման կարիք ունեցող խնդիր առաջացնելով։
Ներկայացված սցենարներից առաջինն առավել իրատեսական է թվում, եթե միջազգային հավասարակշիռ ազդեցությունը գերակայի Ուկրաինայում առկա ծայրահեղական հատվածների վրա և կարողանա նրանց մղել դեպի առավել «քաղաքականացված» պայքարի։
Միջազգային հարաբերությունների առկա համակարգի արժեզրկում. Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցեց միջազգային հարաբերությունների գործող համակարգի և դրա հիմնական ինստիտուցիոնալ դրսևորման՝ Միավորված Ազգերի Կազմակերպության անզորությունը առկա լարված միջազգային իրավիճակը կարգավորելու և դրան հավասարակշիռ լուծում տալու գործում։ Այս հանգամանքը խոսում է ոչ միայն ՄԱԿ-ի, այլ նաև ողջ միջազգային հարաբերությունների համակարգի մաշվածության և արդյունավետության անկման մասին։ Արդյունքում՝ ունենք չգործող կամ ծայրաստիճան անարդյունավետ գործող զսպումների միջազգային համակարգ։
Միջազգային իրավունքի բարոյազրկում. Վերոնշյալի համատեքստում և դրան համահունչ՝ ճգնաժամի մեջ է հայտնվել նաև միջազգային իրավունքն իր հիմնարար սկզբունքներով, որոնք ոչ միայն չեն կատարում միջազգային կարգավորող դեր, այլև յուրաքանչյուր իրավիճակում ենթարկվում են ամենատարբեր տարընթերցումների, նույնիսկ անկախ միջազգային դատարանի մեկնաբանություններից։ Արդյունքում՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները գործոնից վերածվել են աշխարհաքաղաքկան գործիքի՝ քաղաքական շահարկումների արդյունքում բարոյապես զգալիորեն արժեզրկվելով։ Ստեղծված երկակի և եռակի չափորոշիչների ժամանակահատվածը չի խոսում հօգուտ միջազգային իրավունքի հեղինակության, որը կարող է վերականգնվել միջազգային փոխզսպման գերհզոր մեխանիզմների վերահաստատման արդյունքում, ինչի կարիքն, իհարկե, կա։
Ուկրաինական իրադարձությունների հայկական «մոտիվները»
Ուկրաինական իրադարձությունների ծավալման ողջ ընթացքում հայկական լրատվա-վերլուծական միջավայրում ակտիվորեն քննարկվում են կողմ ու դեմ կարծիքները։ Նույն ակտիվությամբ քննարկվում են նաև ուկրաինական իրադարձությունների հայկական կրկնօրինակման հավանականության, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար Ղրիմի հանրաքվեի նախադեպ լինել-չլինելու հարցերը։
Ստեղծված միջազգային հարաբերությունների տրամաբանության շրջանակներում նախադեպության վերաբերյալ հարցի քննարկումը բավական անշնորհակալ գործ է։ Բանն այն է, որ աշխարհաքաղաքական կամքի առկայության պարագայում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի կիրառման համար նախադեպ կարող է հանդիսանալ նաև ԱՄՆ անկախացման պատմությունը։ Մինչդեռ, համապատասխան կամքի բացակայության պարագայում, յուրաքանչյուր նման դրսևորում կարող է համարվել «յուրահատուկ դեպք» (ինչպես դա մեկնաբանեց ԱՄՆ-ը Կոսովոյի հետ կապված) և չստանալ համապատասխան աջակցություն։ Այլ հավասար պայմաններում, յուրաքանչյուր իրավական հանրաքվե և անկախացման իրավական գործընթաց կարող են նախադեպ հանդիսանալ այլ դեպքերի համար, առավել ևս, համաձայն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի եզրակացության․ «Պետությունների պրակտիկան այս ժամանակահատվածում (18, 19-րդ դդ. և 20-րդի առաջին կես– Գ.Գ.) հստակորեն ցույց է տալիս, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման ոչ մի արգելք չի բովանդակել: 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում ինքնորոշման միջազգային իրավունքն այնպիսի ուղղությամբ է զարգացել, որ անկախության իրավունք է ստեղծել ոչ ինքնավար տարածքների ժողովուրդների և օտար տիրապետության, գերակայության և շահագործման ներքո գտնվող ժողովուրդների համար: Շատ նոր պետություններ գոյացել են այս իրավունքի իրականացման արդյունքում»1: Դատարանն ամրագրում է. «Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավակարգի կարևոր մաս է», ինչն արձանագրված է մի շարք կարևորագույն միջազգային իրավական ակտերում, որոնց մեկնաբանման արդյունքում դատարանը եզրափակում է. «Տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակները սահմանափակվում են միայն պետությունների միջև հարաբերություններով»2:
Ուստի, ստեղծված պայմաններում առավել կարևոր է դիտարկել հարցի աշխարհաքաղաքական համատեքստը։ Եթե քննարկում ենք վերջին ժամանակներում տեղի ունեցած անկախացման/անջատման գործընթացները, ապա դրանց մեծ մասը տեղի է ունեցել աշխարհաքաղաքական պայքարի տեսանկյունից «հետաքրքիր» տարածաշրջաններում և տրամաբանական հանգուցալուծման է հասել ընդգծված ռազմաքաղաքական պոռթկման և լարվածության գերաճի հետևանքով հավասարակշռության խախտման արդյունքում։
Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին, ապա այն լիովին համադրելի է վերոնշյալ գործընթացների հետ աշխարհաքաղաքական համատեքստի առումով։ Հետևաբար, այդ նախադեպերի կիրառումն ու չկիրառումը կապված են ոչ այնքան իրավիճակների նմանության ու տարբերության հետ, որքան աշխարհաքաղաքական թեկուզ անկայուն հավասարակշռության պահպանման ու հավանական խզման հետ։ Ներկայումս ԼՂ հակամարտության շուրջ առկա ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու աշխարհաքաղաքական փոխըմբռնումը թույլ չեն տալիս հարցի այս կամ այն կերպ լուծումը, քանի որ այդ լուծումն ինքնին կհանդիսանա նշված հավասարակշռությունների խախտում, եթե հակամարտ հիմնական կողմերի փոխադարձ համաձայնությամբ չէ, որ կայացվելու է վերջնական ու տևական լուծումը։ Հետևաբար, հարցի լուծումն ունի երկու ելք՝ հավասարակշռության խախտման կամ փոխհամաձայնության միջոցով։ Առաջին տարբերակը ներկայումս քիչ հավանական է, բայց նույնքան հավանականություն ունի նաև երկրորդ տարբերակը։ Սակայն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ցնցումների աշխարհագրությունն ու տրամաբանությունը՝ հակամարտ կողմերը կարող են որոշակի եզրահանգումներ կատարել և խուսափելով գերլարված իրավիճակում հանգամանքներով պարտադրված որոշում կայացնելուց՝ ինքնուրույն կամավոր որոշում կայացնել հիմա և գտնել հարցի տևական ու վստահելի լուծում։ Սա ցանկալի տարբերակն է։ Բայց, առկա իրողությունները և ադրբեջանական կողմի պահվածքի պատմությունը ողջ բանակցային փուլի ընթացքում հուշում են, որ այս սցենարը քիչ հավանական է։
1 UN ICJ Advisory opinion, paragraph 79.
2 Նույն տեղում, պար. 80.
դեպի ետ