• am
  • ru
  • en
Версия для печати
07.12.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական

Ադրբեջանի արտաքին քաղաքականության որոշակի փոփոխություններն1 իրենց ազդեցությունն են թողնում նաև ներքաղաքական դիսկուրսի վրա, իսկ Արևմուտքի հասցեին հնչող քննադատություններում նկատվում են Ադրբեջանի բաղձալի երազանքների իրագործմանը խոչընդոտող ուժի կերպարի ստեղծման տարրեր: Մասնավորապես, ս.թ. հոկտեմբերի 7-ին ԱՀ կառավարության՝ երկրի վերջին 9 տարիների սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված նիստում Ի.Ալիևը խստորեն քննադատել է Արևմուտքին՝ մեղադրելով նրան Ադրբեջանի, մահմեդական աշխարհի, արաբ փախստականների հանդեպ «երկակի ստանդարտներ» կիրառելու, ԼՂՀ անկախության ճանաչման նպատակով Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և «հինգերորդ շարասյանն» աջակցություն ցուցաբերելու մեջ: Ի.Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը վերահաստատել է իր ղեկավարի դժգոհությունները՝ նշելով, որ «իր հողերը ցանկացած գնով ազատագրելու Ադրբեջանի հայտարարություններն ամեն անգամ բախվում են միջազգային ուժերի բողոքներին»: Ի դեպ, Ի.Ալիևը նշված ելույթում ընդհանրապես չի անդրադարձել նիստի գլխավոր թեմային՝ խուսափելով ԱՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ տալուց:

Այն փաստը, որ 2008-ից ի վեր անցկացվող խոշոր համապետական ընտրություններից և հանրաքվեներից առաջ ԱՀ իշխանություններն ուժեղացնում են քննադատությունն Արևմուտքի հասցեին, տեղի որոշ փորձագետների թույլ է տալիս ենթադրել, որ Ի.Ալիևը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Նախորդ դեպքերում Արևմուտքի քննադատության ուժգնացումը հիմնականում նպատակ է ունեցել նվազագույնի հասցնել արևմտյան կառույցների վերահսկողությունն ընտրական գործընթացների նկատմամբ, սահմանափակել ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը վերջինիս կողմից ցուցաբերվող հնարավոր աջակցությունը:

Պետական համակարգի կառուցվածքային փոփոխություններն (համաձայն սահմանադրական վերջին փոփոխությունների) իրականացնելու համար Ի.Ալիևը կառավարությանը հանձնարարել է 6 ամսվա ընթացքում պատրաստել համապատասխան օրենսդրական նախագծեր, ինչը նշանակում է, որ ԱՀ փոխնախագահների ինստիտուտը կգործի նվազագույնը միայն կես տարի հետո: Ի դեպ, որպես ԱՀ առաջին փոխնախագահի հավանական թեկնածու արդեն շրջանառության մեջ է դրվել Մեհրիբան Ալիևայի անունը, առաջարկել է «Հանուն հայրենիքի» շարժումը, որը կապվում է ԱՀ նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ:

Մարդու իրավունքներ. Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը վերսկսել է բռնաճնշումներն իր քննադատների և անկախ խմբերի նկատմամբ: HRW Հարավային Կովկասի տնօրեն Գ.Գոգիան նշել է, որ տարվա սկզբում որոշ իրավապաշտպանների ազատ արձակումը թույլ էր տվել հուսալ, որ իրավիճակն Ադրբեջանում փոխվում է, սակայն լավատեսությունը շուտ մարեց, քանի որ ԱՀ իշխանությունները շարունակում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները և բռնաճնշումները քաղաքական ակտիվիստների, լրագրողների և այլախոհների նկատմամբ: HRW-ը կոչ է անում ԱՄՆ-ին և ԵՄ-ին սահմանափակումներ մտցնել Ադրբեջանի բարձրաստիճան այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատվություն են կրում շարունակվող բռնաճնշումների համար:

ԱՀ-ում մարդու իրավունքների խնդրահարույց վիճակին անդրադարձել է նաև մեկ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն: «Freedom House»-ը հայտարարություն է տարածել ԱՀ իշխանություններին ընդդիմադիր և Բեռլինից հեռարձակվող համացանցային Meydan.Tv հեռուստաընկերության հետ համագործակցող լրագրողների` Այնուր Էլգյունեշի և Սևինջ Օսմանգիզի հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՀ իշխանությունները շարունակում են հետապնդել անկախ լրատվամիջոցներին, լրագրողների վրա կատարված հարձակումները չեն հետաքննվում և մեղավորները պատասխանատվություն չեն կրում, ինչը ծնում է անօրինականության մթնոլորտ:

Իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային կոալիցիան իր հերթին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ գործադրվող ճնշումների կապակցությամբ և ԱՀ կառավարությունից պահանջել է 4 ամսվա ընթացքում չեղարկել օրենսդրական այն սահմանափակումները, որոնք կազմալուծում են քաղաքացիական հասարակության գործունեությունը: Կոալիցիան նշում է, որ ԱՀ նախագահի վերջին հրամանագրերը, որոնք իբր ուղղված են ազատականացմանը և ժողովրդավարացմանը, գնահատվում են որպես կոսմետիկ և անլուրջ:

Կրոնական. Մարդու իրավունքների ոտնահարումների համապատկերում Ադրբեջանում առավել ցայտուն են կրոնական այլախոհության նկատմամբ գործադրվող ճնշումները, քանզի քաղաքական և քաղաքացիական ուժերի տոտալ վերահսկողության պայմաններում այն դեռևս պահպանում է որոշակի ինքնուրույնություն: Մահմեդական աշխարհում նշվող Աշուրի օրվա (այս տարի նշվել է հոկտեմբերի 11-ին ) նախաշեմին Ադրբեջանի իրավապահ մարմիններն անցկացրել են մի շարք «կանխարգելիչ» միջոցառումներ. թալիշական Լենքորան քաղաքում իրականացվել են կրոնական գործիչների զանգվածային ձերբակալություններ (20 մարդ), Նարդարան ավանում առգրավել են մի քանի ինքնաձիգ, իսկ Բաքվի արվարձաններից մեկում գտնվող խանութից բռնագրավել են արգելված գրականություն և Աշուրի օրվա համար նախատեսված կրոնական ապրանքներ:

Այս տարվա ընթացքում Նարդարան ավանի շիա մահմեդականների նկատմամբ ԱՀ իշխանությունների բռնաճնշումների վերաբերյալ «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական ալյանսի իրականացրած հետազոտության համաձայն, Նարդարանում ձերբակալություններն իրականացվել են երեք փուլով, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել են մոտ 200 հավատացյալ և կրոնական գործիչ, որոնցից 87-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Նրանց մեծ մասը ենթարկվել է կտտանքների, իսկ «Մահմեդական միություն» շարժման առաջնորդ Թալե Բաղիրզադեից պահանջել են ընդունել, որ Նարդարանի բողոքները կազմակերպվել են Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի և Իրանի հատուկ ծառայությունների կողմից: Շինծու գործերի շրջանակներում ձերբակալվածները մեղադրվել են ծանր հանցագործությունների (կանխամտածված սպանություն, ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ, իշխանության բռնի գրավում, կրոնական ատելության և թշնամանքի սերմանում և այլն) կատարման մեջ:

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական ալյանսի նախագահ Օքթայ Գյուլալիևը ԱՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ու.Սոլեյի հետ հանդիպման ընթացքում նույնպես անդրադարձել է հավատացյալների նկատմամբ ԱՀ իշխանությունների կողմից գործադրվող առանձնակի ճնշումներին՝ նշելով, որ Ադրբեջանում առկա մոտ 200 քաղբանտարկյալից 150-ը կրոնական գործիչներ են:

Գնահատելով Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ Իսլամական համագործակցության երկրներում ԱՀ նախկին դեսպան Արիֆ Մամեդովը նշել է, որ այսպիսի անօրինություններ հավատացյալների նկատմամբ չեն կիրառվել անգամ ստալինյան բռնաճնշումների ամենադաժան տարիներին: Ա.Մամեդովի կարծիքով, այս ամենի արդյունքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակն անպայման կբռնկվի` իշխանությունների համար ծանր հետևանքներով:

Հարկ է նշել, որ ԱՀ իշխանությունները կրոնական շարժումների գործունեության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնում են նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով: Խստացվում են պատժաչափերը կրոնական թշնամանքի և քարոզչական ծայրահեղականության հիմքի վրա ԱՀ սահմանադրական կարգի փոփոխությանն ուղղված բռնի գործողությունների, կրոնական այս կամ այն շարժմանն անդամագրվելու կամ կրոնական ծեսերին մասնակցելու պարտադրանքի համար: Արգելվում է հասարակական վայրերում կամ պաշտամունքային վայրերից դուրս հնչեցնել կրոնական կարգախոսներ, ցուցադրել կրոնական դրոշներ և ատրիբուտներ:

Կասկած չկա, որ օրենսդրական այս խստացումները ԱՀ իշխանությունները կօգտագործեն կրոնական ոչ իշխանական գործիչների նկատմամբ հարուցվելիք շինծու գործերի շրջանակներում:

Տնտեսական. Ամսական կտրվածքով մենք պարբերաբար անդրադարձել ենք Ադրբեջանից օտարերկրյա ընկերությունների հեռանալու դինամիկային՝ այն համեմատելով 1990-ականների վերջերի հետ, երբ նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանից հեռացել են այդպիսի հարյուրավոր ընկերություններ: Շարունակվող միտումների մասին են վկայում ԱՀ հարկերի նախարարության հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ այս ամսվա ընթացքում Ադրբեջանից հեռացել են արտերկրյա Neu Dynasty International Group Ltd., Ivor Promotions LLP և Arcontrans LLP ընկերությունները: Ըստ ԱՀ Վիճակագրության պետական կոմիտեի, ընդհանուր առմամբ 2015թ. Ադրբեջանից հեռացել են 71, իսկ 2016թ. առաջին կիսամյակում` 45 արտերկրյա ընկերություն: Ըստ տեղի փորձագետների, պատճառը միայն նավթի գնանկումը չէ, այլ նաև կոռուպցիան և մենաշնորհները, սակայն վերջին տարիներին դրանց են միացել նաև տնտեսական ճգնաժամը, մանաթի արժեզրկումը և բնակչության գնողունակության անկումը: Որոշ արտերկրյա ընկերություններ գերադասում են Ադրբեջանի իրենց գործընկերների հետ աշխատել տարածաշրջանային բյուրոների միջոցով, որոնց մեծ մասը գտնվում է Թբիլիսիում:

Նվազել են նաև տնտեսությունում արվող ներդրումները. ԱՀ Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների համաձայն, 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, այն կազմում է մոտ 27%:

Մանաթ. Այս ամիս կրկին Ադրբեջանը զերծ չմնաց մանաթի վայրիվերումներից, բանկային սահմանափակումներից և դոլարային ինտերվենցիաներից: Մի քանի շաբաթվա կայունությունից հետո մի շարք բանկեր նորից դադարեցրել են ԱՄՆ դոլարի վաճառքը կամ սահմանափակել վաճառվող արտարժույթի ծավալները: Անցած ամիս, երբ մանաթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել էր 1,8-ի (սև շուկայում այն շատ ավելի բարձր էր), ԱՀ ԿԲ-ն և Նավթային պետական հիմնադրամը (SOFAZ) շուկա նետեցին ռեկորդային ծավալի ԱՄՆ դոլար` $300մլն, որը մի քանի անգամ գերազանցում էր պահանջարկը: Այս աննախադեպ ինտերվենցիան փաստորեն մանաթի կայունությունն ապահովեց ընդամենը երեք շաբաթով: Մանաթի նոր ցնցումների պատճառով արտարժույթի վաճառքն այս ամիս կրկին դադարեցրել են Bank VTB, Bank Respublika, Naxçıvanbank, Kapital Bank», «Azər-Türk Bank», «AFB Bank», «Ziraat Bank Azərbaycan», «Pakistan Milli Bankı» (պակիստանյան բանկի Բաքվի մասնաճյուղը) և «Paşa Bank» բանկերը: Եվ նորից օգնության հասավ SOFAZ-ը` շուկա հանելով աննախադեպ չափի արտարժույթ (ԱՄՆ դոլար):

Ինչպես վկայում են ԱՀ ԿԲ վիճակագրական տվյալները, մանաթի կայունությունն արհեստականորեն պահպանելու քաղաքականության արդյունքում շարունակում են կրճատվել ԱՀ ԿԲ արտարժութային պահուստները: Ս.թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում այն նվազել է $59,8 մլն-ով (1,43%)՝ հոկտեմբերի 1-ին կազմելով մոտ $4,1մլրդ, ինչը ս.թ. հունվարի 1-ի տվյալների համեմատ պակաս է 17,6%-ով:

Մի շարք փորձագետների կանխատեսումների համաձայն, 2016թ. վերջին մանաթը կենթարկվի նոր ուժեղ ցնցման: Մասնավորապես, ԱՄՆ Duke համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ի հիմնավորումն այդ պնդման, բերում է հետևյալ փաստարկները: Խոշոր կոմերցիոն Bank Standard-ի լուծարման և նրա ապահովագրված ավանդների վերադարձի արդյունքում շուկայում կհայտնվի մոտ 150 մլն մանաթ, որը կստեղծի ԱՄՆ դոլարի լրացուցիչ պահանջարկ: Բացի դրանից, SOCAR-ի պարտատոմսերի դուրսհանումը ներքին շուկայից կրճատում է դոլարային առաջարկը: Մանաթի արժեզրկման սպասումներն ամրապնդվում են նաև բյուջետային փոխանցումների կրճատման ճանապարհով SOFAZ-ի եկամուտների տնտեսման քաղաքականությամբ: Արդյունքում՝ կկրճատվեն SOFAZ-ի դոլարային ինտերվենցիաների հնարավորությունները, կնվազի շուկայում դոլարի առաջարկը: Նշված փաստարկներից զատ, արտաքին պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տարվա վերջին ավելանում է արտարժույթի պահանջարկը:

Ադրբեջանի Կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի նախագահ Նարիման Աղաևը նույնպես կարծում է, որ չնայած մանաթի հարաբերական կայունությանը, ադրբեջանական ազգային արժույթին չի հաջողվի խուսափել արժեզրկումից, որի համար առկա են տնտեսական բոլոր նախադրյալները:

Էներգետիկ նախագծեր. Տնտեսական վերլուծություններում մասնագիտացած ճապոնական Nikkei Asian Review պարբերականն անդրադարձել է ԱՀ Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) և Նավթային պետական ընկերության (SOCAR) քաղաքականությանը նավթի ցածր գների պայմաններում: Պարբերականը նշում է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում արտերկրում, սակայն նավթի ցածր գները և արժեթղթերի գերցածր եկամտաբերությունը սպառնալիքի տակ են դնում SOFAZ-ի և SOCAR-ի ֆինանսները: Ըստ ճապոնացի տնտեսագետների, SOFAZ-ը ներկա իրավիճակում մտադիր է ներդրումներ կատարել առավել ռիսկային արժեթղթերում, որոնք կարող են ապահովել բարձր եկամտաբերություն: SOFAZ-ի փոխտնօրեն Ի.Մամեդովը պարբերականին տված հարցազրույցում հավաստել է, որ հիմնադրամն առկա միջոցների 15%-25%-ը պատրաստվում է ներդնել արժեթղթերի շուկայում և մասնավոր բաժնետիրական ընկերություններում: Հատուկ տեղ է հատկացվում SOCAR-ի պլաններին, մասնավորապես Մալթայում գազի էլեկտրակայանի շինարարության և Թուրքիայում խոշոր նավթապահեստարանի գնման նախագծերին: Ընդհանուր առմամբ, նշվում է, որ ընկերության ներդրումները Թուրքիայում գլխավոր տեղ են զբաղեցնում ԱՀ ռազմավարությունում՝ մեջբերելով Ի.Ալիևի խոսքերը, որ առաջիկայում Թուրքիայում արված ադրբեջանական ներդրումները կհասնեն $20 մլրդ-ի: Nikkei Asian Review-ի կարծիքով, հարմարավետ զգալու համար Ադրբեջանին անհրաժեշտ է, որ նավթի գները լինեն նվազագույնը $60-ի սահմաններում:

1 Տե՛ս ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ), http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15205


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր