• am
  • ru
  • en
Версия для печати
08.06.2018

ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2018


Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

ՀՀ-ում թավշյա հեղափոխության ընթացքում սոցիալական մեդիաներն ունեցան ամենակարևոր դերերից մեկը։ Հիմնական հաղորդակցամիջոցը ավանդական ԶԼՄ-ից տեղափոխվեց դեպի նորագույն տեխնոլոգիաներ, ուղիղ եթերներ սոցիալական հարթակներում։ Նույնիսկ օնլայն լրատվականներն այդքան մեծ ազդեցություն չունեցան տվյալ ժամանակահատվածում։

Բնականաբար, Հայաստանի թիվ 1 սոցիալական ցանցը՝ Ֆեյսբուքը, որն ունի ամենամեծ լսարանը, ամենահիմնական հարթակն էր, որտեղ ծավալվում էին քննարկումները և տարածվում էին նյութերը։ Ավելին, վերջին ամսվա ընթացքում հայաստանյան Ֆեյսբուքի լսարանը մոտ 10% աճ ունեցավ․ 1 մլն 100 հազ. ակտիվ օգտատերից մինչև 1 մլն 200 հազ. ակտիվ օգտատեր1։

Ինչպես հետևում է, օրինակ, հոդվածի հեղինակի Թվիթերի հաշվի (https://twitter.com/Kornelij) այցելությունների դինամիկայից, ապրիլի 15-ից հետո նկատվում է գրառումների դիտումների կտրուկ աճ (տե՛ս Նկար 1).


Գերակտիվ էր նաև Ինստագրամը։ Այստեղ լսարանը հասնում է ֆեյսբուքյան լսարանի կեսին․ 560 հազ. ակտիվ օգտատեր։ Սակայն այս լսարանն ավելի երիտասարդ է, մոտ 80%-ը կազմում են մինչև 35 տարեկան երիտասարդները։

Կտրուկ ավելացել էր նաև Թվիթերի լսարանը. սոցցանցի յուրահատկություններից մեկն այն է, որ հարթակն ավելի բաց է որոնումների համար, և ընթերցողների զգալի մասն արտասահմանցիներ են, որոնց հետաքրքրում է Հայաստանի ներքաղական կյանքը (տե՛ս Նկար 1, 2):


Սակայն ամենահեղափոխականը տեղեկատվական հոսքերում ուղիղ եթերների գերակշռումն էր։ Հիմնական լսարանը միտված էր օգտվելու Ֆեյսբուքի և Յութուբի ուղիղ եթերներից։

Որպես հետևանք՝ ինտերնետ կապը ծայրահեղ ծանրաբեռնված է աշխատել, սպառումը, ըստ պրովայդերների, գերազանցել է բնական վիճակի 300%-ը․ «Թրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է թրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին թրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինը մոտ 300%-ով»2։

Հիմնական լրատվամիջոցները, որոնք իրականացրել են ուղիղ եթերներ ապրիլ-մայիսի ընթացքում, իրենց ողջ պատմության մեջ ամենադիտված տեանյութերն են արձանագրել այդ ժամանակահատվածում (տե՛ս Նկար 3-5).



Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ուղիղ եթերներին, ապա այս գործիքն օգտագործվում էր բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Իհարկե, ամենաազդեցիկ ֆեյսբուքյան էջն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանինն էր (տե՛ս Նկար 6):

Ավելին, Փաշինյանի ուղիղ եթերները ռեկորդային դիտումներ էին գրանցում Հայաստանի համար։ Նորանշանակ վարչապետի ուղիղ եթերը Բաղրամյան 26-ից դիտվել է մեկ միլիոն անգամ, ինչը հայաստանյան Ֆեյսբուքի հատվածի համար աննախադեպ է (տե՛ս Նկար 7):


Թավշյա հեղափոխությունը նոր ձևաչափեր ստեղծեց Հայաստանի սոցիալական մեդիաների, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվական դաշտում, ինչի հետևանքներն ավելի ցայտուն կերևան մոտ ապագայում, երբ նոր մոտեցումները դառնան առօրեական։

1 Ֆեյսբուքի գովազդային հարթակի տրամադրած տվյալներն են։

2 Հայաստանում ապրիլի 13-ից արձանագրվել է ինտերնետային թրաֆիկի սպառման կտրուկ աճ, https://www.azatutyun.am/a/29206587.html



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր