տպել 
 
28.07.2009

ՀԱՆՐԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷԼԻՏԱ

Իգոր Բաղիրյան

1. Էլիտաների կառուցվածքը որպես հասարակության գիտակցության վիճակի որոշիչ գործոն

Փորձագետներն առանձնացնում են էլիտայի երկու հիմնական հատկանիշ.

Այս մոտեցման համաձայն, կուսակցությունների ինստիտուտին, որոնք դիտարկվում են որպես էլիտար խմբավորումների կազմակերպական-իրավական կազմավորում, ներկայացվում են գաղափարախոսության առկայության որոշակի պահանջներ և իշխանության ձգտում:

Էլիտա հասկացության մեկնության ամենաբարձր մակարդակում (ֆունդամենտալ, բազիսային էլիտա) իմաստի արտադրությունը նշանակում է ոչ թե պարզապես գաղափարախոսություն, այլ կյանքի իմաստ: Հենց նման ֆունդամենտալ էլիտաների շնորհիվ է հասարակությունը գտնվում կյանքի իմաստների որոշակի կառույցի դաշտում: Այդ իմաստները նույնպես, ինչպես և դրանց համապատասխան ֆունդամենտալ էլիտաները, կրում են արտաժամանակային, մշտական բնույթ: Փոխվում են միայն դրանց տեսակարար կշիռները հասարակությունում:

Յուրաքանչյուր համեմատաբար երկար ժամանակային հատվածում առավել մեծ տեսակարար կշիռ բաժին է ընկնում էլիտաներից մեկին, և հասարակությունում գերիշխում է համապատասխան կյանքի իմաստը:

Հնդեվրոպական քաղաքակրթությունն ուսումնասիրող գիտության շրջանակներում ընդունված է առանձնացնել ֆունդամենտալ էլիտաների երեք տեսակ` կյանքի իրենց իմաստներով (առաքելություններով): Դրանք պայմանականորեն կարելի է անվանել տնտեսական, պետական-բյուրոկրատական, կրոնափիլիսոփայական: Ընդ որում՝ վերջինի տակ հասկանում են ոչ թե հայտնի կրոնների (քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականու-թյուն և այլն) կոնկրետ ինստիտուցիոնալ կազմավորումները, այլ դրանց հոգևոր հիմքը կրողներին:

Դրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա, որպես կանոն, կրում է ծածուկ, ոչ ակնհայտ բնույթ` մակերևույթին հայտնվելով հոգևոր զարգացման պարադիգմերի փոփոխության հատման կետում:

Անցյալի տեսանելի ժամանակահատվածում հասարակական-քաղաքական զարգացման դինամիկան պայմանավորվում էր առաջին երկու էլիտաների` պետական-բյուրոկրատականի և տնտեսականի դիմակայությամբ:

Հայտնի հնդեվրոպաբան Դյումեզիլն ապացուցում է, որ եվրոպական աշխարհամասում ժամանակագրական առումով առաջինը գերիշխում էր պետական-բյուրոկրատական (զինվորական) էլիտան: Այս էլիտայի գերիշխանությունը մեր օրերում փոխվել է, տնտեսական էլիտայի գերիշխանությամբ: Էլիտաների փոփոխման գործընթացը հրահրել է բուրժուական հեղափոխությունների հորձանք:

Որպես ներքին կյանքում պետական-բյուրոկրատական էլիտայի իդեալ, փոքր-ինչ չափազանցված ձևով, հանդես է գալիս բարեկարգ, հստակ աշխատող զորանոցը: Առավել նշանակալի ինստիտուտներն են անվտանգությունը, բանակը, ռազմարդյունաբերական համալիրը: Արտաքին քաղաքական առումով որպես նպատակ հանդես է գալիս տարածքն իր հաղորդակցություններով, ռեսուրսներով և բնակչությամբ:

Գիտության ոլորտում նախապատվությունը տրվում է բնական գիտություններին, որոնց մշակումները կարելի է արագ փոխակերպել ռազմականի:

Բարոյաէթիկական ոլորտում անհատից պահանջվում է լինել հասարակության օգտակար անդամ` համակարգի օգտակար տարր: Ընդ որում` հաստատվում է համակարգի տոտալ առավելությունը անհատի նկատմամբ:

Բնական է, որ տնտեսական էլիտան, որ իշխանության է գալիս պետական-բյուրոկրատականի հետ դիմակայության գործընթացում, ի գիտություն է ընդունում անձի ազատության կարգախոսը, որը նույնացվում է դեմոկրատիայի և լիբերալիզմի հասկացությունների հետ: Այդ կարգախոսները համապատասխանում էին տնտեսական էլիտաների (որին դիմակայում էր պետական ապարատը) հաստատման սկզբնական փուլին:

Երկրորդ փուլում տնտեսական էլիտան էլ ավելի է սերտաճում պետական ապարատին: Մի շարք փորձագետների կարծիքով` ամերիկյան համակարգի կարճ բանաձևը պետության և խոշոր բիզնեսի միասնական կադրային տարածքն է` գումարած «ուղեղային կենտրոնների» համակարգը: Կառավարման մեթոդներն ավելի շատ են հենվում ոչ թե մտրակի և բլիթի ուղղակի մեխանիզմներին (պետական-բյուրոկրատական էլիտա), այլ մարդու հոգեբանության վրա ազդեցության անուղղակի հնարքներին: Համապատասխանաբար` կրթության ոլորտում առաջնահերթությունները տրվում են իրավագիտությանը, էկոնոմիկային, հոգեբանությանը: Այս փուլում տնտեսական էլիտայի գաղափարախոսությունը սկսում է կրել էլ ավելի ագրեսիվ բնույթ` պետական-բյուրոկրատականի համեմատ էլ ավելի մեծ ինտենսիվությամբ ճնշելով անձի ազատությունը:

Գալով իշխանության` տնտեսական էլիտան, ինչպես և նախորդը, ակտիվորեն օգտագործում է առասպելաբանության գործիքանին` հասարակության գիտակցությունը փոխելու («ուղեղների լվացում») և իր իշխանությունը հաստատելու համար: Առասպելի նպատակը մեկն է` գիտակցության մեջ մտցնել այն փաստը, որ հասարակական-քաղաքական կարգի առկա ձևն ամենալավն է այն իմաստով, որ զրկված է նախորդների թերություններից և թույլ է տալիս էվոլյուցիոն զարգացում: Տնտեսական էլիտայի արդի գաղափարախոսները ոչնչով չեն տարբերվում ինչպես Հեգելից, որն իդեալականացնում էր կառավարման այն ժամանակվա ձևը (պրուսական միապետություն), այնպես էլ Խորհրդային Միության գաղափարախոսներից:

Թուրինի համալսարանի պրոֆեսոր Ալեսանդրո Պիցերնոն արդի դեմոկրատիան բնութագրել է որպես արևմտյան պետությունների նոր կրոն` իր ծեսերով` ընտրություններ, օրհներգեր, արարողություններով ու խաչակիրներով, որ պատրաստ են ոչնչացնել հակադեմոկրատական չարիքն աշխարհում:

Քանի որ շուկան` որպես առքուվաճառքի տոտալ տարածքի խորհրդանիշ, հանդես է գալիս միջանցիկ գաղափարախոսությամբ, ապա քաղաքականությունը պարտադրվում է ապրանքի գովազդի ձևով: Արդյունքում` ռեալ իրավունքը խիստ կապված է տնտեսական էլիտայի մոտ կենտրոնացված ֆինանսա-կազմակերպա-տեղեկատվական ռեսուրսի հետ:

Արդի դեմոկրատիայի ակնհայտ թերությունների չեզոքացման համար ակտիվորեն օգտագործվում է նախադասությունների նախագծման հոգեբանական հնարքը` բաղկացած երկու մասից. առաջին մաս – դեմոկրատիայի` որպես հասարակական-քաղաքական կարգի քննադատություն, երկրորդ մաս – պնդում, թե մյուսներն ավելի վատն են: Այստեղ օգտագործվում է հոգեբանության մեջ լայնորեն հայտնի` գիտակցության մեջ կեղծ ինֆորմացիայի ներդրման մեթոդը: Գիտակցությունը բացվում է ճշմարտացի ինֆորմացիային ընդառաջ առաջին մասում և ներս է թողնում երկրորդին` կեղծը: Ավելի համոզիչ լինելու համար այդ առաջարկները միշտ վերագրվում են շատ հայտնի անձանց, օրինակ` Ու.Չերչիլին:

2. Իշխանությունը և գիտակցության վիճակների փոփոխության մեթոդները

Իշխանությունը որոշակի ուղղությամբ և առկա նպատակին համապատասխան հասարակության շարժը իրականացնելու ընդունակությունն է: Արդի ժամանակահատվածը բնութագրվում է նրանով, որ իշխանական էլիտաները հստակ հասկանում են, որ իրենց համար ցանկալի ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը պետք է գիտակցաբար կիսեն բավական լայն հասարակական շերտեր:

2.1 Իշխանության իրականացումը` որպես հասարակության գիտակցության վիճակի փոփոխություն

Իշխանությունը կարելի է սահմանել որպես հասարակությանը գիտակցության փոփոխված վիճակի մղելու կարողություն, որում իշխանական էլիտաների նպատակները կներկայացվեն որպես ցանկալի: Այս հանգամանքը 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած` պայմանավորեց մարդու հոգեկանի վրա ներգործության մեթոդների ամենաարագ, առաջանցիկ զարգացումը:

Այստեղ հարկ է արժանին մատուցել Նոբելյան մրցանակակիր Ջ.Գելբրեյթին` պետության և առանձին հասարակական ինստիտուտների մակարդակով հոգեբանական հնարքների ապագա տոտալ օգտագործման մասին մռայլ հոռետեսական կանխատեսման հեղինակին: Անցյալ դարի 60-ականների սկզբին արված այդ կանխատեսումն այսօր արդեն իրականություն է։

Հոգեբանական ներգործության օգտագործվող բոլոր մեթոդների հիմքում ընկած է գիտակցության վիճակների ամբողջ սպեկտրի գոյության մասին պատկերացումը: Ընդ որում` անհատների ճնշող մեծամասնությունը ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահի կարող է գիտակցել գիտակցության միայն մի մակարդակ: Յուրաքանչյուր նման մակարդակի, այսինքն՝ գիտակցության վիճակի հետ կապվում է իրականության տեսլականի որոշակի տեսակը և դրա զգացողությունը: Գիտակցության մեկ այլ (փոփոխված) վիճակի օրինակ է սովորական քունը:

Գիտակցության ընթացիկ (կենցաղային) տիրապետող վիճակը առանձնանում է մարդկային բիոհամակարգչի ռացիոնալ բաղադրիչի ակտիվ գործառնությամբ: Ակտիվ գործառնություն ասելով նկատի է առնվում մուտքային տեղեկատվության վերլուծությունը տրամաբանության դիրքերից, անցյալի փորձին համապատասխանությամբ: Արդյունքում` տեղի է ունենում տեղեկատվության սելեկտիվ ընտրություն և դրա ներկառուցում կենսափորձի արդեն ձևավորված մատրիցայում:

Գիտակցության փոփոխված վիճակներում այս ռացիոնալ ծրագրերը զգալիորեն թույլ են աշխատում կամ էլ ամբողջովին անջատված են: Արդյունքում` տեղեկատվությունը ոչ քննադատաբար գրանցվում է հիշողության մեջ:

Հաշվի առնելով այն հիմնարար հանգամանքը, որ գիտակցության վիճակների բոլոր մակարդակների միջև ամբողջ ընթացքում տեղի է ունենում տեղեկատվության պատճառահետևանքային փոխանակություն, նշանակում է` անհատի գործողությունները դուրս են գալիս ռացիոնալ գիտակցության կողմից չվերահսկվող մակարդակ:

Այսպիսով, հոգեբանական ներգործության ընդհանուր խնդիրը հանգեցվում է երկու առանձին խնդիրների լուծմանը. անհատին բերել գիտակցության փոփոխված վիճակի և որոշել տեղեկատվության տեսակը, որն այդ վիճակի մեջ կընկալվի որպես արտաքին սուբյեկտների համար ցանկալի գործողությունների անվերապահ հրաման: Հենց այս ուղղությամբ են տարվում առավել ինտենսիվ, հիմնականում` փակ հետազոտությունները:

Հասանելի գրականության մակարդակով այսօր կարելի է խոսել գիտակցության վիճակների փոփոխված մակարդակների վրա դուրս գալու հետևյալ մեթոդների և դրանց օգտագործման մասին:

2.2 Հիպնոս

Ցիկլիկ, կրկնվող գործողություններ և տեղեկատվություն. hիպնոսի գոյություն ունեցող տեսությունը, մեղմ ասած, հեռու է ավարտուն լինելուց: Ըստ էության, առկա են ընդամենը առանձին փորձարարական փաստերի ընդհանրացումներ:

Առաջին հերթին դրանց է վերաբերում այն փաստը, որ ցիկլիկ, պարբերական գործողությունները, ինչպես և պարբերաբար կրկնվող տեղեկատվությունը անհատին բերում է գիտակցության այլ, փոփոխված, տրանսային վիճակի: Բաց աչքերով հարթմնի քնի նման մի բան: Նման ցիկլիկ գործողություններ են, օրինակ, շուրջպարերը, ռիթմիկ երաժշտությունը, պարբերաբար կրկնվող արարողությունները: Այս փաստը հատկապես լայնորեն օգտագործվում է բանակում և ուժային այլ կառույցներում, նախևառաջ` ամեն օր միևնույն ժամին կրկնվող արարողությունների ձևով:

Ուշագրավ է այն հիմնարար փաստը, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը յուրաքանչյուր առավոտն սկսում է գրեթե նույն գործողություններով: Այսպիսով, ստեղծվում է ասես գիտակցության միևնույն վիճակի մեջ հայտնվելու բնական նախադրյալ:

Այս մասին շատ պատկերավոր արտահայտվել է ավստրիացի գրող Գ.Մանրիկի «Գոլեմ» ստեղծագործության հերոսներից մեկը: Էությունը մոտավորապես հետևյալն է. իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ առավոտյան արթնանալով` մարդուն թվում է, թե իսկապես արթնացել է, այնինչ, նա հայտնվում է էլ ավելի ամուր քնի վիճակի մեջ:

Հենց այս պատճառով է, որ հնդեվրոպական բոլոր կրոնները մարդու հոգևոր զարգացումը կապում են քնից վերջնական արթնացման հետ (Բուդդա` նշանակում է արթնացած): Այս հանգամանքի հետ է կապված նաև քնի թագավորության և այն արթնացրած հերոս արքայազնի մասին ժողովրդական հեքիաթների սյուժեն:

Հիպնոսի տեսության մեջ նշվում է, որ գիտակցության փոփոխված վիճակներում (գիտակցության ընթացիկ, կենցաղային վիճակներից տարբեր վիճակներ) գոյություն ունեն տեղեկատվության ձևեր, որոնք ընկալվում են որպես հրաման: Տեղեկատվության նման ձևերի որոնումը հետազոտության ամենաինտենսիվ ուղղություններից մեկն է:

ԱՄՆ-ում հիպնոսի առաջատար մասնագետներից մեկը` Չարլզ Թարտը, գրել է այն մասին, որ իր վրա միշտ ամենաճնշիչ տպավորություն է թողնում այն փաստը, որ գիտակցության փոփոխված վիճակում գտնվող անհատին տրված հրամանը հետո արդեն նա, վերադառնալով սովորական, կենցաղային վիճակի, համառորեն ջանում է կատարել, ավելին` հարցերի դեպքում դրա համար ռացիոնալ բազա է բերում:

Տարածության կառուցվածքային ձևավորում. գիտակցության փոփոխված վիճակին հասնելու մեկ այլ եղանակ է անհատների շուրջ որոշակի տարածքային կառուցվածքի ստեղծումը: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը նման կառուցվածքի օրինակ է հատյալ բուրգը: Նրա հիմքի մոտ գտնվող անհատները, անկախ բուրգի գագաթին գտնվող անձանց որակից, սկսում են նրանց ընկալել որպես բնական, խարիզմատիկ լիդերներ:

Նույն էֆեկտի ստեղծմանն են ուղղված նաև T-ատիպ հսկայական սեղանները պետերի աշխատասենյակներում: Սեղանի այս ձևը, զուգահեռ գծերի նեղացման էֆեկտի հաշվառմամբ, այդ նույն հատյալ բուրգի հարթ տեսակն է: Արդյունքում` սեղանի հետևում նստած պետն արդեն սովորական անձնավորություն չի ընկալվում, այլ մեկը, որ հրամաններ տալու բնական իրավունք ունի:

Ուշադիր անհատը ուշադրություն կդարձներ այն հանգամանքին, որ ընկերասեր, վստահելի խոսակցության տրամադրված պետը հաճախ վեր է կենում սեղանի առջևից և նստում խոսակցի դիմաց` սիմետրիկ դիրքով:

2.3 Ընթացիկ գիտակցությամբ չվերահսկվող հրամայական տեղեկատվության ներմուծում

Մարդկային բիոհամակարգիչն ունի նաև հիմնարար մի հատկություն, որը կապված է նրա իներցիոնության հետ. արտաքին տեղեկատվությունը մշակելու և, որպես արդյունք, այն գիտակցելու համար որոշակի ժամանակ է պետք: Պատկերավոր ձևով սա կարելի է ներկայացնել որպես տեղեկատվության ընկալում առանձին կադրերի ձևով:

Առանձին կադրի մշակումը ժամանակի որոշակի միջակայք է պահանջում: Այդ միջակայքի ներս թափանցող ողջ տեղեկատվությունն անցնում է գիտակցության այլ մակարդակներ (ենթագիտակցություն), որը չի վերահսկվում գիտակցության ընթացիկ մակարդակով:

Եթե այդ տեղեկատվությունը ծրագրային կարգադրության բնույթ կրի, ապա անհատը, չգիտակցելով դա, կձգտի կատարել այն: Այս հնարքն արդեն օգտագործվում է գովազդի համար` ապրանքի ենթագիտակցական պարտադրմամբ: Մեկ այլ, անհամեմատ ավելի վտանգավոր տարբերակ է գաղափարների, լիդերների, քաղաքական շարժումների գովազդը:

2.4 Ապագայի փոփոխությունն սկսվում է անցյալի փոփոխությունից

Մարդկային բիոհամակարգչի ծրագրային ապահովումն ունի մշակվող տեղեկատվության գծային էքստրապոլյացիայի հիմնարար հատկություն:

Այս հատկությունն իր արտահայտությունն է գտել տվյալների ժամանակային շարքերի մշակման հետ կապված համակարգչային ծրագրերում: Առավել շատ օգտագործվող ծրագրերը իրենցից ներկայացնում են կա՛մ ժամանակային շարքի նկարագրման շարունակությունն ապագայում (որպես կանոն` գծային), կա՛մ ռեգրեսիվ հավասարում, որում պատճառահետևանքային կապի (հավասարման ձևը և գործակիցը) տեսակը փոխադրվում է ապագա:

Այսպիսով, ինչպես առանձին անհատի, այնպես էլ հասարակության համար ընդհանրապես ապագան երևում է որպես անցյալի գծային շարունակություն: Ավելի ճիշտ` գծային շարունակության սցենարն ընկալվում է առավելագույն հավատով, ինչն էլ այն առավել հավանական է դարձնում:

Այս արդեն բավական վաղուց հայտնի փաստը դրսևորվում է երկու հիմնարար հետևանքներում:

Դրանցից մեկը կապված է այն հանգամանքի ըմբռնման հետ, որ որակական (ոչ էքստրապոլյացիոն) կանխատեսումը կապված է միայն ինտուիցիայի հետ և չի կարող ստացվել ռացիոնալ մեթոդների հիման վրա: Վերջինները կարող են լրացնել և մեկնաբանել ինտուիտիվ տեսլականը:

Այս հանգամանքը պայմանավորեց մարգարեների, գուշակների ինստիտուտի ի հայտ գալը, որոնք օժտված էին ապագայի սցենարները տեսնելու ընդունակությամբ:

Մյուս հետևանքը կապված է անցյալի պատկերացումը փոխելու անհրա-ժեշտության հետ այն իմաստով, որպեսզի նոր գծային էքստրապոլյացիան դուրս բերի դեպի ցանկալի ապագա:

Այս նպատակի համար առավել արդյունավետ է առասպելաբանության գործիքանին:

Առասպելը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

Առասպելաբանության համատեքստում զարգացումը մի առասպելից մյուսին անցումն է: Այդ անցումը ներառում է հին առասպելի կործանման և նորի ստեղծման փուլերը:

Տեսանելի անցյալում հին առասպելի կործանումն իրականացվում էր հին հերոսների և սիմվոլիկայի պսակազերծման հաշվին, ընդ որում` ավելի հաճախ նրանց ուղղակի նսեմացնելու և սովորականի մակարդակի իջեցնելու հաշվին: Այս գործիքի օգտագործման ցայտուն օրինակ են ոչ վաղ անցյալի պատմական իրադարձությունները: Խորհրդային Միության հիմնադրման փուլում ստեղծվել էր հերոսների՝ քաղաքացիական պատերազմի առաջնորդների, պետության և որոշակի սիմվոլիկայի առասպել։ ԽՍՀՄ փլուզման փուլում լայնորեն օգտագործելով անեկդոտի, շարժի հոգեբանական հնարքները` այդ հերոսները և սիմվոլիկան նսեմացվեցին մինչև առավելագույն ցածր սովորականի մակարդակը: Զուգահեռաբար նախածվում էր նոր առասպել, որ գաղափարայնացնում էր արևմտյան համակարգի որոշ չափով պարզեցված սխեմատիկ պատկերացումը:

Ներկայումս ընթանում է հերթական առասպելի ձևավորման և նախորդի կործանման գործընթացը` նոր աշխարհակարգի անհրաժեշտության հիմնավորման նպատակով: Դրա համար առավելագույնս օգտագործվում է արհեստականորեն ստեղծված և հրահրված գլոբալ ֆինանսական ճգնաժամը:

Զուգահեռաբար լայնորեն կիրառվում է ազգային լիդերներին, նրանց անբավարար բանիմացությունը և գործունակությունը թաքուն ծաղրելու և անվանարկելու նախկին հնարքը:

Նպատակն է` հոգեբանորեն հիմնավորել թեզն այն մասին, որ ազգային լիդերներն արդեն ի վիճակի չեն գլուխ հանել ազգային խնդիրներից: Հաջորդ տրամաբանական եզրակացությունն այն է, որ ազգային պետությունը` որպես պատմության սուբյեկտ, բարոյապես հնացել է: Այս պատկերացումն արդեն հնչեցվել է բավական բարձր մակարդակներում, և կարծես թե ստիպողաբար կսերմանվի նաև հետագայում:

3. Ֆունդամենտալ էլիտաների կողմից գեներացվող կյանքի իմաստները

Կյանքի այս իմաստներն առավել արտահայտիչ են դրսևորվում հերոս հասկացության բովանդակության մեջ երեք էլիտաներից յուրաքանչյուրում: Այդ բովանդակությունն արդեն իր պատկերավոր և խորհրդանշական արտահայտությունն է ստացել կինոյում և գրական ստեղծագործություններում, գովազդներում:

Տնտեսական էլիտա. այս էլիտայի կողմից գեներացվող կյանքի իմաստը կարելի է արտահայտել հավասարության տեսքով, որի աջ մասը ներկայացնում են հենքային նյութական բարիքները` անշարժ գույք` ներառյալ հողային տարածությունը, ենթակառուցվածքը, ներառյալ անձնակազմը, տեղեկատվությունը, կանանց (հայրիշխանական հասարակությունում կինը համարվում է հաջողության չափանիշ):

Հավասարության ձախ մասը պետք է արտահայտի աջ մասի հավաք (կոմպակտ) խորհրդանշական համարժեքը` փողը: Փող ասելով պետք է հասկանալ ոչ թե ցանկացած ազգային արժույթն իր գործողության սահմանափակ շառավղով, այլ համաշխարհային արժույթը` դոլարը, որ վաղուց արդեն փողի համաշխարհային խորհրդանիշն է դարձել:

Նշված հավասարությունը միտումնավոր ներդրվում է սովորական մարդու գիտակցության մեջ ֆիլմաշարերի միջոցով, որոնցում հերոսների շոշափելի նպատակը, որպես կանոն, կոմպակտ փոքրիկ դոլարներով լի ճամպրուկն է, որը շատ հստակ արտահայտիչ ցուցադրվում է էկրանին: Ինտենսիվորեն ներդրվում է կյանքի իմաստի տեսողական ասոցիացիան` դոլարներով լի ճամպրուկը: Այս խորհրդանիշը կրող հերոսները համապատասխան կինոնկարներում, կարևոր չէ, թե ինչ գնով ու մեթոդներով, վերջում ստանում են բաղձալի ճամպրուկը:

Կյանքի այս իմաստը որոշակի տեսական լեգիտիմություն է ստացել դասական մեյնսթրիմի կողմից: Վերջինիս հիմքն են կազմում ռացիոնալության սկզբունքը և նրա կրողը` հոմո էկոնոմիկուսը: Սկզբունքի էությունն այն է, որ հոմո էկոնոմիկուսի վարքագիծը ենթարկվում է շահույթի մաքսիմիզացման սկզբունքին: Այս տրամաբանական հիմքի վրա կառուցվում են պահանջարկի և առաջարկի հավասարության մակրո- և միկրոհաշվեկշռային սխեմաները, այդ կորերի պարամետրային կապերը:

Ռացիոնալացման սկզբունքի մաթեմատիկական անալոգը կարելի է ներկայացնել որպես նպատակային ֆունկցիայի մաքսիմիզացում կամ մինիմիզացում (եթե խոսքը կորուստների մասին է) որոշումների կայացման սահմանափակ ոլորտում: Առհասարակ, այդ սահմանափակումները կարող են և պետք է կրեն նաև բարոյական բնույթ: Բարոյաէթիկական բնույթի սահմանափակումները պետք է առաջադրվեն այլ ֆունդամենտալ էլիտաների կողմից:

Հասարակական համակարգի համար գոյություն ունի միայն մեկ կայուն վիճակ` կապված կյանքի իմաստների բնական հիերարխիայի և համապատասխան ֆունդամենտալ էլիտաների հետ: Այդ հիերարխիայում տնտեսական էլիտան պետք է զբաղեցնի ամենացածր մակարդակը:

Տնտեսական էլիտային և ընդհանրապես տնտեսությանը ինքնաբավ իմաստ հաղորդելն անդառնալիորեն տանում է բիզնեսի ոլորտում բարոյական սահմանափակիչների թուլացմանը և վերացմանը:

Պետական-բյուրոկրատական էլիտա. այս էլիտայի հիմքը կազմում են ռազմաստրատեգիական մտածողություն ունեցող մարդիկ: Արդեն նշել ենք, որ այս էլիտայի շրջանակներում անհատից պահանջվում է առավելագույնս օգտակար լինել համակարգին` պետությանը: Անհատի կյանքի նպատակը, իմաստը պետք է դառնա ժողովրդի բարեկեցությունը, որը սահմանվում է պետության բարձրագույն մարմինների կողմից:

Այս թեմատիկային նվիրված բազմաթիվ ֆիլմերի սյուժեները, որպես կանոն, կառուցվում են Կ.Յունգի արքետիպերի հավաքածուի հիման վրա: Այդ հավաքածուում կենտրոնական հերոսն է երկիրը, քաղաքը, մարդկանց խմբերին կործանումից փրկողը: Հերոսի հակառակորդներն են ներքին կամ արտաքին թշնամիները, որոնք հաճախ միավորվում են: Հերոսն անպայման ունենում է հավատարիմ ընկերուհի և դավաճան մեկը՝ մերձավոր շրջապատից:

Երջանիկ ավարտի դեպքում հերոսին սպասում է վաստակած պարգև պետության կողմից` գումարած ընկերուհու սերը: Տխուր ավարտի դեպքում հերոսը զոհվում է, և անպայման առկա է դրական տարր` մարդկանց և պետության հիշողության մեջ երախտագիտության ձևով:

Պետական-բյուրոկրատական էլիտայի սերմանած գաղափարախոսության էությունը կյանքի անհատական իմաստի ենթարկեցումն է պետության ռազմավարական շահերին: Այս էլիտայի հետ է կապված ընդհանուր առմամբ պետության և առանձին անհատների գործունեությանը կյանքի միսիոներական իմաստ հաղորդելու ևս մեկ կարևոր ասպեկտ: Պետական-բյուրոկրատական էլիտան զարգացման գագաթնակետին է հասնում կայսերական պետական կազմավորումներում: Սա բացատրվում է նրանով, որ այդ էլիտային ներհատուկ է արտաքին էքստենսիվ ինքնահաստատման գործընթացը: Կայսերական էլիտան պետք է ունենա «Մեծ նախագիծ» քաղաքականության ոլորտում և մի շարք հավակնոտ նախագծեր սոցիալ-տնտեսական ոլորտում:

«Քաղաքականության ոլորտի «Մեծ նախագիծը» բարբարոս-հեթանոսներին (արտաքին աշխարհ) կրոնական բնույթի որոշակի դոգմաների պարտադրումն է. քրիստոնեություն, սոցիալիզմ, դեմոկրատիա, լիբերալիզմ և այլն: Կայսրության յուրաքանչյուր քաղաքացի իրեն պետք է առաքյալ-զինվոր զգա, որ բարբարոսներին է տանում կայսերական դոգմաների լույսը:

Կրոնափիլիսոփայական էլիտա. հնդեվրոպական բոլոր կրոնական ուղղությունների հիմքում ընկած է մարդու երկակի բնույթի մասին թեզիսը: Մարդու հիմքը Բարձրագույն Ես-ն է, որը նրան միավորում է Աստծո հետ:

Անհատի կյանքի իմաստը նրա ընթացիկ և ըստ էության պատրանքային գիտակցության միավորումն է Բարձրագույն Ես-ի գիտակցության հետ: Այդ ակտը կոչվում է երկրորդ, կրկնակի ծնունդ:

Ասվածը հետևյալ արտահայտություններն է ստացել հայտնի կրոններում.

Հստակ պատկերացում է ստեղծվում, որ հնդեվրոպական հայտնի բոլոր կրոնների սկիզբն ընդհանուր կետ ունի: Այդ ընդհանուր կետը հաճախ կապում են Հերմես Տրիսմեգիստի (Գոր) հայտնի կոչի հետ. «Ծանի´ր զքեզ»: Այս կոչում (որ գրեթե հրաման է) հաստատվում է երկու ես-ի առկայությունը, որոնցից մեկը պետք է ճանաչի` ձուլվի մյուսին` Բարձրագույն Ես-ին:

Կրոնափիլիսոփայական էլիտայի համար հերոսը անհատն է, ով գիտակցաբար կանգնել է այդ ճանապարհին՝ իր ներքին Բարձրագույն Ես-ի հետ ձուլման ճանապարհին: Հերոս հասկացության այս բովանդակությունն առավել ցայտուն արտահայտվել է հին հունական առասպելներում, որոնցում հերոսը բարձրանում է Օլիմպոս` Աստվածների մոտ և այնտեղ անմահություն ձեռք բերում: Մարդկության ուսուցիչները կամ ճանապարհի վերջին հասած հերոսներն են, կամ ի սկզբանե Բարձրագույն Ես-ի հետ մեկտեղված անհատները:

Այս դեպքում իրականացվում է այն տարբերակը, երբ «տեսանողներն առաջնորդում են կույրերին»: Այլ էլիտաների կողմից կառավարման մնացած բոլոր դեպքերում տեղի է ունենում աստվածաշնչյան` «կույրերն առաջնորդում են կույրերին» պնդման իրականացումը, երբ երկուսն էլ անպայման փոսն են ընկնում:

Կյանքի իմաստների վերոնշյալ երեք տեսակների համեմատական վերլուծությունը հանգեցնում է գլխավոր եզրակացությանը. միայն կրոնափիլիսոփայական էլիտան է ինքնաբավ և ինքնուրույն մյուսներից: Մյուս բոլոր էլիտաները պետք է գործեն նրա համատեքստում: Ասվածն իր արտահայտությունն է գտնում հասարակական-քաղաքական համակարգի կառուցվածքում այն դեպքում, երբ խորհրդարանը գտնվում է կրոնափիլիսոփայական էլիտայի վերահսկողության տակ, գործադիր իշխանությունը` պետական-բյուրոկրատականի, իսկ տնտեսական էլիտան պետք է զբաղվի իրեն հարազատ բիզնեսով:

Ներկայացվածի համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ գոյություն չունեն ինքնըստինքյան լավ կամ վատ կյանքի իմաստներ (խոսքը պետական-բյուրոկրատական և տնտեսական էլիտաների մասին է): Դրանք հասարակության համար կործանարար բնույթ են ստանում այն ժամանակ, երբ դրանց և դրանց համապատասխանող էլիտաներին ինքնաբավ բնույթ է հաղորդվում:

4. Զարգացման գլոբալիզացիոն սցենարներ

Կայսրությունների ծագման, հզորացման ու կործանման պատմական դինամիկայի վերլուծությունը հետաքրքիր է դրանց կենսական շրջափուլերը հասարակությունում ֆունդամենտալ էլիտաների գերիշխանության փոփոխման գործընթացի հետ համեմատելու տեսակետից. կրոնափիլիսոփայական®պետական-բյուրոկրատական®տնտեսական:

Մոտ մեկ-մեկուկես տարի առաջ ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվում էր ամերիկյան մի ֆիլմ, որն ուսումնասիրում էր վերոնշյալ շրջափուլը Հռոմեական կայսրության դասական օրինակով: Ամենակարճ հատվածը բաժին է ընկնում հասարակությունում նյութական արժեքների գերիշխանության առավել կործանարար փուլին: Հզորության գագաթնակետին կայսրությունը կործանվում է արտաքին երիտասարդ զինվորական էլիտաների կողմից: Ֆիլմի հեղինակները համեմատություն էին անցկացնում ԱՄՆ կենսական շրջափուլի հետ` համապատասխան հոռետեսական կանխատեսմամբ:

Գլոբալ զարգացման արդի փուլի ամենավառ գիծը, որ միաժամանակ նաև վերլուծության ելակետային թեզիս է հանդիսանում, այն փաստն է, որ ճոճանակը միանշանակ տնտեսական սկզբից թեքվել է դեպի պետական-բյուրոկրատականի կողմը: Բայց շատ կարևոր է գիտակցել, որ այդ գործընթացը տեղի է ունենում պարուրաձև. ոչ թե ազգային պետությունների, այլ գլոբալ` համաշխարհային մակարդակով:

Համաշխարհային պետական-բյուրոկրատական էլիտայի համար հիմնական խոչընդոտներ են հանդիսանում ազգային էլիտաների երկու տեսակները` պետական-բյուրոկրատականը և տնտեսականը:

Բայց խնդիրը պետք է լուծել փուլ առ փուլ. առաջին փուլը ազգային պետական-բյուրոկրատական էլիտաներին հոգեբանական և կազմակերպչական լծակներից զրկելն է` առավելագույնս օգտագործելով տոտալ էկոնոմիզացման գործընթացը և տնտեսական էլիտաների ռեսուրսները, երկրորդ փուլը ազգային տնտեսական էլիտաներին հարստությունների իրական աղբյուրներից զրկելն է և նրանց արդյունավետ արտաքին վերահսկողության տակ դնելը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նախապես հզոր հարված հասցվեց եվրասիական աշխարհամասում ամենաուժեղ պետական-բյուրոկրատական էլիտաներին` Գերմանիային և Ռուսաստանին:

Առաջինը նացիստական անցյալի հետ ասոցիացիայի ճնշման տակ, ըստ էության, հայտնվեց ամորձատված վիճակում (ցավոք, ավելի համարժեք բառ չեմ կարողանում գտնել): Համանման իրավիճակում հայտնվեց Ճապոնիայի պետական-բյուրոկրատական էլիտան: Երկրորդը (ռուսականը) գտնվում է այդ նույն ինտենսիվ գործընթացում հասարակության տոտալ էկոնոմիզացիայի ճնշման տակ:

Ներկայում ներգործության օբյեկտներ պետք է դառնան երկրորդ էշելոնի երկրները, որոնք նշանակալի պետական-բյուրոկրատական (զինվորական) էլիտաներ ունեն. Պակիստան, Իրան, Թուրքիա: Հատուկ սցենար կմշակվի կամ արդեն մշակվել է Չինաստանի համար:

Հասարակության էկոնոմիզացիայի գործընթացը, որ, բնականաբար, իրականացվում է տնտեսական էլիտաների կողմից, շուտափույթ դեգրադացման և Քաոսի հաստատման առավել ինտենսիվ գործոն է հանդիսանում:

Դա համաշխարհային պետական-բյուրոկրատական էլիտայից կարող է կազմակերպչական-կառավարչական մեծ ռեսուրսներ պահանջել: Ուստի, ազգային մակարդակներում կուժգնացվի պլանային-կազմակերպչական սկզբունքը` վերազգային մարմինների վերահսկողության տակ:

Համաշխարհային էլիտայի կողմից հրահրված առկա համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մի նպատակ ունի. հոգեբանական և կազմակերպական հիմքեր ստեղծել ֆինանսների կառավարման համաշխարհային համակարգի ձևավորման համար: Շատ հնարավոր է միասնական արժույթների խոշոր գոտիների ստեղծման սցենարը` համաշխարհային արժույթի անցման հեռանկարով:

Միասնական համաշխարհային ֆինանսական համակարգից հետո արդեն երկու քայլ կմնա մինչև համատնտեսական և համաքաղաքական համակարգերը: Ուստի, ճգնաճամի տևողությունը և ձևերը կորոշվեն առաջադրված խնդիրներով:

Անհրաժեշտ է ձերբազատվել այն պարզամիտ զգացողությունից, թե ԱՄՆ-ն է համաշխարհային էլիտան: Այդ զգացողությունն առաջ է եկել այն առանցքային դերից, որը վերագրվել է ԱՄՆ պետական մեքենային նոր աշխարհակարգի հաստատման գործընթացում: Այս խնդրի կատարումից հետո ԱՄՆ ճակատագիրը կորոշվի նոր համակարգում գրաված նրա տեղով:

5. Եզրահանգումներ Հայաստանի համար

Նախ` կրկին պետք է ընդգծել. տնտեսական էլիտան պետք է սահմանափակված լինի պետական-բյուրոկրատականի շրջանակներով: Վերջինս իր հերթին պետք է սահմանափակված լինի կրոնափիլիսոփայական էլիտայի կողմից:

Անսահմանափակ հնարավորությունների տարածք դուրս գալը` բոլոր սահմանափակումներից այն կողմ, միշտ անհատական բնույթ է կրում: Պատմության մեջ բազմիցս կրկնվող` բոլորով ազատագրվելու միամիտ փորձերը որոշակի էլիտայի մակարդակով միշտ էլ ավարտվել են Քաոսով և այլ` էլ ավելի դաժան շրջանակներով: Այժմ հենց այս իրավիճակում ենք Հայաստանում:

Հասարակության որոշակի խավերի շրջանում մեծանում է դիմակայությունը տոտալ էկոնոմիզացիայի գործընթացի նկատմամբ։ Սա նշանակում է, որ հասարակությունում զսպանակը սեղմվում է, որը պատրաստ է ուղղվել դեպի պետական-բյուրոկրատական (զինվորական) էլիտայի կողմը:

Էլ ավելի նշանային է աճող հետաքրքրությունը կյանքի կրոնափիլիսոփայական իմաստի հանդեպ: Այդ պահանջարկն արդեն առաջարկ է առաջ բերել` համապատասխան գրականության ինտենսիվ հոսքի (բացառապես Ռուսաստանից և ԱՄՆ-ից ) ձևով: Սա նշանակում է, որ մեծանում է հավանա-կանությունն այն բանի, որ իրեն ճանաչելու ուղին ընտրած հերոսներից մեկը կհասնի վերջին, և ծայրահեղ դեպքում տեղական մակարդակով կույրերն իրենց տեսանողին կունենան: Այս փաստի հետ է կապվում Գարեգին Նժդեհի անձի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ով ռազմապետական էլիտայի կարկառուն ներկայացուցիչն է:

Մեր ազգային զարգացման առանձնահատկության բերված փաստերը դիտարկելով վերը նկարագրված համաշխարհային, գլոբալացման գործընթացների համատեքստում` անհրաժեշտ է անել հետևյալ եզրահանգումները երկու ոլորտների ուղղությամբ` ուժային (այսինքն` անվտանգություն) և տնտեսական:

Անվտանգության ծառայությունը պետական իշխանության ամենասրբազան մարմինն է` պետականության սկզբունքի կենտրոնացված արտահայտման իմաստով: Այն առաջին անգամ ստեղծվել է, ըստ երևույթին, Հին Եգիպտոսի ժամանակներում, քրմերի կաստայի կողմից, որպես կրոնափիլիսոփայական էլիտայի աշխատանքային գործիք: Այս մարմնի որակի մակարդակն առավել ընդգծված է արտացոլում պետական կառավարման համակարգի որակն ընդհանրապես:

Անվտանգության ազգային ծառայությունը պետք է համապատասխանեցնել համաշխարհային ստանդարտներին: Այն է` դրա կառուցվածքը պետք է նպաստի վերոնշյալ ֆունդամենտալ (կրոնափիլիսոփայական, պետական-բյուրոկրատական, տնտեսական) էլիտաների հետ ուղիղ և հակադարձ կապի ստեղծմանը և այդ ռեժիմով աշխատելուն:

Համապատասխանաբար` անվտանգության համակարգում պետք է գործեն երեք խոշոր ստորաբաժանումներ` հոգևոր-հոգեբանական անվտանգության, ռազմաստրատեգիական անվտանգության և տնտեսական անվտանգության:

Անվտանգության համակարգում պետք է գործեն խոշոր գիտահետազոտական կենտրոններ` կապված հետևյալ խնդիրների հետ.

Ոչ հարուստ Հայաստանում գոյություն ունի տեղեկատվական-վերլուծական համարվող կառույցների մեծ քանակություն: Այնինչ, դրանց որակը վերոնշյալ խնդիրների առումով, մեղմ ասած, բարձր չէ: Այս ոլորտի որակի կառավարումն ու վերահսկումը պետք է դառնան անվտանգության ազգային ծառայության խնդիրներից մեկը:

Էկոնոմիկայի բնագավառում անհրաժեշտ է վերականգնել պետական կառավարման երկու առաջատար հենարանները` պլանավորումն ու պետական սեփականությունը ռազմավարական ոլորտներում: Պլանավորման գործառույթն անհրաժեշտ է վերականգնել նոր մակարդակով` որպես զարգացման պլանավորում. առաջատար գործառույթ զարգացած երկրների կառավարման համակարգում:

Պետական սեփականությունը զարգացած երկրներում տատանվում է 12-20%-ի սահմաններից մինչև 40% և ավելի, ինչպես ըստ ժամանակի, այնպես էլ ըստ տարբեր երկրների: Այստեղ կարևոր են ոչ այնքան տոկոսները, որքան պետական սեփականության ընդգրկած ոլորտները: Իսկ դրանք միշտ այնպիսին են, որ որոշում են զարգացման վեկտորը:

Նոր աշխարհակարգի ձևավորման փաստից և ազգային տնտեսությունում դրա ներդրումից ելնելով` այդ գործընթացը պետք է վարել քաղաքական առումով բավական կոռեկտ: Դա նշանակում է, որ Հայաստանի պետական-բյուրոկրատական էլիտան պետք է պահպանի համաշխարհային գործընթացների նկատմամբ լոյալության օպտիմալ սահմանը: Այս իմաստով օպտիմալ չի թվում շարունակվող շեշտադրումը մակրոէկոնոմիկայի վրա (հարկային, դրամավարկային խնդիրներ):

Համաշխարհային ճգնաժամից դուրս գալու բանաձևն ունի երկու ունի-վերսալ բաղադրիչ.

Առաջին բաղադրիչը լուծվում է ամենաբարձր գլոբալ մակարդակում: Կառավարման ազգային համակարգից պահանջվում է հետևել և կանխատեսել այդ գործընթացները: Ցավոք, սա ենթադրում է շատ ավելի բարձր մակարդակ անկախության տարիներին ձևավորված նոր հեթանոսների համեմատությամբ, ովքեր մտածում են, թե «միագումար պահանջարկ», «միագումար առաջարկ», «արժեթղթերի շուկա» բառերի հաճախակի կրկնությունից առատություն կտիրի:

Երկրորդ բաղադրիչը նշանակում է կառուցվածքային քաղաքականու-թյան (արդյունաբերական և նորարարական քաղաքականության) ռեալ անցում իրականացնելու անհրաժեշտություն: Խոշոր բիզնեսի լոյալությունը պետք է գնահատվի` ելնելով կառավարության կառուցվածքային նախագծերում նրա ռեալ մասնակցության աստիճանից:

Առկա միտումների շարունակման ամենահոռետեսական տարբերակով Քաոսը կաճի, քանի որ էկոնոմիզացիան դեպի այն տանող ամենաուղիղ և ամենաարագ ճանապարհն է: Այն կխորանա մինչև գործընթացների կառավարելիության լիակատար վերացումը: Ընդ որում` հարկ է հաշվի առնել, որ Քաոսը` որպես այդպիսին, ազգային չէ, այն գլոբալ, համաշխարհային երևույթ է և ժամանակի որոշակի ընթացքում կընդգրկի բոլոր տարածաշրջանները. այնպես որ` փախուստի տեղ չկա:

Ցավոք, հօգուտ վերջին ապոկալիպսիսային սցենարի է խոսում այն փաստը, որ տիեզերածին բնույթի գրական բոլոր հուշարձանները, որ նկարագրում են տիեզերքի ստեղծումը, սկսվում են Քաոսից Կարգուկանոնի առաջացման նկարագրությամբ: Սրանով կարծես հաստատվում է Քաոսի առաջնայնությունը:

Անձամբ կարծում եմ, որ ընտրություն միշտ կա, և այդ ընտրությունը յուրաքանչյուրն անում է իր համար` ստեղծելով այն կրիտիկական զանգվածը, որը որոշում է մի կողմից` ընդհանուր, մյուս կողմից` անձամբ իր ապագան:


Возврат к списку


Հեղինակի այլ նյութեր

 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре

©  "Noravank" Foundation, 2010