• am
  • ru
  • en
Версия для печати
31.08.2016

ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ


Իսրայելական պաշտպանական ընկերությունները

Իսրայելն աշխարհի զարգացած ռազմարդյունաբերական համալիր ունեցող երկրներից մեկն է։ Մինչ Իսրայել պետության հիմադրումը՝ 1948թ., գործում էին հրեական պաշտպանական նշանակության որոշ ընկերություններ, որոնք մասնագիտացած էին սպառազինությունների մշակման և արտադրման գործում։

Իսրայելի ռազմարդյունաբերության ոլորտի պետական խոշոր ընկերություններից կարելի է առանձնացնել 3 կորպորացիա՝ Israel Aerospace Industries, Israel Military Industries և գիտաարտադրական «Ռաֆայել» վարչությունը (Rafael Armament Development Authority of Israel)1։

Israel Aerospace Industries (IAI) պաշտպանական ընկերությունը հիմնադրվել է 1953թ., մասնագիտացած է ավիացիոն-տիեզերական, պաշտպանական արտադրության ոլորտներում։ Ընկերության գործունեությունն իրականացվում է հրթիռատիեզերական և ավիացիոն տեխնիկայի, ՀՕՊ համակարգերի, էլեկտրոնային-օպտիկական, էլեկտրամեխանիկական սարքավորումների ոլորտում հետազոտությունների կազմակերպման, մշակման, արտադրության, սպասարկման և վաճառքի ուղղություններով։ Կազմակերպությունն արտադրում է նաև ռազմական և քաղաքացիական ավիատիեզերական ապարատներ, արբանյակներ։ Աշխատակիցների թվաքանակը՝ մոտ 16.000։

Ընկերության դուստր կազմակերպություններից է ELTA Systems-ը։ Տարբեր տվյալներով՝ Israel Aerospace Industries ընկերության վաճառքի ծավալները կազմում են տարեկան ավելի քան $3,3 մլրդ։ Արտադրանքի շուրջ 80%-ն արտահանվում է համաշխարհային շուկա, 20%-ը բաժին է ընկնում ներքին սպառմանը։ Ընդ որում՝ ընկերության ողջ արտադրանքի 65%-ը ռազմական նշանակության արտադրանք է։ Իրականացնում է նաև ավիացիոն տեխնիկայի տարբեր տեսակների մշակման և արդիականացման աշխատանքներ։ Մասնագիտացած է նաև ավելի քան 1 տասնյակ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման, արտադրության ոլորտներում։ Ընկերությունն արտադրում է հետևյալ տեսակի ԱԹՍ-ները.

  • IAI E-HUNTER — տակտիկական, հետախուզական ԱԹՍ
  • RQ-5 Hunter — տակտիկական, հետախուզական ԱԹՍ
  • IAI Eitan — ծանր հետախուզական և հարվածային ԱԹՍ
  • IAI HARPY — հակառադիոլոկացիոն ԱԹՍ
  • IAI RANGER — տակտիկական, հետախուզական ԱԹՍ
  • IAI Scout — տակտիկական, հետախուզական ԱԹՍ
  • IAI SEARCHER — տակտիկական, հետախուզական ԱԹՍ
  • IAI SEARCHER II — տակտիկական, հետախուզական ԱԹՍ
  • IAI, RUAG, Oerlikon ADS 95 RANGER — հետախուզական ԱԹՍ
  • IAI Heron — հեռահար հետախուզական ԱԹՍ
  • IAI Bird-Eye 400 — փոքր ԱԹՍ
  • Ghost — գերփոքր տակտիկական հետախուզական ԱԹՍ։

Israel Aerospace Industries-ը հայտնի է նաև ռմբակոծիչների, հրթիռային սպառազինության նախագծմամբ և արտադրությամբ։ Դրանցից են.

Ռմբակոծիչներ

  • IAI Nesher;
  • IAI Kfir «Кфир» — բոլոր եղանակային պայմանների համար բազմանպատակային ռմբակոծիչ

Հրթիռային սպառազինություն

  • IAI Jumper — տակտիկական հրթիռային համակարգ

Israel Military Industries (IMI) ընկերությունն Իսրայելի խոշոր պետական պաշտպանական կորպորացիաներից մեկն է, մասնագիտացած է սպառազինությունների համակարգերի, զինամթերքի, հրթիռային համակարգերի և զրահատեխնիկայի արտադրության մեջ։ Հիմնադրվել է 1933թ.՝ մինչև Իսրայել պետության ստեղծումը, հանդիսանալով տարածաշրջանում սպառազինությունների արտադրության առաջին արտադրողը։ Մինչև 2013թ. մասնավոր կազմակերպություն էր, և միայն 2013թ. Իսրայելի կառավարությունը հաստատեց կոնցեռնի սեփականաշնորհման մասին համաձայնագիրը։

Ընկերությունն ունի 3800 աշխատակից։ Արտադրանքի ավելի քան 60%-ն արտահանվում է միջազգային շուկա։ Ընդ որում՝ դրա միայն 10%-ն է քաղաքացիական նշանակության։ Արտադրում է հրաձգային և հրետանային սպառազինություն, զրահատեխնիկա, ռազմամթերքի բոլոր տեսակները, հրթիռային համակարգերի արձակման կայաններ, կառավարման համակարգեր, ռադիոէլեկտրոնային տեխնիկա և այլն։

Rafael Armament Development Authority of Israel ընկերությունն Իսրայելի սպառազինությունների արտահանման խոշոր կազմակերպություններից է։ Հիմնադրվել է 1948թ. և սկզբնական շրջանում կրում էր HEMED անունը, 1958թ. վերանվանվեց RAFAEL:

2010թ. վիճակագրությամբ՝ կազմակերպության՝ վաճառքից ստացված ընդհանուր եկամուտները կազմում էին $1,056 մլրդ։ Այն ներառվել է զենքի ոլորտում ներգրավված աշխարհի խոշոր 100 կազմակերպությունների ցուցակում՝ զբաղեցնելով 49-րդ դիրքը՝ ըստ վաճառքից ստացված շահույթի2։ Ընկերության հետազոտությունների հիմնական ոլորտներից են հրթիռային և ավիացիոն տեխնոլոգիաները, ՀՕՊ համակարգերը, տակտիկական հրթիռային զինատեսակները։

Իսրայելական Aeronautics Defense Systems Ltd. (նախկինում՝ NETS Integrated Avionics Systems) ընկերությունը հիմնադրվել է 1997թ.։ Մասնագիտացած է սպառազինությունների համակարգերի և միջոցների, մասնավորապես՝ ռազմական և առևտրային ԱԹՍ-ների, անվտանգության ապահովման համակարգերի մշակման և արտադրման մեջ։ Իրականացնում է նաև խորհրդատվական ծառայություններ։ Հիմնականում գործունեությունն ուղղված է արտաքին շուկային։ 2012թ. մայիսի դրությամբ ընկերության արտադրած ԱԹՍ-ները մատակարարվել էին աշխարհի 14 պետությունների։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Իսրայելի Յավնե քաղաքում։

Ընկերության արտադրած ռազմական նշանակության ԱԹՍ-ներից կարելի է առանձնացնել Defense Dominator, Aerostar, Aerolight, Orbiter, Seastar տեսակները։

Ընկերությունը նախագծել և արտադրել է կառավարման, հետախուզության, դիտարկման և թիրախների խոցման հետևյալ միջոցները.

  • ցամաքային համակարգեր (Ground ISR Solutions, GISR)
  • օդային համակարգեր (Aerial ISR Solutions (AISR)
  • ԱԹ համակարգեր
  • Կառավարման ցամաքային կենտրոն (GCS) և այլն3։

Elbit Systems իսրայելական պաշտպանական ընկերությունը հիմնադրվել է 1967թ., մասնագիտացած է էլեկտրահաղորդակցության, հեռահաղորդակցության, ավիացիայի և ռազմական այլ ոլորտներում։ Իրականացնում է պաշտպանական ոլորտի սպառազինությունների՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, ԱԹՍ-ների, ռադիոլոկացիոն կայանների արտադրություն, ինչպես նաև ավիացիայի, ռադիոլոկացիոն համակարգերի, հրետանային համակարգերում դիտարկման և հրթիռային տեխնիկայի մշակումներ։

Դուստր ձեռնարկություններից են Elbit Systems of America-ն, Tadiran Communication Ltd.-ն, Electro-Optics Elop Ltd.-ն, Elisra-ն և այլն4։

Elbit Systems-ը զգալի հաջողություններ է արձանագրել նաև խորհրդային մարտական հնացած տեխնիկայի տեսակների արդիականացման ուղղությամբ։

Ընկերությունը տեղակայվում է Հայֆա քաղաքում։ Հիմնական գործընկերներից են Եվրոպայի և ԱՄՆ ընկերությունները։ 2010թ. վիճակագրությամբ՝ ընկերության եկամուտները կազմել են $2 մլրդ 670 մլն։

ELTA Systems Ltd իսրայելական ընկերությունն արտադրում է պաշտպանական արտադրանք, մասնագիտացած է ռադիոլոկացիոն միջոցների, ռադիոկապի, ռադիոէլեկտրոնային հետախուզության, ռադիոէլեկտրոնային հակազդման ոլորտներում։ Ինչպես նշվեց, Elta-ն իսրայելական խոշոր ընկերություններից մեկի՝ Israel Aerospace Industries ընկերության դուստր կազմակերպությունն է։ Հիմնադրվել է 1967թ.։ 2006թ. վաճառել է $805 մլն ընդհանուր արժողությամբ պաշտպանական արտադրանք, որի 90%-ն արտահանվել է աշխարհի ավելի քան 50 երկիր։

Tadiran Ltd. իսրայելական ընկերությունը հիմնադրվել է 1958թ.՝ Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի կազմում։ Արտադրանքի հիմնական մասն արտահանվում էր ԱՄՆ շուկա։ Այն իրականացնում էր ռազմական նշանակության հեռահաղորդակցային տեխնիկայի, կապի միջոցների, սնուցման տարբեր տարրերի արտադրություն։ Հետագայում կոնցեռնի ենթաբաժինները վաճառվեցին մաս առ մաս։ Tadiran Communications Ltd ենթակառուցվածքը, որը զբաղվում էր ռազմական նշանակության ապարատների և սարքավորումների արտադրությամբ, 2008թ. հունիսի 1-ին վաճառվեց Elbit Systems ընկերությանը5։

Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցության հարցի շուրջ

Վերջին տասնամյակում Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է արագ տեմպերով։ Մեր հարևան պետության զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման գործընթացին վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվել են իսրայելական խոշոր պաշտպանական ընկերություններն ու կազմակերպությունները։ Հատկապես շատ է խոսվում իսրայելական արտադրության տարբեր տեսակի ԱԹՍ-ների մասին, որոնք ադրբեջանական կողմն ակտիվորեն կիրառեց ս.թ. ապրիլյան պատերազմի ընթացքում։

Հայտնի է, որ ԱԹՍ-ների նախագծման և արտադրության ոլորտում Իսրայելն ունի միջազգային հեղինակություն, ինչի մասին խոսում են նաև ստորև բերված վիճակագրական տվյալները։ SIPRI ինստիտուտի տվյալներով՝ 2001-2011թթ. Իսրայելը վերահսկում էր ԱԹՍ-ների համաշխարհային շուկայի 41%-ը։ 2008թ. այդ երկիրն արտաքին շուկայում վաճառել է շուրջ $150 մլն ընդհանուր արժողության ԱԹՍ-ներ, իսկ արդեն 2009թ.՝ $650 մլն, 2010թ.՝ $979 մլն։ 2005-2013թթ. Իսրայելը ԱԹՍ-ներ է արտահանել աշխարհի տարբեր երկրներ՝ $4,6 մլրդ ընդհանուր արժողությամբ, ինչը կազմում է իսրայելական սպառազինության ընդհանուր արտահանման 10%-ը։

Իսրայելական ԱԹՍ-ների արտահանման վարկավորումն իրականացվում է որոշ դեպքերում ուղղակի (ինչպես, օրինակ, դեպի Գերմանիա, Նիդեռլանդներ, Կանադա), ինչպես նաև երրորդ կողմի միջնորդությամբ (օրինակ, Ինդոնեզիան այդ նպատակների համար որպես միջնորդ օգտվում է ֆիլիպինյան ընկերության ծառայություններից, Ֆինլանդիան՝ շվեյցարական)։

ԱԹՍ-ների գծով մասնագիտացած իսրայելական խոշոր ընկերություններն իրականացնում են նաև ուսուցման, վերապատրաստման և մասնագիտացման դասընթացներ արտաքին շուկայի ներկայացուցիչների համար։ Մասնավորապես, 1990թ. չինացի մասնագետներն իսրայելական տեխնոլոգիաների գծով Israel Aerospace Industries ընկերության շրջանակներում ուսուցման դասընթացներ անցան։

Առավել մանրամասն ներկայացնենք Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը։ Այսպես, 2004թ. Ադրբեջանի և Իսրայելի միջև ստորագրվեց պայմանագիր Թուրքիայում արտադրված իսրայելական սպառազինությունների Ադրբեջան մատակարարումների ապահովման վերաբերյալ։ Որոշ տվյալներով՝ 2008թ. երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի համաձայն, իսրայելական Soltam պաշտպանական ընկերությունը նախատեսում էր Ադրբեջանին ապահովել ականանետերի և ռազմամթերքի մատակարարումներով, Tadiran Communications ընկերությունը՝ կապի միջոցներով, Israel Military Industries-ը՝ հրթիռների և կառավարման համակարգերի լայն սպեկտրով։

2009թ. սեպտեմբերի կեսերին իսրայելական պաշտպանական Elbit Systems ընկերությունն Ադրբեջանում բացեց իր ներկայացուցչությունը և սկսեց ԱԹՍ-ների արտադրության համատեղ նախագիծ իրականացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության հետ։ Նշենք նաև, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում էր նման տեխնիկա արտադրել այդ ոլորտում համաշխարհային առաջատար Aeronautics ընկերության հետ։ Կողմերի միջև պայմանավորվածությունը ձեռք բերվեց 2009թ. հունիսին՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի գլխավորությամբ իսրայելական պատվիրակության Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

Aeronautics ընկերությունը նախատեսում էր Ադրբեջանում հիմնել սեփական ռազմարդյունաբերական գործարան։ Արդեն 2009թ. կեսերին Ադրբեջանում ԱԹՍ արտադրության հարցում ներգրավված էր 2 խոշոր իսրայելական ընկերություն։ Հարկ է նշել, որ 2009թ. հունիսին Շիմոն Պերեսի Ադրբեջան այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իսրայելական մեկ այլ պաշտպանական ընկերություն՝ Elta Systems Ltd-ն, համագործակցելու է Ադրբեջանի հետ արբանյակային համակարգի ստեղծման ոլորտում։

Ի դեպ, 2009թ. կեսերին իսրայելական այդ ընկերությունը հայտարարել էր TecSAR արբանյակի ստեղծման մասին, որը կրում է ռադար՝ սինթեզված սարքավորմամբ, ինչը թույլ է տալիս բարձրորակ պատկերներ ստանալ անկախ եղանակային պայմաններից: Հարկ է նշել, որ սա բավական արդյունավետ տեխնիկա է լեռնային տեղանքում ռազմական գործողությունների վարման համար։

Այցի ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել սկսել ևս մեկ համատեղ նախագիծ՝ իսրայելական «Նամեռ» տեսակի ՀՄՄ-ի հատուկ մոդիֆիկացման արտադրության նպատակով։ Այս զրահամեքենան հագեցած է զրահավորման նոր և բազմակի հնարավորություններով, որը թույլ է տալիս այն ամբողջովին պաշտպանել բոլոր կողմերից, այդ թվում և հատակի հատվածից։ Զրահամեքենայի առջևի հատվածում տեղադրված շարժիչն ապահովում է հավելյալ պաշտպանություն հակատանկային նռնակներից և հրթիռներից։ Զրահամեքենան կարող է տեղափոխել 12 մարդ, ունի գնդացիր և նռնականետ:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Ադրբեջանին նորագույն Տավոր (TAR-21) տեսակի ինքնաձիգների, Tadiran ընկերության արտադրած կապի համակարգերի, Soltam ընկերության արտադրած հաուբիցների և ռազմամթերքի, ինչպես նաև IMI պետկոնցեռնի արտադրած հրթիռահրետանային համակարգերի մատակարարումների մասին։

Անդրադառնանք իսրայելական արտադրության ATMOS 2000 տեսակի ինքնագնաց հրետանային կայանին։ Սա հաուբից է, որը նախատեսվում է կենդանի ուժի, հրետանային համակարգերի ոչնչացման, ինչպես նաև ականապատված դաշտերում անցումների կամ միջանցքների ապահովման համար։ Սկզբնական փուլում տվյալ հրետանային համակարգի մշակումն իրականացվում էր իսրայելական Soltam ընկերության կողմից, որը հետագայում դարձավ իսրայելական մեկ այլ պաշտպանական ընկերության՝ Elbit Systems-ի մասը։

Հատկանշական է, որ հրետանային այս համակարգը սկզբում նախատեսված էր արտահանման համար, միայն 2006թ. այն կիրառություն գտավ նաև Իսրայելի պաշտպանության բանակում։ Ներկայում այս համակարգից ունեն Ռումինիայի, Ուգանդայի, Թաիլանդի, Կամերունի, իսկ 2013թ. սկսած՝ նաև Ադրբեջանի զինված ուժերը (վերջինի պարագայում խոսվում էր M46 տեսակի (130մմ-անոց) 5 միավոր հրետանային համակարգի մասին)։

Նշենք, որ ATMOS 2000 հրետանային համակարգի արտադրության մեջ շեշտադրումը կատարվել է այդ համակարգի շարժունակության արդյունավետության բարձրացման վրա, այն հեշտ է բերվում մարտական պատրաստվածության վիճակի, անսարքությունների դեպքում դրանք կարելի է վերացնել հենց դաշտային պայմաններում։ ATMOS 2000 հաշվարկի կազմում ներառվում է 4-6 մարդ:

Ներկայացնենք նաև իսրայելական Rafael պաշտպանական ընկերության արտադրած Spike LR տեսակի հակատանկային հրթիռային համալիրը։ Բաց աղբյուրների համաձայն՝ 2009-2011թթ. Ադրբեջանի զինված ուժերը համալրվել են այս տեսակի 100 միավոր հակատանկային հրթիռային համալիրներով։ Spike LR տեսակի հակատանկային հրթիռային համակարգը 4-րդ սերնդի արտադրանք է՝ ինքնակառավարվող ջերմատեսանելիության համակարգով։

Spike LR համակարգը հեռահար մարտական զինատեսակ է, որը կարող է թիրախներ խոցել մինչև 4000 մ հեռավորության վրա և նախատեսված է ինչպես շարժական, այնպես էլ անշարժ թիրախների խոցման համար. զրահատեխնիկա, շինություններ, ինժեներական կառույցներ։ Spike LR համակարգը հեշտ կիրառելի է, արդյունավետ, ոչ ավելի, քան 1 րոպեում բերվում է մարտական պատրաստվածության վիճակի, զրահատեխնիկայում պայմանականորեն տեղակայված անձնակազմի կենդանի մնալը խոցման դեպքում հավասար է զրոյի։ Համակարգի հրթիռը թիրախավորում է նշանակետն ինքնուրույն, և օպերատորի կողմից մինչև խոցման պահը թիրախի ուղղորդում չի պահանջվում. ընդ որում՝ թիրախը կխոցվի նույնիսկ եթե արձակումից հետո այն անհետանա օպերատորի տեսադաշտից։

2013թ. պաշտոնական Բաքուն պատվիրել էր իսրայելական կողմին (արտադրող կողմը՝ RAFAEL ընկերություն, այլ իսրայելական պաշտպանական ընկերությունների հետ համատեղ) շուրջ 250 միավոր Spike NLOS («Non Line Of Sight», «տեսանելիության սահմաններից դուրս») տեսակի իսրայելական արտադրության բազմանպատակային էլեկտրաօպտիկական հակատանկային հրթիռային համակարգեր (ՀՏՀՀ)։ Ըստ տարբեր աղբյուրների, ադրբեջանական կողմն արդեն 2014-2015թթ. ձեռք բերեց շուրջ 80 միավոր ՀՏՀՀ։ Այս հրթիռային համակարգերը նախատեսված են զրահատեխնիկայի, պաշտպանված օբյեկտների և ինժեներական կառույցների, ինչպես նաև թշնամու մարդկային ուժի ոչնչացման համար։ Համակարգը կարող է տեղակայվել օդային, ծովային կամ ցամաքային համապատասխան կրող տեխնիկայի վրա։ Հարկ է նշել, որ Spike NLOS-ը կարող է թիրախավորել տվյալ նշանակետը ԱԹՍ-ի կամ արբանյակի միջոցով, կրում է թիրախավորման ֆիքսման սեփական համակարգ, ունի հեռակառավարման համակարգ, որն իրականացվում է պատկերի փոխանցման երկկողմանի էլեկտրաօպտիկական համակարգի միջոցով, ինչն էապես մեծացնում է համակարգի մարտական կիրառության հնարավորությունները։ Էլեկտրաօպտիկական կառավարման համակարգը հնարավորություն է տալիս ընտրել թիրախը, ստանալ հետախուզական տվյալներ և հստակեցնել թիրախը, հեռահար տարածության վրա հասնել գերճշգրիտ թիրախավորման արդյունքների։ 2011թ. այս համակարգի 1 հրթիռի արժեքը գնահատվում էր $145 հազ.։ Համակարգն առավել արդյունավետ կիրառվում է մինչև 25 կմ հեռահարության վրա։

Վերջին տարիներին T-72 «Ասլան» տեսակի տանկերն արդիականացվել են իսրայելական Elbit Systems պաշտպանական ընկերության կողմից։ Տանկերի վրա տեղադրվել են կրակի կառավարման համակարգ, GPS բազայի նավիգացիոն համակարգ, ջերմատեսանելիության սարքեր։ Տեսադիտարկման համակարգերը թույլ են տալիս մարտական գործողություններ իրականացնել ցանկացած կլիմայական պայմաններում, ինչպես նաև գիշերային ժամերին։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ 2012թ. Ադրբեջանն Իսրայելից և մասնավորապես Israeli Aerospace Industries (IAI) կորպորացիայից ձեռք բերեց $1,6 մլրդ արժողության ԱԹՍ-ներ և նորագույն ՀՕՊ համակարգեր։ Համաձայն ստորագրված վերոնշյալ պայմանագրի՝ նախատեսվում էր նաև իսրայելցի համապատասխան մասնագետների այցն Ադրբեջան՝ տեղի ուժայիններին համակարգերի աշխատանքների հետ ծանոթացնելու և ուսուցանելու նպատակներով։ Նշվում էր, որ 2012թ. ադրբեջանական կողմը կսկսի Aerostar և Orbiter-2M տեսակի ԱԹՍ-ների արտադրությունը։ Վերջինների արտադրությամբ զբաղվելու էր Baku's Azad Systemc Co. ընկերությունը, որը հիմնադրվել էր Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2012թ. նախատեսվում էր արտադրել շուրջ 60 ԱԹՍ։ Նշենք նաև, որ 2012թ. սկզբին լուրեր տարածվեցին նաև, որ IAI իսրայելական կոնցեռնը հիմնել է ԱԹՍ օպերատորների ակադեմիա, որտեղ կարող են ուսանել ինչպես Իսրայելի պաշտպանության բանակի, այնպես էլ այլ երկրների, այդ թվում և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները։ Մինչ այդ՝ 2008թ. կեսին, լուրեր տարածվեցին այն մասին, որ ադրբեջանական կողմը նախատեսում է իսրայելական Silver Arrow պաշտպանական ընկերությունից ձեռք բերել 10 միավոր բազմանպատակային հետախուզական Hermes-450 տեսակի ԱԹՍ, որոնք նախատեսված են դիտարկման, հետախուզության ու կրակի աջակցման ճշգրտման, ինչպես նաև մարտական գործողություններում հաղորդակցությունների աջակցման նպատակներով։

Ժամանակին Ադրբեջանը, վերը հիշատակված ԱԹՍ տեսակից բացի, ձեռք էր բերել նաև իսրայելական արտադրության Harop տեսակի ԱԹՍ, որը «ինքնասպան» ԱԹՍ է։ Նկատենք, որ այս տեսակն առաջին անգամ մարտական գործողություններում կիրառվել է ապրիլյան պատերազմում։ Այս ԱԹՍ-ն հետախուզական-հարվածային տեխնիկա է, որն արտադրել է իսրայելական խոշոր պաշտպանական Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը, ինքնուրույն է գտնումը թիրախը և ոչնչացնում այն։ Ցամաքային թիրախների ուղղությամբ հարձակման համար ԱԹՍ-ն ունի 15 կիլոգրամանոց մարտագլխիկ, օդում այն կարող է մինչև 6 ժամ փնտրել թիրախը։ Այս ԱԹՍ-ն կարող է օդում կիրառվել մեծ բարձրությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել տեսադաշտը և նվազեցնել տեսանելի դառնալու հավանականությունը։ Թիրախի հայտնաբերմամբ այն ընկնում է թիրախի վրա և ոչնչանում նրա հետ միասին։ Թիրախը չհայտնաբերելու պարագայում ԱԹՍ-ն վերադառնում է մեկնակետ։ Կարող է ղեկավարվել հեռվից կամ էլ թիրախավորվել ինքնուրույն՝ սեփական ռադարի օգնությամբ։ Harop-ը արդյունավետ միջոց է հակառակորդի ՀՕՊ համակարգերի դեմ պայքարելու համար, քանի որ դրա փոքր չափսերը հնարավորություն են տալիս խուսափել ցամաքային ռադարների կողմից հնարավոր հայտնաբերվելուց։ Ի դեպ, այս մոդելը մեկ այլ՝ Harpy տեսակի ԱԹՍ կատարելագործված տարբերակն է, որը հեռակառավարման հնարավորություն չուներ։

Harop-ը մշակվել է 2001-2005թթ.։ ԱԹՍ-ն առաջին փորձնական թռիչքն իրականացրել է 2003թ. աշնանը Նեգևի անապատի ռազմական օդանավակայանում։ Առաջին անգամ Haropy-ը ներկայացվել է 2009թ. Aero-India ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ ԱԹՍ թռիչքի հեռավորությունն ավելի քան 1000 կմ է, արագությունը՝ 185 կմ/ժ, քաշը՝ 135 կգ։

Այսօր դժվար է միանշանակ ասել, թե որ երկրներն են զինված իսրայելական Harop տեսակի նորագույն ԱԹՍ-ներով։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ դրանք նկատվել են Ուկրաինայում և Սիրիայում։ Միայն կարել է հաստատել, որ 2015թ. հունիսին, ինչպես հայտարարեց Israel Aerospace Industries պաշտպանական ընկերությունը, որը զբաղվում է դրանց արտադրությամբ, տարբեր պատվիրատուների վաճառվել են հարյուրավոր նման համակարգեր, և որ այս դրոններն ունեն սպառման մեծ պոտենցիալ։

Այսօր կարելի է հաստատապես ասել, որ ԱԹՍ-ները դարձել են ներկա ռազմական հակամարտությունների, մարտական գործողությունների անբաժանելի մասը, ամբողջ տեղեկատվությունը, հետախուզության ողջ սպեկտրը գալիս է գերազանցապես ԱԹՍ-ների օգնությամբ։ ԱԹՍ-ները, ինչպես նշում են ռազմական ոլորտի ներկայացուցիչները, փորձագետներն ու զինվորականները, առաջիկա 10-15 տարում սպառազինությունների համակարգերի զարգացման հիմնական միտումներից են։

Այս և սպառազինության այլ տեսակներ ներկայացված էին Բաքվում 2014թ. սեպտեմբերի 11-13-ին անցկացված ADEX-2014 առաջին ադրբեջանական միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին, որի կազմակերպումը «համընկավ» Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի Ադրբեջան կատարած առաջին այցելության հետ (ինչը ևս խորհրդանշական էր և խոսում էր երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության խորացման միտումների մասին)։ Խնդիրն այն է, որ ցուցահանդեսին ներկայացված էին նաև իսրայելական պաշտպանական առաջատար ընկերությունների արտադրանքն ու սպառազինությունները։

ADEX-2014 ցուցահանդեսին Ադրբեջանի պաշտպանության նախարար Յավեր Ջամալովը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ 2013թ. ռազմական նշանակության ադրբեջանական արտադրանքների արտահանումների ծավալը կազմել է շուրջ $123 մլն։ Նրա խոսքերով՝ 2013թ. ադրբեջանական արտադրության սպառազինության հիմնական գնորդներն են եղել Թուրքիան, Բելառուսը, Ռուսաստանը։

Ադրբեջանն իրականացնում է նաև իր երկրում համատեղ արտադրված ԱԹՍ-ների արտահանում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014թ. Ադրբեջանն արտահանել է 100 միավոր ԱԹՍ ՆԱՏՕ անդամ երկրներից մեկը. պայմանագրի մեջ ներառվում էր Orbiter-2M և Aerostar-BP տեսակի ԱԹՍ։ Դրանք երկուսն էլ իսրայելական խոշոր պաշտպանական Aeronautics Defense Systems, Ltd. ընկերության արտադրանքն են։ Այս սարքերն արտադրում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և իսրայելական ընկերության կողմից Բաքվում ստեղծված Azad Systems համատեղ ձեռնարկությունը։

2014թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության օպտիկա-մեխանիկական արտադրական միավորման «Ալով» գործարանում արտադրվում է 14 տեսակ պաշտպանական արտադրանք՝ օպտիկական ցերեկային նշանացույցեր, գիշերային տեսանելիության նշանացույցեր, ջերմատեսանելիության նշանացույցեր, նշանացույցեր հրաձգային 3 զինատեսակների համար։ Արտադրվում են նաև ցերեկային-գիշերային տեսանելիության օպտիկական նշանացույցեր, որոնք նախատեսված են նռնականետերի համար։

Գործարանի ներկայացրած պաշտպանական նշանակության արտադրանքում զգալի է իսրայելական ընկերությունների մասնակցությունը։ Գործարանը պատվիրատուներ ունի՝ ի դեմս թուրքական ASELSAN ընկերության, ՌԴ-ի, Ռումինիայի, Բելառուսի, Իրանի, Իսրայելի և այլ երկրների։

Պաշտոնական տվյալներով՝ գործարանը 2014թ. պատվերներ ուներ նաև հրաձգային զենքի համար նախատեսված ջերմատեսանելիության սարքերի արտադրության ոլորտում, որոնք նախատեսում էր արտադրել թուրքական ASELSAN ընկերության աջակցությամբ։

Տարբեր գնահատականներով՝ Ադրբեջանի ՀՕՊ ուժերը գրեթե 1/3 մասով համալրված են իսրայելական արտադրության ռազմական տեխնիկայով։ Հատկապես ուշագրավ են իսրայելական արտադրության Barak-8 (եբրայերենից թարգմ.՝ կայծակ) տեսակի զենիթահրթիռային համալիրը և «Երկաթյա գմբեթ» (եբր.՝ Կիպատ բարզել) տեսակի հակահրթիռային պաշտպանության համակարգը։

Ըստ որոշ գնահատականների՝ 1 միավոր Barak-8 տեսակի զենիթահրթիռային համակարգը $25 մլն արժե. այս համակարգից Ադրբեջանն ունի շուրջ 1 տասնյակ միավոր։

Առավել բարձր է հատկապես «Կիպատ բարզել» համակարգի արժեքը, որն օդային տարածքի պաշտպանության նորագույն համակարգերից է։ Ադրբեջանական կողմն ունի 1 տասնյակ միավոր «Կիպատ բարզել», որի ձեռքբերման և տեղադրման մասին պայմանավորվածությունը ստորագրվել է 2013թ.։

«Երկաթյա գմբեթը» հակահրթիռային պաշտպանության տակտիկական համակարգ է, նախատեսված է 4-70 կմ թռիչքային հեռավորությամբ չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու, ինչպես նաև մինչև 10 կմ բարձրության վրա ինքնաթիռների, ուղղաթիռների, ԱԹՍ-ների և բարձր ճշգրտությամբ կառավարվող տեխնիկայի դեմ պայքարելու համար։ Համակարգը մշակվել է իսրայելական RAFAEL և Israel Aerospace Industries պաշտպանական ընկերությունների կողմից 2005թ.։ Շահագործման է հանձնվել 2011թ.։ Համակարգի յուրաքանչյուր մարտկոց, որի արժեքը $50 մլն է, կարող է պաշտպանել 150 քռ/կմ տարածք6։

Barak տեսակի իսրայելական զենիթահրթիռային համալիրը նույնպես նախագծվել և արտադրվել է RAFAEL և Israel Aerospace Industries պաշտպանական ընկերությունների կողմից։ Barak-8 ՀՕՊ համակարգը ցամաքային համալիր է, նախատեսված է օդային սպառնալիքների, այդ թվում՝ ԱԹՍ-ների, թևավոր հրթիռների, ցամաք-ցամաք տեսակի հրթիռների լայն սպեկտրի հայտնաբերման և ոչնչացման համար՝ անկախ կլիմայական պայմաններից և օրվա յուրաքանչյուր ժամին։

Համալիրը կարող է պայքարել մինչձայնային և գերձայնային օդային թիրախների դեմ՝ տարբեր բարձրությունների ու հեռավորության վրա։ Սկզբում այն նախատեսված չի եղել հակահրթիռային պաշտպանության համար, սակայն կարող է իրականացնել տակտիկական բալիստիկ հրթիռների խոցման գործողություններ։

Ըստ ԶԼՄ տեղեկատվության՝ 2000-ականների կեսերին ադրբեջանական կողմը ձեռք բերեց իսրայելական արտադրության 160 մմ-անոց տրամաչափի LAR-160 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) 6 միավոր (որոշ լրատվական աղբյուրներ նշում են 10-ից ավելի միավոր)։ Համակարգը մշակվել է իսրայելական Israel Military Industries պաշտպանական ընկերության կողմից 1970-ականների վերջին և համալրել Իսրայելի ԶՈւ սպառազինությունը 1980-ականների սկզբին։ Համակարգի արձակած կրակի նվազագույն հեռավորությունը 7000-8000 մ է, առավելագույն հեռավորությունը՝ մինչև 45000 մ։

Ադրբեջանից բացի, իսրայելական արտադրության այս համակարգով համալրված են նաև Արգենտինայի, Վենեսուելայի, Վրաստանի, Ռուանդայի, Չիլիի ԶՈւ-երը։

Ներկայում Israel Military Industries պաշտպանական ընկերությունն իրականացնում է LAR-160 ՀԿՌՀ արդիականացման այլ տարբերակ. մեծացվում է կրակի արձակման հեռավորությունը, մշակվում են «կասետային մարտագլխիկներ» (հայտնի է DRADLAR անվամբ)։ Մշակվել է նաև այս համակարգի ծովային տարբերակը՝ NAVLAR, որը կարող է տեղադրվել փոքր նավերի վրա։ Նախագծերից մեկում նախատեսվում է LAR-160 ՀԿՌՀ հրետանային մասը կիրառել 2 չկառավարվող 350 մմ-անոց տրամաչափի ռեակտիվ հրթիռների արձակման համար, որոնք ունեն մինչև 80 կմ կրակի հեռավորություն7։

Իսրայելական Haaretz թերթի տեղեկատվության համաձայն՝ վերջին 4 տարիներին Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել $5 մլրդ ընդհանուր արժողության սպառազինություն8։

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տարեգրքի տվյալների համաձայն՝ 2009-2016թթ. Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել 110 միավոր Aerostar, Hermes-450, Heron-1, Orbiter-2M տեսակի ԱԹՍ-ներ, ինչպես նաև Barak-8 տեսակի զենիթահրթիռային համալիր՝ 9 միավոր (2016թ.), EL/M-2080 GreenPine տեսակի ՀՕՊ ՌԼԿ (ռադիոլոկացիոն կայան)՝ 2 միավոր (2015թ., 2016թ.), տանկեր, ՀՄՄ-եր (հետևակի մարտական մեքենա), ականանետեր և այլն9։

2010-2011թթ. ադրբեջանական կողմը ձեռք է բերել իսրայելական արտադրության 10 միավոր CARDOM (Computerised Autonomous Recoil rapid Deployed Outrange Mortar) 120 մմ ինքնագնաց ականանետեր (Soltam K6 տեսակի ականանետեր)։ Ականանետային այս համակարգի արտադրությունը սկսվել է 2000-ականների սկզբին Soltam Systems ընկերության կողմից, որը հետագայում կազմեց Elbit Systems կազմակերպության մի մասը։

Համալիրը կարող է տեղակայվել տարբեր տեսակի զրահատեխնիկայի մարտական հատվածում։ Ականանետային այս համալիրի մարտական առավելություններից առանձնացվում է հարթակի պտտման հնարավորությունը, ինչը թույլ է տալիս կրակ վարել բոլոր ուղղություններով։ Կարևոր առանձնահատկություններից է կրակի կառավարման թվայնացված համակարգի առկայությունը, ինչը թույլ է տալիս առավել ճշգրիտ հարվածներ հասցնել10։

Երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը չի սահմանափակվում սպառազինության մատակարարումներով։ Իսրայելական կողմը զգալի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի ԶՈւ սպայական կազմի վերապատրաստման և մասնագիտական հմտությունների կատարելագործման, ինչպես նաև իսրայելցի ռազմական ներկայացուցիչների կողմից պաշտպանական նշանակության ծառայությունների մատուցման ուղղությամբ, ինչը երկու երկրների ռազմական համագործակցության կարևոր բաղկացուցիչներից է։ Դրա մասին է վկայում նաև այն, որ ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդի կիրառած ԱԹՍ-ները հեռակառավարվում էին հենց իսրայելցի մասնագետների կողմից։

2008թ. բանակցություններ էին ընթանում Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության խորացման ուղղությամբ, խոսվում էր Ադրբեջանում իսրայելցի ռազմական հրահանգիչների կողմից վերապատրաստման հնարավոր դասընթացների կազմակերպման մասին։ Այս քննարկումները 2011թ. սկսած գործնական կիրառություն ստացան, ինչի արդյունքում իսրայելցի հրահանգիչները սկսեցին մասնակցել ադրբեջանցի զինծառայողների ուսուցման, վերապատրաստման գործընթացներին, ինչը նոր լիցք հաղորդեց երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը։

Ստորև ներկայացնում ենք Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներն Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ:

Հետևություններ

Իսրայել-Ադրբեջան ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ներկա միտումները ցույց են տալիս, որ երկկողմ համագործակցությունն այս ոլորտում ունի զարգացման մեծ պոտենցիալ և առաջիկա տարիներին կբնորոշվի առավել դինամիկ գործընթացներով։ Երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն էապես կնպաստի ս.թ. մայիսին Ավիգդոր Լիբերմանի՝ Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու հանգամանքը։ Նորանշանակ նախարարը արցախյան համակարտության կարգավորման հարցում բազմիցս է հանդես եկել ադրբեջանամետ հայտարարություններով։

Կարելի է հաստատել, որ Լիբերմանի՝ Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակումը Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները և, մասնավորապես, ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը կբերի որակապես նոր մակարդակի, ինչը չի կարող չանդրադառնալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։

Ամենևին պատահական չէր, որ ապրիլյան պատերազմից հետո չուշացավ Լիբերմանի՝ այդ պաշտոնին նշանակման որոշումը. սա պետք է պայմանավորել ապրիլյան ռազմական գործողություններից հետո Իսրայելի օրենսդիր և գործադիր մարմիններում թուրք-ադրբեջանական լոբբինգի կտրուկ ակտիվացման իրողության հետ, ինչն էական ազդեցություն ունեցավ Լիբերմանի նշանակման որոշման վրա։

1 http://www.iimes.ru/rus/stat/2004/11-10-04.htm

2 https://ru.wikipedia.org/wiki/Rafael

3 https://ru.wikipedia.org/wiki/Aeronautics_Defense_Systems

4 http://ru.rfwiki.org/wiki/Elbit_Systems

5 https://ru.wikipedia.org/wiki/Tadiran_Ltd

6 https://ru.wikipedia.org/wiki/%D0%96%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B7%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BA%D1%83%D0%BF%D0%BE%D0%BB

7 http://rbase.new-factoria.ru/missile/wobb/lar160/lar160.shtml

8 http://vognebroda.net/izrail-prodolzhaet-podderzhku-azerbaydzhana

9 http://russia-armenia.info/node/28337

10 http://topwar.ru/43086-minometnyy-kompleks-cardom-izrail.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր