• am
  • ru
  • en
Версия для печати
25.08.2025

ԱՐՑԱԽԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ. «ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼՈՒ» ՏԱՐԻՆԵՐԸ. ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՍ 8-ՐԴ

   

Գյուլիստանի հաշտության պայմանագրից հետո Պարսկաստանը չէր հաշտվում Հարավային Կովկասում տարածքային կորուստների հետ։ 1826 թվականի հուլիսի 16-ին Աբբաս Միրզան, առանց պատերազմ հայտարարելու, 60 հազարանոց բանակով ներխուժում է Ղարաբաղ։ Շուշիի 1700 հոգուց բաղկացած կայազորը և 1500 հայ աշխարհազորայինները վճռականորեն որոշում են պաշտպանել բերդը ու շրջակա հայկական գյուղերից այստեղ ապաստանած հայ բնակչությանը։

Շուշիի հերոսական պաշտպանությունը, որը տևեց 48 օր, կարևոր նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի հետագա ամբողջ ընթացքի համար։ Ի վերջո 1828 թվականի փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա՝ Թուրքմենչայ գյուղում, կնքվում է հաշտության պայմանագիր։ Դրանով ավարտվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը։ Արաքս գետը երկու երկրների միջև ճանաչվում է պետական սահման։ Արևելյան Հայաստանը՝ այդ թվում Արցախը, մեկընդմիշտ ազատագրվում է պարսկական լծից։

Ռուսական կայսրությանը միացված տարածքներում ցարական արքունիքն անմիջապես սկսում է վերափոխումներ իրականացնել: Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասի բոլոր երկրամասերում միանման վարչակարգ ստեղծել և ընդհանուր օրենքներով այն կառավարել։ 1867 թվականի դեկտեմբերի 9-ի ցարական կառավարության ընդունած նոր օրենքով Այսրկովկասը բաժանվում է 5 նահանգների՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Արևելյան Հայաստանի տարածքների մի զգալի մասը մտցվում է Երևանի, իսկ մյուս մասը՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների կազմի մեջ։ Լեռնային Ղարաբաղը հայտնվում է Ելիզավետպոլի նահանգի կազմում:

Արցախում ռուսական տիրապետության շրջանում չափազանց ուշագրավ էր տնտեսական քաղաքականությունը: Անձրևից հետո աճող սնկերի նման Ղարաբաղի բնակավայրերում մեկը մյուսի հետևից երևան էին գալիս մասնավոր նոր ձեռնարկություններ։ Այդ գործարանների զգալի մասը զբաղվում էր մետաքսի արտադրությամբ։ Միայն 1868 թվականին Շուշիի գավառում կար 490 մետաքսակարական արհեստանոց, որտեղ թողարկվում էր 76 000 ռուբլու արտադրանք։ Արդեն 1888 թվականին Արցախում կար 18 մետաքսագործարան։ Շուշի քաղաքում 1895 թվականին կենտրոնացված էին 6 կաշվի, 4 օճառի, 10 ներկարարական և 2 աղյուսի գործարաններ:

Հատկանշական է, որ պարսկա-խանական լծից նոր ազատագրված արցախահայությունն անմասն չմնաց արևմտահայերի ազատագրական պայքարի մասնակցությունից: Արդարության կանչը ոտքի հանեց հարյուրավոր արցախցի հայդուկների, որոնք իրենց կյանքը չխնայելով, օգնության ձեռք էին մեկնում իրենց արևմտահայ եղբայրներին, նրանց զենք և օգնական ուժ հասցնում, աշխարհազոր հավաքագրում։

«Արցախի պատմությունը» նախագծի 8-րդ մասը (ԱՐՑԱԽԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ. «ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼՈՒ» ՏԱՐԻՆԵՐԸ) ամբողջությամբ՝ տեսանյութում.



168.am


դեպի ետ