23.12.2025ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՈՒ ԱՊՀ-ԻՑ. ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵԿՆԵԼ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
Ինչպես ամեն տարի, այսօր Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ավանդական հավաքն է, որը հնարավորություն է տալիս շփվել գործընկերների հետ և ամփոփել տարին:
Ուշագրավն այն է, որ այս անգամ ավանդական այս հավաքից բացակայում է Իլհամ Ալիևը: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նա չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
Ադրբեջանի նախագահի վարչակազմը զուգահեռաբար պարզաբանել է նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին չմասնակցելու պատճառները, թեև նման մասնակցություն չէր նախատեսվում:
«Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլն ըմբռնումով է վերաբերվում սրան, քանի որ պետությունների ղեկավարները խիտ գրաֆիկ ունեն, իսկ Բաքուն մասնակցում է ԱՊՀ բոլոր ձևաչափերին և զարգացնում է գործընկերային հարաբերություններ Մոսկվայի հետ։ Իսկ ահա մեկ-երկու օր առաջ Պեսկովն ասել էր, թե Մոսկվայում սպասում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին:
Նա մասնավորապես ասել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Հանդիպումներ տեղի կունենան, քանի որ, բնականաբար, Պուտինն այս երկու օրերի ընթացքում բոլորի հետ կհանդիպի անհատապես։ Նման ոչ պաշտոնական շփման օրերը միշտ ուղեկցվում են առանձին ոչ պաշտոնական երկկողմ շփումներով։ Սա է այս ձևաչափի արժեքավորությունը»,- ասել էր Պեսկովը: Փաստորեն, հենց ոչ պաշտոնական հավաքի օրը հայտնի դարձավ, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգ չի մեկնելու:
Երկրի ղեկավարների ամիսներ առաջ գծվող օրակարգի դեպքում սա հնարավոր, սակայն քիչ հանդիպող ու ոչ այնքան հաճելի պրակտիկա է, հատկապես, երբ հարցը վերաբերում է միջպետական հարաբերություններին ու արտասահմանյան այցերին: Եվ սա համարել միմիայն Ալիևի խիտ օրակարգով պայմանավորված բացակայություն՝ դժվար է, հաշվի առնելով այն լարվածությունը, որը կա ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին մոտավորապես մեկ տարվա ընթացքում ադրբեջանական AZAL օդանավի կործանումից հետո, որի համար ՌԴ նախագահն արդեն երկու անգամ ներողություն է խնդրել, վերջինը՝ հոկտեմբերին Ալիևի հետ ուղիղ հանդիպման ընթացքում:
Իլհամ Ալիևի չմասնակցությունը ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը դժվար է մեկնաբանել՝ որպես տեխնիկական կամ պատահական հանգամանք։ Նման ձևաչափերը, հատկապես «ոչ պաշտոնական» բնույթ ունեցող հանդիպումները, սովորաբար օգտագործվում են ոչ այնքան հրապարակային հայտարարությունների, որքան վստահության պահպանման, դիրքերի ճշգրտման և ազդակների փոխանցման համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի սկզբին էին տեղի ունեցել մեկ տարվա ընթացքում առաջին բանակցությունները Դուշանբեում:
Պուտինը հանդիպումը սկսել էր նրանով, ինչն Ադրբեջանը վաղուց էր պահանջում. խոստովանել Ռուսաստանի մասնակցությունն անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի խոցմանը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՀՕՊ հրթիռները պայթել են ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության վրա, այլ ոչ թե ուղղակիորեն հարվածել դրան:
Ըստ մի շարք վերլուծաբանների, այս հանդիպումը հալեցրել էր ռուս-ադրբեջանական հարաբերություններում ձևավորված «սառույցը», սակայն ադրբեջանական կողմի քաղաքականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ սառը և հեռադիր քաղաքականությունը շարունակվում է:
Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ Ալիևի քայլը կարելի է մեկնաբանել՝ որպես աճող անվստահություն Ռուսաստանի նկատմամբ, վերջին տարիներին Մոսկվան Հարավային Կովկասում այլևս չի ընկալվում՝ որպես միանշանակ անվտանգության երաշխավոր կամ ազդեցության անփոխարինելի կենտրոն։
Ըստ նրա՝ այս հարցում էական է այն հանգամանքը, որ Ռուսաստանը կորցրել է նախկին մենաշնորհային դիրքը ռեգիոնում և ընկալվում է որպես ուժ, որը զբաղված է այլ ճակատներով և ունի սահմանափակ ռեսուրսներ։ Ուստի, Գոգոլաշվիլիի խոսքով, ԱՊՀ ձևաչափին չմասնակցելն Ալիևի կողմից կարելի է դիտարկել որպես հեռավորություն պահելու փորձ Մոսկվայից՝ առանց բաց հակադրության մեջ մտնելու։
Զուգահեռաբար վերլուծաբանը նկատում է, որ Ալիևի բացակայությունը միաժամանակ համընկնում է նրա արտաքին քաղաքական ավելի բազմավեկտոր ռազմավարության հետ, վերջին շրջանում Բաքուն աշխատում է Եվրամիության հետ, ԱՄՆ միջնորդական հարթակներում, այնպիսի նախագծերի շրջանակում, որոնք նվազեցնում են Ռուսաստանի դերակատարումը:
«Ուստի ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը չմասնակցելը կարելի է դիտարկել որպես քայլ, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանի քաղաքական օրակարգը չի կառուցվում ռուսական հարթակների շուրջ նույնիսկ հոկտեմբերյան հանդիպումից և ինքնաթիռի կործանման հարցի շուրջ պարզաբանումներից հետո: Ադրբեջանը փորձում է պահպանել մանևրի ազատությունն Արևմուտքի հետ բանակցություններում, որոնք կարևոր են Հարավային Կովկասի ներկայիս զարգացումների կոնտեքստում: Իսկ ներկայիս զարգացումներն ուղղված են Արևմուտքի միջնորդությամբ և մասնակցությամբ ճանապարհների ապաշրջափակմանը, որը ՌԴ մասնակցությունը ներկայումս քիչ է, թեև, ինչպես երևում է, ցանկությունը մեծ է՝ ակտիվ մասնակցություն ունենալ:
Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական և ռեգիոնալ զարգացումները փոխել են թե Ռուսաստանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքականությունները, որոնք ավելի հակված են դեպի Արևմուտք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոգոլաշվիլին՝ հավելելով, թե Ռուսաստանի հետ Երևանի ու Բաքվի ներկայիս հարաբերությունները, ինչպես նաև այս քայլը տեղավորվում են տարածաշրջանում ձևավորվող նոր իրականության մեջ, որտեղ նախկին կենտրոնները կորցնում են իրենց անվիճելի ազդեցությունը, որը փորձում է գրավել Արևմուտքը:
«Սակայն ընդհանուր առմամբ ռեգիոնալ իրավիճակին միանշանակ գնահատականներ հնարավոր չէ տալ, քանի որ ակտիվ դիվանագիտությունը բոլոր ուղղություններով շարունակվում է, Ռուսաստան-Իրան-Թուրքիա բանակցություններն անընդհատ բնույթ են կրում, ԵՄ-ն Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների հետ ձևաչափեր է ստեղծում և քննարկում ճանապարհների հարցը, ՌԴ-ն ու Իրանը ձգտում են առաջ մղել «3+3» ձևաչափը: Այս զարգացումներում Երևանն ու Բաքուն Ռուսաստանից պահում են նկատելի հեռավորություն»,- ասաց Գոգոլաշվիլին:
դեպի ետ