Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդի (NIC) 2003թ. հրապարակած «Գլոբալ միտումներ 2020» ("Global Trends 2020") զեկույցի Ռուսաստանին վերաբերող բաժնում նշվում էր, թե «անհնար է, որպեսզի այդ երկիրը վերադառնա Արևմուտքի հետ ռազմական և գաղափարախոսական հակամարտության՝ անգամ վիրտուալ ոլորտում»1։ Նկատենք, որ այդ տարիներին հրապարակվեցին նաև ավելի իրատեսական կանխատեսումներ [1]։ Սակայն, անկախ տարաբնույթ մոտեցումներից, այսօր կարելի է արձանագրել, որ 2015-ին միաբևեռ աշխարհակարգը վերջնականորեն կազմալուծվեց և ձևավորվեց բավական հստակ բազմակենտրոն համակարգ: Այդ գործընթացն առաջին հերթին պայմանավորված էր Ռուսաստանի վերադարձով «մեծ քաղաքականություն» և Չինաստանի մուտքով գլոբալ աշխարհատնտեսություն, ինչն ուղեկցվում է չինական առանձնահատկություններով պայմանավորված ռազմավարությամբ։
Արդի բազմակենտրոն աշխարհակարգի տրամաբանությունը պրոյեկտվում է նաև տարածաշրջանային մասշտաբի երկրների վրա։ Այդ տեսանկյունից բնորոշ է իրադրությունը Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ ոչ միայն Իրանը, որն արդեն երկար ժամանակ քաղաքական ինքնուրույնության օրինակ է հանդիսանում, այլև Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Իսրայելը սկսել են վարել բավական ինքնավար քաղաքականություն։ Այն միշտ չէ, որ համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել։ Ինքնավարության պոտենցիալ է կուտակվում նաև եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում և Չեխիայում։ Վերջինիս նախագահ Միլոշ Զեմանն իր մոտեցումներով երբեմն հիշեցնում է 1968թ. «Պրահայի գարնան» առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին։
Հատկանշական է, որ այսօր անգամ փոքր երկրները փորձում են ինքնուրույն կեցվածք ընդունել, և դրա օրինակ կարող են լինել Ադրբեջանի կողմից «մարդու իրավունքների» համատեքստում ԱՄՆ-ին ներկայացված մեղադրանքները։ Այս ամենը հիշեցնում է ԽՍՀՄ փլուզումից հետո սկսված «ինքնիշխանությունների շքերթը»։
Վերոնշյալ գործընթացները կարելի է մեկնաբանել որպես «ազգային պետության» ինստիտուտի վերականգնման և Վեստֆալյան համակարգին վերադառնալու փորձ։ Միևնույն ժամանակ, նման միտումը չի վերացրել «արտաքին ղեկավարման» տակ գտնվող և ատրիբուտային բնույթի թվացյալ անկախություն ունեցող երկրների խնդիրը։ Ավելին, ստեղծված իրավիճակում աճել է մեծ տերությունների գայթակղությունը՝ «ձեռք բերել» նման կարգավիճակի պետություններ (դա տեսնում ենք, օրինակ, Ուկրաինայի պարագայում)։ Նման ռազմավարությանն են ուղղված նաև տնտեսական և ռազմաքաղաքական բնույթի ինտեգրացիոն նախագծերը։ Այս ամենի համատեքստում կարելի է ամրագրել, որ գլոբալ հարթությունում հաճախ խիստ հակադիր միտումների համատեղությունը բազմակենտրոն աշխարհի գլխավոր բնութագրիչներից մեկն է հանդիսանում։
Բացարձակ գերակայող ուժի կենտրոնի բացակայությունը հանգեցրել է նաև այսպես կոչված «անդրազգային պետության» կազմավորմանը, ինչպիսին է «Իսլամական պետությունը» (ԻՊ), որի աշխարհաքաղաքական դերակատարումն այսօր դժվար է թերագնահատել։ Լրացուցիչ աճել են նաև անդրազգային տնտեսական-ֆինանսական-տեղեկատվական, հասարակական-քաղաքական կառույցների և անգամ այս կամ այն հատկանիշներով միավորված ոչ պաշտոնական խմբերի (օրինակ՝ միջազգային բյուրոկրատիայի կամ միասեռականների շարժման ակտիվիստների) կազմակերպչական հնարավորությունները։ Նման կառույցները սեփական, կորպորատիվ պատկերացումներ ունեն գլոբալ քաղաքականության և կառավարման վերաբերյալ, և այսօր դրանց մի մասը զգալի աշխարհաքաղաքական դերակատարում է ձեռք բերել։ Նման կառույցները ոչ միայն մրցակցում են ազգային պետությունների հետ, այլև, ըստ որոշ փորձագետների՝ իրենց ձեռքն են վերցրել նույնիսկ խոշոր պետությունների արտաքին կառավարումը՝ չկրելով որևէ պատասխանատվություն այդ երկրների բնակչության հանդեպ [2]։
Միաբևեռ աշխարհի կազմալուծումն ընթանում է նաև գաղափարախոսական հարթությունում։ Դա պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նեոլիբերալ քաղաքական-տնտեսական համակարգը մոնոպոլ կարգավիճակ էր ձեռք բերել: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս ԽՍՀՄ փորձը, նման կարգավիճակն արգելակում է ցանկացած գաղափարախոսության զարգացումը և, ի վերջո, հանգեցնում է գաղափարա-բարոյական վերասերման և դրանից բխող՝ կառավարման արդյունավետության անկման [3]։ Ներկայումս նեոլիբերալ համակարգը սկսել է զիջել դիրքերը։ Այդ գործընթացը տեղի է ունենում երկու ուղղությամբ։
Արտաքին ոլորտում դա պայմանավորված է Չինաստանի և արդեն Ռուսաստանի գործոններով, որոնք, կարևորելով սեփական արժեհամակարգի առանձնահատկությունները, ձևավորում են բազմագաղափարախոսական համակարգ, ինչն էլ թույլ է տալիս նրանց մրցունակ լինել գլոբալ հարթությունում [4]։ Դրան զուգահեռ՝ աճում է նաև իսլամական երկրների գաղափարական տարանջատումը, որի հիպերթրոֆիկ արտահայտությունն է ԻՊ-ը։
Խնդիրներ են առաջացել նաև արևմտյան հասարակություններում, որտեղ տոտալիտար հատկանիշներ ձեռք բերած նեոլիբերալիզմն առաջացրել է այլախոհական շարժում, ինչը մասամբ հիշեցնում է ԽՍՀՄ նմանատիպ շարժումը [5]։ Թերևս խորհրդանշական է, որ «սոցիալիզմ» բառը մտել է տեղեկատվական շրջանառության մեջ անգամ Միացյալ Նահանգներում2։ Հարկ է նաև նկատել, որ նեոլիբերալիզմի գերակայության հետևանքով առաջացած հոգևոր-բարոյական վակուումը նպաստում է այն բանին, որպեսզի արևմտյան որոշ երկրների բնակիչները հարեն ԻՊ-ին կամ նմանատիպ կազմակերպություններին։ Այս ամենն ուղեկցվում է տնտեսական բևեռացմամբ, այսպես կոչված «միջին խավի» դերակատարման նվազմամբ և նրա վիճակի վատթարացմամբ3։
Այսպիսով բազմակենտրոն համակարգը ենթադրում է ոչ միայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական, այլև գաղափարախոսական կոշտ մրցակցություն։ Կան բոլոր նախադրյալները ենթադրելու, որ նշված գործոններով պայմանավորված գործընթացները 2016թ. ակտիվանալու են, ինչը նպաստելու է բազմակենտրոն համակարգի բյուրեղացմանը։ Նման զարգացումները միևնույն ժամանակ պարտադրելու են գլոբալ դերակատարներին՝ ակտիվացնել միմյանց միջև ընթացող երկխոսությունները և առկա բազմակողմանի հարաբերությունները, սակայն միանգամայն այլ, քան միաբևեռ համակարգում, կաննոներով։ Սակայն ներկայումս այդ հարաբերությունները դեռևս հեռու են հավասարակշռված լինելուց, ինչը բնորոշ էր Առաջին սառը պատերազմի այսպես կոչված «պարպման» (разрядка) ժամանակաշրջանին, այսինքն՝ լարվածության աճի միտումը պահպանվելու է։ Դա պայմանավորված է նաև մեկ այլ գործընթացով՝ «դեգլոբալիզացիայով», որը երբեմն անվանում են նաև «ֆրագմենտացիա»։
Ինչպես հայտնի է, գլոբալիզացիայի (հետազոտողներն այն երբեմն արդարացիորեն անվանում են վեստերնիզացիա [6]) հիմնական գործիքներից են ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Համաշխարհային առևտրական կազմակերպությունը և գործող ու միմյանց փոխլրացնող բազմաթիվ այլ համահունչ կառույցներ։ Ներկայիս իրողություններում կարևորություն են ստանում վերոնշյալների հետ այս կամ այն չափով մրցակցող կառույցները՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, ԵՏՄ-ն, Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը և դրանց համատեքստում գործող այլ կառույցներ։ Այդ կազմակերպությունները կարելի է ընդունել որպես բազմակենտրոն աշխարհակարգի գործիքներ, նրանց գործառույթները ենթադրում են նաև որոշակի դիմակայություն և հավասարակշռում են Արևմուտքի հովանու տակ գտնվող կառույցների գործունեությունը։ Այս և նախորդ ենթագլուխներում նշված գործոնների համախումբը, պատժամիջոցների համատարած կիրառումը և, ընդհանրապես, «համաշխարհային տնտեսական պատերազմը» խոչընդոտում են գլոբալիզացիայի (այս հասկացության ընդունված պատկերացումների շրջանակում) գործընթացին կամ, առնվազն, սահմանափակում են նրա գործառույթները։
Զարգացման նման հնարավորությունը դիտարկվել է դեռևս 2010թ. ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի (NIC) և «ԵՄ Անվտանգության խնդիրների հետազոտության ինստիտուտի» համատեղ կանխատեսումներում4։ Այդ հետազոտությունում «ֆրագմենտացիան» և գլոբալիզացիոն գործընթացների դանդաղումը ներկայացվել էին որպես «ամենավատ սցենար» և կրում էին «Խաղի (քաղաքական) ռեալությունը. հակամարտությունը գերազանցում է համագործակցությանը» խորագիրը։ Սակայն այդ «վատ» կանխատեսումները թվում են խիստ լավատեսական, երբ դրանք համեմատում ես ներկա իրողությունների հետ։ Ներկայի իրողությունները դեգլոբալիզացիայի կամ «ֆրագմենտացիայի» համատեքստում, ըստ ամենայնի, կարելի է ընդունել որպես բազմակենտրոն համակարգի հիմնական առանձնահատկություններից մեկը։
Վերոնշյալ հանգամանքի վկայությունն են տարբեր քաղաքական, տնտեսական և գաղափարախոսական չափանիշներ ունեցող «ազդեցության տարածման այն նախագծերը», որոնք ձգտում են իրագործել գլոբալ դերակատարները, և առաջատարն այս խնդրում Միացյալ Նահանգներն է։
ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջատար գլոբալ հարթությունում, սակայն արդեն «առաջինը հավասարների մեջ» կարգավիճակով։ Այս նոր իրողությունը միանգամայն ադեկվատ է ընկալվում ամերիկյան վերլուծաբանական հանրությունում և, որոշակի վերապահումներով՝ քաղաքական ընտրանու կողմից։ Ընդհանուր առմամբ, 2015-ի ԱՄՆ ռազմավարությունը կարելի է բնորոշել որպես «ակտիվ պաշտպանություն»։ Այդ տերությունը կարողացավ լավագույնս օգտվել իր իսկ մշակած ֆինանսական մեխանիզմներից, և ինչպես գլոբալ ռազմաքաղաքական լարվածությունը, այնպես էլ «համաշխարհային տնտեսական պատերազմը» միայն նպաստեցին ԱՄՆ տնտեսական ամրապնդմանը (չնայած պարտքերի և դոլարի հետ կապված հիմնարար բնույթի հայտնի ռիսկերին)։ Իրենց բազմավեկտոր և գլոբալ քաղաքականության համատեքստում ամերիկացիները ձգտում են իրագործել մի քանի խոշոր քաղաքական-տնտեսական նախագծեր։ Համառոտ դիտարկենք դրանցից մի քանիսը.
Առկա միտումների պահպանման պարագայում ԱՄՆ հարաբերություններն աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների հետ կարող են մոտենալ դինամիկ հավասարակշռության։ Հաշվի առնելով այն ավանդույթը, որ նախընտրական տարում ԱՄՆ ղեկավարությունը խուսափում է կտրուկ փոփոխություններից, կարելի է ենթադրել, որ այդ տերության հիմնական ջանքերը 2016-ին ուղղված կլինեն տնտեսական ոլորտին, որտեղ նրանք շատ արդյունավետ են գործում։ Տեսանելի ապագայում Միացյալ Նահանգները կպահպանի առաջատարությունը, և այդ իրողության գրավականն է նրա տեխնոլոգիական (լայն մեկնաբանելով այս հասկացությունը) առավելությունը մրցակիցների հանդեպ [5]։
Եթե փորձենք բնութագրել այս տերության 2015-ի կարգավիճակը, ապա կասկած չի հարուցում, որ այն առավելագույնս մոտ է պատերազմականին և՛ ռազմական, և՛ տնտեսական տեսանկյունից։ Փորձենք համառոտ ներկայացնել ՌԴ հիմնական գործողությունները և խնդիրները.
Բոլոր դեպքերում պետք է ընդունել, որ Ռուսաստանը վերադարձել է գլոբալ աշխարհաքաղաքական հարթություն և այդ տեսանկյունից ամրապնդել է իր դիրքերը։ Կարելի է փաստել, որ «Առաջին սառը պատերազմում» կրած ծանր պարտությունից հետո ՌԴ-ն, չնայած կոմպրադոր տնտեսական-ֆինանսական էլիտայի հետ կապված խնդիրներին, վերականգնել է լիարժեք ինքնուրույնությունը։ Առկա են նաև նախանշաններն այն միտման, որ այդ երկիրը հետևելու է ոչ միայն «Երկրորդ» (ԽՍՀՄ), այլև «Առաջին կայսրության» քաղաքական ավանդույթներին։ Համաձայն որոշ ռուս աշխարհաքաղաքագետների՝ այսօր Ռուսաստանը կրկին ձգտելու է իրագործել իր առաքելությունը, որը ենթադրում է հավասարակշռել և կայունացնել համաշխարհային կատակլիզմները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս համախմբել հետխորհրդային երկրները և արգելել «քաոս ստեղծող» տեխնոլոգիաների տարածումը եվրասիական մայրցամաքում [7]։
Այս տերությունը, ինչպես և ԱՄՆ-ը, չնայած 2015-ին առաջացած որոշ տնտեսական խնդիրներին, առաջնային ուշադրությունը դարձնում է աշխարհատնտեսությանը։ «Մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագիծը (որի իրականացման համար ստեղծվել $40 մլրդ ակտիվ ունեցող հիմնադրամ) ավելի քան հավակնոտ է։ Սակայն մեծ է հավանականությունը, որ չինական հետևողական, այսպես կոչված «փոքր քայլերի» ռազմավարությունը թույլ կտա իրականացնել այդ ծրագիրը։ Տնտեսական ոլորտում Չինաստանը ռեալ մրցակցում է ԱՄՆ-ի հետ, և դրա վկայությունն է, մասնավորապես, «Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի» (АБИИ) ձևավորումը $100 մլրդ կապիտալով, որտեղ ներկայացված չեն ամերիկացիները։
Այդ ամենին զուգահեռ՝ չինական իշխանությունները սկսել են ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին։ Դա, մասնավորապես, պայմանավորված է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ԶՈւ ակտիվացման, Հարավչինական ծովում Սպրատլի արխիպելագի (որի նկատմամբ հավակնություններ ունեն Վիետնամը, Ֆիլիպինները, Բրունեյը և Մալայզիան) և նման բնույթի այլ խնդիրների շուրջ ծագած լարվածությամբ։ Հատկանշական է նաև այն ուշադրությունը, որ չինացիները հատկացնում են Արկտիկային վերաբերող խնդիրներին։ Կարևոր իրադարձություն կարելի է համարել Չինաստանի կողմից Ջիբութիում ռազմակայան ստեղծելու նախադեպը։ Այդ համատեքստում հատկանշական են 2016-ի առաջին օրերին հայտարարված զինված ուժերի՝ սկզբունքային բնույթի բարեփոխումները։
Արտաքին քաղաքական ոլորտում որպես խնդիր կարելի է համարել 2016-ի սկզբին Թայվանում կայացած ընտրությունները, որում հաղթեցին այդ կղզու անկախության կողմնակիցները։
Պետք է ամրագրել, որ նախագահ Սի Ցզիպինի ռազմավարությունը և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում շատ ավելի ակտիվ է, քան իր նախորդներինը։ Պետք է ենթադրել, որ 2016-ին գլոբալ առաջատար տերություն դառնալու Չինաստանի հավակնություններն ավելի ակնհայտ բնույթ կկրեն։ Կարելի է ասել, որ այդ տերությունը, հաշվի առնելով «Մետաքսի ճանապարհ» նախագիծը և, մասնավորապես, Մեծ Մերձավոր Արևելքում իրագործվող ներդրումային խոշոր ծրագրերը, բազմակենտրոն աշխարհում ներդնում է աշխարհատնտեսության փոքր-ինչ մոռացված դասական կանոնները։
Եվրոպային վերաբերող խնդիրներում առաջնայինը փախստականներով պայմանավորված ճգնաժամն է, որը կարող է, որոշ սցենարներում, փլուզել ԵՄ համակարգը։ Այս երևույթը լուրջ մարտահրավեր է և վտանգի տակ է դնում Եվրոպայի ապագան [6]։ Պատահական չէ, որ հեղինակավոր Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհուրդը համարում է, որ միգրանտների հոսքով պայմանավորված սոցիալական խնդիրների աճը, ահաբեկչական գործողությունները, փախստականների հանդեպ կատարվող բռնությունները կարող են հանգեցնել «քաղաքական անկայունության Եվրոպայում», և դա գնահատում է որպես «առաջնային նշանակություն ունեցող սպառնալիք»6։ Ի լրումն, կան նաև ավելի հեռավոր ապագային վերաբերող սցենարներ, որոնք չեն ավելացնում եվրոպացիների լավատեսությունը։ Օրինակ, բրիտանացիների հետազոտությունների համաձայն՝ 2050թ. Մեծ Բրիտանիայի բնակչության 55%-ը լինելու է ոչ քրիստոնյա7։ Նմանատիպ կանխատեսումներ կան նաև Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների վերաբերյալ։
Ակնհայտ է, որ վերոնշյալ մարտահրավերների համախումբը, ինչպես դա հետևում է Ֆրանսիայում կայացած վերջին ընտրություններից, արդեն տեսանելի ապագայում հանգեցնելու է ԵՄ երկրների ազգային և աջ ուժերի դերակատարման մեծացմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է, որպեսզի եվրոպական երկրները ձգտեն ավելի ինքնուրույն լինել ինչպես արտաքին քաղաքականությունում, այնպես էլ ԵՄ շրջանակներում։ Եթե առանձնացնենք ԵՄ-ում յուրահատուկ կարգավիճակով հանդես եկող Մեծ Բրիտանիան, ապա աշխարհաքաղաքական հարթությունում նման միտումն արտահայտվում է առայժմ Ֆրանսիայի պարագայում։ Վերջինիս կարգավիճակը տարբերվում է Գերմանիայից, որը, տնտեսապես ավելի հզոր լինելով, ունի դեռևս Երկրորդ համաշխարհայինից հետո ամրագրված հստակ պարտավորություններ ԱՄՆ-ի հանդեպ և գտնվում է ամերիկյան ուշադրության կիզակետում։ Իսկ Ֆրանսիան, այդ պատերազմում ունենալով փոքր-ինչ հարաբերական, սակայն, ի վերջո, հաղթողի կարգավիճակ, լինելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ և տիրապետելով միջուկային զենքի, հնարավորությունների սահմանում ավելի անկաշկանդ է իր արտաքին քաղաքականության դրսևորումներում։
Կարելի է կանխատեսել, որ ԵՄ այսպես կոչված «փափուկ ուժի» վրա հենված գլոբալ հավակնությունները պետք է որ նկատելիորեն նվազեն, և այդ միության հիմնական ջանքերն ուղղված են լինելու ներքին խնդիրների լուծմանը։ Այս հանգամանքը պայմանավորված է ոչ միայն փախստականների գործոնով։ Այսօր ԵՄ-ին իրենց պայմաններն է ձգտում թելադրել Մեծ Բրիտանիան, ինչ-որ չափով՝ անգամ Լեհաստանը, որը որոշ մեկնաբաններ անվանում են «ԱՄՆ 5-րդ շարասյուն» Եվրոպայում։ ԵՄ ընդհանրական հավակնությունների ցուցանիշ կարելի է համարել նաև նախկին խանդավառության նկատելի նվազումն Ուկրաինայի հանդեպ։ Այս հանգամանքն, ի վերջո, կարող է նպաստել, որոշակի սահմաններում, ԵՄ-ՌԴ հարաբերությունների կարգավորմանը։
Հայաստան. Գլոբալ հարթությունում ընթացող զարգացումները, անշուշտ, այս կամ այն չափով անդրադարձել և անդրադառնալու են նաև Հայաստանի վրա։ Տարածաշրջանային իրավիճակի համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական ջանքերը նպաստել են մեր դիրքերի կայունացմանը և ամրապնդմանը։ Դրան նպաստում է նաև ՌԴ-Թուրքիա հարաբերությունների սրացումը, ինչն Ադրբեջանին դրել է բավական երկիմաստ վիճակի մեջ։ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգավիճակը ստիպում է Բաքվին, հատկապես Դավութօղլուի՝ Բաքու կատարած այցից հետո, որոշակի քայլեր կատարել ՌԴ-ի դեմ (հիշենք Ռուսաստանի ադրբեջանական համայնքի հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ)։ Նման դիրքորոշումը չի կարող հաշվի չառնվել Մոսկվայում, ինչն էլ իր (գուցե և ոչ շատ նկատելի) հետևանքներն է թողնելու Բաքու–Մոսկվա հարաբերությունների վրա։ Սա որոշակի առավելություններ է տալիս ՀՀ-ին, մասնավորապես ԼՂՀ խնդիրների հետ կապված ոլորտում։
ՀՀ հիմնարար խնդիրները, որոնք երբեմն չեն նպաստում ադեկվատ արձագանքելու նոր ձևավորվող աշխարհակարգի մարտահրավերներին, գլխավորապես գտնվում են ներքին դաշտում։ Այդ համատեքստում որպես «կրիտիկական ոլորտներ» պետք է դիտարկվեն միմյանց հետ սերտորեն շաղկապված հետևյալ բնագավառները՝ տնտեսություն– տեխնոլոգիաներ–ժողովրդագրություն–տեղեկատվական և գաղափարախոսական միջավայր և այս համախմբից բխող կառավարման որակի խնդիրները։
1 "Global Trends 2020", http://www.cia.gov/nic/PDF_GIF_2020_Support/2004_04_25_papers/eurasia_summary.pdf, Сергей Гриняев, Михаил Ковтуненко, Будущее России по оценкам Национального совета по разведке США, Основные ориентиры прогноза «Глобальные тенденции 2020», http://agentura.ru/dossier/russia/people/grinyaev/2020/
2 «Социализм – самое популярное слово по запросам «MERRIAM-WEBSTER», http://regnum.ru/news/society/2042413.html
3 «Состояние половины населения Земли сравнялось с накоплениями 62-х богачей», http://lenta.ru/news/2016/01/18/62men, «Курс на вымирание։ Американский средний класс медленно, но верно сокращается», http://lenta.ru/articles/2016/01/18/middleclass/.
4 Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010, http://www.iss.europa.eu/uploads/media/Global__Governance_2025.pdf.
5 http://ru.exrus.eu/Agentura-Putina-na-Zapade-Chast-3-Kremlevskiye-agenty-vliyaniya-v-Yevrope-id557c4238ae20158d507936e5
6 Preventive Priorities Survey: 2016. http://www.cfr.org/conflict-assessment/preventive-priorities-survey-2016/p37364?cid=ex-Atlantic-Uri_piece-preventive_priorities_survey-20151217.
7 A Portrait of Modern Britain, http://www.policyexchange.org.uk/publications/category/item/a-portrait-of-modern-britain