• am
  • ru
  • en
Версия для печати
12.02.2015

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

EnglishРуский

   

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Եվրոպայում հայագիտությունն ունի խոր արմատներ և ավանդույթներ։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Եվրոպայի երկրներում ակադեմիական և վանական հաստատություններում գործել են հայագիտական հեղինակավոր կենտրոններ։ Հայագիտության զարգացումն այստեղ, ինչպես նշում են մի շարք հեղինակներ, համընկավ եվրոպական լուսավորության և դրանից հետո ընկած ժամանակաշրջանների հետ, որտեղ իր ուրույն տեղն ունի Մխիթարյան միաբանությունը։ Միաբանության հայագիտական գործունեությամբ պայմանավորված՝ Եվրոպայում էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ հայոց լեզվի և պատմության հանդեպ։ Չնայած հայագիտությունը Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում մեծ հետաքրքրություն էր առաջացրել, այդուհանդերձ, երկար տարիներ Եվրոպայում որպես եզակի հայագիտական կենտրոններ մնում էին Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունները և հատուկենտ համալսարանական ամբիոներ, բաժիններ։

Համալսարանական ամբիոններ և բաժիններ

Համալսարանական ամբիոններն ու բաժիններն են.

- Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի Հայագիտության բաժինը (Ֆրանսիա-INALCO),

- Պրովանսի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը (Ֆրանսիա),

- Վենետիկի Կա-Ֆոսկարի անվան համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը (Իտալիա),

- Բոլոնիայի համալսարանի Բանասիրության ֆակուլտետի Հայագիտության ամբիոնը (Իտալիա),

- Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան Հայագիտության ամբիոնը (Մեծ Բրիտանիա),

- Լուվենի Կաթոլիկ համալսարանի Հայագիտության բաժինը (Բելգիա),

- Զալցբուրգի համալսարանի Հայագիտության բաժինը (Ավստրիա)։

Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան Հայագիտության ամբիոնի օրինակը։ Հայագիտական հետազոտություններն Օքսֆորդի համալսարանում իրականացվել են 19-րդ դարի կեսերից սկսած։ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ինստիտուտի Հայագիտության ամբիոնը հիմնադրվել է 1965թ., Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի նվիրատվության միջոցներով (Calouste Gulbenkian Professorship of Armenian Studies Oxford)։ Բակալավրիատում հայագիտությունն ուսումնասիրվում է աստվածաբանության և արևելագիտության ուսումնասիրությունների շրջանակներում։ Մագիստրատուրայում արդեն առաջարկվում է դասական հայերենի առանձին մագիստրոսական ծրագիր։ Փիլիսոփայության ծրագրում հայագիտական դասընթացները կարող են արևելաքրիստոնեական, ուշ անտիկ և բյուզանդական ուսումնասիրությունների, ընդհանուր և համեմատական լեզվաբանության ծրագրերի մաս կազմել։ Կարող է իրականացվել նաև հայ բանասիրության դոկտորանտուրա1։ Դասական հայերենի մագիստրատուրայի շրջանակներում ուսանողներն անցնում են հին և միջնադարյան Հայաստանի պատմությունը, լեզուն, գրականությունը և մշակույթը, ապա՝ գրականության վերաբերյալ առանձին դասընթացներ։ Ամբիոնը հետազոտական աշխատանքներ է տանում այլ ինստիտուտների հետ համատեղ։

Հակիրճ ներկայացնենք հայագիտական ամբիոնների և բաժինների գործունեության մի քանի կողմերը։

Կրթական, հետազոտական, համագործակցության և ընդհանրապես աշխատանքային գործունեությունն ապահովող համակարգված և կանոնավոր ծրագրեր գործում են բոլոր հայագիտական ամբիոններում և բաժիններում։ Կրթական ծրագրերը յուրաքանչյուր տարի կարող են ենթարկվել փոփոխության, իսկ ահա հետազոտական աշխատանքներն իրականացվում են հիմնականում երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում։

Կրթական գործունեություն։ Դասավանդվում են հայագիտության տարբեր ճյուղեր՝ ժամանակակից հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն, դասական հայերեն), լեզվաբանություն, գրականություն (հին և միջնադարյան), Հայոց պատմություն, Սփյուռքի պատմություն, հայ արվեստի պատմություն, Հայ Առաքելական եկեղեցու պատմություն և այլն։ Տարբեր ամբիոններ հայագիտության դասընթացները վարում են փուլային մեխանիզմով, որը կարող է տևել 3-4, որոշ դեպքերում՝ 5 տարի՝ սկսնակների, բակալավրերի, մագիստրոսների և դոկտորական աստիճանի ձգտողների համար։ Որոշ ամբիոններում գործում են նաև հետավարտական դասընթացներ։

Հետազոտական գործունեություն։ Հետազոտական աշխատանքների մեծ մասն իրականացվում է երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում, որոնք ունեն թեմատիկ տարբեր ուղղվածություններ. բարբառագիտություն (օր.՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտական բաժին-INALCO)2, հին և միջնադարյան գրականություն (Օքսֆորդի համալսարան), աստվածաբանություն և քրիստոնեություն (Լուվենի կաթոլիկ համալսարան) և այլն։ Մնացած դեպքերում հետազոտությունները կենտրոնանում են հիմնականում հայոց պատմության, հայ բանասիրության, հայկական մշակույթի, ազգագրության և այլ գիտական ուղղությունների խնդիրների վրա։

Ամբիոններում և բաժիններում հետազոտական աշխատանքների հիմնական մասը հատկացվում է հայոց լեզվին, արվեստի պատմությանը, հին և միջնադարյան պատմությանը, հայկական գաղթօջախներին և այլն։ Վ.Կալցոլարիի կարծիքով՝ քիչ են այն կենտրոնները, որտեղ կարելի է ուսումնասիրել արդի հայ գրականություն կամ պատրաստել ավարտաճառեր3։

Համագործակցություն։ Ամբիոնների և բաժինների համագործակցությունն ընթանում է մի քանի ձևերով՝ գիտահետազոտական (գիտական թեզի համատեղ ղեկավարում), մասնագետների և աշխատանքային փորձի փոխանակման և այլն։ Որպես օրինակ նշենք Վենետիկի համալսարանի Հայագիտական ամբիոնի համագործակցության փորձը։ Այստեղ գիտական փոխանակման ծրագրեր են իրականացվել Երևանի պետական և Ժնևի համալսարանների, ինչպես նաև Բոլոնիայի, Միլանի կաթոլիկ համալսարանների ամբիոնների հետ (նաև շրջանավարտների համար)։ Ընդհանուր առմամբ, բոլոր հայագիտական ամբիոններն էլ համագործակցում են ինչպես իրենց երկրների, այնպես էլ արտերկրի ակադեմիական և ոչ ակադեմիական հաստատությունների և ամբիոնների հետ, սակայն հնարավոր է, որ որոշ դեպքերում այդ համագործակցությունը կրի ֆորմալ բնույթ։ Սովորաբար, համագործակցության արդյունքում ձևավորված կապերը, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել հետազոտական համատեղ աշխատանքներ, համագործակցության ավարտից հետո ինստիտուցիոնալ կապերից վերածվում են անհատականի կամ հակառակը։

Վերջին տասը տարում տարբեր ծրագրերի շրջանակներում Եվրոպայի հայագիտական ամբիոններն ու բաժինները համագործակցել են ԵՊՀ-ի, Մատենադարանի, Գիտությունների Ազգային ակադեմիայի և այլ գիտակրթական հաստատությունների հետ՝ գիտական ասպարեզում փոխադարձ համագործակցության զարգացման նպատակով (ուսանողների, գիտնականների փոխանակում, հոդվածների հրատարակում, հայագիտական գիտաժողովներին մասնակցություն և այլն)։

Հայագիտական ինստիտուտներ

Եվրոպայում հաշվառել ենք հայագիտական հետազոտություններ իրականացնող յոթ ինստիտուտ։ Ինստիտուտներից մի քանիսը հայության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող, «ուղեղային կենտրոնների» ոճով աշխատող վերլուծական կառույցներ են, որոնք երբևէ չեն ընկալվել որպես հայագիտական կենտրոններ։ Այնինչ, դրանք լոբբիստական տեսանկյունից կարող են նշանակալի գործունեություն ծավալել տվյալ հանրությունների ներսում, քանի որ այստեղ ուսումնասիրությունները վերաբերում են ժամանակակից քաղաքական նշանակության այնպիսի խնդիրների, որոնք այժմ Եվրոպայում քիչ են լուսաբանվում, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման, Հայ դատի, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ և այլն։ Այս հատկանիշներով վերլուծական կառույցների «ինտելեկտուալ արտադրանքը» խիստ տարբերվում է համալսարանական հայագիտական աշխատություններից և գործունեությունից։ Սակայն տարբեր կառույցները միմյանց փոխլրացնելու հսկայական ներուժ են պարունակում։ Կան ինստիտուտներ, որոնք վերլուծական և անկախ ակադեմիական կառույցներ են կամ համալսարաններին կից գործող հետազոտական ստորաբաժանումներ։

Այդ ինստիտուտներն են՝

- Կոմիտաս ինստիտուտը (Մեծ Բրիտանիա-Gomidas Institute),

- Հայկական ինստիտուտը (Մեծ Բրիտանիա-Armenian Institute),

- Հայկական հարցերի հաստատությունը (Գերմանիա-Instituts für armenische Fragen),

- Չոպանյան ինստիտուտը (Ֆրանսիա-Institut Tchobanian),

- Հայկական ուսումնասիրությունների Սայաբալյան ինստիտուտը (Ֆրանսիա- Institut Sayabalian d'Etudes Armeniennes),

- Հայկական հետազոտությունների Միջերկրածովյան ինստիտուտը (Ֆրանսիա-Institut Méditerranéen de recherches Arméniennes),

- Հայագիտության ինստիտուտը (Ռումինիա-Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարան)։

Անդրադառնանք դրանցից մի քանիսի գործունեությանը։

Հայկական ինստիտուտ։ Գործում է Լոնդոնում, հիմնադրվել է 2001թ.։ Գործունեությունը հիմնված է մասնավոր ներդրումների վրա։ Ստանում է դրամաշնորհներ Մեծ Բրիտանիայի ոչ կառավարական մարմիններից, միջազգային կազմակերպություններից։ Ինովացիոն ծրագրերի միջոցով իրականացնում է հանրային դասախոսություններ, ակադեմիական դասընթացներ, ցուցահանդեսներ և թատերական ներկայացումներ հայկական համայնքի և բրիտանական հանրության շրջանում։ Հետազոտական նախագծերն իրականացնում է այլ գիտական կառույցների հետ համատեղ, օրինակ՝ «Հայկական բառարանի նախագիծը»՝ University College London-ի, «Ազոխի քարանձավի4 նախագիծ»-ը՝ Blandford Town Museum & University College London-ի հետ։ Կարելի է ասել, որ ինստիտուտը հատուկ նախընտրած թեմաներ չունի, և որևէ համագործակցության առաջարկ դիտարկվում է թեմայի նպատակահարմարության ու արդիականության տեսանկյունից։

Ինստիտուտը համագործակցության փորձ ունի հատկապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների, գիտական և մշակութային կառույցների հետ, ինչպիսիք են Լոնդոնի Հայկական տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնը (Centre for Armenian Information and Advice), ԱՄՆ Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիան (National Association for Armenian Studies and Research), Լոնդոնի Երկիր և մշակույթ կազմակերպությունը (Land & Culture Organisation)։ Ինստիտուտը համագործակցում է նաև այլ երկրների հայագիտական (Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտական ծրագիր) և այլ գիտակրթական կառույցների (Լեհաստանի Գրոտովսկի ինստիտուտ), ինչպես նաև անհատ հայագետների հետ։

Սույն հետազոտության շրջանակներում հայագիտական կառույցներին ուղղված հարցումներից պարզվեց, որ Հայկական ինստիտուտը ՀՀ գիտական ոչ մի կենտրոնի հետ համագործակցության փորձ չունի, մինչդեռ անհատ հայագետների և այլ մասնագետների հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Բազմաթիվ անհատ հետազոտողներ ներառված են հայկական ավանդական հագուստի, «Շիրվանզադեի «Նամուսի», «1988թ. Սպիտակի երկրաշարժը բրիտանական մամուլում» և այլ թեմատիկ աշխատանքներում։

Կրթական ծրագրով դասավանդվում են արևելահայերեն և արևմտահայերեն, ինչպես նաև ներդրվում է հայոց պատմության դասընթաց։ Հրատարակվում է «Պարտեզ» պարբերականը, ուր տպագրվում են հայ համայնքի կյանքի, ինչպես նաև հայագիտության վերաբերյալ հրապարակախոսական և գիտական հոդվածներ։ Հայկական ինստիտուտը հրատարակել է հայկական ինքնության և հայկական համայնքների վերաբերյալ մի քանի արժեքավոր աշխատություններ։ Ինստիտուտը հայագիտության վերաբերյալ տասը հազար բազմալեզու գրքերից և պարբերականներից բաղկացած գրադարան ունի։

Ի լրումն վերն ասվածի՝ նշենք, որ ներկայումս ինստիտուտն ունի երկու հիմնական խնդիր՝ տարածքային և ֆինանսական։

Չոպանյան ինստիտուտ։ Չոպանյան ինստիտուտի գիտավերլուծական գործունեությունն ամբողջովին հայագիտական չէ։ Այստեղ հայագիտությունը հետազոտական ուղղություններից մեկն է։ Կարելի է ասել, որ Եվրոպայում միակ հայկական վերլուծական կենտրոնն է՝ իր բազմազգ անդամներով։ Հիմնադրվել է Փարիզում 2004թ.՝ Արշակ Չոպանյանի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Համագործակցում է տարբեր երկրների հայ և օտարազգի հայագետների, քաղաքագետների և այլ մասնագիտությունների տեր հետազոտողների, ինչպես նաև տարբեր գիտական կառույցների հետ։ Ինստիտուտն օժանդակություն չի ստանում որևէ պետությունից և չի հարում որևէ քաղաքական կուսակցության։ Բյուջեն ձևավորվում է անդամների և նվիրատվությունների շնորհիվ։ Հայագիտական աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ։ Ինչպես նշում է ինստիտուտի հիմնադիր նախագահ Ժան Վարուժան Սիրափյանը, վերլուծությունները կատարվում են Հայկական հարցի և աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ, որի ծիրում են ինչպես Հայաստանը, այնպես էլ Սփյուռքը5։

Ինստիտուտը գործունեություն է ծավալում ներքոհիշյալ ուղղություններով.

- Հրատարակում է ֆրանսերեն-անգլերեն երկլեզու «Եվրոպան և Արևելքը» հանդեսը և գրքեր՝ նվիրված Թուրքիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և այլ խնդիրներին։

- Հրատարակում է հոդվածներ և գրքեր՝ նվիրված հայոց պատմությանը, Հայկական հարցին, արվեստին, մշակույթին, հայության առաջնահերթ քաղաքական հիմնախնդիրներին։

- Կազմակերպում է կոնֆերանսներ և սեմինարներ ինչպես հայության, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող զարգացումների, ընթացիկ քաղաքական գործընթացների և միտումների վերաբերյալ։

Ի դեպ, ՀՀ և Արցախի անվտանգությանը սպառնացող խնդիրների վերաբերյալ ինստիտուտը տեղեկատվական և բացատրական մշտական աշխատանք է իրականացնում Արևմուտքի ազդեցիկ քաղաքական գործիչների, նաև ոչ կառավարական կազմակերպությունների պատասխանատուների, լրագրողների շրջանում6։ Չնայած սուղ միջոցներին, ֆինանսավորել կամ համաֆինանսավորել է մեկ տասնյակից ավելի քաղաքական, աշխարհաքաղաքական բովանդակության աշխատություններ։

Այսպիսով, կարելի է ասել, որ Չոպանյան ինստիտուտը Ֆրանսիայում գործող թուրքական վերլուծական կենտրոնների հակաքարոզչության դեմ, թերևս, քաղաքական հայագիտությամբ զբաղվող միակ «ուղեղային կենտրոնն» է7։

***

Հայագիտական կառույցներն ունեն խնդիրներ և դժվարություններ, ներքին և արտաքին մարտահրավերներ։

Վերջին տարիներին տարատեսակ խնդիրների պատճառով եվրոպական հայագիտական մի շարք ամբիոններ, բաժիններ և ծրագրեր, որոնք ունեին գիտահետազոտական և կրթական նեղ ուղղվածություն, կա՛մ իսպառ դադարեցին գործելուց, կա՛մ վարում են անկանոն գործունեություն՝ երբեմն ամբիոններից ու կենտրոններից վերածվելով ենթաբաժինների։ Միակ մխիթարանքն այն էր, որ հայագիտական առարկաները ներառվեցին ավելի լայն գիտաճյուղերի՝ կովկասյան լեզուների (հայերեն լեզուն)8, բյուզանդագիտության և քրիստոնյա արևելքի կամ էլ արևելագիտության (հայոց պատմությունը) մեջ։

Մյուս կողմից՝ ոչ միայն հայագիտությունը, այլև Եվրոպայում խոր արմատներ ունեցող գիտաճյուղերը, օրինակ՝ դասական գրականությունը, դիտվում են որպես երկրորդական ճյուղեր, որոնք Գերմանիայում ստացել են «ծաղկական ճյուղեր» անվանումը և դադարել են քաջալերվել ակադեմիական հեղինակությունների կողմից9։ Հասարակական և հումանիտար որոշ գիտաճյուղեր ճգնաժամ են ապրում, և դրա հաղթահարման ուղղությամբ մշակվել են ռազմավարական տարբեր ծրագրեր՝ հզորացնելու համար հումինատար գիտությունների ինստիտուցիոնալ հիմքերը10։

Կարծում ենք, որ այս դեպքում օբյեկտիվ պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս հումանիտար որոշ գիտաճյուղեր թե՛ անհատական և թե՛ պետական մակարդակով շուկայական (որպես եկամուտի աղբյուր) տեսանկյունից դիտվում են անհեռանկարային և ոչ շահութաբեր։

Եվրոպայում հայագիտական մի քանի ամբիոնների գործունեության դադարեցումը պայմանավորված էր մասնագետների և ուսանողների պակասով, ինչպես նաև ֆինանսական հատկացումներ չունենալով։ Հայագիտական հաստատությունների առաջնային խնդիրը մնում է ֆինանսավորումը, որն իրականացվում է տարբեր աղբյուրներից՝ համալսարանի և տվյալ երկրի պետական բյուջեից, հայ համայնքի և առանձին անհատների նվիրատվություններից, Սփյուռքի և ՀՀ պետական կառույցների կողմից։ Քանի որ համալսարանական հայագիտական ամբիոնների, բաժինների և կենտրոնների մի մասը ֆինանսավորվում է համալսարանների բյուջեից՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով նրանք կանգնեցին գոյատևման լրջագույն խնդիրների առջև։ Օրինակ՝ Իտալիայի կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսավորվող համալսարանները ճգնաժամի հետևանքով անցել են մասնակի ինքնաֆինանսավորման11։ Կամ 2010թ. Բուդապեշտի ԷԼՏԷ համալսարանում, երբ կրկին բարձրացվեց հայագիտական ամբիոն հիմնադրելու և ուսումնական ծրագիր ընդունելու հարցը, ֆակուլտետի ղեկավարությունը հրաժարվեց ֆինանսավորել ծրագիրը, քանի որ երկրի տնտեսական ճգնաժամի հետևանքով պետհամալսարանի ֆինանսավորումը 2010-2014թթ. մեծ չափով նվազեցվել էր12։ Գերմանիայում որոշվեց Բեռլինի երեք բուհերի միավորման քաղաքականությամբ հաղթահարել ճգնաժամը, ինչի հետևանքով Բեռլինի Ազատ համալսարանի ղեկավարությունը ֆինանսավորեց նույն համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ամբիոնի հայկական բաժինը մինչև 2009-2010թթ. Ավարտը13, որից հետո բաժինը փակվեց։ Ֆինանսական դժվարությունների պատճառով փակվեց նաև 1995-2009թթ. գործող Լեյդենի համալսարանի հայագիտական ամբիոնը, որի վերաբացման ուղղությամբ ՀՀ ԿԳՆ-ն որոշակի քայլեր է ձեռնարկում14։ 2013թ. սկզբին աշխատանքները դադարեցրել է նաև Ֆրանսիայի Սփյուռքի հետազոտությունների և փաստագրության կենտրոնը (CRDA - Centre de Recherche et de documentation de la diaspora arménienne)15։ Այս ամենի հետևանքով համալսարանական կենտրոնները սկսեցին փնտրել այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ՝ աշխատանքային գործունեության ապահովման նպատակով՝ դրամաշնորհներ, հնարավոր նվիրատվություններ, համագործակցություն ֆինանսական կարողություններ ունեցող հիմնադրամների և այլ կառույցների հետ։

Վերջին տարիներին ԿԳՆ ջանքերով իրագործվել են մի շարք ծրագրեր՝ Եվրոպայի հայագիտական կենտրոնների պահպանման և վերաբացման ուղղությամբ։ Մասնավորապես, ԿԳՆ-ն գերմանական ակադեմիական ծրագրերի աջակցությամբ 120 հազար եվրոյի դրամաշնորհ է ստացել՝ Մարտին Լյութերի անվան «Հալլե Վիտենբերգ» համալսարանի Մեսրոպ հայագիտական հետազոտությունների կենտրոնի պահպանման նպատակով, վերագործարկել է Բուխարեստի համալսարանի հայագիտական կենտրոնը16։

Չնայած առկա դժվարություններին, Եվրոպայում բացվում են նոր կենտրոններ։ Մասնավորապես, Ռումինիայի հեղինակավոր Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանում 2014թ. հիմնադրվել է Հայագիտության ինստիտուտը17, իսկ Չեխիայում Հայաստանի դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև կնքված համաձայնագրով վերսկսվել է հայագիտական առարկաների դասավանդումը, որին ՀՀ ԿԳՆ առաջարկով ֆինանսապես օժանդակելու որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը18։ Եվրոպայի տարբեր երկրներում հայագիտական կենտրոնները ֆինանսավորում են ստանում նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից19, այլ համազգային կառույցներից՝ ուսումնակրթական, գիտական ծրագրերի, հետազոտությունների, հրատարակությունների, գիտաժողովների անցկացման համար։

Հարկ է նկատել, որ Եվրոպայում հայագիտական հաստատությունների մեծ մասը կիբեռտարածությունում ներկայացված չէ։ Դրանց գոյության մասին տեղեկությունները մեկ կամ երկու հաղորդագրություններում են նշված։ Որոշ կենտրոններ չունեն կայքեր, օրինակ՝ Հայկական ուսումնասիրությունների Սայաբալյան և Հայկական հետազոտությունների Միջերկրածովյան ինստիտուտները, եղած կայքերը չեն թարմացվում նոր նյութերով (օր.՝ Կոպեռնիկոսի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնը, Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը), որոշ հայագիտական կառույցների կայքերում չկան գործունեության, կրթական ծրագրերի, դասախոսական, հետազոտական անձնակազմի, հրատարակությունների և հաստատության աշխատակարգի ձևի և բովանդակության վերաբերյալ տվյալներ։

Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, որոշ կառուցվածքային փոփոխություններին, մի շարք հայագիտական ամբիոններ և կենտրոններ կարողանում են պահպանել Եվրոպայի դասական հայագիտության ավանդույթները և փորձում զարգացնել դրանք։

1 THE FACULTY OF ORIENTAL STUDIES M.ST. IN CLASSICAL ARMENIAN STUDIES (2013-2014), http://www.orinst.ox.ac.uk/docs/Handbooks/Handbook_MSt_Classical_Armenian_Studies.pdf.

2 «INALCO»-ն մասնագիտական ուսուցման շրջանակներում ապահովում է դասընթացների շարք, տե՛ս Եկավյան Տ., Հայկական ինքնությունը Ֆրանսիայում՝ ոգեկոչումների պատանդ, http://www.repairfuture.net/index.php/hy/identity-standpoint-of-armenian-diaspora-ar/the-armenian-identity-in-france-in-the-grip-of-memorialization-armenian

3Կալցոլարի Վ., Եվրոպական հայագիտութեան արդի վիճակը եւ խնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Լիագումար նիստի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 39:

4 Գտնվում է Արցախում:

5 Սիրափյան Վ., Չոպանյան ինստիտուտի գործունեությունը, 05.10.2012, Աղավնաձոր, http://www.mindiaspora.am/res/Hamajoxovner/2012/Lragroghner6/Varujan Sirapyan.docx

6 Նույն տեղում։

7 Եվրոպայի հայագիտական հաստատությունների վերաբերյալ մանրամասն տե՛ս Ա.Սիմավորյան, Վ.Հովյան, Տ.Ղանալանյան, Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում, Երևան, 2014, էջ 68-84։

8 Կալցոլարի Վ., նշվ. աշխ., էջ 40։

9 Նույն տեղում, էջ 41։

10 Մանրամասն տե՛ս Գզոյան Է. և ուրիշներ, Հասարակական և հումանիտար գիտությունների արդի բնութագիրը, http://www.csiam.sci.am/pdf/texekagir 2.pdf

11 Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնը խնդիրներ ունի («Առավոտ» օրաթերթ, դեկտեմբեր 13, 2013) http://www.aravot.am/2013/12/24/417817/

12 Տեղեկությունները մեզ է տրամադրել հունգարացի հայագետ Ժիգմունդ Բենեդեկը։

13 Գերմանիայի «Freie Universitat Berlin» համալսարանի հայագիտության բաժնի գոյատևման հարցը ոչ մի կերպ չի հաջողվում լուծել, http://www.panarmenian.net/arm/details/44753/

14 Քննարկվել է Լեյդենի համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգնման հարցը (21.02.2014), http://www.edu.am/ArticleIndex.php?id=6566&topMenuArt=1

15 http://www.centre-francais-fondations.org/annuaire-des-fondations/2704

16 ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարցազրույցը «Առաջին լրատվական» էլեկտրոնային կայքին, (08.06.2012), http://www.edu.am/index.php?id=5653&topMenu=-1&menu1=205&menu2=205&arch=0

17 Ռումանիոյ մէջ՝ հայագիտութեան հարուստ աւանդութիւնները վերականգնելու փորձեր, http://asbarez.com/arm/197332/

18 Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում վերաբացվեցին հայագիտության առարկաները (16.09.2014), http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/09/16/prague_university/

19 Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի՝ մի քանի տասնամյակ հայագիտության զարգացմանը ցուցաբերած ֆինանսական և այլ աջակցության վերաբերյալ տե՛ս Ղարախանյան Վ., «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայանպաստ գործունեությունը. 1956-2006թթ., Երևան, 2008, էջ 191-208, Կ.Դալլաքյան, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը (Կեսդարյա հոբելյանի առթիվ), «Պատմա-բանասիրական հանդես», 2006, թիվ 3, էջ 3-22։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2015

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր