• am
  • ru
  • en
Версия для печати
06.05.2025

«ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԼԱԿՈՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՉՈՒՆԵՆՔ Ո՛Չ ՎԵՐՆԱԽԱՎ, Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, Ո՛Չ ՊԱՌԼԱՄԵՆՏ». Արթուր Խաչիկյան

   

«ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ունեն օրենքներ և պաշտպանում են իրենց հասարակական կարծիքը, քաղաքական համակարգն ուրիշ պետությունների ազդեցությունից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում. մենք, փաստորեն, մեր պետության մեջ ունենք գաղտնի պետություն, գաղտնի բանակ, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: ԱՄՆ-ը, Անգլիան և Ֆրանսիան առաջին կարգի երկրներ են, որտեղ չի թույլատրվում ներխուժել երկիր, զավթել այդ երկրի քաղաքական կարծիքը և ղեկավարել այդ երկիրը, որովհետև եթե դուք սկսում եք ղեկավարել այդ երկրի ԶԼՄ-ները, սկսում եք ղեկավարել այդ երկրի հասարակական կարծիքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ ուշադրություն հրավիրելով, թե Հայաստանում տարիներ շարունակ ինչ քարոզչություն է իրականացվել և իրականացվում:

«Տասնյակ տարիներով քարոզվում է, որ մեր թշնամին Ռուսաստանն է, Ղարաբաղի ժողովուրդն է, որ կոռուպցիայի մեղավորը Ղարաբաղի ժողովուրդն է: Դա ասում է այն պետությունը, որտեղ 150 մլն դոլարով նախագահ է ընտրվում: Նրանք մեզ սովորեցնում են, թե կոռուպցիան ինչ է: Ահաբեկչին բերում են իշխանության, հետո սովորեցնում, թե դեմոկրատիան ինչ է: Այսինքն՝ ստեղծվում է գաղտնի պետություն, և մեզ սկսում են ղեկավարել: Երբ հարցնում ենք՝ ո՞նց հասանք էս վիճակին, հենց այսպես էլ հասանք, որովհետև մեր գլուխը լվանում էին դրսից»,- շեշտեց նա:

Արթուր Խաչիկյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պաշտոնական կայքից առանձնացրել է որոշակի թվեր. «1992թվականից Հայաստանում ծախսվել է 3.3 մլրդ դոլար, որից 2019-2024թթ. ծախսվել է 2.1 մլրդ դոլար: Այսինքն՝ 5 տարվա ընթացքում ծախսվել է 2 անգամ ավելի շատ փող, քան նախկին 27 տարվա ընթացքում, և դա սկսվել է հենց այս իշխանության օրոք: 2017թ. կտրուկ աճել է ՀԿ-ների թիվը: 2016թ. մենք ունեինք 256 ՀԿ, իսկ 2017-ին՝ 1029, 4 անգամ աճել է թիվը, 10 անգամ՝ ֆինանսավորումը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: 17 մլն դոլար է տրամադրվել հայկական մամուլի համար՝ 1-1.5 տարվա ընթացքում, 63 մեդիա հարթակ է հովանավորվել, 338 հայ լրագրող: Դա իրենց կայքում է, իրենք են ասում, ես չեմ ասում: Սա նշանակում է, որ երկիրը զավթվում է»:

Քաղաքագետը հարցեր հնչեցրեց և հորդորեց մտածել դրանց վերաբերյալ. «Ինչպե՞ս ստացվեց, որ մեր ժողովուրդը, որ 12 հազար տղայի կյանք է զոհաբերել Արցախի համար, մի օր զարթնեց և հասկացավ, որ Ղարաբաղը մեզ պետք չէ, ղարաբաղցիները հայ չեն, ղարաբաղցիների պատճառով են մեր բոլոր պրոբլեմները: Այդ ո՞նց այդպես ստացվեց, որ մի օր զարթնեցինք ու հասկացանք, որ մեր ոխերիմ թշնամին Ռուսաստանն է, իսկ Թուրքիան, որը 5000 հայ տղա է սպանել Ղարաբաղում և ընդունել, որ ինքն էր կազմակերպել այդ պատերազմը, մեր ընկերն է: Մեր ժողովուրդը ե՞րբ էր այդպես մտածում: Չեք կարծո՞ւմ, որ պատահական չէ: Մանավանդ, որ գրված է, թե ինչի համար է այդ գումարներն օգտագործվել: Ո՞վ է մեզ սովորեցնում, որ Ցեղասպանությունը պետք է մոռանալ, Արարատը պետք է մոռանալ, դառնալ առաջին ազգը մարդկության պատմության մեջ, որը հանձնեց սեփական ժողովրդի մի մասին և ուրանում է 1.5 միլիոն զոհերին, որպեսզի փորը լիքը լինի: Որտեղի՞ց եկավ այս ամենը: Կարծում եք՝ սա զուգադիպությո՞ւն է»:

Անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, նա նշեց, որ դա խուժանություն էր. «Դարձել ենք խուժանապետություն, լակոտապետություն: Չունենք վերնախավ, չունենք ընդդիմություն, չունենք պառլամենտ: Գնացեք՝ Բրիտանիայի պառլամենտի անդամներին, այդ մարդկանց կլասսը նայեք՝ այդ մարդիկ ոնց են աշխատում, սովորո՞ւմ եք՝ լավը սովորեք: Մենք ոչինչ չունենք, մենք պետություն չունենք, արտաքին քաղաքականություն չունենք: Վերջը որոշեցի՞նք՝ որ կողմից ենք, Եվրոպայի՞ց ենք, Ռուսաստանի՞ց ենք: Ռուսաստանի հետ ամեն ինչ տապալված է, բայց չկարողացանք դուրս գալ որևէ կառույցից, Եվրոպա ենք ուզում մտնել, բայց Եվրոպան մեզ ոչինչ չառաջարկեց»:

Հայաստանի ներկայիս կարգավիճակի վերաբերյալ Արթուր Խաչիկյանը հարց հնչեցրեց՝ Հայաստանը դեռ պետությո՞ւն է. «Դա պետությո՞ւն է, երբ մեր հարևանները քննարկում են՝ ոնց են անցնելու մեր տարածքով, երբ մեր հարևաններն ասում են՝ ձեր Սահմանադրությունը պետք է փոխեք, 300 հազար ադրբեջանցի պետք է գա՝ ձեր տարածքում ապրի, իրենց իրավունքները պետք է պաշտպանեք, Ցեղասպանության մասին չխոսեք, զինանշանը փոխեք… Մենք լավագույն դեպքում ինքնավարություն ենք արդեն՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո՞վ է մեզ հետ հաշվի նստում»:

Քաղաքագետը շեշտեց՝ Հայաստանում գործող «գաղտնի բանակը» մանիպուլյացիաները դարձրել է արվեստ. «Մի բան անում են՝ հակառակը ասում են. քանդում են պետությունը, ասում են՝ մենք կառուցում ենք, տապալում են արտաքին քաղաքականությունը, ասում են՝ ավելի անկախ ենք, սա խելագարություն է, և ամեն ինչում մեղավոր են Ռուսաստանը, նախկինները, պատմական Հայաստանը, ասում են, որ արևմտահայերը եթե իրենց լավ պահեին, նրանց չէին մորթի… Դուք տեսեք՝ մենք ուր հասանք, նույնիսկ վատ երազում նման բան չէի պատկերացնի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



168.am


դեպի ետ