• am
  • ru
  • en
Версия для печати
23.05.2018

«ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»

Руский

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

Ինչպես նշել ենք նախկինում, միաբևեռ աշխարհակարգի փլուզումն ընթանում է տուրբուլիզացված, անկանոն ռեժիմով, ինչը հանգեցրել է գլոբալ քաղաքական, ռազմական և տնտեսական հարթության ֆրագմենտացման [1]։ Միևնույն ժամանակ, չնայած հիբրիդային իրողություններում իրականացվող քաղաքականության ժանրերը գրեթե լիակատար միախառնվել են, սակայն այդ գործընթացներն ունեն իրենց յուրահատկությունները, որոնք պայմանավորված են այս կամ այն տարածաշրջանի էթնիկական և քաղաքակրթական հատկանիշներով։ Այս համատեքստում ուշագրավ են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Կորեական թերակղզում՝ արևելյան «ավագ եղբոր»՝ Չինաստանի ամենաակտիվ մասնակցությամբ։

«Շառագունում է արևելքը». Հայտնի է, որ գլոբալ հարթությունում տնտեսական և քաղաքական զարգացումների կենտրոնը, շնորհիվ Չինաստանի ընդհանուր ռեսուրսների տպավորիչ աճի, նկատելիորեն տեղափոխվել է դեպի արևելք։ Վերջին 20 տարիներին այդ երկրի ՀՆԱ-ն ավելացել է մոտ 13 անգամ և ներկայում ավելին է, քան $12 տրլն-ն։ Պակաս տպավորիչ չեն նաև ձեռքբերումները գիտատեխնոլոգիական ոլորտում, որին ՉԺՀ-ն 2016թ. հատկացրել է մոտ $400 մլրդ, ինչը կազմում է համաշխարհային ծախսերի հինգերորդ մասը1 (տե՛ս նաև [2])։ Այս հաջողությամբ Չինաստանը պարտական է այն բանին, որ առանցքային համարելով ազգային-պահպանողական դիրքորոշումները (դրանք ընդհանրացված կերպով անվանենք կոնֆուցիական)՝ կարողացավ համադրել սոցիալիստական և լիբերալ գաղափարախոսությունների առավելությունները [3]։ Միևնույն ժամանակ, այդ երկիրն իրականացնում է քաղաքականություն՝ հենվելով չինական ռազմավարության հարուստ ավանդույթների վրա, որը մեկնաբանվում է որպես «ապագայի զավթում»։ Նշենք նաև, որ չինացիները «ժամանակ» հասկացությունն ընկալում են էապես այլ կերպ, քան դա ընդունված է արևմտյան քաղաքակրթություններում։ Այս համատեքստում կարելի է արտահայտվել այն ոգով, որ եթե «շախմատի մեծ տախտակը» (Զ.Բժեզինսկու արտահայտությամբ) այլ տարածաշրջաններում վերածվում է «քիքբոքսինգի» մրցասպարեզի, ապա չինացիները հնարավորության սահմաններում ջանում են խաղալ իրենց չինական շախմատը՝ «գո»-ն, որի կանոնները և օրենքները բոլորը չէ, որ գիտեն։

Բնական է, որ վերը թվարկված գործոնները տագնապեցնում են Չինաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, որը, մասնավորապես, ՉԺՀ-ն համարում է գլխավոր սպառնալիք իր վերջերս ընդունած ազգային անվտանգության ռազմավարությունում։ Արդի հիբրիդային իրողություններում համաշխարհային առաջատարի այս մտահոգությունը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող գործողություններում։

«Սիմետրիկ տնտեսական պատերազմ». Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հետ ՉԺՀ ապրանքաշրջանառությունը հասնում է $600 մլրդ-ի, իսկ չինական արտահանումը գերազանցում է ամերիկյանը մի քանի անգամ։ Ուստի, սեփական արտադրողներին խրախուսելու իր նոր քաղաքականության համաձայն՝ ԱՄՆ-ը բարձր մաքսատուրքեր է մտցրել չինական բազմաթիվ ապրանքների համար։ Ի պատասխան՝ ՉԺՀ-ն նույնպես բարձրացնում է ներկրվող ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը՝ զուգահեռաբար շարունակելով ԱՄՆ-ին դուրս մղել խաղաղօվկիանոսյան համագործակցության նախագծերից և իրականացնում է տնտեսական էքսպանսիա արևմտյան ուղղությամբ՝ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի միջոցով։ Այս ամենը վկայում է այն մասին, որ տնտեսական ոլորտում, չնայած չինական առանձնահատկության տարրերի առկայությանը, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունն ընթանում է մոտավորապես սիմետրիկ ռեժիմով։ Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ այս ամենն ընդամենը սկիզբն է։ Օրինակ, բավական տագնապալի զարգացում է Վաշինգտոնի համար՝ իր վիթխարի արտաքին պարտքով հանդերձ, նավթային ֆյուչերսները յուանով վաճառելու Պեկինի ձգտումը։ Այս ուղղությամբ հաջորդ քայլը կարող է դառնալ ոսկով ապահովմանն անցնելը միջազգային հաշվարկներում, ինչը կարող է փլուզել Բրետոն-Վուդյան համակարգը, որի վրա է հիմնված ամերիկյան ամբողջ տնտեսությունը2։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ նման զարգացման պարագայում գրեթե անխուսափելի գլոբալ տնտեսական կոլապսը ոչ վերջին հերթին կանդրադառնա նաև ՉԺՀ-ի վրա, որի ներդրումներն ամերիկյան ակտիվներում հասել են մոտավորապես $1,2 տրլն-ի։ Ուստի, ամենայն հավանականությամբ առաջիկայում զարգացումներն այս ուղղությամբ կընթանան «սպառնալիքն ավելի ուժեղ է կատարումից» ռեժիմով։

Սակայն, անկախ ապագայի հնարավոր սցենարներից, հարկ է փաստել, որ գլոբալ տնտեսությունում ԱՄՆ-ի համար երկար տարիներ հետո առաջին անգամ ի հայտ է եկել հզոր մրցակից, և նման անսովոր իրավիճակը լրջագույն մարտահրավեր է Վաշինգտոնին։ Իսկ ՉԺՀ-ԱՄՆ դիմակայությունը ռազմաքաղաքական ոլորտում, ի տարբերություն տնտեսականի, ընթանում է յուրօրինակ և ոչ սիմետրիկ ռեժիմով, ինչը նույնպես Վաշինգտոնի համար անախորժ հանգամանք է։

«Գո»-ի պարտիան «կորեական ճակատում». Հայտնի է, որ Չինաստանը տարածքային վեճ ունի Ճապոնիայի հետ Արևելաչինական ծովի Սենկակու կղզու շուրջ։ Իրավիճակը գրեթե նույնն է նաև Հարավչինական ծովում, որտեղ չինացիները Վիետնամի հետ վիճարկում են Պարսելյան կղզիների պատկանելության իրավունքը։ Այս երկար վեճերում ԱՄՆ-ը ոչ երկիմաստորեն աջակցում է համապատասխանաբար՝ Ճապոնիային, Վիետնամին և վեճերի մյուս մասնակիցներին, սակայն դիմակայությունն ընդհանուր առմամբ տեղի է ունենում չինական ոգով. ՉԺՀ-ն արհեստական կղզիներ է կառուցում վիճելի տարածքներում, այնտեղ հրթիռներ է տեղակայում, երկարատև ու հանգամանալից բանավեճեր է վարում, բազմաթիվ դիվանագիտական ուղերձներ է փոխանակում իր ընդդիմախոսների հետ, և այս ամենն արվում է չինական փիլիսոփայությանը համապատասխան, որը գրեթե հաշվի չի առնում ժամանակի գործոնը։

Սկզբունքորեն այլ իրավիճակ է ստեղծվել Կորեական թերակղզում, որտեղ տեղեկատվա-դիվանագիտական առճակատումը ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարող էր անցնել «թեժ փուլի» և դրանով իսկ անմիջականորեն սպառնալ ՉԺՀ-ին։ Տպավորություն է ստեղծվում, թե այսօր չինացիների հիմնական ուշադրությունը սևեռված է հենց այս «ճակատին», որտեղ 1950-53թթ. արյունալի կորեական պատերազմի ժամանակ զոհվեց մոտ 4,5 մլն մարդ (նրանց թվում՝ 1 մլն չինացի)։ Սակայն դիմակայությունը կորեական պետությունների միջև չավարտվեց, և այն, տարբեր ձևեր ընդունելով, շարունակվել է մինչև վերջին ժամանակներս։ Բնականաբար, այս զարգացումներում ոչ միայն ԱՄՆ-ը, այլ նաև ՉԺՀ-ն է ունեցել ամենաանմիջական մասնակցություն։ Իրավիճակը հատկապես սրվեց արդեն մեր ժամանակներում՝ կապված ԿԺԴՀ հրթիռամիջուկային ծրագրի և Փհենյանի հասցեին ամերիկյան նոր վարչակազմի հուզական արտահայտությունների հետ։ Թերևս քչերն են կասկածում, որ Հյուսիսային Կորեան արդի սպառազինությունների մշակման ոլորտի իր հաջողություններով հիմնականում պարտական է Չինաստանին։ Այդ երկրների կողմից վերահսկվող մոտ 1500 կմ երկարությամբ ցամաքային սահմանը նպաստում է, որպեսզի չինացիները համապատասխան տեխնոլոգիաներ փոխանցեն հյուսիսկորեացիներին, որոնք չինական արտաքին քաղաքականությունում կատարում էին կոշտ, այսպես կոչված «վատ քննիչի» դեր։

Կորեական միջուկային զենքի հարցը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ակտուալացվեց տխրահռչակ «արաբական գարնան» ընթացքում, երբ երբեմնի ինքնիշխան երկրներն ընկղմվեցին այսպես կոչված «կառավարելի քաոսի» մեջ, իսկ նրանց՝ արևմտյան չափանիշներով պրոբլեմատիկ որոշ առաջնորդներ ցուցադրաբար մահապատժի ենթարկվեցին։ Այդ ժամանակ արդեն վերլուծաբանները նշում էին, որ նման վերջաբանից կարելի էր խուսափել լոկ այն դեպքում, եթե այդ արաբական երկրներն ունենային միջուկային զենք կամ էլ կարողանային, ինչպես իրանցիները, օպերատիվ կերպով ստեղծել այդ զենքը։ Ուստի, բնավ զարմանալի չէ, որ հենց այդ շրջանում ԿԺԴՀ-ն, տեղեկատվական և հոգեբանական ճնշման ֆոնին, որի կարևոր տարրն էին ամերիկյան նավատորմի ցուցադրական զորավարժությունները, ձեռնամուխ եղավ սեփական հրթիռամիջուկային ուժերի ստեղծմանը՝ որպես հնարավոր ուժային և փափուկ («գունավոր» հեղափոխությունների ձևով) հավակնությունների զսպման միջոց։

Ինչևէ, Վաշինգտոնի մեղադրանքների թունդ պահին, երբ շատերն արդեն մտածում էին միջուկային պատերազմի տերմիններով, Փհենյանն անսպասելիորեն սկսեց բավական արդյունավետ «օլիմպիական դիվանագիտություն» Հարավային Կորեայի հետ։ Այս առնչությամբ նշենք, որ հարավկորեական հանրության մի որոշակի հատվածը, համաձայն ավելի վաղ անցկացված սոցհարցումների, բավական լոյալ է վերաբերվում ոչ միայն ԿԺԴՀ-ին, այլև նրա միջուկային ծրագրին (ինչն ըստ էության զարմանալի չէ և բնական է)։ Այս առնչությամբ գրեթե կասկած չի հարուցում այն, որ Պեկինը, ռազմականի կողքին, Փհենյանին է փոխանցում Սուն Ցզիի ռազմավարական գաղափարներով և «գո»-ի սկզբունքներով հագեցած քաղաքական տեխնոլոգիաները։ Գուցե հյուսիսկորեական առաջնորդի այցելությունը Պեկին կարելի է ընկալել, ի թիվս այլ քաղաքական հանգամանքների, նաև որպես երախտագիտություն նման ինտելեկտուալ աջակցության համար։ Իսկ այցելությանը հաջորդեց ԿԺԴՀ հայտարարությունը հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու մասին, այնպես որ՝ արդյունքում երկուստեք հնչող ռազմաշունչ հռետորաբանությունը վերափոխվեց դիվանագիտական գործընթացի։ Զուգահեռաբար մեկնարկեց Կիմ Չեն Ըն—Դոնալդ Թրամփ հանդիպման ակտիվ նախապատրաստությունը։

Հատկանշական է նաև, որ միջկորեական հանդիպումների ընթացքում հնչեցվեց նաև Կորեայի միավորման գաղափարը։ Այս առիթով նշենք, որ Փհենյանը, սկսած 2012թ., իրականացնում է սեփական տնտեսության ազատականացման քաղաքականություն, որը շատ բանով հիշեցնում է ռեֆորմները Չինաստանում Դեն Սյաոպինի կառավարման նախնական շրջանում3, այսինքն՝ այդ քաղաքականության մեջ ևս շատ են «չինական դեղատոմսերը»։ Ելնելով այս միտումներից՝ չի կարելի բացառել, որ ապագայում Կորեայի միավորման գաղափարը կարող է ձեռք բերել իրական ուրվագծեր, ինչպես դա եղավ Գերմանիայի պարագայում։ Միևնույն ժամանակ, հիմքեր կան ենթադրելու, թե ապագայի այդ նոր պետությունն, ամենայն հավանականությամբ, կմտնի Չինաստանի ազդեցության ոլորտ։ Ակնհայտ է նաև, որ նման սցենարի հնարավորությունը հաշվարկել են նաև ամերիկյան ստրատեգները, և այդ համատեքստում պետք է ընկալել հենց այս ժամանակահատվածում նրանց՝ Հարավային Կորեայի հետ համատեղ հերթական զորավարժություններ իրականացնելու մտադրությունը։ Այդ նախաձեռնությունը սուր արձագանք գտավ Փհենյանում և հարվածի տակ դրեց հետագա ողջ բանակցային գործընթացը։ Սակայն պետք է կարծել, որ չինական յուրօրինակ և խոր ռազմավարական մտածողությունը թույլ կտա լուծումներ գտնել նաև ստեղծված նոր իրավիճակում։

1 2016 Global R&D funding forecast. A Supplement to R&D Magazine. Winter, 2016.

2 Տե՛ս, օրինակ, Золото как туз в рукаве, http://inosmi.info/zoloto-kak-tuz-v-rukave.html

3 http://www.webeconomy.ru/index.php?page=cat&newsid=1883&type=news

Գրականություն

1. Հարությունյան Գ., Ֆրագմենտացված կամ «մինչվեստֆալյան» աշխարհակարգ, «Գլոբուս», #2, (91), էջ 5, 2018, Арутюнян Г., Фрагментированный или «довестфальский» миропорядок, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=16546.

2. Арутюнян Г., Марджанян А., Духовно-технологические ресурсы и вопросы союзничества в гибридных войнах // 21-й Век, 4 (45), 2017.

3. Арутюнян Г., Идеология - критическая сфера в гибридных войнах, Геополитика и безопасность #4(40), с. 113, 2017, Арутюнян Г., Критические инфраструктуры и идеология, 21-й ВЕК, #2(43). с. 5, 2017, «Տեղեկատվական անվտանգություն», նախագծի ղեկավար և գլխ. խմբ.՝ Գ.Հարությունյան, Երևան, 2017թ.։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր