• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՎԵԼԻ Է ԽՐՎՈՒՄ ԿՌՎԱԽՆՁՈՐԱՅԻՆ ԴԵՐԻ ՄԵՋ

   

Ադրբեջանից եկող հերթական ազդակները եւս մեկ անգամ հուշեցին, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում նիկոլական «խաղաղությունը»: Այսինքն, որքան էլ փորձում են այդ «խաղաղության» գաղափարը քողարկել «խաչմերուկ ենք սարքում» սցենարի տակ, բայց մեկ է, Բաքվում հետեւողականորեն միանգամայն այլ գաղափար են առաջ տանում:

ԻՆՉ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ ԱԼԻԵՎԸ

Նախ` Ալիեւը, մասնակցելով Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպմանը, հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցումն Ադրբեջանի տարածքում մոտենում է ավարտին, այն է՝ հասել է Սյունիքի սահմաններին: Իսկ Հայաստանում, ըստ Հեյդարովիչի, պետք է առաջ գնա «Թրամփի ուղի» կոչվող մեխանիզմը. «Վստահ եմ, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը»:

Այս մասով դեռ մտահոգություն չկա. ի՞նչ վատ բան է, եթե ճանապարհ է բացվում, որով տարեկան, ըստ Ալիեւի, 15 միլիոն տոննա բեռ կարող է գնալ-գալ: Բայց նրա հենց հաջորդ միտքը գալիս է հուշելու, որ իրականում խոսքը թուրք-ազերիական պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որքան էլ որ այն քողարկվի «Թրամփի ուղի» անվան տակ: Այսինքն, ըստ Ալիեւի, այդ տարանցիկ կարողությամբ երկաթուղին ունի մեկ հիմնական նպատակ՝ այն «կդառնա «Միջին միջանցքի» կարեւոր զարկերակը»: «Ու հաշվի առնենք, որ «Միջին միջանցք» ասվածն իր հերթին է գեղեցիկ փաթեթավորում, որի տակ կա «Թյուրքական միջանցք» հիմնական հասկացությունը:

Այն, որ Հայաստանում իրականում հենց «Թյուրքական միջանցք» է կառուցվում, որի գաղափարախոսներին իրականում պետք է փնտրել լոնդոններում, իհարկե, հայտնի պատմություն է. Ալիեւն ընդամենը ավելորդ անգամ եւ միանգամայն բացահայտ այդ փաստը ներկայացնում է: Ու այն միջավայրում՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հանդիպմանը, որի մյուս մասնակիցները եւս «Թյուրքական միջանցքի» շահառուներն են: Ամեն դեպքում, կարելի է հիշեցնել, որ այդ երկրների լիդերը՝ Ղազախստանը, նաեւ պաշտոնական մակարդակով է «Միջին միջանցքի» սխեման քննարկել նիկոլյան արտգործնախարարի՝ Միրզոյան Արոյի հետ եւ ոչ միայն: Ասել է, թե խոսքը պլանավորված գործընթացի մասին է, որն իրականացվում է հայության գլխի տակ «խաղաղություն» եւ «խաչմերուկ» կոչված փափուկ բարձ դնելով: Վերջապես, որ նույն նիստում Ադրբեջանին շնորհվել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ, իր հերթին է գալիս ակնարկելու, որ գործընթացը միայն ակտիվացման մեջ է:

Մյուս կողմից, ինչպես վերջերս ակնհայտ դարձավ, ԱՄՆ-ն եւս փորձում է զարգացնել այդ ուղղությունը, ու նաեւ, թե ինչ նպատակներով: Այսպես, բառացիորեն վերջերս՝ նոյեմբերի 7-ին, Թրամփը Սպիտակ տանն ընդունեց Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարներին: ԱՄՆ նախագահը հերթական անգամ ֆիքսեց, որ այդ գործակցության նպատակն այդ «չափազանց հարուստ տարածաշրջանի» օգտակար հանածոներն են, եւ որ իր վարչակազմը ջանքեր է գործադրում ընդլայնելու եւ ապահովելու ԱՄՆ դրանց մատակարարման շղթաները: Իսկ նման մատակարարումների համար, հասկանալի է, ամենահարմարը մնում է Սյունիքով անցնող «Միջին միջանցքը»:

Եվ այն, որ Վաշինգտոնը սկսել է իրոք շահագրգռվածություն ի ցույց դնել այս հարցում, հուշեց նաեւ, որ գրեթե անմիջապես հայտարարվեց, թե Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել Սյունիքով անցնող «Թրամփի երթուղին» իրականացնելու համար, որը գլխավորում է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը: Ընդ որում, պետքարտուղարի տվյալ տեղակալը՝ Էլիսոն Հուքերն անմիջապես էլ ժամանեց Երեւան, որի ընթացքում իր հերթին վստահություն հայտնելով, որ պետք է նախ ակտիվացնել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը, որը «հեռանկարներ է ստեղծում Հարավային Կովկասը որպես կենսականորեն կարեւոր առեւտրային ուղի բացելու համար»:

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՉԿԱ

Իհարկե, այս ֆոնին կա նաեւ նման տրամաբանություն. իսկ Հայաստանի համար ինչո՞վ է վատ, եթե Կենտրոնական Ասիայի երկրները ցանկանում են իրենց ապրանքը մեր տարածքով վաճառել ԱՄՆ-ին. դրանից Հայաստանը կարող է միայն լուրջ գումարներ վաստակել: Բայց մինչ նման սպասելիքներից բխող վատին եւ լավին նայելը` գանք հարցի մյուս կողմից. իսկ ի՞նչ է լինելու Նիկոլի խոստացած «խաչմերուկի» հետ: Հիշեցնենք. վաշինգտոնյան պայմանավորվածությունները եւ «Թրամփի ուղին» վերաբերում են բացառապես Մեղրիի հատվածին, թեեւ հիմա էլ քննարկում են այդ շրջանակներում Սյունիքով արեւելքից արեւմուտք տանող խողովակաշարերի, հոսանքագծերի թեմաներ: Այսինքն, չկա որեւէ հաստատում, փաստաթուղթ, որ դրանով հանդերձ, պետք է գործի նաեւ, ասենք, Հայաստանից Նախիջեւանով դեպի Իրան տանող երկաթուղին, որը նաեւ կարող է միանալ այդ ենթադրվող «Թրամփի ուղու» հետ՝ հայկական ապրանքները հասցնելով Ռուսաստան: Ավելին, ինչպես քանիցս Ադրբեջանը հայտարարել է, այն կառավարման համակարգը, որը կգործի «Թրամփի ուղու» մասով, Ադրբեջանի հետ որեւէ առնչություն եւ ճանապարհ բացելու պարտավորություն չունի: Որեւէ փաստաթղթային պարտավորություն չկա նաեւ Իջեւանից Ղազախ՝ Ադրբեջան տանող երկաթուղու հետ կապված: Այն է՝ այս պահին փաստաթղթային տեսք ունի բացառապես Մեղրիով արեւելք-արեւմուտք լոգիստիկայի սխեման, ու թե երբեւէ նույն փաստաթղթային տեսքը կստանա՞ նաեւ Հայաստանով անցնող Հյուսիս-Հարավ սխեման՝ ի դեմս նախիջեւանյան երկաթուղու, մեծ հարցական կա: Համենայնդեպս, հիշատակված գործընթացների շրջանակներում: Ի տարբերություն նոյեմբերի 9-ի համաձայնագրի, որը փաստաթղթավորված տեսքով նախատեսում էր տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների վերագործարկում:

ԲԺԵԺԻՆՍԿՈՒ ՍՑԵՆԱՐՈՎ

Այսպիսով, կրկնենք, այս պահին գործ ունենք բացառապես Արեւելք-Արեւմուտք մեխանիզմի հետ, որը, ի դեպ, տխրահռչակ Բժեժինսկու «շախմատի տախտակի» հիմնասյուներից մեկն էր՝ գնահատվելով, որպես նախ լոգիստիկայով, ապա նաեւ ուժային բաղադրիչով Ռուսաստանին ոչ միայն Իրանից, այլ նաեւ ողջ հարավային ուղղությունից կտրելու բաժանարար գիծ: Դա միաժամանակ պետք է Կենտրոնական Ասիան վերջնականապես դուրս բերեր ռուսական աշխարհաքաղաքական ազդեցությունից: Հենց Սյունիքը՝ Հայաստանն է, որ մշտապես համարվում էր այդ գործընթացը կանգնեցնող հիմնական գործոնը, եւ հիմա դա փաստացի չկա:

Հայաստանն այս մեխանիզմից մեծ փողեր կաշխատի, թե՝ ոչ, վերջնարդյունքից է կանխած: Կհասնե՞նք այդ վերջնարդյունքին, թե՝ ոչ, սա է այս պահին առանցքային հարցը: Այն, որ մտնելով այս մեծ խաղի մեջ, Հայաստանը պահում է իր կռվախնձորային դերը, դա է այս պահին տեսանելի հեռանկարը: Նիկոլը, իհարկե, փորձում է իր «խաչմերուկով» կերակրել ոչ միայն հայությանը, այլ նաեւ Մոսկվային եւ Թեհրանին: Սակայն երկա՞ր դա կաշխատի, երբ Մոսկվայից վերջին ժամանակներս անգամ սպառնալիքներ չեն լսվում. հենց սա է ամենավտանգավորը: Այսինքն, սկսել են հասկանալ, որ սպառնալիքներն արդեն չեն աշխատում. Նիկոլն իր ամեն մի հերթական քայլով հաստատում է, որ վերջնական որոշում ունի: Ըստ այդմ՝ ռուս-իրանական ռեակցիան արդեն մտնում է կամ արդեն մտել է գործնական հարթութուն:

Ամեն դեպքում, այս պահին դեռ ազդեցության փորձեր են իրականացվում Ղազախստանի ուղղությամբ: Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հիշատակված վաշինգտոնյան այցից հետո Տոկաեւն անցած շաբաթ մեկնեց Մոսկվա եւ դեմ առ դեմ ձեւաչափով բանակցություններից հետո Պուտինի հետ ստորագրեց համապարփակ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային մակարդակի տեղափոխվելու մասին պայմանագիր: Դա եկավ հուշելու, որ Ղազախստանը, այնուամենայնիվ, չնայած ամերիկյան փորձերին, դեռ առնվազն զգուշանում է Մոսկվայի հետ կտրուկ հակամարտության գնալուց: Թերեւս, աչքի առաջ ունենալով նաեւ Ուկրաինայի օրինակը: Մյուս կողմից, իհարկե, Կենտրոնական Ասիայի երկրները հասկանում են, որ դեպի Արեւմուտք տեղաշարժը, ինչքան էլ որ որոշումներ կայացվեն, անգամ դրանում Հայաստանին ներգրավելու դեպքում ամենեւին էլ երաշխավորված չէ, քանի որ կա շատ ավելի լուրջ արգելապատնեշ՝ գործնականում ռուս-իրանական ռազմական վերահսկողության տակ գտնվող Կասպից ծովի խնդիրը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեծ հարց է, թե այս ամենի հետ կապված ո՞րն է Թուրքիայի դիրքորոշումը: «Թյուրքական միջանցք» ասվածն Անկարայի համար գեղեցիկ է հնչում: Բայց ոչ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Թյուրքական միջանցքը», որի համար հարկ է սուր հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչից կօգտվի միայն Իսրայելը:

www.iravunk.com


դեպի ետ