Սեպտեմբերի 4-ին Աթենքում Ռուսաստանի, Հունաստանի և Բուլղարիայի ղեկավարները հռչակագիր ստորագրեցին Բուրգաս (Բուլղարիայի Սևծովյան ափ) - Ալեքսանդրոպոլիս (Հունաստանի Ադրիատիկ ծովի նավահանգիստ) նավթատար կառուցելու մասին 2006թ. Պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Այս նավթատարը պետք է լցվի ռուսական նավթով, որը նավերով կտեղափոխվի Բուրգաս Նովոռոսիյսկից։ Չնայած ռուսական լրատվամիջոցների լավատեսական տեղեկատվությանը՝ նավթատարի կառուցման մասին հիմնական համաձայնագիրը դեռ կնքված չէ։ Կառուցվելիք նավթամուղը հնարավորություն կունենա տարեկան մինչև 50 մլն տ նավթ տեղափոխել Սև ծովից Ադրիատիկ և իր այս կարողությամբ կհավասարվի Բաքու-Ջեյհան նավթատարին։ Ստորև ներկայացվում է այն հետևանքների վերլուծությունը, որոնք կարող է ունենալ նավթատարը Թուրքիայի և նրա էներգետիկ հեռանկարների համար։
Բոսֆորն ու Դարդանելը բազում դարեր Ռուսաստանի համար ունեցել են ռազմավարական նշանակություն։ 20-րդ դարի երկրորդ կեսին, ռազմաքաղաքական նկատառումներից զատ, նեղուցները կարևոր դեր ստացան նաև ռուսական նավթն Արևմուտք արտահանելու գործում։ 21-րդ դարի սկզբին նեղուցներով արտահանվող ռուսական ապրանքների գնացուցակում նավթային բաղադրիչը կազմում է ընդհանուր արժեքի 67%-ը։
1990-ականներին Թուրքիայի կառավարությունը խափանում էր նեղուցների աշխատանքը, ինչը նպատակ ուներ խրախուսել Կասպիցից Միջերկրական նավթատարի կառուցումը։ Այս նպատակի իրագործումն ամբողջովին ավարտվեց 2006թ.։ Բաքու-Ջեյհանը և նրա շահագործման ռազմավարությունը նպատակուղղված կերպով Ադրբեջանի և Ղազախստանի նավթի արտահանումն անջատում են ռուսական նավթի արտահանման ճանապարհից, ինչը հնարավորություն կտա Թուրքիային և նրա դաշնակիցներին ավելի ակտիվ օգտագործել նեղուցները Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա ազդելու նպատակով։ Սա, իր հերթին, կարող է ստիպել Ռուսաստանին Թուրքիայի հետ ավելի ակտիվ աշխատել Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման ուղղությամբ, ինչը թույլ կտա Ռուսաստանին իր նավթը Սև ծովից արտահանել՝ շրջանցելով նեղուցները։ Սակայն նման հեռանկարները հրապուրիչ չեն կարող լինել Ռուսաստանի համար։ Վերջինիս ներկա էներգետիկ քաղաքականությունը հիմնված է երկու հենաքարերի վրա՝ անխափան արտահանում և արտահանման ճանապարհի վերահսկում։ Թուրքիայի դեպքում այս երկու հենաքարերի խարխլումն ակնհայտ է։
Օգտագործելով Բուլղարիայի և Հունաստանի տարածքները նավթի արտահանման համար` Ռուսաստանը կարծես թե կհասնի իր նպատակների իրագործմանը։ Սա պայմանավորված է ոչ թե նրանով, որ հույներն ու բուլղարացիները չափից ավելի հուսալի են կամ էլ ռուսամետ։ Ռուսաստանը պարզապես գիտակցում է, որ.
Վերջին տասնամյակում Հունաստանում վարվող «թուրքական քաղաքականությունը» ձևավորվել է էներգետիկ գործոնի ազդեցությամբ։ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում Հունաստանի համաձայնությունը մեծ մասամբ պայմանավորված է հենց այս գործոնով։ Հունաստանի համար հեռանկարային բոլոր էներգետիկ ծրագրերը (Իրան-Թուրքիա-Հունաստան-Եվրոպա, Ռուսաստան-Սև ծով-Թուրքիա-Եվրոպա գազատարներ) նախատեսում են դրանցում Թուրքիայի ակտիվ և, կարելի է ասել, առանցքային մասնակցությունը։
Բուլղարիայում նավթատարի կառուցումն այս տեսակետից ոչ միայն նվազեցնում է Հունաստանի կախվածությունը թուրքական տարածքով անցնող խողովակաշարերից, այլև հենց Հունաստանն է վերածում միջազգային էներգետիկ անվտանգության կարևոր գործոնի։ Եվ ի տարբերություն Բաքու-Ջեյհանի, որի «լցոնումը» կախված է լինելու մի շարք տարածաշրջանային զարգացումներից (Ղազախստանից Բաքու նավթատարի կառուցում, կայունություն Ադրբեջանում և Վրաստանում, թուրքական քրդերի հիմնախնդիր, Իրանի միջուկային ծրագիր և այլն), ապա Նովոռոսիյսկ հասնող ռուսական և ղազախական նավթի քանակը Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթատարի գործունեությունը կդարձնի երկարաժամկետ և կայուն։
Թուրքիայից կախվածության նվազումը հունական ղեկավարության կողմից կարող է օգտագործվել Թուրքիայի ԵՄ անդամակացության հարցում Աթենքի տեսակետն ավելի կոշտացնելու համար։
Որքան էլ տարօրինակ թվա, Թուրքիան կարծես թե ինքն իր ձեռքերով նվազեցրեց սեփական, եթե կարելի է ասել, քաղաքական աշխարհագրության դերը։ Ջեյհանի վերածումը պետության հիմնական էներգետիկ դարպասների և դրանից բխող «նեղուցային քաղաքականությունը» հանգեցրին Բոսֆորի և Դարդանելի քաղաքական ու տնտեսական նշանակության նվազմանը։ Ակնհայտ է, որ Թուրքիան չի զրկվի իր կարևոր դերից, սակայն Անկարան կորցնում է մի կարևոր խաղաքարտ, որն արդեն դարեր շարունակ օգտագործել է տարածաշրջանային և անգամ համաշխարհային քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա ազդելու նպատակով։
Ջեյհանը թուրքական նավահանգիստ է։ Սակայն նրա կայուն և երկարաժամկետ աշխատանքը վերջին հերթին է կախված լինելու թուրքական կառավարության քաղաքականությունից։ Նավահանգստի էներգետիկ նշանակությունը կարող է խարխլվել ընդամենը մեկ օրում, ասենք՝ եթե Վրաստանում սկսվի նոր քաղաքական ճգնաժամ, կամ էլ եթե քրդական ահաբեկչությունը գրավի Թուրքիայի «տարանցման» գոտիները։
Իսկ Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթամուղի կառուցումը վերջնականապես կզրկի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներն իրենց էներգետիկ նշանակությունից և դուրս կմղի դրանք միջազգային էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոններ հանդիսացող Սուեզի, Հորմուզի, Մալակայի ազդեցիկ նեղուցների շարքից։