Գիտության տարբեր ոլորտներում անընդհատ իրար են բախվում երկու գործընթացներ: Մի կողմից՝ գիտնականներն ընտրում են ամսագրեր, որտեղ կարող են տպագրել իրենց աշխատանքները, մյուս կողմից՝ խմբագրությունները փորձում են ընտրել իրենց համար ավելի «որակյալ» և ամսագրի թեմատիկային համապատասխանող հոդվածներ: Եթե վերլուծենք այս իրավիճակն այլ տեսանկյունից, ապա կարելի է եզրակացնել, որ ամսագրերը մրցակցում են իրար հետ` ըստ գիտական հոդվածների (որոնք կապահովեն հղումների որոշակի քանակություն ամսագրին, որի հետևանքով էլ, իհարկե, կաճի տվյալ ամսագրի ազդեցության գործոնը, իսկ գիտնականները` պարբերաբար հրատարակվող ամսագրում որոշակի տեղի համար: Քանի որ երկու ռեսուրսներն էլ (հոդվածները և ամսագրի ծավալը) անվերջ չեն, ապա վերը նշված երկու գործընթացներից յուրաքանչյուրը կայունանում է մի ինչ-որ մակարդակով` համապատասխան իր մրցունակության:
Տարածված կարծիքի համաձայն՝ տեղական ամսագրերը բավական մեկուսացված են միջազգային գիտական հանրությունից, այլ կերպ ասած՝ գտնվում են գիտական ինֆորմացիայի վակուումում, որի հետևանքով ամսագիրը կարող է կորցնել «գրավչությունը»` կլանելու նաև արտերկրյա ընթերցողներին, որոնց կհետաքրքրեն տվյալ գիտական բնագավառում կատարված հետազոտությունները: Սակայն պետք է գիտակցել, որ արտասահմանյան ամսագրերում հոդվածներ տպագրելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի գերազանց իմացություն. հոդվածը գրագետ գրելու և, իհարկե, խմբագրի հետ կապ հաստատելու համար: Միջազգային ամսագրերում հոդվածների տպագրումը թույլ կտա հաղթահարել այն արգելքը, որը տեսանելի ձևով առանձնացնում է հայաստանյան գիտությունը միջազգային հանրությունից:
Մեր վերլուծության մեջ հաշվարկվել է գիտական ամսագրերի ազդեցության գործոնը 2009 և 2010թթ. համար, կատարվել է համեմատական վերլուծություն: Ազդեցության գործոնը (ԱԳ) հանրային բաց տեղեկատվություն հանդիսացող պարզ և հասկանալի ցուցանիշ է: ԱԳ-ի օգնությամբ հեշտ է ինֆորմացիա ստանալ տվյալ ամսագրի վերաբերյալ և համեմատել նույն գիտական տիրույթից այլ ամսագրերի հետ: Այս ցուցանիշը հաշվարկվում է 60 երկրներից 8000 ամսագրերի համար [1]: Այն գործնական լայն կիրառություն ունի: Բարձր ԱԳ ունեցող ամսագրում հոդվածներ ունեցող գիտնականն առավելություն ունի աշխատանքի ընդունվելու կամ գիտական ծրագրերի ֆինանսավորում ստանալու ժամանակ: Իհարկե, վերջինս ավելի շատ վերաբերում է արևմտյան հանրությանը: Չնայած դրան, կարող ենք նշել, որ Հայաստանում ևս ԱԳ-ն ավելի մեծ կշիռ կստանա:
ԱԳ-ն, ինչպես և գիտաչափական ցուցանիշների մեծ մասը, ունի նաև թույլ կողմեր (թերություններ): Ամենաակնհայտ թերությունը պայմանավորված է նրանով, որ շատ դժվար է որոշել հղումների քանակի և գիտական նյութի որակի միջև փոխադարձ կապի աստիճանը: Ուստի, ԱԳ համեմատումն անհրաժեշտ է կատարել միևնույն թեմատիկ ուղղվածություն ունեցող ամսագրերի միջև: Բոլոր դեպքերում ԱԳ-ն հաստատուն պահպանում է դիրքը գիտաչափական վերլուծություններում` որպես ամսագրի գիտական կշռի չափորոշիչ:
ԱԳ-ն հաշվարկվել է դասական եղանակով, որի համար անհրաժեշտ էր ունենալ ամսագրի 3 տարվա հրատարակություն: Համաձայն ԱԳ դասական սահմանման՝ այն ներկայացնում է երկու մեծությունների հարաբերություն.
որտեղ A-ն ուսումնասիրվող ամսագրի վրա տվյալ տարում գիտական գրախոսվող ամսագրերի հոդվածներում եղած նախորդ երկու տարում հղումների ընդհանուր թիվն է (այսինքն` այլ աղբյուրներից ստացած հղումներ և ինքնահղումներ), իսկ B-ն` նախորդ երկու տարում ուսումնասիրվող ամսագրում տպագրված հոդվածների ընդհանուր թիվը [2]: Այսպիսով, ըստ էության ԱԳ-ն ներկայացնում է հավանականությունն այն բանի, որ տվյալ ամսագրի հոդվածը կնկատվի և կհղվի ոչ ուշ, քան տպագրումից երկու տարի հետո այլ գիտնականների աշխատանքներում:
Մեր կողմից ուսումնասիրվել են Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) ցանկում ներառված և նաև վերջինիս ցանկից դուրս մնացած ամսագրերի ազդեցության գործոնը, ինքնահղումների ներդրումն ընդհանուր հղումների թվի մեջ (արտահայտված տոկոսով), կատարվել է համեմատական վերլուծություն ըստ 2 տարիների` 2009 և 2010թթ.:
Նկար 1
Հայկական գիտական պարբերականների 2009 և 2010թթ. ԱԳ համեմատական վերլուծությունը
Աղյուսակ 1
Հայկական գիտական պարբերականների լավագույն 20-ի ԱԳ-ների աճ/նվազումը 2009-2010թթ. համեմատությամբ1
Համեմատական վերլուծության արդյունքում նկատվել են ծայրահեղ (և՛ դրական, և՛ բացասական) շեղումներ ամսագրերի ԱԳ արժեքների միջև: Նկար 1-ում պատկերված են 79 ամսագրերից լավագույն 20-ն ըստ ԱԳ-ի: Ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ ԱԳ աճ է տեղի ունեցել. եթե 2009թ. ամենաբարձր ԱԳ-ն 0.23 էր և լավագույն տասնյակը ներառում էր մինչև 0.14 ԱԳ, ապա 2010թ. այդ սանդղակը սկսվում է 0.69-ից 0.14, ավելացնենք, որ այս տարվա լավագույն տասնյակը ներառում է ավելի բարձր ԱԳ (Աղյուսակ 1):
Նշենք նաև, որ ԲՈՀ ցանկից դուրս մնացած ամսագրերի ԱԳ-ն կտրուկ նվազել է: Օրինակ, «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լրաբեր» ամսագրի (2009թ. ներառված էր ԲՈՀ ցանկում, 2010թ. դուրս էր մնացել այդ ցանկից) ԱԳ-ը 2009թ. եղել է 0.14, իսկ 2010թ.` 0.04, ընդ որում՝ 2009թ. գտնվում էր լավագույն տասնյակի 9-րդ տեղում, իսկ 2010թ.` 28-րդ: Վերջինս կարելի է բացատրել այն փաստով, որ թեկնածուական և դոկտորական աշխատանքների համար անհրաժեշտ է հոդված տպագրել ԲՈՀ ցանկում ներառված ամսագրերում:
2009թ. հաշվարկվել էր «Вестник РАУ» ամսագրի ԱԳ գումարային արժեքը՝ ներառելով և՛ «Физико-математические и естественные науки», և՛ «Гуманитарные и общественные науки» թեմատիկ համարները [3, 4]: 2010թ. հաշվարկվել է և՛ առանձին-առանձին ըստ թեմատիկ ուղղվածության, և՛ գումարային ԱԳ, որպեսզի հնարավոր լինի համեմատել 2009թ. ԱԳ-ի հետ: Չնայած այդ հանգամանքին, «Вестник РАУ»-ն գրավեց իր ուրույն տեղը. ԱԳ գումարային արժեքով զբաղեցրել է 11-րդ տեղը, «Физико-математические и естественные науки» թողարկմամբ` 2-րդ տեղը, «Гуманитарные и общественные науки» թողարկմամբ` 38-րդ տեղը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ԱԳ բարձր արժեքի մեջ մեծ ներդրում ունի բնագիտական թևը:
«21-ԴԱՐ» ամսագրում պատկերը մի փոքր այլ է: 2009թ. հաշվարկվել էր «21-ԴԱՐ»-ի միայն հայերեն տարբերակը, իսկ 2010թ. ԱԳ-ը հաշվարկվել է և՛ հայերեն, և՛ ռուսերեն, և՛ անգլերեն տարբերակների համար առանձին-առանձին: Ընդ որում, ինչպես հետևում է Աղյուսակ 1-ից, ամսագրի ռուսերեն տարբերակը գրավել է 3-րդ, անգլերեն տարբերակը` 19-րդ և հայերեն տարբերակը` 27-րդ տեղը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ օտար լեզվով տպագրությունն ընթերցողների ավելի մեծ բանակ ունի, վերջինս էլ իր հերթին կարող է նպաստել ամսագրի ճանաչողությանը և ապահովել լրացուցիչ հղումներ ամսագրի հոդվածների վրա:
ԱԳ արժեքի հաշվարկման մեջ մեծ ներդրում ունեն ինքնահղումները: Այդ ներդրումն արտահայտող գծապատկերները 2009 և 2010թթ. համար պատկերված են Նկար 2, 3-ում: Ինչպես տեսնում ենք, և՛ 2009թ., և՛ 2010թ. վերլուծություններում առանձնանում է «Вестник РАУ»-ն (2009թ. ինքնահղումների տոկոսային ներդրումը կազմել է 11%, իսկ 2010թ.` 0%): Ավելացնենք, որ ամսագիրը տպագրվում է ռուսերեն լեզվով, որն էլ, ըստ երևույթին, նպաստում է հղումների թվի մեծացմանը (պատճառներից մեկը): Նմանատիպ պատկեր է նկատվում նաև «21-й ВЕК» ամսագրում, եթե հայերեն և անգլերեն տարբերակներում ինքնահղումներն ավելի մեծ տոկոս են կազմում (≈100%), ապա ռուսերեն տարբերակում ինքնահղումների թիվը կազմում է 67%: Կարելի է եզրակացնել, որ ռուսալեզու ընթերցողները մեծ թիվ են կազմում:
Ինքնահղումների ցածր արժեք ունեն «Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում» (2009թ.՝ 0%, 2010թ.՝ 17%), «Вестник Государственного инженерного университета Армении: Моделирование, оптимизация, управление» (2009թ.՝ 64%, 2010թ.՝ 25%), որը 2009թ. և 2010թ. վերլուծություններում պահպանել է 10-րդ տեղը, «ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր (տեխ.գիտ. սերիա)» (2009թ.՝ 63 %, 2010թ.՝ 30%), «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» (2009թ.՝ 47%, 2010թ.՝ 37%) ամսագրերը: Չնայած «Աստղաֆիզիկա» ամսագրում ինքնահղումները համարյա 100% են կազմում, անհրաժեշտ է նշել, որ մեր հետազոտություններն արված են հայաստանյան ներքին գիտական շուկայում: Հղումների մեծ մասն ուղղված է արտասահմանյան ամսագրերին, որոնք, ցավոք, դեռևս ներառված չեն մեր հաշվարկներում:
Նկար 2
Հայկական գիտական պարբերականների 2009թ. ԱԳ-ում ինքնահղումների ներդրումն արտահայտող գծապատկեր (արտահայտված տոկոսներով)
Նկար 3
Հայկական գիտական պարբերականների 2010թ. ԱԳ-ում ինքնահղումների ներդրումն արտահայտող գծապատկեր (արտահայտված տոկոսներով)
Նկար 4
Հայկական գիտական պարբերականների վարկանիշային տեղերի 2009-2010թթ. համեմատական վերլուծության գծապատկեր
Այսպիսով, ինքնահղումները, մի կողմից, կարող են վկայել գիտական աշխատանքի շարունակական բնույթի, մյուս կողմից` նեղ մասնագիտական պարբերականների թվի սահմանափակ լինելու մասին. վերջինիս արդյունքում էլ ինքնահղում կատարելը դառնում է անհրաժեշտություն:
Մեր կողմից իրականացվել է նաև հայկական գիտական ամսագրերի վարկանիշային տեղերի (RANK) 2009-2010թթ. համեմատական վերլուծություն, որի արդյունքները պատկերված են Նկար 4-ում: Ինչպես տեսնում ենք, դրական տեղաշարժ ըստ իրենց գրաված տեղերի նկատվում է միայն 4 ամսագրերում՝ «Աստղաֆիզիկա», «ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր (տեխ. գիտ. սերիա)», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր Մեխանիկա» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր Մաթեմատիկա» ամսագրերում, որոնք 1 տարվա ընթացքում կարողացել են գրավել ավելի բարձր դիրքեր:
Մեր կողմից իրականացված վերլուծության արդյունքները, ինչպես նաև միջազգային փորձի քննությունը [5] հիմք են տալիս ձևակերպել պարբերականի հեղինակության, ցիտվածությունը բարձրացնելու վերաբերյալ հետևյալ առաջարկները: Ընդ որում, դրանք բերում ենք դասակարգված՝ ըստ ժամանակակից գիտական պարբերականի աշխատանքային ցիկլի հիմնական փուլերի:
1. Հեղինակների ակտիվ ներգրավում
Այս փուլում վճռական նշանակություն ունի առավել հայտնի, հեղինակավոր և շատ հղումներ ստացած հեղինակների ներգրավումը, որի համար անհրաժեշտ է`
2. Խմբագրական խորհրդի աշխատանքների կազմակերպում
3. Գրախոսության կազմակերպում
4. Խմբագրությունը պետք է`
Դեկտեմբեր, 2011թ.
1 Հայկական գիտական պարբերականների 2010թ. ԱԳ ամբողջական աղյուսակը ներկայացված է «Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի» ինտերնետային կայքում [2]: