
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ 2 ՍՑԵՆԱՐԻ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆԸ». Հովիկ Ավանեսով
Օրերս օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանն անցկացրել է միջազգային մեդիա ֆորում, որի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ չեն պատրաստվում վերստին բանակցել Խաղաղության պայմանագիրը։
«Բայց եթե Հայաստանը որոշի, որ ուզում է գնալ դրան, կստացվի, որ նրանք ուզում են տիրանալ մեզ պատկանող տարածքներին»,- հայտարարել է Ալիևը՝ ակնարկելով, որ բանակցված փաստաթղթից հրաժարվելը կնշանակի՝ Երևանը չի ուզում խաղաղություն։
«Վերջին մեկնաբանությունները, որ լսել ենք Երևանից՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո, դրական էին»,- ասել է նա՝ այդ շարքում դասելով Փաշինյանի հայտարարությունը, թե «պետք էր առավել վաղ ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։
«Նույն այդ Փաշինյանը 2019թ. ամռանը այստեղ մեծ հանրահավաքում ասաց՝ Ղարաբաղը Հայաստան է, և վերջ։ Ու դրանով ինքն իր ձեռքով իր դժվարին կյանքի տակ ստորագրեց»,- ծիծաղը չզսպելով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, ինչին ներկաներն արձագանքել են ծափահարություններով։
Կովկասագետ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ալիևի նման հայտարարությունն այս փուլում պատահական չէր։
«Այս ամենը մեզ հուշում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստվում է հերթական ռազմական արկածախնդրությանը։ Եթե ուշադրության հետևենք ու վերլուծենք նման բովանդակությամբ նախկինում արած հայտարարությունները, ապա դրանց հետևել է ռազմական լարված որևէ իրադարձություն։ Հիշեք Ջերմուկի դեպքերը, Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած էսկալացիան կամ Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի նկատմամբ։ Սա խոսում է այն մասին, որ պարարտ հող են նախապատրաստում հերթական հարձակումն իրականացնելու համար։ Թե երբ կգնա նման գործողությունների, ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ դիվանագիտական ու քարոզչական դաշտում նման հիմք է պատրաստում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։
Մեր զրուցակիցը նաև պատահական չի համարում, որ Ալիևը նման հայտարարություն արել է իր կողմից օկուպացված Արցախից, քանի որ գլխավոր ուղերձն այն է, որ հաջորդ քայլերով կարող է հայկական նոր բնակավայրեր օկուպացնել։
«Անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ կլինեն Հայաստանի ղեկավարության կողմից, այդ պատերազմն Ալիևը նախապատրաստել էր 2019 թվականից։ Այս պահին մենք պետք է պատրաստ լինենք 2 սցենարի՝ Ադրբեջանի կողմից հարձակում, կամ ճանապարհի զիջում՝ առանց այդ հարձակման։ Մենք առհասարակ պետք է մեկ բան լավ հասկանանք՝ Ադրբեջանի համար չկա խաղաղության օրակարգ, նրանց համար խաղաղությունն այլ ընկալում ունի՝ օկուպացիա, բռնի տեղահանում, էթնիկ զտում։ Մենք վաղուց պետք է հրաժարվեինք խաղաղություն ասված օրակարգից, որովհետև միակողմանի խաղաղություն չի լինելու, երբ դիմացդ կանգնածը մշտապես հոխորտանքների լեզվով է խոսում, նման պայմաններում խաղաղության օրակարգ չի լինում»,- շեշտեց Հովիկ Ավանեսովը։
Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասաց, որ խաղաղության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ կա փոխադարձ համաձայնություն, իսկ տվյալ պարագայում սա բացակայում է։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «պետք է ավելի շուտ ճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում», Հովիկ Ավանեսովն ասաց՝ առհասարակ ոչ մի ղեկավար իրավունք չունի երկրի տարածքից որևէ հատված ճանաչելու այլ երկրի մաս։
«Եթե իրավական դաշտում ենք դիտարկում նրա հայտարարությունները, դրանք նախ հակասում են Հայաստանի Հռչակագրին, 1989 թվականի դեկտեմբերի հայտնի որոշմանը՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորմանը, ինչպես նաև 1990-ականներին Գերագույն խորհրդի ընդունած փաստաթղթին»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։
դեպի ետ