Ամերիկյան «ուղեղային կենտրոնները» (think thanks) Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող առավել կարևոր գործոններից են և գրեթե մեկ դար է, ինչ կանխորոշում են ԱՄՆ գործունեության բնույթը միջազգային ասպարեզում: Սակայն վերլուծական կենտրոնները պակաս ուշադրության են արժանանում, քան հակամարտող լոբբիստական խմբերը, միջկուսակցական խմորումները և մրցակցությունն իշխանական թևերի միջև: Չնայած իրենց համեմատական աննկատելիությանը, ամերիկյան քաղաքագիտական անկախ ինստիտուտները նշանակալի ազդեցություն են գործում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա: Դա տեղի է ունենում հինգ տարբեր ուղղություններով.
Հաշվի առնելով նման ազդեցությունը՝ մեզ համար առավել կարևորվում են ամերիկյան վերլուծական կենտրոններում իրականացվող վերլուծություններն ու քննարկումները, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին և տարածաշրջանային գլոբալ խնդիրներին։ Դրանց շարքին կարելի է դասել 2012թ. հունիսի 5-ին Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղ. կվերածվի՞ սառեցված հակամարտությունը թեժ կետի» (Nagorno-Karabakh: Will the Frozen Conflict Turn Hot?) թեմայով քննարկումը, որին մասնակցել են Հարավկովկասյան հարցերում մասնագիտացած ամերիկյան փորձագետներ Ուեյն Մերին (ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող), Թոմաս դե Վաալը (Քարնեգիի հիմնադրամ), Չարլզ Քինգը (Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր)2: Բանախոսներն իրենց ելույթներում խոր մտահոգություն են հայտնել կրակի դադարեցման ռեժիմի հաճախակի խախտումների վերաբերյալ՝ միակարծիք լինելով այն հարցում, որ հաջորդ հնարավոր պատերազմը ղարաբաղյան գոտում կունենա կործանարար հետևանքներ. եզրահանգումը` գերտերությունները պետք է միավորեն ջանքերը պատերազմ թույլ չտալու համար3:
Նշված քննարկման ընթացքում Ու.Մերին դարձյալ ներկայացրել է իր տեսակետները, որոնք հետևողականորեն պաշտպանում է արդեն մի քանի տարի։ Նախկին դիվանագետը բազմիցս հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ուշագրավ հրապարակումներով4 (ս.թ. հունիսի 26-ի Երևանում տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը, բարձր գնահատելով Ու.Մերիի սույն հրապարակումը, այն որակեց որպես մինչ այժմ արտերկրյա փորձագետների կողմից կատարված ամենախոր վերլուծությունը ղարաբաղյան հակամարտության թեմայով), հիմնարար վերլուծություններով5 և հարցազրույցներով6, որոնց պարբերաբար անդրադարձել են տարածաշրջանային լրատվամիջոցները։ Առանձնահատուկ ուշադրությունը նրա հրապարակումների հանդեպ կարող է բացատրվել հետևյալ հանգամանքներով.
«Երբ աշխարհում տեղի են ունենում ռազմական գործողություններ, հեշտ է աչքաթող անել հասունացող պատերազմները: Դա վտանգավոր է հատկապես ԱՄՆ ներկա վարչակարգի համար, որն ունի արտաքին քաղաքականության մեծ ծրագրեր»: Այս համատեքստում բանախոսը հատուկ ուշադրության է արժանացնում ղարաբաղյան հակամարտությունը, որը պարունակում է պատերազմի իրական վտանգ: «Այս հնարավոր պատերազմը, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի ավելացող ռազմական ներուժը, կունենա ծանր հետևանքներ ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ հարևանների և ԱՄՆ-ի համար, որն այդ տարածաշրջանում ունի իր շահերը»:
Նման հեռանկարը խափանելու համար Ու.Մերին անհրաժեշտ է համարում «կանխարգելիչ դիվանագիտական համատեղ ճնշումը Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից»: Այսպիսով, ուժի կիրառման սպառնալիքի տակ Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի քաղաքականությունը տալիս է իր «պտուղները»: Բանակցությունների ընթացքում Ադրբեջանի որդեգրած ոչ կառուցողական դիրքորոշումը, հաճախակիացած ռազմաշունչ հայտարարությունները, հրադադարի մշտական խախտումները լուրջ ազդանշան հանդիսացան նրա ուժային քաղաքականության անունից, և այն կարծես ըստ արժանվույն է գնահատվում փորձագիտական լուրջ շրջանակներում: Սակայն արված եզրահանգումները դժվար թե արդարացնեն Բաքվի սպասելիքները, ավելին՝ դրանք կարող են սկիզբ դնել նրա նկատմամբ միջազգային հանրության ավելի կոշտ դիրքորոշման:
Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր պատերազմը լուրջ հարված կհասցնի նաև Ռուսաստանի շահերին, որը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագրեր: ՀԱՊԿ շրջանակներում գործող համաձայնագրերով Մոսկվան պարտավորություն ունի պաշտպանել Հայաստանը հնարավոր ռազմական ոտնձգություններից, իսկ որ այդպիսիք կլինեն ղարաբաղյան պատերազմի դեպքում` կասկածից վեր է: Պատերազմի դեպքում Ռուսաստանը կկանգնի լուրջ երկընտրանքի առաջ. ի պաշտպանություն Հայաստանի միջամտելու դեպքում կվատթարանան հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք այդքան զգուշորեն փորձում է պահպանել Կրեմլը, իսկ Հայաստանին գործուն աջակցության բացակայության դեպքում անխուսափելի կլինի Երևանի հիասթափությունը՝ դրանից բխող հետևանքներով: Հնարավոր պատերազմի անցանկալի հետևանքները կանխելու երկկողմանի ցանկությունը կարող է հիմք հանդիսանալ Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերը համատեղելու և կանխարգելիչ դիվանագիտության միջոցով պատերազմ թույլ չտալու համար:
Բացի խնդրո առարկա Ղարաբաղի կարգավիճակից, հատուկ շեշտվում է նաև հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ ևս երկու հարցերի շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությունը. դրանք են Ղարաբաղի հարակից շրջանները և ադրբեջանցի փախստականների հարցը: Նախկին դիվանագետը, առանձնացնելով հակամարտության համընդգրկուն կարգավորման տեսանկյունից լուծման կարոտ հարցերը, անուղղակիորեն մատնանշում է կողմերի փոխզիջումների խելամիտ դաշտը: Այս տրամաբանության շարունակությունն է հակամարտության լուծման նրա տեսլականը:
Ըստ բանախոսի, հնարավոր համաձայնության սխեման ակնհայտ էր դեռ 15 տարի առաջ, որն արտացոլում էր ինչպես պատերազմի իրողությունները, այնպես էլ խաղաղության անհրաժեշտությունը: Նա առաջարկում է «լուծումը փնտրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների շուրջ ընթացող բանավեճի տիրույթից դուրս. խաղաղությունը պետք է արտացոլի պատերազմի արդյունքները, ինչպես դա լինում է միշտ: Դրա արդյունքում de facto և վերջնական արդյունքում նաև de jure կփոխվեն միջազգային սահմանները, կվերաբնակեցվի փախստականների մեծ մասը, տարածաշրջանում անորոշ ժամանակով կտեղակայվեն խաղաղապահ ուժեր։ Այդ համաձայնությամբ Հայաստանը կստանար Ղարաբաղը և նրան միացնող միջանցքը, իսկ Ադրբեջանը՝ դրան հարակից շրջանները: Խոսքն այստեղ արդարության, ճիշտ կամ սխալ լուծման մասին չէ, այլ խաղաղության անհրաժեշտ և անխուսափելի բանաձևի մասին: Դիվանագիտությունը չի կարող փոխել ձևավորված իրականության հիմքերը»:
Անդրադառնալով Հայաստանին գերտերությունների կողմից միակողմանի զիջումներ պարտադրելու Ադրբեջանի պատրանքներին՝ փորձագետը նշում է. «Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ գերտերությունները միավորվել են պատերազմում հաղթանակ տարած կողմին իր նվաճումներից հրաժարվել պարտադրելու համար, բայց այս դեպքում դրա հավանականությունը (որպեսզի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ը (առաջին հերթին՝ Ֆրանսիան), Թուրքիան, հնարավոր է նաև Իրանը միավորվեն Հայաստանի դեմ) գործնականում հավասար է զրոյի»: «Այսպիսով, Ադրբեջանը զուր հույսեր է տածում, թե միջնորդները կստիպեն Հայաստանին հրաժարվել իր հաղթանակից: Ադրբեջանը ստիպված կլինի ընդունել դառը իրականությունը»:
«Ցավոք, Ադրբեջանը հակվում է պատերազմի վերսկսմանը և չի ուզում համաձայնվել անընդունելի խաղաղությանը: Պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը կրկին կպարտվի, և այս անգամ հետևանքները կլինեն ավելի ծանր, և նույնիսկ պատերազմի բարենպաստ ելքի դեպքում Ադրբեջանի վիճակը շատ անգամ ավելի կվատանա»: Փորձագետը չի բացառում նաև պատերազմի արդյունքում ընդհանրապես Ադրբեջանի՝ որպես պետության, գոյության դադարեցումը, որը միասին կարող են իրականացնել Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը։ «Անհրաժեշտ է գործարք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Նրանք ներկայում քիչ ընդհանուր շահեր ունեն, բայց երկու մայրաքաղաքներում էլ կան մարդիկ, որոնք Ղարաբաղի հարցում կիսում են ընդհանուր տեսակետներ: Եթե ԱՄՆ նոր վարչակարգը գործին մոտենա մտածված և համակարգված, կարելի կլինի խուսափել հակասություններից և հաջողություն գրանցել Կովկասում խաղաղության պահպանման գործում, ինչն էլ կդառնա երկու գերտերությունների համագործակցության վերականգնման պատմություն»։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշման և ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետի տեսակետների միջև համեմատական անցկացնելու նպատակով ներկայացնենք այն սկզբունքները, որոնք, ըստ Հայաստանի, պետք է լինեն հակամարտության լուծման հիմքում.
Միաժամանակ, Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով։ Ուժի սպառնալիքով միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի փորձերը ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը։ Կարելի է արձանագրել, որ Ու.Մերիի ներկայացրած փաստարկները և արված եզրակացություններն ավելի են հիմնավորում տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված հայկական քաղաքականության հիմնադրույթների իրավացիությունը։ ԱՄՆ «ուղեղային կենտրոններում» գեներացվող նմանատիպ եզրահանգումները կարող են ավելի ամրապնդել Հայաստանի կողմից զսպման քաղաքականության քաղաքական բաղադրիչը, իսկ հայկական լոբբիի նպատակային հետագա գործողությունները կարող են դրանք ավելի լսելի դարձնել ԱՄՆ բարձրագույն իշխանությունների համար:
1 Хаасс Р.Н., «Мозговые центры» и американская внешняя политика: точка зрения политика. Электронный журнал Государственного департамента США — eJournal USA. Том 7, № 3, Ноябрь 2002 года (Ռիչարդ Հաասսը (Richard Nathan Haass) ամերիկյան նախկին դիվանագետ է, 2003-ից ղեկավարում է ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհուրդը (Council on Foreign Relations)։
2 http://www.wilsoncenter.org/event/nagorno-karabakh-will-the-frozen-conflict-turn-hot#field_speakers
3 http://www.regnum.ru/news/1539066.html
4 Wayne Merry, Karabakh: 'frozen' conflict nears melting point, http://www.afpc.org/publication_listings/viewArticle/1518
5 http://www.polit.ru:8021/article/2009/06/02/karabkh/
6 http://www.youtube.com/watch?v=3jSkw1ywlcc
7 Չակերտների մեջ վերցված բառերը և մտքերը պատկանում են Ու.Մերիին՝ արտահայտված վերոնշյալ ելույթներում։