
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ԷԼ ԿԼԻՆԵՆ, ՈՐ ԿՃԱՆԱՉԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության իրավաբանական ճանաչումը հնարավոր է ցանկացած հարմար պահի, և եթե դա տեղի չի ունենում, հավանաբար, դրա համար որոշակի հիմքեր կան։ ИА REGNUM-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ «Հայաստանի նախագահը, եթե չեմ սխալվում, արտահայտվել է այն ոգով, թե ԼՂՀ-ին ագրեսիա սպառնալու դեպքում ՀՀ-ն նույն օրն իսկ համապատասխան դաշնակցային պայմանագիր կստորագրի։ Կարծում եմ, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը հարմար չէ Հայաստանի համար»,- նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ Ղարաբաղի իրավաբանական ճանաչումը կամ Հայաստանի հետ որևէ պայմանագրի ստորագրումը բանակցությունների գործընթացում զուտ դեկլարատիվ բնույթ կկրի։ «Դա, ավելի շուտ, շոու կլինի, այլ ոչ թե լուրջ քաղաքական քայլ»,- ասել է Հարությունյանը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հնարավոր ճանաչմանը՝ փորձագետը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միջազգային հանրության պահվածքին և «առաջավոր» չլինել այս հարցում։ «Աբխազիան և Հարավային Օսիան առաջինը կճանաչի Ռուսաստանը, բայց ճանաչման շրջանակները դժվար թե նույնքան գլոբալ լինեն, ինչպես դա եղավ Կոսովոյի դեպքում։ Սակայն բնական է, որ Ռուսաստանից բացի այլ երկրներ էլ կլինեն, որ կընդունեն այդ հանրապետությունների անկախությունը»,- ասել է նա։
Փորձագետը նաև ընդգծել է, որ ԼՂՀ-ն հավասարակշռված դիրքորոշում ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում, չի ստորագրել որևէ պարտավորեցնող փաստաթուղթ, և վերջին զարգացումները ցույց տվեցին նման դիրքորոշման արդարացիությունը։ «Պատկերացրեք, եթե Ղարաբաղը, ինչպես Աբխազիան, հարկադրված լիներ որոշակի ռազմական գործողություններ իրականացնել կամ քաղաքական պարտավորություններ կատարել»,- ընդգծել է փորձագետը։ Անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի հեռ Լեռնային Ղարաբաղի հետագա փոխհարաբերությունների հեռանկարներին՝ փորձագետը հայտարարել է, որ դեռ շուտ է ավելի սերտ պաշտոնական և իրավաբանական հարաբերություններ հաստատելու համար։ «Երբ ճանաչեն Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այդ ժամանակ էլ կարելի կլինի մտածել»,- ասել է նա։ «Կապը չճանաչված ԼՂՀ-ի հետ Աբխազիան և Հարավային Օսիան, անշուշտ, կպահպանեն, քանի որ դա բխում է իրենց իսկ շահերից. ԼՂՀ-ն միշտ... հնարավորինս ցուցաբերել է իր աջակցությունը։ Հույս ունեմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի ու կզարգանա»,- ամփոփել է քաղաքագետը։
դեպի ետ