
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՍԱԿԻՑ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ․ Րաֆֆի Հովհաննիսյան
Խոսքերը գրեթե անզոր են, և շատ դժվար է մտնել լուրջ քաղաքական ու դիվանագիտական վերլուծության մեջ, երբ դիմացինը ճշմարիտ խոսույթի մեջ չէ, անկեղծ չէ ինքն իր և հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների հետ։ Իհարկե, քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է հավասարակշռված լինեն, այն կարող է անվանվել փոխլրացնող կամ այլ կերպ, բայց բալանսավորված արտաքին քաղաքականությունը սրանց դեպքում ծխածածկույթ է՝ արդարացում գտնելու, լեգիտիմացնելու իրենց արածը, մեղքերը, սխալները։ Դա ինքնիշխանության կորուստն է, տարածքային ամբողջականության խախտումը, Արցախի՝ թեկուզև ժամանակավոր կորուստը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է մեր շուրջ, իհարկե, նախևառաջ մեր հակառակորդների, թշնամիների, երբեմնի բարեկամների պատասխանատվության ներքո է, և ոչ ոք նրանց ուսերից չի վերցնում իրենց արածի, հանցանքների և զանցանքների պատասխանատվությունը։ Բայց երբ մենք խոսում ենք Հայաստանի շահի և իրավունքի մասին, պետք է արձանագրել՝ եթե անգամ գումարենք Հայաստանի բոլոր երեք հանրապետությունների բոլոր իշխանությունների գաղափարական, քաղաքական, ռազմական, մարդու իրավունքների, ընտրությունների, բանտարկությունների հետ կապված սխալներն ու մեղքերը, այդ ամենը չի հասնի այն համակարգային, համազգային ու համապետական ախտին ու ողբերգությանը, որը ցավալիորեն բերել է այս իշխանությունը»,- ասաց քաղաքական գործիչը:
«Հիմա հետադարձով իրենց բալանսավորված դիվանագիտություն են վերագրում, իբր՝ այն, ինչ անում են, մտածված է։ Իհարկե, դիվանագիտությունն ու քաղաքականությունը, եթե դու պետական այր ես, պատասխանատու ուժ, պետք է լինի հավասարակշռված։ Դա դիվանագիտության ենթատեքստն ու տողատակն է։ Բայց դա ինքնարդարացման, հանցանքը խոստովանելու և իրենց անցյալն ու ապագան լեգիտիմացնելու փորձ է։ Կհաջողե՞ն, թե՞ ոչ՝ դա մեր պատասխանատվությունն է։ Շատերս ապրում ենք ներքին հակասականության մեջ։ Ասում ենք, որ չենք ճանաչում այս իշխանությանը, արձանագրում ենք, որ այս մարդը, իշխանությունն ու խմբակն այլևս առոչինչ է։ Ինչպիսին էլ լիներ մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ վեց տարի առաջ՝ լավ, թե վատ, նրանք ցույց են տվել իրենց դեմքը, էությունն ու ուղղությունը։ Երբեմն ասում ենք՝ անտեսենք նրանց, կենտրոնանանք ապագայի վրա, բայց նրանց խոսքը, շղարշը, ոճի, մատուցման, քարոզչության վրա շեշտադրումը՝ ի հեճուկս իրավունքների և շահերի, բերում են նրան, որ այդ պատասխանատվությունը կախվում է մեր ժողովրդի, մեր պետության և սերունդների վրա»,- նշեց Հովհաննիսյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս իշխանությունը հայոց պատմության մեջ հետգրությամբ է արձանագրվելու. «Իհարկե, ԱՄՆ-ում, Մյունխենում թե մեկ այլ տեղ՝ Հայաստան պետությունը պետք է հանդիպումներ ունենա, բայց այդ հանդիպումներում այս անձն իր անհատական նշաձողն այնքան է իջեցրել, որ այն արտացոլում է մեր երկրի վիճակը։ Մենք չենք զարմանում, ցավում ենք, խոսում ու վերլուծում ենք, շատերը համաձայնում են, ոմանք՝ ոչ, բայց այդ խոսքուզրույցը չի վերածվում գործի, աշխատանքի, փոփոխության և պատասխանատվության իրական ստանձնման։ Սա է շղթայի պակասող օղակն ու բանաձևը, որի լուծումը պետք է գտնել շատ մոտ ապագայում»:
«Նախկինում խոսում էինք Արցախի, Բերձորի միջանցքի կորստի, մշակութային ժառանգության, տարածքային ամբողջականության մասին, վաղը նոր թեմաներ կլինեն։ Կարձանագրենք, որ նոր կորուստներ ունենք՝ տարածք, հայրենի եզերք, ճանապարհ, զինվորի կյանք։ Իհարկե, պատասխանատվությունը կրում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիները, բայց երբ քո իշխանությունը մեղսակից ու մասնակից է այդ թշնամու գործունեությանը, և դա էլ կոչում ես բալանսավորված քաղաքականություն, ուրեմն մեղք ես գործում հայ ժողովրդի նկատմամբ։ Սրանք պատասխանատվություն պիտի կրեն դատարանի առաջ։ Եթե այսպես շարունակվի, իրենք իրենց ոճով, մատուցմամբ, հանուն վաղվա ընտրությունների՝ կանեն այն ամենը, ինչ իրենց պետք է, և թքած կունենան Հայաստանի շահի և իրավունքի վրա»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
դեպի ետ