• am
  • ru
  • en
Версия для печати
20.03.2025

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՁԱԽՈՂՈՒՄՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԸ

   

Մարդկությունը հասարակության կառավարման նոր՝ առավել արդյունավետ ձեւեր ու մեթոդներ պետք է փնտրի... «Ցանկացած ժողովրդավարություն տանում է դեպի տականքների բռնապետություն»,- ասել է Ալֆրեդ Նոբելը:

Մինչ այս իշխանություններն իրենք իրենց ժողովրդավարության հիմնադիրներից են համարում, մինչ ժողովրդավարությունը իրենց բրենդն ու այցեքարտը` որպես դրոշակ պարզած ներկայանում են աշխարհին, Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոն ներկայացնում, իսկ ԵԽԽՎ համազեկուցողները, ելնելով բացառապես այն հանգամանքից, որ Նիկոլն իրենց ձեռնտու է, «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է» որակվում, ժողովրդավարությունն իրականում իր հոգեվարքն ու ճգնաժամն է ավետում ժողովրդավարության բնօրրան հանդիսացող ԱՄՆ֊ում եւ Եվրոպայում:

Գերտերությունների համար էլ ժողովրդավարությունը մրցակիցներին եւ թույլ ու փոքր պետություններին քայքայելու ու հնազանդեցնելու միջոց է պարզապես: Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին էլ այն կարծիքն է արտահայտել, որ «ժողովրդավարության մեջ վանում է երեք բան՝ անողնաշարությունը, կոլեկտիվ անպատասխանատվության սովորությունը եւ համընդհանուր երջանկության կեղծ միֆը»: Ժողովրդավարությունը միֆ է, պատրանք, իշխանությունների համար զանգվածներին իրենց շահերին, ծառայեցնելու գործիք, միջոց, իսկ ժողովուրդն էլ իրենց իշխանության համար ընդամենը միանգամյա օգտագործման ընտրազանգված է, քանի որ ժողովրդին ընտրությունից ընտրություն են միայն հիշում:

ԸՆՏՐԱԿԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ

«Մեծն ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանն էլ, հավանաբար, շատ լավ գիտի, որ ժողովրդավարությունը «ժողովուրդ» ականջահաճո արմատը պարունակող մի «կախարդական» կուտ-տերմին է, որի կարիքը մարդիկ մշտապես ունեն: Այդ կապակցությամբ Հովհաննես Թումանյանը 1907 թ. «Անկեղծ չենք» հոդվածում գրել է. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում...Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ու՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»:

Նիկոլը, կարծես թե խորությամբ ուսումնասիրել եւ սերտել է մեծն ավանտյուրիստ, ամբոխավար, բռնապետ Ադոլֆ Հիտլերի դասերը, որն ասում էր. «Ամբոխի մեջ բնազդն ամեն ինչից վեր է, եւ դրանից է գալիս հավատը: Երկրի վրա յուրաքանչյուր մեծ շարժում իր աճի համար պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ թե մեծ գրողներին: Եթե ցանկանում եք շահել զանգվածների սերը, ասեք նրանց ամենաանհեթեթ եւ անտակտ բաները: Ես եկել եմ այս աշխարհ ոչ թե մարդկանց ավելի լավը դարձնելու, այլ նրանց թույլ կողմերը շահարկելու համար: Որքան հրեշավոր ստեք, սուտը բավականաչափ երկար, բավականաչափ բարձր եւ բավական հաճախ ասեք, այնքան արագ քեզ կհավատան մարդիկ, որ մտավորականությունը հասարակության տականքն է, որ ոչ մեկին չսիրելը ամենամեծ պարգեւն է, ինչը քեզ դարձնում է անպարտելի, քանի որ ոչ մեկին չսիրելով ՝ դու ազատված ես ամենասարսափելի ցավից: Եթե ինձ վիճակված է մահանալ, ապա թող գերմանացի ժողովուրդն էլ մեռնի, որովհետեւ նրանք ինձ արժանի չէին»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ընտրական ու կառավարման այս համակարգը սպառել է իրեն: Այն ստեղծում է բոլոր պայմանները բռնապետության ու երկիրը կործանման տանելու համար։ Ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե Ազգային ժողով ձեւավորվում է մի քանի կուսակցապետերի քմահաճույքով, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների դերը հասցված է նվազագույնի: Ուինսթոն Չերչիլն էլ գտնում էր, որ «Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձեւն է, բացառությամբ մնացած բոլորը»: Ժողովրդավարությունն ընդամենը ապաշնորհ մեծամասնությանը ընտրություններով իշխանության բերելու միջոց է։ Պատահական չէ, որ մեր նախնիները համայնքի ղեկավարին /քյոխվա/ ընտրում էին ոչ թե համայնքի, այլ գյուղի ավագների՝ հեղինակություն վայելող մարդկանց կողմից:

«Քվեարկությունը հիմար ձեւանալու եւ իր հայրենիքը կործանելու ազատ քաղաքացու իրավունքի իրացումն է»,- ասել է ամերիկացի գրող, հումորային պատմվածքների հեղինակ, լրագրող Ամբրոզ Բիրսը: Իսկ փողոցից եկած զանգվածը մարդկանց մեծ բազմություն է՝ առանց հատուկ արժանիքների: Զանգվածը միջին սովորական մարդ է, նա դժգոհ է եւ փոքրոգի, չկայացած, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, նա չունի լայն մտահորիզոն, գիտելիքների բավարար պաշար: Նա չի կարող բարձր արժեքներ դավանել, առաջադիմական մտքեր գեներացնել եւ հասարակության ու երկրի արդյունավետ կառավարում, զարգացում եւ առաջընթաց ապահովել: Ավելին, նա իր հետեւից, որպես կանոն, բերում է ատելության ու չարության կառավարություն եւ կարող է իր ճանապարհին ոչնչացնել ամեն մի լավն ու գեղեցիկը, գլխատել ազգի ընտրանուն, ինչին եւ ականատես ենք լինում:

«Փոքրամասնությունը յուրահատուկ որակներով օժտված անձանց հավաքածու է, զանգվածը ոչնչով չի առանձնանում: Պետությունը, գտնվելով «զանգվածների մարդու» ձեռքում, վիթխարի վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը եւ օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնություն կամ էլիտա: Բայց հենց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է արարում նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթների սահմաններից»,- ասել է իսպանացի նշանավոր գրող եւ փիլիսոփա Խոսե Օրտեգա ի Գասետը։

Քայլ արած «հեղափոխականներն» էլ, ըստ եր եւույթին, առաջնորդվեցին 20-րդ դարի գերմանացի գիտնական եւ հրապարակախոս Վիլհելմ Շվեբելի այն փիլիսոփայությամբ, թե «ով կարողանում է շահարկել դժգոհների կարծիքը, որոշում է մարդկության ճակատագիրը», եւ դա բավականին հաջողությամբ իրականացնեցրին կյանքում: Ժողովրդավարությունն էլ ըստ իրենց պատկերացման, հավանաբար, փողոցից եկածների, ամբոխի իշխանությունն է, այն է, երբ ժողովուրդն իշխանության է բերում ապաշնորհներին, երկիրն աղետի ու պարտության տարածներին։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՉԹԱՓԱՆՑԵՆ ԱՆԱՐԺԱՆՆԵՐԸ

Այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում որեւէ առնչություն չունի քաղաքականության վերաբերյալ դասական պատկերացումների եւ քաղաքական գործընթացների հետ: Կուսակցությունների ու քաղաքական-պետական կառույցների գերակշիռ մասն էլ, պարզապես, զբաղված են բամբասանքով, փոխադարձ մեղադրանքներով, հարաբերություններ պարզելով, միմյանց վարկաբեկելով, իրենց ձախողումները արդարացնելով, բանսարկությամբ ու քաղաքական դաշտում ամեն գնով տեղ զբաղեցնելու եւ սեփական ամբիցիաների բավարարման անպտուղ ու ոչ պետակամամետ գործունեությամբ: Քաղաքական համակարգի առաքելությունը մինչդեռ կոչված է նպաստելու պետականաշինությանը, քաղաքական ու պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության եւ երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, մշակույթի զարգացման ու բարոյահոգեբանական առողջ միջավայրի ապահովմանը:

Հետխորհրդային տարիներին այդպես էլ, սակայն ոչ միայն չկայացավ քաղաքական համակարգը, ընդհակառակը՝ իշխանությունների կողմից իրենց վերարտադրությունն ապահովելու նպատակով ամեն ինչ արվեց քաղաքական դաշտը ամայացնելու եւ կառավարելի դարձնելու համար: Դրան նպաստել է նա եւ հասարակության մի մեծ հատվածի ոչ գրագետ եւ քաղաքականապես հասուն չլինելու հանգամանքը։ Ոչ պատահականորեն ոչ մի անգամ Հայաստանում, ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել:

Ըստ էության, հետխորհրդային տարիներին բոլոր իշխող կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի կենտրոնների եւ կադրերի ընտրության հարցում առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» եւ «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը մինչդեռ իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին եւ լքել կուսակցությունը: Կառավարման արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաեւ կադրերի ընտրության գերկուսակցականացված մոտեցումը, ինչն ընդունելի չի համարել նաեւ Գարեգին Նժդեհը: «Հայը պատճառ չունի կուսակցականանալու, հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի»,- նշել է նա:

Այսպիսի մոտեցումը կարող է ազգայինի նկատմամբ կուսակցական շահի վեր դասման ու հասարակության պառակտման՝ յուրայինների ու օտարների բաժանման լուրջ վտանգ հանդիսանալ: Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն, ըստ էության, Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են եւ դրանք թե՛ առաջին, թե՛ երկրորդ եւ թե՛ երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են ոչ թե գաղափարներով ու երկրի շահերով, այլ իրենց անձնական ու խմբային նեղ ամբիցիաներով: Դա է վկայում նա եւ այն, որ այդպես էլ կուսակցությունների շուրջ չի կայանում քաղաքական ըննդիմադիր ուժերի ե՛ւ հանրային միասնություն, ե՛ւ համերաշխություն։

Քաղաքական համակարգի չկայացմանն ու կուսականացմանը մեծապես նպաստել է նաեւ ընտրական ոչ կատարյալ համակարգը: Փաստորեն, ստացվում է, որ կուսկցությունները ունենալով հանրային շատ ցածր վստահություն եւ վարկանիշ, գրեթե 100 տոկոսով տեղ են գրավում երկրի ներկայացուցչական բարձրագույն իշխանական մարմնում՝ ԱԺ-ում: Իսկ ԱԺ-ն էլ ձեւավորվում է մի քանի կուսակցությունների առաջնորդների քմահաճույքով: Եվ սա կոչվում է ժողովրդավարություն, որտեղ ընտրությունների ժամանակ թեկնածուների հանրային վստահությունն ու ներկայացվածությունը բավականին ցածր է։

Ամենեւին չժխտելով, որ, անշուշտ, կան շատ ազնիվ, իրենց գաղափարներին հայրենիքին նվիրյալ կուսակցականներ, դրա հետ միասին, սակայն շատ անբարոյականների, սրիկաների, պոպուլիստների ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը ցանկացած գնով լավ եւ հեշտ ապրելու միջոց է դարձել: Արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակության գերակշիռ ակտիվ եւ որակյալ մասը լուրջ չեն ընդունում կուսակցություններին, չեն անդամակցում որեւէ կուսակցության ու արդյունքում հայտնվում են քաղաքական լուսանցքում եւ պատժվում են նրանով, որ իրենց ղեկավարում են իրենցից առավել պակաս արժանիները։

17-րդ դարի անգլիացի պետական գործիչ Ջորջ Սավիլ Գալիֆակսը կուսակցությունների մասին ասել է. «Նույնիսկ ամենաառաջադեմ կուսակցությունը դա յուրօրինակ դավադրություն է ազգի մնացած մասի նկատմամբ»: Ավելի ուշ 18-րդ դարի անգլիացի պոետ Ալեքսանդր Պոուպն այն կարծիքին է եղել, որ. «Կուսակցությունը դա շատերի գաղափարական մոլորությունն է, հօգուտ մի քանիսի»: Իսկ ֆրանսիական քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, 1849թ. Ֆրանսիայի արտգործնախարար Ալեքսիս դե Տակվիլը կարծես այսօրվա համար նշել է, որ. «Կուսակցությունները ճգնաժամի եւ հասարակության պառակտման աղբյուր ու չարիք են երկրի, պետության եւ ազատ կառավարությունների համար»:

Պետությունն ու երկիրը դրանք շատ լուրջ բան են, դրանց պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում՝ մենք կարող ենք կորցնել այն:

19-րդ դարի գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Կառլ Վեբերը նշել է, որ. «Ամենադժվարին արվեստը, դա կառավարելու արվեստն է»: Պետություն կառավարելը ստեղծագործական գործունեություն է եւ բացառապես իմաստուն մարդկանց գործ է, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են եւ պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, ազնվագույն ծագում, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ եւ կազմակերպչական ունակություններ։

Անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել երկրի քաղաքական համակարգը, արմատական փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում ու Ընտրական օրենսգրքում այն հաշվով, որպեսզի կուսակցությունները հայտնվելով քաղաքական դաշտում, դառնան հասարակական զարգացման կարեւոր գործոն, ձեւավորվեն գաղափարական սկզբունքներով եւ երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ: Այնուամենայնիվ, կուսակցությունները դեռեւս մնում են քաղաքացիական հասարակության եւ պետության միջեւ հիմնական կապ ապահովող ինստիտուտներից մեկը:

Ներկայիս քաղաքական համակարգն իրեն սպառել է, ուստի՝ անհրաժեշտ է ձեւավորել քաղաքական այնպիսի մրցակցային համակարգ եւ ներմուծել նոր, այնպիսի քաղաքական մշակույթ, որի դեպքում քաղաքացիական հասարակությունը լուրջ մրցակից եւ այլընտրանք կլինի կուսակցություններին:

Հայկ Ղազարյան
Տնտեսագիտության թեկնածու
www.iravunk.com


դեպի ետ