• am
  • ru
  • en
Версия для печати
10.02.2014

2013-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Руский

   

«Իրավունքը» ավանդաբար ամփոփեց տարբեր ոլորտներում հայ գործիչների գործունեությունը, եւ, հաշվի առնելով մեր ընթերցողների կարծիքը, այժմ ամփոփումը ներկայացնում ենք ստորեւ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ պետական գործիչ ճանաչվել է ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ճշգրտորեն հաշվարկված պահին հայտարարելով Հայաստանի` Մաքսային ու Եվրասիական միություն մուտք գործելու մտադրության մասին:

ՎԱՏԱԳՈՒՅՆ պետական գործիչ է ճանաչվել փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ` Մաքսային միության հարցում սեփական դիրքորոշումը սրընթաց տրամագծորեն հակառակի փոխելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ քաղաքական գործիչ ճանաչվել է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` մշտապես հստակ ու սկզբունքային քաղաքական գիծ ունենալու եւ այն կոնյուկտուրայի ազդեցության տակ չփոխելու համար:

ՎԱՏԱԳՈՒՅՆ քաղաքական գործիչ ճանաչվել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը նախագահական ընտրություններին ստանալով վիթխարի քաղաքական կապիտալ` առավել քան կես միլիոն քվեներ, այն ամբողջովին քամուն տվեց եւ զրոյացրեց` իր անհետեւողական եւ անսկզբունքային մոտեցումների պատճառով:

Միջխորհրդարանական գործունեության ասպարեզում ԼԱՎԱԳՈՒՅՆՆ է ճանաչվել ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ` միջխորհրդարանական բոլոր ամբիոններում հետեւողականորեն եւ ճշգրտորեն Հայաստանի ազգային պետական շահը ներկայացնելու համար: ՎԱՏԱԳՈՒՅՆՆ է ճանաչվել ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` միջխորհրդարանական ամբիոնները` Հայաստանի դեմ հանդես գալու նպատակով օգտագործելու եւ ազգային պետական շահին վնաս հասցնելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ նախարար ճանաչվել է Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ` Սփյուռքի հետ կապերի սերտացման հարցերում նախաձեռնողական եւ հետեւողական լինելու համար:

ՎԱՏԱԳՈՒՅՆ նախարար ճանաչվել է քաղաքաշինության նախարար ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ` գործունեության տեսանելի արդյունքների իսպառ բացակայության համար:

Իրավական ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` «Կյանքի խոսք»տոտալիտար աղանդին Հայաստանի բոլոր մակարդակի դատական ատյաններում ջախջախիչ պարտության մատնելու, խոսքի եւ մամուլի ազատությունը դատական մարմիններում հաջողությամբ պաշտպանելու համար: ՎԱՏԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ` նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, վերջինիս որդուն ու թիկնապահին հաջողությամբ քրեական պատասխանատվությունից փրկելու, այդպիսի անձնաց պաշտպանությունը ստանձնելու համար:

Հասարակական եւ գիտական ոլորտներում ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է ակադեմիկոս ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ` գիտական եւ հասարակական գործունեությունը հաջողությամբ համատեղելու, հանրությանը հուզող հարցերը ամենայն բարեխղճությամբ դրսեւորելու համար: ՎԱՏԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է ֆեմինիստական ակտիվիստուհի ՋԵՄՄԱ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ` գենդերային հակաբարոյական եւ հակազգային չափանիշները ամենայն հետեւողականությամբ պաշտպանելու եւ գործող օրենսդրության մեջ խցկելու համար:

Սպորտի ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է Հայաստանի ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ` տարվա ընթացքում վիթխարի առաջընթաց գրանցելու համար: ՎԱՏԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է սպորտի նախկին նախարար ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ` ոլորտի աշխատանքները բարձիթողի վիճակի մատնելու համար:

Հոգեւոր ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ` ակտիվ դիրքորոշման, մշտապես ազգավնաս երեւույթների դեմ ակտիվ պայքարելու համար: ՎԱՏԱԳՈՒՅՆԸ ճանաչվել է Ավետարանչականների հոգեւոր առաջնորդ ՀԱԿՈԲ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ` կրոնական որեւէ կառույցում անհանդուրժելի երեւույթները (ցանցային մարքետինգ, մանկական ճամբարում սեքսապաթոլոգի լեկցիաներ) խրախուսելու եւ դրա դեմ պայքարողներին հալածելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ տնտեսագետ ճանաչվել է ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ` Մաքսային միության հետ կապված անթերի տնտեսագիտական վերլուծությունների համար:

ՎԱՏԱԳՈՒՅՆ տնտեսագետ ճանաչվել է ԱԺ պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` նույն հարցի շուրջ իրականությունից հեռու պատկեր հանրությանը հրամցնելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ արտադրանքը կարելի է համարել «ԿԱՐԱՍ» գինիները, որոնք մտել են աշխարհի լավագույն գինիների առաջին տասնյակի մեջ:

ՎԱՏԱԳՈՒՅՆ տնտեսվարող սուբյեկտը, անկասկած, «ԱՐՄԱՎԻԱՆ» է:


դեպի ետ