Վերջերս լույս տեսավ Տնտեսության և խաղաղության ինստիտուտի հերթական՝ «Խաղաղասեր պետություններ» 2011թ. վարկանիշային հետազոտությունը։ Կազմակերպության շրջանակներում «Խաղաղասեր երկրներ» վարկանիշային ուսումնասիրության (Global Peace Index) նախաձեռնությունը մեկնարկել է 2007թ. սկսած։ Ներկայացնենք 2011թ. վարկանիշային զեկույցում ներառված ու մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշների համեմատական վերլուծությունը։
«Խաղաղասեր երկրներ» վարկանիշային հետազոտության համար կազմակերպության կողմից մշակվել է 23 չափորոշիչ, որոնց հիման վրա ձևավորվում են հետազոտությունում ընդգրկված երկրների տարեկան վարկանիշային արդյունքները։ Այդ չափորոշիչներն աստիճանակարգվում են երկու հիմնական խմբում՝ արտաքին ու ներքին խաղաղության։ Ստորև ներկայացնում ենք, այսպես կոչված, «խաղաղության» 23 չափորոշիչների ամբողջական ցանկը.
Վերը թվարկված վարկանիշային չափորոշիչները գնահատվում են 1-5 սահմանում ընկած միավորներով, ցածրագույն միավորները նշանակում են տվյալ երկրի խաղաղասիրության բարձրագույն ցուցանիշը՝ ըստ այս կամ այն չափորոշիչի, իսկ բարձրագույն միավորները՝ խաղաղասիրության ցածրագույն արդյունքները։ Ի դեպ, զեկույցում ներառված երկրների ամփոփ վարկանիշային միավորները նույնպես դասակարգվում են 1-5 միավորների սահմանում։
Կազմակերպության տրամադրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011թ. խաղաղասեր երկրների աղյուսակում (տե՛ս Աղյուսակ 1), որտեղ ներառված է 153 պետություն, ՀՀ-ն զբաղեցնում է 109-րդ դիրքը։ Ըստ ներկայացված ցուցանիշների համեմատական վերլուծության, ՀՀ-ն իր վարկանիշով համարվում է Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը։ Մեր երկիրը 2,26 միավորով գերազանցում է նաև իր մյուս հարևաններին՝ Իրանին ու Թուրքիային, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 119 և 127-րդ հորիզոնականները։ Ադրբեջանը զբաղեցնում է 122-րդ դիրքը՝ 2,38 միավորով, իսկ Վրաստանը՝ մեր տարածաշրջանի երկրների մեջ ամենացածր՝ 134-րդ տեղը։