• am
  • ru
  • en
Версия для печати
16.07.2013

ԷԴՎԱՐԴ ՍՆՈՈՒԴԵՆԻ ԳՈՐԾԸ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Руский

   

Ալեքսանդր Մեզյաև

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Էդվարդ Սնոուդենի հանդիպումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Է.Սնոուդենը դիմեց իրավապաշտպաններին՝ Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու հարցում իրեն աջակցելու խնդրանքով։ Քաղաքական ապաստան տրամադրելու կարգը, համաձայն ռուսաստանյան օրենսդրության, պետք է համապատասխանի մի շարք պայմանների։ Նախ՝ Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրվում է միայն այն «անձանց, որոնք ապաստան և պաշտպանություն են փնտրում հետապնդումներից կամ իրենց քաղաքացիական պատկանելության երկրում հետապնդումների զոհ դառնալու իրական սպառնալիք կա, կամ իրենց բնակության երկրում հետապնդվում են հասարակական-քաղաքական գործունեության և համոզմունքների համար»։ Երկրորդ՝ նման գործունեությունն ու համոզմունքները «չպետք է հակասեն համաշխարհային հանրության կողմից ընդունված ժողովրդավարական սկզբունքներին, միջազգային իրավունքի նորմերին»։ Վերջապես, հետապնդումը պետք է ուղղված լինի «անմիջապես այն անձի դեմ, որը միջնորդությամբ դիմել է քաղաքական ապաստան ստանալու համար»1: Առաջին հայացքից քաղաքական ապաստան տրամադրելու բոլոր հիմնական պայմանները սույն դեպքում ակնհայտ են։

ԱՄՆ իշխանությունները հետապնդում են Սնոուդենին այն բանի համար, որ նա փորձել է ուշադրություն գրավել մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա, այսինքն՝ հասարակական-քաղաքական գործունեության և համոզմունքների համար... Եվ այդ համոզմունքները ոչ միայն չեն հակասում ժողովրդավարական սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին, այլև ուղղակիորեն ուղղված են ժողովրդավարության և իրավունքի պաշտպանությանը։ Սնոուդենի գործն ուղեկցվեց միջազգային-իրավական բազմաթիվ նորմերի խախտումներով, և այդ իմաստով նրա գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի պաշտպանությանը, ուստի և շահագրգռված անձինք են հանդիսանում միջազգային հանրության բոլոր անդամները։

Եթե խոսելու լինենք ողջ աշխարհի քաղաքացիների իրավունքների խախտումների մասին, ապա հարկ է նշել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 12-ի դրույթն այն մասին, որ ոչ ոք չի կարող ենթարկվել «կամայական միջամտության անձնական և ընտանեկան կյանքում... նրա թղթակցության գաղտնիության դեմ ոտնձգության»։ Ընդ որում՝ հատուկ ընդգծվում է, որ ամեն մարդ «նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության» իրավունք ունի։ Կարելի է հիշել նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտի հոդված 17-ի դրույթը, որով սահմանվում է, որ ոչ ոք չի կարող «ենթարկվել կամայական կամ ապօրինի միջամտության անձնական և ընտանեկան կյանքում, կամայական կամ ապօրինի ոտնձգությունների... իր թղթակցության գաղտնիքի հանդեպ»։

Եթե խոսելու լինենք Սնոուդենի իրավունքների խախտումների մասին, ապա այստեղ առկա է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ակնհայտ խախտում. այդ հռչակագրի 13-րդ հոդվածը սահմանում է, որ ամեն մարդ իրավունք ունի ազատ տեղաշարժվել և ընտրել իր բնակության վայրը ցանկացած պետության սահմաններում։ Ակնհայտ է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտի (ՔՔԻՄՊ) խախտումը, որի 9-րդ հոդվածում սահմանվում է, որ ամեն մարդ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք ունի, և ոչ ոք չպետք է զրկված լինի ազատությունից, բացի այն դեպքերից, որոնք սահմանված են օրենքով։ Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ իշխանությունները, չեղյալ հայտարարելով Սնոուդենի անձնագիրը, նրան կամայականորեն զրկել են ազատությունից։ ՔՔԻՄՊ 19-րդ հոդվածն ամրագրում է իր կարծիքն անխոչընդոտ պաշտպանելու մարդու իրավունքը, ինչը ներառում է «իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը; ամեն տեսակ տեղեկատվություն և գաղափար որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը՝ անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի, արտահայտվելու գեղարվեստական ձևերի միջոցով, կամ այլ միջոցներով՝ ըստ իր ընտրության»։ Սա ընդամենը հակիրճ թվարկումն է միջազգային-իրավական այն փաստաթղթերի, որոնք խախտել են Միացյալ Նահանգների իշխանությունները։

Շերեմետևո օդանավակայանից ուղիղ հեռարձակման ժամանակ, անմիջապես Էդվարդ Սնոուդենի հետ հանդիպումից առաջ, փաստաբան Հենրի Ռեզնիկն ասաց, որ քաղաքական ապաստանի տրամադրման կարգը ներկայացված է Ռուսաստանի Սահմանադրության 89-րդ հոդվածում։ Սակայն այդ հոդվածում ընդամենը սահմանված է, թե ով է ընդունում ապաստան տրամադրելու որոշումը (Ռուսաստանի Դաշնության նախագահը)։ Այս հարցն ավելի մանրամասն կարգավորում է մեկ այլ հոդված՝ 63-րդը։ Այս հոդվածը սահմանում է, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ապաստան տրամադրում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին համապատասխան։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունում չի թույլատրվում այլ պետությունների հանձնել այն անձանց, ովքեր հետապնդվում են քաղաքական համոզմունքների, ինչպես նաև այն գործողությունների (կամ անգործության) համար, որոնք Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն չեն համարվում։

Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու կարգի մանրամասները պարզելու համար հարկ է ուշադրության առնել Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական ապաստան տրամադրելու կարգի մասին որոշումը։ Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանում երկու նման որոշում է կայացվել (1995 և 1997թթ.)։ Ներկայում գործում է 1997թ. որոշումը, որում հետագայում քանիցս փոփոխություններ են մտցվել, մասնավորապես՝ 2003, 2007 և 2012թթ.։

Այս կարգն արդեն Սնոուդենի համար մի շարք դժվարություններ է ստեղծում։ Նախ՝ անձը, որը ցանկանում է քաղաքական ապաստան ստանալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, «պարտավոր է Ռուսաստանի Դաշնության տարածք գալուն պես յոթ օրվա ընթացքում կամ այնպիսի հանգամանքներ ծագելուց հետո յոթ օրվա ընթացքում, որոնք այդ անձին թույլ չեն տալիս վերադառնալ իր քաղաքացիական պատկանելության երկիր կամ իր բնակության վայր հանդիսացող երկիր, անձամբ դիմել միջնորդությամբ», որը գրվում է ՌԴ նախագահի անունով, բայց հանձնվում է Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ)՝ իր գտնվելու վայրի տարածքային մարմնին։ Ինչպես տեսնում ենք, Սնոուդենն արդեն բաց է թողել միջնորդությամբ դիմելու ժամկետը, և ծագում է ԴՄԾ մարմին նրա անձամբ այցելելու հարցը։ Որոշ դժվարություններ կան նաև՝ կապված այն սահմանափակման հետ, որի մասին խոսվում է որոշման 5-րդ կետում, այն է՝ քաղաքական ապաստան չի տրամադրվում այն դեպքում, եթե «անձը եկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զարգացած և կայացած ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող երկրից»։ Նման միջնորդությունները, որոշման համաձայն, պարզապես «չեն դիտարկվում»։

Թե որ երկրներն են համարվում այնքան ժողովրդավարական, որ կասկած անգամ, թե դրանցում կարող են որևէ մեկին հետապնդել, լինել չի կարող, որոշում է Արտաքին գործերի նախարարությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ամեն տարի կազմում է մարդու իրավունքների ոլորտում զարգացած և կայացած ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող երկրների ցուցակը և ներկայացնում ՌԴ նախագահին և ԴՄԾ-ին կից Քաղաքացիության հարցերի հանձնաժողով։ Արդյո՞ք ԱՄՆ-ը նշված է այդ ցուցակում. քանի որ ցուցակը գաղտնի բնույթ ունի, հոդվածագրին չի հաջողել պարզել դա, բայց մեկ այլ փաստաթուղթ, որը պաշտոնապես հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն, հիմք է տալիս ենթադրելու, որ Միացյալ Նահանգներն անվերապահորեն ժողովրդավարական երկրների ցուցակում, համենայնդեպս, լինել չի կարող։ Խոսքը ՌԴ ԱԳՆ հայտնի զեկույցի մասին է ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասին2։ Բացի այդ, հարկ է ուշադրություն դարձնել «Միջազգային կյանք» («Международная жизнь») ամսագրի այն կարևոր հրապարակմանը, որի հեղինակներից մեկը Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վ.Չուրովն է և որում տրված է ԱՄՆ ընտրությունների գնահատականը՝ որպես մարդու իրավունքների «զանգվածային խախտումներ»3:

Կարևոր է նաև ուշադրության առնել այն, որ «միջնորդությունը դիտարկելու ընթացքում դիմող անձին տրվում է տեղեկանք, որը, նրա անձը հաստատող փաստաթղթի հետ միասին, ՌԴ տարածքում այդ անձի օրինական գտնվելու հաստատումն է»։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ արդեն միջնորդությունն ընդունելուց հետո տեսականորեն Սնոուդենը կկարողանա փոքր-ինչ փոխել օդանավակայանի տարանցման գոտու կալանավոր լինելու իր դրությունը։ Որքա՞ն կտևի այդ ընթացքը։ Այստեղ կարևոր է նկատի ունենալ, որ թեև քաղաքական ապաստան տրամադրելու կամ այդ խնդրանքը մերժելու որոշումն ընդունում է ՌԴ նախագահը, բայց նախապես անհրաժեշտ է հարցում անել պետական մի շարք մարմինների, որոնց մեջ են Դաշնային միգրացիոն ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը և Անվտանգության դաշնային ծառայությունը։ Քաղաքական ապաստան տրամադրելու կարգի մասին որոշումը նշում է, որ միջնորդությունների քննարկման ժամկետն այդ մարմիններից յուրաքանչյուրում չպետք է գերազանցի մեկ ամիսը։ Ընդ որում՝ միջնորդության քննարկման այդ ժամկետը նախագահի կողմից չի սահմանվում։ Այսպիսով, Սնուոդենի հայցի վերաբերյալ որոշման ընդունման ժամկետը կարող է շատ երկար լինել։ Սակայն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի կողմից որոշումն ընդունվում է, ամեն բան արագ է կատարվում. Ռուսաստանի Դաշնության կողմից այս կամ այն անձին քաղաքական ապաստան տրամադրելու մասին նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից։

Բացի այդ, Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու Սնոուդենի հնարավարությունները գնահատելիս չի կարելի մոռանալ նաև միջազգային-իրավական նորմերի մասին, որոնք (ՌԴ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն) Ռուսաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Այսպես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 14-րդ հոդվածը սահմանում է, որ ամեն մարդ իրավունք ունի «հետապնդումներից ապաստան որոնել այլ երկրներում և օգտվել այդ ապաստարանից», ընդ որում՝ սահմանվում է միայն մի սահմանափակում. այդ իրավունքը «չի կարող օգտագործվել այն հետապնդման դեպքում, որն իրականում հիմնված է ոչ քաղաքական հանցագործության կամ արարքի կատարման վրա, որը հակասում է ՄԱԿ նպատակներին և սկզբունքներին»։

Վերջապես, հարկ է նկատի ունենալ, որ անգամ եթե Սնոուդենին մերժվի քաղաքական ապաստան տալ, Ռուսաստանը, միևնույն է, չի կարող հանձնել նրան ԱՄՆ-ին, հատկապես Սնոուդենին ավելի ու ավելի ծանր հանցագործությունների մեջ մեղադրելու համապատկերում։ «Ռոսիա-24» ալիքին տված իր հարցազրույցում, որը տեղի էր ունեցել Սնոուդենի հետ հանդիպումից անմիջապես հետո, փաստաբան Ա.Կուչերենան ասաց, որ Ռուսաստանը չի կարող նրան մահվան տալ՝ ընդգծելով իրավիճակի հումանիտար կողմը4։ Ավելին. հումանիզմի նկատառումներից զատ, Ռուսաստանը չի կարող զուտ իրավաբանորեն հանձնել Սնոուդենին մի երկրի, որը մահապատիժ է կիրառում։ Դա կապված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային ՌԴ մասնակցության հետ։ Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ միայն բուն կոնվենցիայի, այլև դրա 6-րդ արձանագրության մասնակից է, որով խաղաղ ժամանակ մահապատժի կիրառման արգելք է սահմանվում5։ Որոշ իրավաբաններ ուշադրություն են դարձնում այն բանին, որ 6-րդ արձանագրության դրույթները Ռուսաստանի համար պարտադիր չեն, քանի որ Ռուսաստանը, թեև ստորագրել է այդ արձանագրությունը, բայց չի վավերացրել այն։ Սակայն այս փաստարկն այնքան էլ ճիշտ չէ։ Բանն այն է, որ համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի 1969թ. Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային պայմանագիրը (ինչպիսին է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը) դրա ստորագրման և վավերացման միջև ընկած շրջանում հատուկ կարգավիճակ ունի։ Այդ կարգավիճակը հետևյալն է. «Պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կառարկայազրկեին և կնպատակազրկեին այն (պայմանագիրը)։ Ելնելով 6-րդ արձանագրության բովանդակությունից՝ միանգամայն ակնհայտ է, որ մահապատժի կիրառումը պայմանագրի առարկայազրկում և նպատակազրկում է հանդիսանում։ Այսպիսով, արդեն 6-րդ արձանագրության ստորագրումից հետո (և անկախ նրա վավերացումից) մահապատժի կիրառումը ՌԴ-ում իրավաբանորեն արգելված է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը ցույց է տալիս, որ դատարանը Եվրոպական կոնվենցիայի մասնակից պետության կողմից այս կամ այն անձի հանձնումն այն պետություններին, որոնք մահապատիժ են կիրառում, համարում է կոնվենցիայի խախտում։ Այսինքն՝ կոնվենցիայի խախտում է ոչ միայն ՄԻԵԿ (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) մասնակից պետության կողմից իրականացվող մահապատիժը, այլև այլ պետության իրականացրած մահապատիժը, եթե անձն այդ պետությանն է հանձնվել ՄԻԵԿ մասնակից պետության կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս պարզ ու հստակ ձևակերպված դիրքորոշումը Ռուսաստանում լավ հայտնի է։

***

Սնուոդենի գործը հերթական անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է շտապ փոփոխություններ մտցնել տեղեկատվական անվտանգության միջազգային-իրավական կարգավորման մեջ։ Ռուսաստանի Դաշնությունը դեռ մի քանի տարի առաջ ՄԱԿ է ներկայացրել տեղեկատվական անվտանգության մասին կոնվենցիայի նախագիծը6, որը ցայսօր չի հաջողվում ընդունել ԱՄՆ և նրա որոշ դաշնակիցների հզոր դիմակայության պատճառով7։ Կոնվենցիայի ռուսական նախագիծը միջազգային տեղեկատվական անվտանգությունը սահմանում է որպես միջազգային հարաբերությունների վիճակ, որը բացառում է համաշխարհային կայունության խախտումը և պետությունների ու համաշխարհային հանրության անվտանգության սպառնալիքի գոյացումը տեղեկատվական տարածքում։

Այս կոնվենցիայի նախագծի արգելափակմանն ուղղված ԱՄՆ գործողությունները միանգամայն հասկանալի, բայց հակաիրավական հիմքեր ունեն։ Հուսանք, որ Սնուոդենի գործը կստիպի միջազգային հանրության շատ անդամների, այդ թվում Եվրոպայի երկրներին, որոնք դարձել են ԱՄՆ տեղեկատվական ագրեսիայի զոհ, վերանայել իրենց մոտեցումները և պաշտպանել ռուսաստանյան միջազգային-իրավական նախաձեռնությունը։

1 Տե՛ս «Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական ապաստան տրամադրելու կարգի մասին որոշումը» (2003թ. դեկտեմբերի 1-ի, 2007թ. հուլիսի 27-ի և 2012թ. հուլիսի 12-ի փոփոխություններով և լրացումներով)։

2 Զեկույց Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների ապահովման հետ կապված իրավիճակի մասին, Մոսկվա, 2012թ. հոկտեմբերի 22, հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում. http://www.mid.ru /bdomp /ns-dgpch.nsf /8f296803 440809 38432 569ea 00361 529 /885 c1a 6a526b8 a7c44 257aa 00024 9c42.

3 Տե՛ս Борисов И., Евланов И., Лысенко В., Чуров В., О соблюдении в США избирательных прав граждан при проведении выборов Президента США 6 ноября 2012 года // Международная жизнь, 2013, № 2. Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «...ժողովրդավարական ընտրությունների՝ բոլորի կողմից ընդունված սկզբունքների մեծ մասը, որոնց կատարումը ԱՄՆ միջազգային պարտավորությունն է, լրիվ ծավալով չի պահպանվել անցած նախագահական ընտրությունների կազմակերպման ժամանակ։ Նման եզրահանգման են եկել և՛ Ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն, և՛ ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակը, որոնք իրենց հաշվետվություններում, սկսած 2002 թվականից, այդ թվում և 2012թ. նոյեմբերի 6-ին, հսկայական փաստական նյութ են ներկայացնում ընտրական իրավունքների զանգվածային խախտումների մասին»։

4 Հումանիտար կողմի մասին խոսել է նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Ս.Ե. Նառիշկինը։

5 Ընդ որում՝ Ռուսաստանը կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը չի մասնակցում, որով արգելվում է մահապատժի կիրառումը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում։

6 Կոնվենցիայի տեքստին կարելի է ծանոթանալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում. http://www.mid.ru /bdomp /ns-osndoc. nsf/e2f289 bea62097f9c3 25787a0034c25 5/542df9e13 d28e06ec3257 925003542c4! OpenDocument.

7 Новацкий А., Борьба вокруг проекта Конвенции ООН о международной информационной безопасности // http://www.fondsk.ru/news/2012/07/14/borba-vokrug–proekta–konvenci i-oon -o-mezhdunarodnoj-informacionnoj -bezopasnosti-15499.html


դեպի ետ