«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017
Դիանա Գալստյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
Լիլիթ Հակոբյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Հեռուստատեսությունը սոցիալական և մշակութային մեծ ազդեցություն ունի հասարակության վրա։ Այդ ազդեցության ամբողջական պատկերը հասկանալու, գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ են մատուցում հեռուստաընկերությունները հասարակությանը։ «Տեղեկատվական անվտանգության կրիտիկական ենթակառուցվածքների վերհանում և վերլուծություն» հետազոտության շրջանակներում ծրագրել ենք ուսումնասիրել ամբողջական հեռուստաբովանդակությունը՝ հեռուստալուրերը, վերլուծական հաղորդումները, ժամանցային հաղորդումները, սերիալները, դուրս բերելու համար, թե ինչ վարքային մոդելներ և արժեքներ են հեռարձակվում այսօր հեռուստատեսությամբ։ Այդ նպատակով կանդրադառնանք նշված բաղադրիչներից յուրաքանչյուրին։
Հոդվածի շրջանակներում մասնավորապես կանդրադառնանք լրատվական հաղորդումներին: Ինչպես նշում է Դ.Դոնդուրեյը, «լուրերը ոչ միայն բոլոր մեդիաների հիմքն են, այլ նաև հասարակական կարծիքի, տրամադրության ձևավորման հիմնային մեխանիզմ են»։ Լրատվական նյութերի ընտրության համար հետազոտողները սահմանում են մի քանի ստանդարտ չափանիշներ.