• am
  • ru
  • en
Версия для печати
17.04.2024

ՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿ

   

Նիկոլազգիները լրիվ ցնդել են: Իրենց կատարած սարսափելի դավաճանությունը եւ սահմանադրության զանգվածային խախտումները նրանց բերել-հասցրել են մառազմատիկ վիճակի: Վազգեն Սարգսյանի ոչ բարով եղբայր Արամ Սարգսյանը օրերս «Ֆրի նյուզ» նիկոլապաշտ հեռուստատեսությամբ հայ-եվրոպական հարաբերությունները համեմատեց տղամարդու եւ կնոջ հարաբերությունների հետ: Հավանաբար, Արամ Սարգսյանի տկար մտքի թռիչքը ավելի մեծ բարձունքների ի վիճակի չէ հասնել: Բայց նույնիսկ այդ տարօրինակ համեմատության մեջ կա եւս մի էլ ավելի տարօրինակ դրվագ` այն է, որ Հայաստան-Եվրոպա «սիրային» հարաբերությունների մեջ տղամարդը, չգիտես ինչու, Հայաստանն է: Եվ այդ «տղամարդը» պետք է սերենադներ երգի իր ընտրյալի համար, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի իր վրա: Ավելի տխմար համեմատություն ներկայումս ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների առնչությամբ պատկերացնել անգամ դժվար է:

Թեեւ, Արամ Զ. Սարգսյանին պետք է հուշենք, որ պատշգամբների տակ սերենադներ Եվրոպայում երգում էին 200 տարի առաջ, իսկ այժմ նման պահվածքը կարող է որակավորվել որպես սեռական հետապնդում կամ ոտնձգություն եւ ունենալ համապատասխան քրեակատարողական ու դատավարական հետեւանքներ: Այսօր Եվրոպայում ավելի ընդունելի են միասեռականների հարաբերությունները, որտեղ ո՛չ սերենադ է պետք, ո՛չ էլ` ծաղիկներ: Այնպես որ, Դավալու գյուղից (Սովետական Հայաստանում այդ գյուղին տրված Արարատ անվանումը հավանաբար շուտով կջնջվի, եթե Արամ Սարգսյանը եւ իր սիրելի Նիկոլը շարունակեն մնալ ՀՀ իշխանության երկնակամարում) հայ-եվրոպական քաղաքական մակարդակներ բերված գեղջկական ռոմանտիզմը այսօրվա Եվրոպայում տեղ չունի: Այս առումով ՀՀ նախկին (փաստորեն Արամ Զ. Սարգսյանն էլ է նախկին, վա՜յ, էս ինչ անհարմար բան եղավ) ձախողակ վարչապետը կարող է խորհրդակցել ներկայիս էլ ավելի ձախողակ (իհարկե, հայի տեսակետից, թեեւ, ադրբեջանցիների համար պարզապես գտածո) վարչապետի հետ, որը կարող է ամենայն մանրամասնությամբ պարզաբանել պատմական Եվրոպայի եւ իրական Եվրոպայի միջեւ սահմանազատման նրբությունները:

ՆԻԿՈԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԱՆՏՈՄԱՅԻՆ ՑԱՎԵՐԸ

Սակայն ինքը` Նիկոլը, ոչ մի կերպ չի կարող սահմանազատվել պատմական Հայաստանից, ինչքան էլ նա փորձում է դա անել: Չգիտենք, թե նրա երակներում ո՞ր ազգի արյունն է հոսում (բոլոր դեպքերում թուրք բառից նա չի վիրավորվում), այնուամենայնիվ, պատմական Հայաստանից հրաժարվելու Նիկոլի բոլոր ջանքերը անգամ իր համար որեւէ արդյունք չեն տալիս, եւ նա կրկին ու կրկին անդրադառնում է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական տարբեր դրվագներին ու իրադարձություններին: Ընդ որում, անդրադառնում է զուտ ադրբեջանական ու թուրքական պատմագիտության տեսակետից: Հավանաբար Էրդողանն ու Ալիեւը լրիվ կորցրել են չափի զգացողությունը ու Նիկոլին «բարձում» են նորանոր` մեկը մեկից այլանդակ հանձնարարականներով: Տավուշի չորս գյուղերի հանձնումը դեռ չմարսած` այս անգամ էլ Նիկոլից պահանջվում է տարբեր հարցականներ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: Այսպես, պարզ դարձավ, որ Նիկոլը չի հավատում, որ ցեղասպանության զոհ է դարձել 1,5 միլիոն հայ եւ մտադիր է հերթով գտնել ցեղասպանության զոհերին, հաշվառել նրանց եւ հաշվել 1,5 միլիոն ազգանուն: Հարց է ծագում` այս իրավիճակում, երբ երկիրը կանգնած է ոչնչացման շեմին, 100 հազար արցախցի փախստականները չունեն ապրուստի միջոց, արտագաղթը խփում է բոլոր ռեկորդները եւ այլ կատաստրոֆիկ իրավիճակներ են ստեղծվում, այդ ի՞նչ մոլագարություն է ի հայտ եկել Նիկոլի մոտ, եւ ի՞նչ նպատակով է դա արվում:

Նիկոլի հերթական հակահայկական ծրագիրը հանրայնացրեց մեկ այլ նիկոլազգի` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաեւ Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել Ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը»,- գլուխ է գովացել Անդոնը ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանին (ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն այդպես էլ Ցեղասպանությունը չի ընդունում):

Հարց է ծագում, ըստ նիկոլական անդոնների այն բոլոր հիմքերը, որոնք կառուցվել են համաշխարհային հեղինակություն ունեցող գիտնականների կողմից գիտական, փաստավավերագրական, մշակութային եւ այլ ասպարեզներում իրական չե՞ն, որ թերի բարձրագույն կրթությամբ Նիկոլը որոշել է «իրական հիմքեր կառուցել»:

«Պարզ ա չէ՞, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել…»,- շարունակում է Նիկոլի Անդոնը: Այսինքն` պետք է հասկանալ, որ դավաճան վարչախմբին թուրքերի կողմից տրված է նոր հանձնարարություն` պեղել, բերել, հանել 1,5 միլիոն կոտորված հայի անուններ, եթե ոչ` հրաժարվել Ցեղասպանության թեմայից: Իսկ թե ո՞վ է թույլ տալու անդոններին մոտենալ թուրքական արխիվներին, բացել, ասենք, Մուշ քաղաքի հայկական եկեղեցու մատյանները եւ այնտեղից հանել Ցեղասպանության ենթարկված հայերի անունները: Թե՞ Էրդողանն է խոստացել Նիկոլին, որ եթե բերի 1,5 միլիոն ցեղասպանված հայի անուններ, կստանա Էրդողանից 1,5 միլիոն թուրքական լիրա, ամեն հայի դիմաց` մեկ լիրա:

Այսինքն` այս ամենն արվում է, որ հետո Էրդողանն ասի, որ եթե չկա 1,5 միլիոն հայի անուն, ուրեմն Ցեղասպանություն չի՞ եղել, ու Նիկոլն էլ ինչպես Արցախի եւ այլ բոլոր հարցերում սկսի կրկնել թուրք-ադրբեջանական զառանցանքները:

Իր թուրքամետ մտավարժությունները շարունակելով` Անդոնը ասում է, թե . «Ամեն ինչ ունենք Ցեղասպանության հետ կապված` գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարեւորը` պետք է ունենալ այդ 1,5-ի ազգանունները…»: Իսկ ինչո՞ւ է դա ամենակարեւորը, ի՞նչ նպատակով պետք է ունենալ այդ մեկ առ մեկ ազգանունները: Պարզվում է, ըստ Անդրանիկ Քոչարյանի, որպեսզի «Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ նիկոլականների առանց այդ էլ ոչ փայլուն ուղեղները պարզապես կաթվածահար են եղել, եւ գործ ունենք զանգվածային հոգեկան խանգարման հետ: Սակայն իրականում զանգվածայինը ոչ թե հոգեկան խանգարումն է, այլ` դավաճանության բացիլը, եւ երբ Նիկոլը հայտարարում է, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանից եւ հռչակում է, որ պետք է սահմանադրությունից հանել Անկախության մասին հռչակագիրը, նպատակներից մեկն էլ հաճոյանալ Էրդողանին եւ կատարել նրա Ցեղասպանությունը չեղարկող հանձնարարականը: Հիշեցնենք, որ նիկոլականների հոգեւոր հայրերը` (որոշ դեպքերում իրական հայրերը, քեռիները, մորքուրները եւ այլն) ՀՀՇ-ականները դեռ 1990-ականներին ամեն ինչ անում էին, որպեսզի Ցեղասպանության միջազգային ճանաչումը չդառնա հայոց պետականության գործունեության հիմնական ուղղություններից մեկը:

ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԸ ՆԻԿՈԼԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Օրերս ի հայտ եկավ մի պատմություն, երբ մի նիկոլական պաշտոնյայի հայրը` արմատներով Արեւմտյան Հայաստանից, ապտակել է որդուն այն բանից հետո, երբ Նիկոլը հայտարարել է, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանից: Սա ցույց է տալիս, որ անգամ նիկոլականների ամենամերձավոր մարդկանց նյարդերը այլեւս ի վիճակի չեն դիմակայել այն ստորությանը, այն ազգակործան պղծությանը, այն ստորաքարշությանը, որը դրսեւորում են նիկոլականները իրենց 30 արծաթները վաստակելու համար: Նիկոլի դեմագոգիկ եւ հիստերիկ ելույթները, պատերազմով սպառնալիքները, նախկինների թեմայի շահարկելը եւ պոպուլիզմի պոռթկումները այլեւս անկարող են փոխել նիկոլականների դեմ համատարած ատելության ու անեծքների մթնոլորտը: Եվ այստեղ միակ փրկությունը, որին պատսպարվում է Նիկոլը, ցանկացած ընդդիմադիր դրսեւորումների տոտալիտար ճնշումներն են: Վերջին օրերին բանը հասել է նրան, որ Վահագն Չախալյանին եւ իր ընկերներին կալանավորում են պատին «Ստոպ Նիկոլ» գրելու համար: Մի շարք երիտասարդներ քաղմաս են տարվում հականիկոլական թռուցիկներ բաժանելու համար: Իսկ, դե, համացանցում Նիկոլի կոշտ քննադատությունը ավարտվում է դատավարությամբ եւ ազատազրկմամբ: Սա հոգեվարք է, մահամերձ ցնցումներ: Նիկոլը հասկանում է, որ պայթյունը մոտենում է, թե որտեղի՞ց, ինչպե՞ս եւ ումո՞վ, դեռ պարզ չէ, բայց համաժողովրդական ըմբոստությունը լինելու է: Օրերս նաեւ Վարդան Ղուկասյանը` ԴՕԿ-ը փողոցային պայքարի կոչ արեց:

Միակ անդրդվելին այս վիճակում մնում է Ռոբերտ Քոչարյանը, որն արդեն երկար ժամանակ հանգիստ կյանք է վայելում Եվրոպաներում: Իսկ իր կողմանկիցները Ազգային ժողովում շարունակում են ընդդիմություն խաղալ: Նրանցից շատ հետ չեն մնում նաեւ իր կողմանկիցները Երեւանի ավագանիում: Ճիշտ է, այստեղ երբեմն ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում շատ տարօրինակ դեպքեր, ինչպես, օրինակ` ավագանու անդամ Նարե Սոսեի առեղծվածային պատմությունը, սակայն, ընդհանուր առմամբ, ավագանիում ամեն ինչ հանդարտ է: Թատերական ընդհանուր շարժումների մեջ չի կարելի չնկատել Հայաքվեին, որը Արցախի հայաքվեից հետո հիմա էլ հայտնվել է Ոսկեպարում` իրենց գովազդային շապիկներով հանդերձ: Ինչպես նաեւ Նիկոլին ծառայություններ մատուցած, չհաջողված գեներալից դեպի քաղաքականություն նետված Արշակ Կարապետյանը, ով 7-օրյա վերջնագիր է ներկայացրել Նիկոլին, սակայն ժամկետը անցնելիս ոչ մի գործողության չի դիմում: Նրանից հեռու չի մնացել ակտիվիստ Սուրեն Պետրոսյանը, որը Ոսկեպարից ավելի խիստ` 2-օրյա ժամկետով վերջնագիր էր ներկայացրել Նիկոլին: Դրանից արդեն անցել է 10 օր… Մի խոսքով, տարբեր գույնի եւ անվանումներով շապիկները շատանում են, կարեւորը, որ դրանք չվերածվեն զսպաշապիկի, ինչպես զսպաշապիկ դարձավ Վազգեն Մանուկյանը, երբ պետք էր կասեցնել համաժողովրդական ցասումը: Սակայն իրական պայքարը շապիկի կարիք չունի:

Արմենակ Հովհաննիսյան
www.iravunk.com


դեպի ետ