
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՎԱԿՆԵԼ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ...
Այն աննախանձելի ու խղճուկ վիճակը, այն զավեշտը, որում հայտնվել ենք, նախեւառաջ արդյունք է մեր քաղաքական անհասունության, պետության կառավարման վերաբերյալ գիտելիքների պակասի եւ պետության ու քաղաքական գործընթացների նկատմամբ անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունքի, հետեւանք է ազգի մի զգալի հատվածի բարոյական խեղման ու տգիտության: Մենք այդպես էլ չկայացանք պետականության համար։ Թե չէ ինչպես կարելի էր փողոցից առավելապես ապաշնորհ, տգետ, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, անգետ մարդկանց բերել եւ երկրի ղեկը վստահել: Մինչդեռ պետություն կառավարելը բացառապես իմաստուն, բարոյական եւ ուժեղ մարդկանց գործ է: Պետությունն ու երկիրը շատ լուրջ բաներ են, դրանց պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում՝ կարող ենք կորցնել այն:
Ինչ վերաբերում է երկրի առաջին դեմքի կերպարին, ապա նա պետք է լինի ամենաիմաստունն ու ամենաուժեղը, լինի շրջահայաց, հեռատես, պատրաստ լինի անցնել զրկանքների միջով` իր կյանքը դարձնելով ուխտագնացություն: 17-րդ դարի ֆրանսիացի քաղաքագետ դիվանագետ, արտգործնախարար Շառլ Մորիս դե Տալեյրան-Պերիգորը գտնում էր, որ. «Պետական գործերի կառավարման արվեստն այն է, որ ղեկավարը կանխատեսի անկանխատեսելին եւ ձեռք առնի համապատասխան միջոցներ»:
Որպես կանոն աղետ է լինում այն երկրներում, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ: Երկրի ղեկավարն էլ ըստ իս պետք է ունենա պետական կառավարման ոլորտում լուրջ փորձառություն, սերված լինի ազնիվ ու կայուն ընտանիքից, անմնացորդ սիրի իր ժողովրդին ու երկիրը, լինի համարձակ, վճռական, խստապահանջ ու սկզբունքային, բայցեւ ոչ դաժան ու հիշաչար։ Ունենա կրթական բարձր մակարդակ եւ գիտելիքների ու փորձի մեծ պաշար, լինի բարոյապես կայուն, անկաշառ, ունենա օրինակելի ընտանիք, չապականված անցյալ, չլինի նյութապաշտ, փոքրոգի: Ունենա միջազգային ճանաչում, կազմակերպչական ընդունակություններ եւ կարողանա ձեւավորել առողջ, արժանավորների ու նվիրյալների թիմ, կայացնել ճիշտ որոշումներ եւ հետեւողական լինի դրանց կատարմանը։ Ի զորու լինի առաջնորդել ժողովրդին բարոյականության ու օրինականության ուղիով:
19-րդ դարի ճանաչված անգլիացի փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքական գործիչ եւ տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլն է ասել. «Պետության արժանապատվությունը, վերջին հաշվով, կախված է այն ձեւավորող անհատների արժանապատվությունից»: Կարեւոր է, որ ապագա ղեկավարը տիրապետի նաեւ բանակցային ու դիվանագիտական փորձի ու գիտելիքների, կարողանա արժանապատվորեն ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Շատ կարեւոր է, որ նա ունենա նաեւ տնտեսական գիտելիքներ եւ տիրապետի ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ բիզնեսի կառավարման վերաբերյալ խորը գիտելիքների: Չէ որ ինչպես Լենինն է ասել. «Քաղաքականությունը՝ դա խտացված տնտեսությունն է» եւ տնտեսության զարգացման մակարդակից է կախված ժողովրդի բարեկեցությունը, պետության ռազմական հզորությունն ու երկրի միջազգային ազդեցությունը:
Կարեւոր է, որ ապագա ղեկավարը չունենա բիզնեսներ, քանի որ մեծահարուստները մտածում են նախեւառաջ իրենց ունեցվածքի բազմապատկման եւ պահպանման մասին։ Երկրի ղեկավարը պետք է ունենա նաեւ մեծ կեսափորձ, լինի իմաստուն, հասանելի ժողովրդին: Իսկ իմաստությունը, որպես կանոն, տրվում է ավագ տարիքում: Գիտնականները հետազոտությունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավելություն են եւ հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասարակշռված են, ավելի հեռատես են, երեւույթներին եւ իրադարձություններին վերաբերվում են ավելի բարձր պատասխանատվությամբ, ավելի զգուշավոր են, ավելի իրատես են, ավելի ճկուն են, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, փորձություններով են անցել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար եւ հետեւաբար ավելի հասուն են ու իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում ստրեսներին եւ բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ ու համարժեք:
Ըստ էության, մարդը իր գիտելիքների պաշարի շատ փոքր մասն է միայն ձեռք բերում կրթության միջոցով, մնացածը ձեռք է բերում աշխատանքի ընթացքում եւ դառնում է իմաստուն փորձությունների հաղթահարման արդյունքում: Ելիզավետա Առաջինը գտնում էր, որ. «Երիտասարդ աչքերը հեռուն են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»: Իսկ Ժան Ժակ Ռուսսոն այն կարծիքին էր, որ «Երիտասարդությունը իմաստության եւ փորձի կուտակման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»: Եվ պատահական չէ, որ քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկրներում տարեցներն ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում եւ մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Տարեցներն իրենց ժամանակի գերակշռող մասն ավելի շատ նվիրում են աշխատանքին, իսկ երիտասարդները՝ ավելի շատ տրամադրում են անձնական վայելքներին:
Բավական է նշել, որ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում եւ պաշտոնավարել է մինչեւ 78 տարեկանը, Շարլ դե Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչեւ 80 տարեկանը, իսկ Ժակ Շիրակը երկրորդ ժամկետում նախագահ է ընտրվել 70 տարեկան հասակում եւ պաշտոնավարել է մինչեւ 77 տարեկանը: Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը պաշտոնավարել է մինչեւ 83 տարեկանը,իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչեւ 82 տարեկանը: Երեք գերտերություններ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարներն էլ 70-ն անց տարիքի են: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում եւ պաշտոնավարել է մինչեւ 2014թվականը՝ 91 տարեկանը, այնուհետեւ ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով, ապրելով 93 տարի։ Նրանք բոլորն էլ, ի դեպ, համարվում են լավագույն նախագահներից մեկը իրենց երկրներում:
Հայկ Ղազարյան
Տնտեսագիտության թեկնածու
www.iravunk.com
դեպի ետ